Երկու տարի առաջ էր: Գեներալ Մուրազ Սարգսյանի հրավերով մասնակցում էի Աշտարակի Պ. Պռոշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպված ռազմահայրենասիրական թեմայով միջոցառմանը: Զինղեկ Շավարշ Միքայելյանը, որ 1990-1991 թթ. «Հատուկ գնդում» կապավոր էր եղել, ջանք ու եռանդ չէր խնայել հայոց անցյալ ու ներկա ազատագրական պայքարի հերոսների մասին տպավորիչ նյութերով աշակերտների հոգում հայրենասիրության կայծը վառելու, նախնական զինպատրաստությունը խորությամբ ուսուցանելու համար: Այդ գործում նրան գործուն աջակցություն էր ցուցաբերում դպրոցի տնօրեն Նունե Մովսիսյանը, գեներալ Մուրազ Սարգսյանն էլ օգնել էր կահավորելու ռազմահայրենասիրական դաստիարակության դասարանը և ստեղծելու հարմարավետ խաղահրապարակ: Համատեղ այդ աշխատանքի խոսուն վկայությունն էր դպրոցի պատին փակցված «Մարտադաշտը դարձնենք վարդադաշտ» կարգախոսը, որը, կասեի, համայն հայության երազանք-բաղձանքն է՝ ապրել խաղաղ, ստեղծարար աշխատանքով ծաղկեցնել երկիրը։

Զինղեկը պատմեց, որ դպրոցի աշակերտների հետ այցելել են Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան, որ Սպարապետի մայրը նրանց լուսանկարը ներառել է թանգարանի հուշալբոմում, որ գարնան առաջին օրը ուսուցիչներն ու աշակերտներն այցելել են Աշտարակի ձոր, որտեղ Վազգեն Սարգսյանն այդ օրը զինակիցների հետ գալիս էր վայելելու բնության զարթոնքը, համտեսելու թարմ լավաշ, խաշած ձու ու թարխուն։ 
Ձմեռային այդ ցուրտ, ձյունոտ օրը խնդրեցի զինղեկ Շավարշ Միքայելյանին՝ միասին այցելել այդ նույն վայրում տեղադրված Վազգեն Սարգսյանի հուշաքարին: Նա սիրով արձագանքեց իմ խնդրանքին, և քիչ անց տաքսու վարորդը, որ խորհրդային տարիներին Աշտարակի կոլեկտիվ տնտեսության տնօրեն էր եղել, ասպիրանտուրա ավարտած, գրագետ անձնավորություն էր, իր խոսքով՝ կյանքի պայմանների ստիպմամբ էր տաքսի վարում, ակնհայտորեն ուրախ, որ հաճելի զրուցակիցների է հանդիպել, սկսեց ուշագրավ պատմություններ պատմել հինավուրց կամրջի, ճամփի ամեն քար ու թփի մասին… Չնկատեցինք՝ ինչպես տեղ հասանք: Բայց վաղ էր ուրախությունս: Տխուր պատկեր բացվեց մեր առջև. դիմացի ամբողջ սարալանջը կտրատված, բաժանված էր հողակտորների, որ միմյանցից առանձնացված, պատնեշված էին փշալարերով: Վարորդն ասաց, որ իրենց հողակտորին հասնելու արահետի համար տերերից ոչ մեկը հողի մի շերտիկ չի զիջել, և բոլորը մնացել են անճանապարհ: Իրենցով արված այդ անճանապարհ հողակտորները մարդ արարածի ագահության վառ օրինակ էին:

 

Բայց դա դեռ ամենը չէր: Ցածում ջրաղացն էլ էր առանձնացված, և դարպասի վրայի խունացած մեծ փականքը վկայում էր, որ վաղուց այստեղ կենդանի շունչ չի եղել: Ջրաղացից քիչ այն կողմ՝ գետի ափին, Սպարապետի պատկերով սև գույնի համեստ հուշաքարն էր: Գետի պաղ ջրերն անդադար ցայտելով՝ սառցալուլաներով էին պատել հուշաքարը և արդեն իսկ սպառնում էին ծածկել Սպարապետի դեմքը: Ամայության, լքվածության շունչն էր տիրում շուրջբոլորը: Լուռ ու տխուր դիտում էինք երկաթալարերով կիսկիսված սարալանջը, մոռացված ջրաղացը, գետից ցայտող արցունքանման շիթերն ու ասես համրացել էինք: Մի՞թե երկրի, հայրենիքի այս կտրատված, բաժան-բաժան պատկերն էր երազում Վազգեն Սարգսյանը Արցախյան ազատամարտի կենաց-մահու օրերին, և մի՞թե անդարձ կորած է նրա փայփայած Հայաստանի բարեբեր աշունների երազանքը: Այնպե՜ս ուզում էի ձեռքս հպել մրսող հուշաքարին, բայց գոց դարպասը քամահրանքով հետ էր հրում ինձ:

…Ասում են՝ Վազգեն Սարգսյանն ազատամարտի ընթացքում ամենածանր պահերն ապրել է մահապարտների գունդը մարտադաշտ առաջնորդելիս, ուր ապրել-մեռնելու հավանականությունը 50:50 էր: Այդ հաղթանակը կայացավ լավագույն տղաների զոհվելու գնով: Արհամարհելով մահը՝ նրանք հաղթեցին թվաքանակով ու զինտեխնիկայով առավել հզոր թշնամուն: ՈՒ անգամ նրանք, որ չէին հասկանում, չէին ընդունում Վազգեն Սարգսյանի կերպարը, նրան բնորոշում էին կոշտ, բիրտ բառերով, հոգու խորքում ակամա խոստովանում էին, որ նա իր ուսերին է առել հայրենիքի ճակատագրի ծանր բեռն ու պատասխանատվությունը։ Վազգեն Սարգսյանը, որ նախքան Շարժումը հասցրել էր իր ինքնատիպ ուղին բացել գրականության ասպարեզում և հաստատուն ընթացքով գնում էր առաջ՝ երազելով նաև կինեմատոգրաֆիայի ու ռեժիսոր դառնալու մասին, ստանձնեց կամավորական մարտիկների հրամանատարի ոչ դյուրին պարտականությունները ու, այո, նաև կոշտությամբ, անզիջողությամբ այդ պայքարը հասցրեց հաղթական ավարտին: Շնորհալի գրողն իր ուղին շարունակեց որպես ՀՀ պաշտպանության նախարար, հոգով-սրտով նվիրվեց հայոց բանակի կայացման բարդ ու դժվարին գործին՝ միաժամանակ ձգտել-երազելով հասարակությանը ներարկել կորուսյալ արժեքները, պետություն ունեցողի արժանապատվությունն ու ազատամարտում հաղթողի լավատեսությունը:

 

Նա տենդագին ջանադրությամբ միջոցներ ու ելքեր էր փնտրում նյութապաշտության, ընչաքաղցության մոլուցքներից շնչահեղձ լինող իր հայրենիքը բարեբեր եզերք հասցնելու համար: Ավա՜ղ, Վազգենը, ում մարտիկներն արդեն Սպարապետ էին կոչում, զարնվեց թռիչքի պահին՝ եղավ հոկտեմբեր 27. ընկավ նա դավաճանի նենգ գնդակից, ու ծրագրերը, որոնց իրականացմանն այնքան վստահ էր, մնացին անկատար… Այդ անկատարությունից էր նաև, որ ձմռան ցուրտ օրը, կանգնած հայրենի բնության գողտրիկ անկյունում, չէի համարձակվում մոտենալ գոց դարպասին, ձեռքս հպել միայնակ խոկացող հուշաքարին: Հիշելով դպրոցի ուսուցչուհիներից մեկի անվստահ ակնարկը՝ լսել է, որ ջրաղացպանը վերջերս է մահացել, այդ մասին հարցրի վարորդին: Իմանալով, որ ինձ հետաքրքրում է ջրաղացպանի ճակատագիրը՝ նա պատրաստակամորեն հանձն առավ մեզ առաջնորդել նրա տուն, որն իր ասելով՝ Կարմրավորի մոտ պիտի լիներ:

…Մեր թակոցի վրա բնակարանի դուռը բացեց բարձրահասակ, երիտասարդության հմայքը դեռ պահպանած բարետես մի կին, և անծանոթ մարդկանց տեսնելով՝ մի պահ տատանվելուց հետո ներս հրավիրեց: Անկողնում պառկած քաջամարտիկի երևույթով հաղթանդամ տղամարդը նույնպես շփոթվեց, բայց հյուրն Աստծունն է ասելով՝ կնոջը խնդրեց է՛ն շրխկան խնձորներից բերել, հյուրասիրել մեզ: Ջրաղացպանն էր՝ Ռաֆիկ Հովսեփյան-Հայրապետյանը, կամ ինչպես ինքը ներկայացավ, պարզապես Ջագանը: Մինչ սուրճ էինք խմում և ճաշակում շրխկան խնձորները (այդպես էին կոչվում, քանի որ թափահարելիս դրանց կորիզները ներսում շխկշխկում էին), ջրաղացպանը, ինչպես հին հեքիաթասաց, հանդարտ, անշտապ սկսեց պատմել իր ապրած կյանքը: Ծնվել է 1930 թ. մարտի 1-ին: Ծնողները տասներկու զավակ են ունեցել: Ինքը նրանց տասը որդիներից մեկն էր: Երկու այգի ունեին, ցորենի արտ: Հարևանները հաց չեն ունեցել, հայրը ցորեն է տվել, ասել՝ աղանձ արեք, կերեք: Կնոջը՝ Էմմա Գրիգորյանին, դիպվածով հանդիպել է Վերին Զեյվա՝ ներկայիս Տարոնիկ գյուղում ու, իր ասելով՝ օրը ամպոտ էր, բայց Էմմայի շողքն ընկել էր փողոցի պատերին … Ջագանի սիրո խոսքի ուժգնությանը չդիմացավ Էմման ու թեև 20 տարով ջահել էր, համաձայնեց կյանքը կապել նրա հետ: Չորս երեխա ունեցան: Ապրեցին սիրով, հաշտ ու համերաշխ: Ջագանը կնոջ համար չէր խնայում ոչինչ, հագցնում էր նրա սրտի ուզածով, օջախը պահում լիության մեջ: Այդպես ապրեցին երկար տարիներ՝ սիրով, հաշտ ու համերաշխ: Ափսո՜ս, որ աշնանը բարձրացավ ծառը՝ խնձոր քաղելու, ընկավ, ոտքը կոտրվեց: Որդին Ռուսաստանի հեռուներից թանկ բալասան է ուղարկել, քսում է ոտքին, բայց ապաքինումը դանդաղ է ընթանում:

-Հորեղբայրս էլ ջրաղացպան էր: Որդիներիցս մեկին նրա անունով Գևորգ կոչեցի: Սկզբում ջրաղացպանի օգնական էի, Մնացի Գարեի հետ էի աշխատում: Հետո ջրաղացի աշխատողները մահացան, մնացի ես: Երեսուն տարի ջրաղացում եմ աշխատել: Ցորեն եմ աղացել, ապրել բնության խաղաղ ու հանգիստ գրկում… Խորհրդային տարիներին մեր Սուրբ Կարմրավորն օգտագործում էին որպես պահեստ: Քառասուն տարի ձմռանը կտուրի ձյունն էի մաքրում, հետևում, որ տանիքը չկաթի, ինչ հնարավոր է արեցի, որ չվնասվի… 
Ջրաղացպանի միտքը դեռ անցյալի խորքերում էր, որ ձմռան կարճ օրվա թելադրանքով՝ շտապեցի տալ ինձ ուզող հարցը:

Վազգեն Սարգսյան անունը լսելով՝ խոսքաշեն մարդը կարկամեց, աչքերը միանգամից լցվեցին արցունքով: Նյարդային շարժումով փնտրեց, գտավ թաշկինակն ու սեղմեց աչքերին: Ապա երեխայի կոտրված հայացքով, կիսաձայն, ընդհատուն սկսեց պատմել: Երբ նրա լռությունը երկարում էր, Էմման նուրբ անցումով լրացնում էր ամուսնու ասածը:
-1997 թ. մարտի մեկն էր: Այդ օրը ձյուն չկար: Տեսնեմ մի մեքենա է գալիս՝ թոզուդուման կապած: Տղամարդիկ իջան, նայեցին շուրջբոլորը, մոտեցան, բարևեցին ինձ, ասացին. «Հիմա գալու ենք»: Քիչ անց եկան: Վազգեն Սարգսյանն էր ու էլի բարձր պաշտոնյաներ: Վազգենը հարցրեց.
-Հոպա՛ր ջան, դո՞ւ ես ջրաղացի տերը: 
-Ես եմ,- ասացի: 
-Իմ Գևորգ հորեղբայրն էլ էր ջրաղացպան:
-Իմ տղայի անունն էլ է Գևորգ:

Այդպես ծանոթացանք: Մեքենան բերեցին բակ, հետնամասից հանեցին լավաշ, ձու, թարխուն, տապակած կանաչի ու էլի բաներ: Սեղան գցեցին, բրդուճներ արեցին ու վայելեցին, ինձ էլ հյուրասիրեցին: Երկար նստեցին: Հետո Վազգենն ասաց.
-Հոպա՛ր, ցուրտ է, գնանք: Եկող տարի մարտի մեկին էլի քեզ հյուր կգանք։
Իրոք, 1998 թ. մարտի մեկին կրկին եկան: Գագիկ Ջհանգիրյանն էլ էր եկել: Կերան, զրուցեցին, ուրախացան: Եկավ նաև 1999 թ. մարտի մեկին: Կրկին հայտնի մարդկանց հետ էր: Բարձրացան Սուրբ Սարգիս եկեղեցի, ապա եկան ջրաղաց: Կերան, խմեցին:
Լուսանկարվեցինք: Հետո՝ 2000 թ. եկավ Վազգենի եղբայրը՝ Արամը՝ Ալբերտ Բազեյանի հետ և ասաց. «Լուսանկարը մերն է, նվիրի՛ր ինձ»:
Այդ վերջին այցելությանը Վազգենն ասաց.
-Հոպա՛ր ջան, ուզում եմ երգել:
Ասացի.
-Երգի՛ր, ո՞վ է բան ասել…
Ժպտաց ու երգեց՝ «Ամպի տակից ջուր է գալիս….»:
Երբ հրաժեշտ էին տալիս, տվեց իր հեռախոսահամարը՝ ասելով.
-Մի բան լինի՝ զանգահարիր…
-Չէ՛,- ասացի,- նեղություն չեմ տա: 
Փող տվեց: Վերադարձրի, ասացի.
-Դու ավելի լավն ես, քան փողը, Վազգե՛ն, ապրես, երկա՜ր ապրես…
Մի պահ մտորեց, ասաց.
-Գամ տունդ, տեսնեմ՝ ոնց ես ապրում: Արենդա ունե՞ս… 
Էմման ընդմիջեց ամուսնու խոսքը.
-Ոչինչ չասաց, չխնդրեց՝ օգնիր՝ ջրաղացն աշխատացնեմ: Սխալ արեց: Հետո ուրիշը սեփականաշնորհեց ու աշխատողներին ազատեց: 2005-ից ջրաղացը չի գործում: Կողպեքը վրան՝ ոնց որ մեռած…
ՈՒ կրկին վերհուշ:
-Ամեն օր բնության հետ էի, ամեն օր գետի ջուրն էի մտնում: Կինս գալիս էր, հաց բերում: Միասին նստում, ուտում էինք: Ջրաղացը, 300 տարեկան կամուրջն էին մեզ ընկեր ու զրուցակից: Անցա՜ն-գնացին այդ օրերը… Հիսուն տարի աշխատել եմ, այսօր 30 հազար դրամ թոշակ եմ ստանում: Դրանով ապրել կլինի՞: Միայն չոր հացի փող է: Բա տան վարձերը, դեղերը… Վազգենի ժամանակ հույս կար, որ կյանքը դեպի լավն է գնալու, բայց ամեն ինչ փուչ եղավ… Հոկտեմբերի 27-ին էլի ջրաղացում էի: Ժամը հինգի կողմերը Էմման հեռուստացույց է նայել, տեսել է կատարվածը, թե ինչպես մարդասպանը զանգել է, ասել. «Պարոն Քոչարյան, շներին սատկացրել ենք»: Իջավ ջրաղաց, ինձ հայտնեց այդ ամենը: Շատ լացեցինք…
Էմման հառաչում է.
-Ռաֆիկը ոնց որ մեռած, Ռաֆիկը չկա՜ր… Օրերով լաց էր լինում, մենք էլ իր հետ: Շա՜տ արտասվեցինք Վազգենի համար, բոլոր զոհերի համար…
Ջագանը կրկին թաշկինակով սրբում է աչքերը.
-Վազգենն ինձ համար եղբորից լավ էր: Ասում էր՝ լավ է լինելու: Ափսո՜ս… Աշտարակի ԵԿՄ-ի նախագահ Նահապետը Վազգենի պատկերով հուշաքար պատվիրեց: Վազգենի եղբայրը՝ Արամը, կազմակերպեց հուշաքարի տեղադրումը ջրաղացի մոտ: ՈՒզում էին վրան ծածկ էլ սարքել, չգիտեմ ինչու՝ չստացվեց: Է՛հ, փուչ, ունայն աշխարհ… Ով հնարները գիտե՝ գրպանն է լցնում: Մի գլուխ թանկացում է գնում: Որ թանկացնում են, թող թոշակն էլ բարձրացնեն: Պետք է ուտես, խմես, փորդ կուշտ լինի, որ աշխատելու ուժ ունենաս: Հորթը տակին կովը տվեցի քրոջս, որ ամեն օր չգա կաթ ուզի: Տարան, մեկ ամիս անց մորթեցին, միսը ծախեցին: Ես էդ միսը չտեսա:Այդպես վարվեցին, քանի որ ծայրը ծայրին չեն հասցնում: Խորհրդային ժամանակ բանկում կնոջս, երկու որդիներիս անունով գումարներ կային: Չկարողացանք ստանալ, կորան էդ փողերը. դրանցով հինգ ինքնաթիռ կառնեի:

Էմման, որպեսզի սխալ չհասկացվեն ամուսնու ասածները, լրացնում է.
-Ինքը փողի սեր չուներ, ասում էր՝ կարևորը մարդը մարդ լինի: Աշխատած փողը բերում, տալիս էր ինձ: 
-Տալիս էի, մի հատ պաչում, թե ինքն էդ փողն ինչ էր անում, ինձ չէր հետաքրքրում: Մինչև գլխի ընկա՝ փողն ինչ պետք է անել, փողն էլ չկա՜ր… Ո՞նց են ասում՝ ջրի բերած, ջրի տարած… Նեղվում եմ, քանի որ ժողովուրդն է նեղ վիճակում: Ամենացավալին՝ օրական սահմանում զինվոր է զոհվում: Հայ մարդը բահը ձեռքին աշխատում է, խփում, սպանում են: Ո՜նց կլինի.. .Վազգեն Սարգսյանը մնար, Հայաստանն էս վիճակում չէր լինի: Ասում էր՝ լավ օրեր կգան, ու ես հավատում էի նրա խոսքերին…

Էմման հառաչում է.
— Վազգե՜նը… Նրա պես մեկն էլ չի ծնվի: Վա՜յ նրա հորն ու մորը, որ դեռ ապրում են…
Հրաժեշտի պահին պայուսակիս մեջ խնձորներ է դնում:
— Դեմիրճյանի հիմնած այգիների խնձորից է՝ գոլդեն…
Իսկ ջրաղացպան Ջագանը վերջին պահին ճշտելով, թե աշտարակցի ո՛ր ազգից է զինղեկ Շավարշ Միքայելյանը, շտապում է իրեն հետաքրքրող հարցերի պատասխաններն ստանալ տալ.
-Մարգոյի քույր Ամալը կա՞…
-Այո…
-Իսկ Սերո՞ժը…
-Անցյալ տարի մահացավ:
-Տղան ի՞նչ է անում:
-Ռուսաստանում է: 
-Է՛հ, — հոգոց է հանում-, ժառանգը սուտ է, քաղցր ցեց է, մանրից հյուծում է… Ճիշտը կինն է, միայն կինն է հավատարիմ։
Այր ու կին սիրով, նվիրված ապրել են ջրաղացի շուքի տակ, ապրել պարզ ու համեստ կյանքով, երջանիկ եղել միմյանցով: Այսօր դժվարություններին դիմանալու ուժն այդ սիրուց է գալիս:
-Թող մի ոտքս լավանա,- ասում է Ջագանը,- մի անգին երինջ եմ մատաղ անելու: Լավանամ, որ գնամ հողամաս. ընկույզի, ծիրանի ու էլի տեսակ-տեսակ ծառեր եմ տնկել…
… Ձմռան կարճ օրը մոտենում է ավարտին, ցուրտը՝ սաստկանում: Չեմ ուզում բաժանվել կյանքով լի, սիրով լի ջրաղացպանից, նրա գեղեցիկ ու բարի կնոջից: Երևան մեկնելուց առաջ ես ու զինղեկ Միքայելյանը մտնում ենք եկեղեցի: Մոմերի բեկբեկուն լույսը հուշում է հեռավոր ու ջերմ երազանքի մասին, որ մի օր իրականանալու է: Հեռվում մթնշաղի քողի տակ խուլ վշշում է գետը՝ պաղ ցայտքեր ցողելով Սպարապետի հուշաքարին։

Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆ