Ստրկությունը քողարկված Ստրկությունը քողարկված՝ ժողովրդավարություն՝ խոսքի ազատություն, արդարություն, իրավունք…

Ծիծաղելի չէ, ու նաև չպիտի ողբալ, բայց ցավալի է…

Դարերը հերթափոխում են իրար, փոխվում են սերունդները, քաղաքակրթությունը զարգանում է, փոխվում է մարդկանց ապրելաոճը ու կենսաձևերը, բայց մարդկային իրավունքի ոչ մի տարրի տեղափոխություն չի լինում: Իրավունքը կա ու մնում է նույն մարդկանց ձեռքում…

Ապրում ենք գեղեցիկով երեսպատված իրականության մեջ՝ ամրագրված բազմահատոր իրավունքներով, ազատության մասին պատկերացումների խորը զամբյուղը բերնեբերան գոհունակությամբ լցնելով, մինչև տիեզերք լսվող ծափողջույններով դիմավորելով իրավատու-ազատարարներին:

Իրավ է, որ ծնվում են իրավունք, ազատություն ստեղծողներ, բայց վերջիններիս իրավատերը մնում են իրենք, ու երբ խախտվում է արևի ծագելու ու մայրամուտանալու հերթականությունը, իրավունքը զնդանում է ազատությանը, ո´չ իրենց, այլ մնացյալ բոլորի…

Կյանքը բերնեբերան լցվում է արևով, ջերմությունը տարածվում է հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք, բայց այդ արևի ջերմությունը անգամ զգալու իրավունք չի տրվում երբեմն, այն դեպքում, երբ ծովափին արևի շողը հանգստացնում է մարմինը, մեկ այլ տեղ արևից քրտնաջան տքնում է անիրավունք-կենսազուրկը, ու այդ արևը ավելի շատ խանգարում է, տանջում, քան ջերմացնում:

Իսկ ո՞վ է մեղավոր…

Ես չեմ ասում լավ է, կամ վատ, ես ասում եմ՝ նույնն է ու ոչինչ էլ չի փոխվել:

Մենք թնդանոթաձայն աղաղակում ենք ու մատնացուցում ամեն նոր բարձրահարկի, ժամանցի վայրի, հյուրանոցի, եկեղեցու, կառուցման համար, բայց մոռանում ենք բարձրաձայնել մեր օրհասական վիճակի, անտուն մնացած մարդկանց, անկրթություն մնացած երեխաների, համընդհանուր վախի մթնոլորտի, ապագայի հանդեպ անվստահության, ժողովրդավար ստրկության մասին:

Իրականությունը առերես քողարկված է, իրականում ամբոխի ճակատագիրը գրեթե չի հետաքրքրում ոչ մի առաջնորդի, մինչև այն պահը, երբ անհրաժեշտ է ամբոխի բացականչությունները, կեցցեները…Իսկ առհասարակ ի՞նչն է փոխվել,միշտ էլ ժողովուրդները ապրել են վատ կամ բարվոք, ու այդտեղ կարևոր չէ միապետություն է, ժողովրդավարություն, թագավորություն, առաջնորդի բարոյական ու մարդկային հատկանիշներն են կարևոր, քանի որ շատ հաճախ միապետության ժամանակ ավելի բարվոք է ապրում ժողովուրդը ու ավելի ազատ, քան ժողովրդավարության մեր պատկերցումների աշխարհում:

Իսկ այդ տերմինալոգիան կրկին պետք է ու ստեղծված  առաջնորդ-իշխողների համար: Աշխարհի ամենաժողովրդավար տերությունը`ԱՄՆ-ն, հենց այդ հզոր բառը օգտագործելով միքանի երկիր դարձրեց ավերակ, ու կարծու՞մ եք դա արեց , որ այդ երկրները ավելի ժողովրդավար դառնան, ավերակնե՞րն են ժողովրդավարության հիմքը, դեռ որքա՞ն պիտի այդ ժողովուրդը չարչարվի ավերակից տուն կառուցելու համար, իսկ այդ դրոշի տակ զոհվածները կվերադառնա՞ն: Գնացեք, ու այդ ժողովուրդներից հարցրեք , նրանց ժողովրդավարություն պե՞տք էր: Ամենահիմարն էլ գիտի, թե ինչու՞ է այդպես արվում…

  • Մեզ լավ առաջնորդ է պետք, լավ հիմք, ձեռքեր, որոնք պաշտպանելու են, այլ ոչ թէ հարվածելու…
  • Մեզ կզոր կամք է պետք, որ երկրի ընդհանուր ձեռքը հարվածել կարողանա իր առջև դրված սեղանին, ոչ թե սեղանի տակ մյուս ձեռքին գրկած դողա…
  • Մեզ ընկեր է պետք, որ միավորված լինենք միշտ, այլ ոչ թե օրհասական պահին միայն…
  • Մեզ ուժ է պետք ու հզորություն, որ սեղմեն մեր ձեռքը ու հաշվի նստեն մեզ հետ…
  • Մեզ սեփական հողի վրա հանապազօրյա հացը ստեղծելու հնարավորություն է պետք…
  • Մեզ պետք չեն հզոր բանկեր, մեզ վարկունակ հասարակություն է պետք, մեզ դատարաններ պետք չեն , որ բարձր դասին արտոնյալ վճիռ շնորհի, որ վճռի մեջ անողոք մնա ու ծայրահեղ աղքատ ընտանիքի տանիքը խլելու որոշում կայացնի…
  • Մեզ աղքատության նպաստներ պետք չեն, մեզ աղքատություն պետք չէ…

Բայց մեզ պետք է ու անհրաժեշտ մի հասարակություն, որը կամազուրկ չի լինի, որի համար ապագայի մասին պատկերացումները չի սահմանափակվի ,,Թումանյանով,, ու ,,Իսահակյանով,,: Հեղափոխության բազմաթիվ կոչեր են հնչում ու հնչել, ո՞վ է հաշվել քանի զոհ արժեցան մեզ այդ կոչերը, բայց բոլորն են հիշում, որ ոչինչ էլ չտվեցին հուսախաբությունից բացի…

Կոչեր հնչեցնողնե՛ր, գաղափարային հեղափոխություն իրականացրեք, դրանով շատ բան կփոխվի, դրանով կստեղծենք այն ամենի հիմքը, որի արդյունք ենք ուզում քաղել արյունահեղությամբ միայն: Զինե՛ք մարդկային ուղեղը, ու այն ամեն տեսակ զենքից հզոր կլինի: Իսկ դա կարելի է անել ամեն ժամանակ, դրա համար ընտրություններ պետք չեն, դրա համար ցնցումներ պետք չեն, դրա համար կյանքեր զոհելու անհրաժեշտություն չկա…

  • Մտավորակա՛ն, արվեստագե՛տ, քո զենքը քո գրիչն է, քո վրձինը, քո քանդակը, քո երգն ու պարը, քո դերը բեմի վրա…
  • Հողագո՛րծ, շինարա՛ր, քո զենքը քո բահի, քո մուրճի մեջն է, դու կառուցում ես ու կերակրում…
  • Ուսուցի՛չ, քո զենքը քո դասի ու սեփական պահելաձևի համապատասխանության մեջ է, սերունդների դաստիարակության պատասխանատվությունը քո ուսերին ես կրում…
  • Ծնո՛ղ, քո զենքը ապագայի հանդեպ այն շողն է, ում ինքդ ես ծնել…
  • Հայրենի՛ք, քո ուժը քո ժողովուրդն է…

Մենք ապրում ենք դասեր չքաղելով անցյալից, մեր հայացքը դեպի Բարձր Դուռն էր, մեր սպասումները Եվրոպա ու Ռուսաստան անուններն ունեին, բայց մեզ կոտորեցին անասունի պես, ու մեր վերջին շնչում դեռ սպասում էինք մեկ այլ ձեռքի , որը պիտի օգներ…

Օգնեցի՞ն…

Հզորի հետ հաշվի են նստում, թույլին`վախեցնում, օգտագործում ու շահագործում, թույլը միշտ գթության է սպասում, առանց թույլտվության որոշում չի կայացնում…

Թույլը մնում է թույլ…

Հզոր իշխանություն ունենալով հզորանում է հասարակությունը, իսկ երբ հզոր է հասարակությունը, հզորանում է նաև հայրենիքը…

Թույլ է ու կախյալ ինչպես  իշխանությունը, այնպես էլ հասարակությունը…

Իշխանությունը կախյալ է դրսից, իսկ հասարակությունը իշխանությունից, մենք արժանի ենք մեր իշխանությանը, իսկ իշխանությունը՝ մեզ:

Այսօր մենք սահմաններում անվտանգուոթյան խնդիր ունենք,ու դա շատ լուրջ խնդիր է, ո՞վ է կրում պատասխանատվությունը հայրուրից ավել անմեղ զոհերի, ովքեր կյանքի գնով պաշտպանեցին մեր սահմանների ամրությունը, բայց մենք ունենալով հզոր բանակ վստահ չենք , որ մեր սահմանների վրա հարձակումները չեն կրկնվի, դա մեր թուլության արդյունքն է, երբ պատերազմի օրերին անգամ հրաման արձակելու փոխարեն հայացքներս դարձյալ չէինք կտրում ,,դրսից,,` զոհի հայացքով ու խղճալի ձևանալով, երբ մեր քաջարի տղաները մահու կռիվ էին տալիս հրամանի սպասելով, որ իրենց ուժը ցույց տան, որ ապացուցեն մեր հզորությունը, որ վախ հաղորդեն ու կանխեն հետագա ամեն նկրտում, ամեն հեռավոր միտք, իսկ ինչ արեցինք, խղճալի ձևանալով ավելի սանձարձակ դարձրեցինք, որի պտուղները քաղում են սահմանին կանգնած տղաները:

Իշխանավորին երբ տղա է ծնվում, ասում են` աչքդ լույս, ժառանգորդ ծնվեց, իսկ երբ աղքատին է տղա ծնվում ասում են` աչքդ լույս զինվոր ծնվեց…

Հայրենասիրությունը աղքատ ժողովրդի հոգու մեջ է, սակայն ամեն անգամ հայրենիքի հանդեպ սրբազան պարտքից վերադարձողները որոշ ժամանակ անց մոռացվում են ու անտեսվում…

Ո՞վ է վերջապես պատասխան տալու…

Անդադար դատարկվում է մեր երկիրը, ու այդ հեռացողներից մեկն էլ ցավոք ես եմ, իսկ ո՞վ լավ ապրելուց կգնա, ո՞վ կթողնի հայրենի տունը ու պանդուխտի ցուպը ձեռքն առած հանապազօրյա հացը երկրից դուրս կփնտրի, եթե հայրենիքում դա վաստակել հնարավոր լիներ: Սեփական փորձով կհաստատեմ, թե որքան դժվար է տան, հարազատի հետ ամեն բաժանում, որքան դժվար է սպասումն ու կարոտը,որքա՞ն բան ես թողնում ճանապարհին, իսկ եթե՞ երբևէ ճանապարհը միակողմանի դառնա…

Որքա՞ն կարևորություն ունի հզոր հայրենիք ունենալը, որքա՞ն բան կարող է փոխել այն, որքա՞ն արժևորված կլինի նրա ժողովուրդը, մարդիկ որքա՞ն առաջընթացի հնարավորություն կունենան, որքա՜ն, որքա՜ն…

Հարգելի ազգակիցներ, մենք կունենանք մեր երազած հզոր հայրենիքը, բայց պիտի հենց այս պահից հեղափոխություն անենք` սկսած ինքներս մեզանից, հեղափոխենք մեր ինքնությունը, մեզ ձերբազատելով կախյալ վիճակից, ստրուկի կարգավիճակից, մեզանից անկախ պետության անկախ քաղաքացիներ կերտելով, մեր ձայնը չխեղդելով, մեր ձեռքը մյուս ձեռքով բռնելով, առավելությունը հայրենիքին տալով, այլ ոչ թե ծանոթների խոսքից չանցնելով, հինգ կամ տասհազարանոցների գայթակղությանը չդիմանալով, մտածելով որ մենակ դու ինչ կարող ես անել, ինչը կփոխվի մենակ քեզանով: Խուրձը կազմված է հատիկ-հատիկ ցախերից, բայց ընդանուրից ձևավորվում է խուրձը, այո՛, հենց քեզանից է կախված ամեն բան, հենց դու փոխեցիր այս ամենի հանդեպ որոշումդ, դա ընդանուր կդառնա, մեծ ալիք դառնալով կբացի հայրենիքը շուրջկալած ամեն բարիկադ ու փշալար…

Ոչ թե հետևի ու օրինակ վերցրու, թե հարազատ-բարեկամդ, ընկերդ, ընտանիքիդ անդամը ոնց կվարվի, այլ դու ճիշտ վարվի ու օրինակ դարձի մյուսների համար, դա  հզոր հասարակություն, հզոր իշխանություն ու հզոր երկիր ունենալու միակ գրավականն է…

Միթե գոյություն ունի որևէ ծանոթ, ով մեր բարօրության մասին ավելի շատ է մտահոգվում , քան մենք ինքներս, ուստիև նրան լավություն անելով լավություն ենք անում միայն նրան, բայց վատություն անում ինքներս մեզ ու մեր սերունդներին, նրանց ապագայի երկնքում որոտի շանթը պատրաստ պահելով:

Ամեն մեկս մեր սեփական պատերացումն ունի ու դա է մերը` անկախ նրանից այդ պատկերացումների վեկտորը որ կողմն է ուղղված, բայց հենց դա է այն սերմը, որի արգասիքը կմնա սերունդներին:

Եկե՛ք, վե՛րջ տանք ինքնակամ մեր ստրկությանը, ու հայրենիք կերտենք մեր ազատության դրսևորման միջոցով, սկսենք հենց մեզանից ու ոչ թե սպասենք որ մեր փոխարեն դա կանի ուրիշ ինչ որ մեկը,, իսկ այն, ինչ մեզ տալիս են լռելու կամ մեր խիղճը բթացնելու համար, հարյուրապատիկ ավելով հետ են վերցնում, մենք հիշվում ենք մի ակնթարթ, հետո մոռացվում տարիներով: ՈՒ հենց այդ իսկ պատճառով այսօր պիտի հստակ գիտակցենք` ուզու՞մ ենք շարունակել ապրել որպես չգիտակցված ստրուկներ, թե այնուհանդերձ կկարևորենք ինքներս մեզ ու մեր վաղվա օրը:

Երկրի մասին մտահոգվելը քաղաքականություն չի, երկրի ապագան բոլորինս է, երկրի մասին հոգ տանելը ամեն մեկիս պարտքն է, ուստի հստակ սահմանաբաժան պիտի դնել վերջիններիս միջև , ու քաղաքականություն ձևաչափը ամեն բանի վրա տարածելով չմնալ անտարբեր, քանի որ այն նաև քո հայրենիքն է, քո տունը :

Մեզ պետք է դառնալ մի հասարակություն, որը կամազուրկ չի լինի, որը չի շահագործվի ի շահ ոմանց, որը գերի չի դառնա սեփական անկախ ու ազատ երկրում, սեփական տան շեմից ներս: Մեզ պետք է ամուր ու սկզբունքնային հասարակություն, իսկ այդ ամրությունը հիմնված է ամեն մեկիս վրա, մենք ենք հիմքը: Մենք պետք է մեր մեջ ներկա լինենք ամեն որոշման ժամանակ, քանի որ.

  • Մեզ լավ առաջնորդ է պետք, լավ հիմք, ձեռքեր, որոնք պաշտպանելու են, այլ ոչ թէ հարվածելու…
  • Մեզ կզոր կամք է պետք, որ երկրի ընդհանուր ձեռքը հարվածել կարողանա իր առջև դրված սեղանին, ոչ թե սեղանի տակ մյուս ձեռքին գրկած դողա…
  • Մեզ ընկեր է պետք, որ միավորված լինենք միշտ, այլ ոչ թե օրհասական պահին միայն…
  • Մեզ ուժ է պետք ու հզորություն, որ սեղմեն մեր ձեռքը ու հաշվի նստեն մեզ հետ…
  • Մեզ սեփական հողի վրա հանապազօրյա հացը ստեղծելու հնարավորություն է պետք…
  • Մեզ պետք չեն հզոր բանկեր, մեզ վարկունակ հասարակություն է պետք, մեզ դատարաններ պետք չեն , որ բարձր դասին արտոնյալ վճիռ շնորհի, որ վճռի մեջ անողոք մնա ու ծայրահեղ աղքատ ընտանիքի տանիքը խլելու որոշում կայացնի…
  • Մեզ աղքատության նպաստներ պետք չեն, մեզ աղքատություն պետք չէ…

Ես մեկն եմ ընդամենը ու Ես ստորագրում եմ հանուն մեր վաղվա պայծառ օրվա…

Հարգանքներով` Գարիկ Գալոյան , 01.03.2017թ.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *