Արդեն 29 տարի է, ինչ հիշում ենք Սումգայիթի հայկական ջարդերը։ Այս տարիների ընթացքում շատ է գրվել մեր արեւելյան հարեւան պետության բարբարոսական վարքագծի ու գազանային էության մասին։ Սակայն ժամանակն է պարզաբանելու.
1) Ինչո՞ւ կազմակերպվեցին հայկական ջարդերը Սումգայիթում։
2) Ինչո՞ւ ընտրեցին Սումգայիթ քաղաքը։
3) Ինչո՞ւ ծայրահեղ դաժանություն կիրառեցին։
4) Ինչո՞ւ Խորհրդային Միության ղեկավարները անտարբեր մնացին։
5) Արդյո՞ք դա կապված էր ղարաբաղյան շարժման հետ։
Մեր տարածաշրջանում հայերը միշտ խանգարել են թուրքական նվաճողական ծրագրերի իրականացմանը, ուստի հայերին «արանքից հանելու» գաղափարը մշտապես եղել է թուրքական տարբեր ժամանակաշրջանների իշխանությունների օրակարգում։ 1915թ. այն հանգեցրեց Հայոց ցեղասպանությանը՝ 20—րդ դարի առաջին մեծ ոճրագործությանը։ Բայց նախքան այդ էլ հակահայկական ծրագիրը գործողության մեջ էր դրված։ Հիշենք, որ 1905—1906թթ. Բաքվում եւ այլուր հայերի ջարդեր իրականացրին Կովկասի թաթարները (ադրբեջանցիք), որոնք զենք եւ այլ նյութական օգնություն էին ստանում Օսմանյան կայսրությունից։
Բաքվում հայերի էթնիկական մաքրման հաջորդ փորձը տեղի ունեցավ 1918—1920թթ.։ Այդ ժամանակ Ադրբեջանի Հանրապետության փոստի եւ հեռահաղորդակցության նախարար Մելիք—Ասլանովը հայտարարել է. «Մինչեւ Ադրբեջանից բոլոր հայերին չմաքրենք, մեր զենքը չպիտի վայր դնենք»։
1918թ. մայիսին Ադրբեջանի Հանրապետության ինքնահռչակմամբ հնարավորություն տրվեց փաստորեն օկուպացնելու հարավ—արեւելյան Անդրկովկասի 10—ից ավելի բնիկ ազգերի ու ազգությունների հողերը։ Նպատակ դրվեց, բացի հայերից, թուրքացնել նաեւ այդ ազգերին։
Սակայն չհաջողվեց հպատակեցնել պատմական Արցախը, Ուտիքի ու Գարդմանի որոշ շրջանները՝ Խանլարի, Դաշքեսանի, Շամխորի, Շամախիի, Ախսուի եւ Խամաիլի հայաբնակ գյուղերը։ Առաջացան այսպես կոչված «հայաբնակ կղզիներ» մահմեդականություն դավանող ազգերի ծովում։
1920թ. Բաքվում կայանում է Արեւելքի ժողովուրդների I համագումարը, որտեղ ընդունված վերջնական բանաձեւում պատերազմ է հայտարարվում Հայաստանին որպես «համաշխարհային իմպերիալիզմի գործակատարի», իսկ դաշնակցությունը դիտարկվում է որպես տեռորիստական կազմակերպություն։ Այնուհետեւ, նիստում ընթերցվում է Էնվեր փաշայի հայտարարությունը, որտեղ կան այսպիսի տողեր. «Ադրբեջանը պատկանում է ադրբեջանցիներին»։
1921թ. Բաքվում փակվեց Հայկական ազգային խորհուրդը եւ դրա հետ միասին 56—ամյա հայ մարդասիրական ընկերությունը, հայկական լեզվով մանկապարտեզներ չկային, ուստի հետագայում հայ երեխաներն անցան ռուսական կրթության։ Դա Կրեմլի քաղաքականությունն էր։ Աստիճանաբար փակվեցին հայկական դպրոցները։ 1949թ. փակվեց հայկական դրամատիկական թատրոնը։
Հայերի ազգային հատկանիշների ցանկացած դրսեւորում դիտվում էր որպես ազգայնականություն եւ պատժվում աքսորով կամ այլ կերպ։ Խորհրդային կարգերի ժամանակ հայերի նկատմամբ այնուամենայնիվ տեղի էր ունենում «սպիտակ տեռոր»։
Ահա այդպիսի դժվարին, վտանգավոր քաղաքական պայմաններում Բաքվի հայության հարուստ եւ քաղաքակիրթ համայնքը ցիրուցան էր լինում։
Երկու ազգերին միավորող կոմունիստական համակարգը չկարողացավ հաշտեցնել հայերին եւ թուրքերին։
Դեռ 1966թ. Հուսեյն Յուսիֆ օղլու Ախունդովը Սումգայիթ քաղաքի 16—ամյակին նվիրված 44 էջանոց գիրք է հրատարակում՝ «Սումգայիթ» վերնագրով, որում գեթ մեկ տող չկար այն մասին, որ հայերն էլ ի թիվս այլ ազգերի մասնակցել են քաղաքի կառուցմանը։
Ադրբեջանը հայաթափ լինելու շեմին, 1980թ. մայիսի 18—ին «Բաբեկ» պոեմից հատվածներ են ռուսերեն տպագրվում «Բակինսկի Րաբոչի» թերթի 4—րդ էջում, որն ամբողջությամբ հայատյացության ու հակահայկականության նմուշ էր։
Ահա այդպես էին Ադրբեջանի կոմունիստական ղեկավարները պետական մակարդակով նախապատրաստում հայերի ջարդերը եւ տեղահանումը։
Ուշադրության է արժանի այն փաստը, որ հայկական ջարդերի նախօրեին Սումգայիթ էր այցելել Ադրբեջանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը։
Ինչպես 1988թ. փետրվարի 22—ին, երբ աղդամցիների ամբոխը հարձակվեց Ասկերանի վրա, դրա նախօրեին Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ք. Բաղիրովը այցելեց Աղդամ, այնպես էլ 1988թ. փետրվարի 26—ին նա երեւաց Սումգայիթում։
Բարձրաստիճան ներկաների վկայությամբ՝ այդ թվում նախկինում ՍՄԿԿ կենտկոմի բաժնի վարիչի տեղակալ Խարչենկոյի, 1988թ. փետրվարի 27—ին Ք. Բաղիրովը Սումգայիթում հավաքել է կուսակցական—տնտեսական ակտիվ։
Ադրբեջանի ՆԳՆ միլիցիայի գնդապետ Ֆ. Հուսեյնովի վկայությամբ, փետրվարի 27—ին Սումգայիթ քաղաքի ՆԳ բաժանմունքում էին գտնվում Ադրբեջանի կենտկոմի քարտուղար Հ. Հուսեյնովը եւ Ադրբեջանի Կոմկուսի կենտկոմի վարչական մարմինների բաժնի ղեկավար Մ. Ասադովը, որը դեռ 1988թ. փետրվարի 14—ին ԼՂԻՄ կուսակտիվի նիստի ժամանակ հայտարարել է. «Հարյուր հազար ադրբեջանցի պատրաստ են ներխուժել Ղարաբաղ եւ կազմակերպել արյունահեղ կոտորած»։
Մեկ փաստ եւս։ 1988թ. մայիսի 21—ին Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի պլենումում քննարկվում էր սումգայիթյան ողբերգական իրադարձությունների կապակցությամբ Սումգայիթի քաղկոմի արդեն նախկին առաջին քարտուղար Մուսլիմ—զադեի անձնական պատասխանատվության հարցը։ Նա իր ելույթում մեղադրեց հանրապետության առաջին դեմքերին, որոնք ամենաբարձր հանրապետական մակարդակով աշխատում էին սումգայիթյան ողբերգության հետքերը կորցնել։ Այդ ամենի մասին ԽՍՀՄ ղեկավարները գիտեին Սումգայիթյան ջարդերից հետո, գլխավոր քարտուղար Գորբաչովը անամոթաբար հայտարարեց, որ «ուշացել են երեք ժամով», այնինչ Ադրբեջանի ամբողջ հայությունը վկա է, որ ոչ թե ուշացել են, այլ երեք օրից հետո որոշել են մտնել Սումգայիթ։
Ինչո՞ւ հայերի ջարդերի համար ընտրվեց Սումգայիթ քաղաքը։ Հավանական պատասխանը հետեւյալն է.
1) Հաշվի են առել քաղաքի աշխարհագրական դիրքը։ Քաղաքը մի կողմից սահմանափակում է ծովը։ Երկաթուղու եւ ավտոտրանսպորտի կայարանները գտնվում են քաղաքի եզրին, հեշտ էր քաղաքը փակել։ Քաղաքից մոտ 10 կմ հեռավորության վրա գտնվում է «Նասոսնայա» ռազմաօդանավակայանը, իսկ գլխավոր՝ «Բինա» ռազմատրանսպորտային օդանավակայանը գտնվում է Սումգայիթից մոտ 50 կմ հեռավորության վրա, հեշտ էր դիմակայել զորքի տեղաշարժմանը։
2) Սումգայիթում եւս չկային պատմականորեն ձեւավորված հայկական թաղամասեր, որտեղ ջարդարար խմբերը առավելություն չէին կարող ունենալ եւ գլխավորը, զոհերը ավելի շատ կլինեին (հավանական է երկու կողմից), ու հնարավոր չէր լինի թաքցնել նրանց թիվը։ Այնպես որ, քաղաքով մեկ սփռված հայերի դիմադրությունը կոտրելը հեշտ էր։
3) Ծովի առկայությունը մեծ հնարավորություն էր տալիս զոհերի թիվը թաքցնելու։
Հարց է ծագում։ Ինչո՞ւ բանվորական միջավայրի, տեխնիկումների եւ բուհերի երիտասարդությունը՝ գտնվելով ինտերնացիոնալ—բարոյական միջավայրում, ունենալով հասակակից, այլ ազգերի հետ ամենօրյա ընդհանուր մարդկային բարի ու նորմալ հարաբերություններ, հանկարծ մի ակնթարթում ընկավ խռովարարների կոչերի ազդեցության տակ։ Ինչո՞ւ գնացին հանցավոր համագործակցության՝ սպանելու մոտիկ մարդկանց, ծանոթներին, հարեւաններին, որոնց հետ շփվել են տասնյակ տարիներ, մասնակցել են մեկը մյուսի ուրախություններին եւ դժբախտություններին։
Ենթադրվող պատասխանը մեկն է. 70 տարվա ընթացքում ադրբեջանցիների սերունդների մեջ ենթագիտակցորեն պահպանվել էր հակահայկականությունը, քանի որ լինելով նվաճող, գողացող, յուրացնող մշակույթի կրողներ, նրանք չեն կարողանում համակերպվել իրենց կողքին այլակրոն, կառուցող, ստեղծագործող, խաղաղասեր էթնոսի գոյությանը։
Ասել է թե՝ նրանց ձեռագիրը, գործելաոճը չեն փոխվում, ուստի պարտավոր ենք ճիշտ դասեր քաղել պատմությունից՝ խուսափելու նոր աղետներից ու կորուստներից։

Յուրի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Պատմաբան

 hhpress.am

 Խոջալուի ինքնասպանդը

 

25 տարի առաջ ադրբեջանական բանակը կոտորեց սեփական ժողովրդին

 

Այն, որ Ադրբեջանում իշխանությունը, անկախ նրանից, թե ով է եղել դրա ղեկավարը, երբեք էլ չի գնահատել սեփական քաղաքացու կյանքը, նորություն չէ։ Այսօրվա ղեկավար Իլհամ Ալիեւը հետեւողականորեն սեփական բանակը զոհաբերում է սեփական իշխանությանը, սեփական երկրի քաղաքացի զինվորներին՝ այդ իշխանությունն ամեն կերպ պահելուն։ Բայց Ալիեւը այդ առումով մի փոքր հրեշտականման է դառնում, երբ փորձում ենք նրան համեմատել 25 տարի առաջվա ժամանակահատվածի հետ, երբ Խոջալուի ադրբեջանցի բնակիչները բառացիորեն զոհաբերվեցին ադրբեջանական քաղաքական գործիչներին։
25 տարի առաջ, 1992թ. փետրվարին ադրբեջանցի բնակիչները լքում էին Խոջալուն, որն այն կրակակետերից մեկն էր, որտեղից գնդակոծվում էր Ստեփանակերտը։ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը նրանց համար մարդասիրական միջանցք էին բացել, սակայն ադրբեջանական կողմը գերադասեց ինքնադատաստան տեսնել սեփական բնակչության հետ՝ կոտորելով նրանց։ Այն տարածքը, որտեղ զոհվեցին Խոջալուի ադրբեջանցի բնակիչները, գտնվում էր հենց ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Երկրի այդ ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովի եւ ընդդիմադիր ժողովրդական ճակատի միջեւ հակասությունն այն աստիճանի էր հասել, որ խոջալուի բնակիչները, որպես ինքնասպանդի զոհ ու խաղաքար, դարձան Ադրբեջանի ներքաղաքական ստորության բարձրագույն ցուցիչը։ Որքան էլ Իլհամ Ալիեւն այսօր ձգտում է գերազանցել սեփական ժողովրդի հանդեպ այդ անմարդկային վերաբերմունքի ու արյունահեղության ցուցանիշը, դա առայժմ նրան ամբողջությամբ չի հաջողվում, թեպետ Ադրբեջանի ներկայիս ղեկավարն իր անխոհեմությամբ ու մոլագարությամբ մոտենում է այդ բարձրակետին։
Ինչ վերաբերում է Խոջալուի ինքնասպանդին, ապա Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովն անձամբ խոստովանելով, որ դա հենց ադրբեջանցիների ձեռքի գործն է, ստիպված էր անկեղծ խոստովանության համար փախչել երկրից, թողնելով նույնիսկ ընտանիքը։ 20 տարի Մութալիբովը պարտակվում էր Ռուսաստանում, սակայն երբ համաձայնեց ղազագրվել Իլհամ Ալիեւի իշխանությանը, 2012թ. նրան թույլատրվեց վերադառնալ Ադրբեջան, ուր եւ ներկայումս տնավորվել է 79—ամյա «պանդուխտը», ով այժմ արդեն սպասարկում է Իլհամ Ալիեւին։ Մութալիբովը ալիեւյան վարչակազմին է նվիրվել այնքան հավատարմորեն, որ քծնանքի ծանրությունից արդեն իսկ մոռացել է իր՝ 1992թ. Ադրբեջանը ղեկավարած նախագահի օրոք սեփական բանակի կողմից թափված սեփական ժողովրդի արյունը։
Երբ Մութալիբովը Մոսկվայում էր, Հեյդար Ալիեւի, ապա Իլհամ Ալիեւի վարչակարգերը ազդարարում էին, որ եթե նա մտնի Ադրբեջան՝ անմիջապես կձերբակալվի։
Բայց Բաքու վերադառնալով՝ Մութալիբովն առանց ժամանակ կորցնելու այցելել էր Հեյդար Ալիեւի շիրմին եւ այնտեղ իսկ օճառվել հայր Ալիեւին։ Մութալիբովն այսօր էլ վայելում է իր քծնանքի պտուղներն ու Խոջալուի դեպքերին, այսինքն՝ սեփական բանակի կողմից սեփական ժողովրդին կոտորելուն վերաբերվում արդեն որպես Ալիեւի գալարափող, մոռանալով, որ 25 տարի առաջ ինքն էր խոստովանել, որ ադրբեջանցիներն իրենք են կոտորել ադրբեջանցիներին։ Հասկանալի է, որ ծերության անվան տակ կարելի է «մոռանալ» իրականությունը, բայց անբարոյական է, երբ օր ծերության մոռանում, ավելի ճիշտ՝ ուրանում են նաեւ սեփական ժողովրդի արյունը, այն արյունը, որը ծանրացած է Խոջալուի դեպքերի ժամանակ Ադրբեջանի նախագահ Մութալիբովի, ադրբեջանական բանակի ղեկավարության, Ադրբեջանի քաղաքական ուժերի խղճին։
Խոջալուի դեպքերը՝ ադրբեջանցի բնակիչների սպանդը ադրբեջանական զորքերի կողմից, Ադրբեջանի բոլոր ժամանակների վարչակարգերի խեղված հոգեբանության ու մարդկային ստորության ուղղակի հետեւանքն են։ Դրան նախորդած Սումգայիթի դեպքերը՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպված՝ քաղաքի հայ բնակչության եղեռնը եւ զանգվածային տեղահանությունը, ազգային խտրականության եւ թշնամանքի ակնառու արտահայտությունն էին, ու նաեւ՝ կրկին խեղված հոգեբանության ու մարդկային ստորության ուղղակի հետեւանք։
Կարեն ՊԵՏՐՈՍՅԱՆ