ՍԽՐԱՆՔ

Հուլիսի 14-ն էր: Գիշերվա մեկն անց էր արդեն: Ինժեներական գործն ավարտել, պառկել էի: «Արթուրը վիրավոր է». գոռաց բլինդաժ ներխուժած զինվորը: Իսկույն վեր թռա: Սաղավարտ ու զրահաբաճկոն հագնելու ժամանակ չկար: Զենքս վերցրի ու դուրս վազեցի: Արթուրը սակրավորների վաշտի հրամանատարն էր: Եկել էր մեր դիրքի դիտարկվող հատվածը ամրացնելու: Եվ նրան թիրախավորել էին: Գնդակը կպել էր. նա ընկել էր բաց դաշտում: Շտապում էի, հանկարծ արնաքամ չլինի… Բռնեցի ձեռքերից ու դեպի դիտակետ քաշեցի: Փամփուշտները վժժում էին գլխավերեւումս, ականջիս  տակ, թափվում էին կարկտի ուժգնությամբ: Բայց ես, չգիտես ինչու, համոզված էի՝ չեմ զարկվելու:
…Ժամկետային զինծառայող Վահե Գրիգորյանը նստած է իմ առջեւ: Բարձրահասակ է, վայելչակազմ, թիկնեղ: Մարտաֆիլմի գլխավոր հերոսին է նման, որ հայտնվում է ամենադժվար պահին, առաջ նետվում  ու  փրկում: Պատմում է քաշվող հայացքով, բայց առանց շփոթմունքի: Պատմում է՝ ասես սովորական մի դեպքի մասին:
-Տղաները հրամանատարին պատգարակի վրա դրեցին,-շարունակում է նա,-մեր դիրքը ցածրադիր էր, ճանապարհը՝ նշանառության տակ, սպային անվնաս թիկունք տեղափոխելը՝ գրեթե անհնար: Արագ ամրացա հարեւան խրամաբջիջում: Ամբողջ ուժով կրակում էի՝ թշնամու ուշադրությունը շեղելով ճանապարհից: Նրանք էլ լուսածիր փամփուշտներով փորձում էին «որսալ» ինձ: Մարտի թեժ պահին ուսս տաքացավ: Փոսում նստեցի: Ձեռքերս անհարմար ծալվել էին, բայց ոչինչ չէի զգում: «Վահեն վիրավոր է, Վահեն վիրավոր է»,-կանչում էր ինձ օգնության եկած զինվոր ընկերս: Չէի հասկանում՝ երազի մե՞ջ եմ, թե՞ արթուն: Մեկ էլ աչքս ընկավ համազգեստիս. արնաթաթախ էր: «Գոնե սրտիս կպած չլինի, իմ ոտքով գետնատնակ հասնեմ»՝ ասում էի ինքս ինձ:
Զինվորը լռում է. դեմքը փոքր-ինչ լարված է:
-Ասում են՝ շտապ օգնության մեքենայում բժիշկներին նույն հարցն էիր տալիս. «Հրամանատարն ապրելո՞ւ է»: Թեեւ ինքդ չորս հրազենային վիրավորում էիր ստացել, փամփուշտներից մեկն էլ խրվել-մնացել էր մատներիդ արանքում:
-Ցավ չէի զգում, հրամանատարին դուրս էի հանել չեզոք գոտուց:
-Դու ճանաչե՞լ ես նրան:
-Մենք նույն համազգեստն ենք կրում,-ասում է հանդարտ, բառերը հատ-հատ արտաբերելով:-Գիտեի, որ Արցախյան պատերազմի մասնակից է, որ ձեռքի մեջ դեռ մխրճված բեկորներ կան, որ ամենաբարդ հատվածներում ինժեներական աշխատանքները միշտ ինքն է կատարում: Վտանգում է կյանքը՝ իր վրա վերցնելով ուրիշին ուղղված հարվածը:
-Ինչպես եւ դու,-ընդհատում եմ:
-Եթե պատրաստ չես պաշտպանելու կողքինիդ, հայրենիքն էլ չես պաշտպանի,-զինվորի ձայնը խստանում է: Թվում է՝ իմ դիմաց ոչ թե 19-ամյա մի տղա է, այլ ավելի տարիքով մեկը:
-Մեզ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխեցին,- մտքում ասես խոսքեր որոնելով՝ շարունակում է,- երբ ոտքի կանգնեցի, ցանկացա Արթուրին տեսնել: Դուռը բացեցի, ու նա, կամքը լարելով, փորձեց վեր կենալ մահճակալից: Երկար զրուցեցինք: Արթուրը կատակում էր, ժպտում, պատմություններ պատմում: Իսկ իմ գլխում մի միտք էր պտտվում. ինչ լավ է, որ այդ օրը չվախեցա:
-Դու ապրիլին էլ կամավոր ներկայացել էիր զինկոմիսարիատ,-հիշեցնում եմ:
-Բայց ինձ ճակատ չտարան, մերժեցին,-ասում է ափսոսանքով:-Ավելի ուշ զորակոչվեցի: Դիրք բարձրացա 2016 թվականի նոյեմբերին: Այդ օրը «տագնապ» ազդանշանն ստացանք: Հակառակորդը լայնածավալ զորավարժություն էր նախաձեռնել մեր բնագծի երկայնքով: Տեղեկություն կար՝ սադրանքի է նախապատրաստվում: Ճանապարհին հայրենասիրական երգեր էինք երգում: Երգում էինք ուրախ, բարձրաձայն՝ մոռացած, որ առջեւում թշնամին է: Ամենադժվար պահերին հիշում եմ այդ օրն ու ուժ առնում:
Նայում է մատներին, որ դեռ քիչ ծալված են, անշարժ:
-Ամեն բան լավ է լինելու,-գոտեպնդում եմ զինվորին:
-Ապաքինվեմ, հրուշակեղենի մի փոքրիկ արտադրամաս եմ բացելու. ուզում եմ մարդկանց քաղցրավենիք բաժանել,-ժպտում է:
Հ.Գ. Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության 26-րդ տարեդարձի առիթով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վահե Գրիգորյանին պարգեւատրել է «Մարտական ծառայության» մեդալով:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՀայԶինվոր

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *