""Հայոց պատմության մեջ սեպտեմբերի 21-ը ճակատագրական օր է: Ազգային գաղափարախոսությամբ տոգորված՝ ուղիղ 27 տարի առաջ այս օրը հայ ժողովուրդը միակամ եւ վճռականորեն «այո» ասաց անկախությանը: Մեկընդմիշտ հաստատվեց անկախ Հայաստան ունենալու մեր ժողովրդի բաղձալի երազանքը, իրականություն դարձան մեր նախնիների ազատ ու անկախ ապրելու դարավոր ձգտումն ու նպատակը:
Հայ ժողովուրդը անկախության համար պայքարել է դարեր շարունակ: Անկախ պետության վերածնունդը պատմության հրամայականն էր: Դա մեր ժողովրդի փրկության ճանապարհն էր, հաղթանակների ու ձեռքբերումների, կայացման ու ինքնահաստատման ուղին, ինչին մենք հասել ենք մեծ զոհողությունների գնով՝ դրսեւորելով անսահման կամք ու հաստատակամություն:
Եվ արդեն 27 տարի է, ինչ մենք ընթանում ենք անկախության ճանապարհով` ազգովի հաղթահարելով մեր առջեւ ծառացած բոլոր դժվարություններն ու գրանցելով նոր ձեռքբերումներ: Վստահ եմ, որ յուրաքանչյուր հայ գիտակցում է անկախության արժեքը եւ այն պահպանելու գործում իր դերն ու պատասխանատվությունը:
Սիրելի՛ հայրենակիցներ, կրկին շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի առթիվ: Մաղթում եմ խաղաղություն, նորանոր հաղթանակներ եւ նվաճումներ՝ ի բարօրություն Մայր Հայաստանի ու հայ ժողովրդի:

ՀՀ Արագածոտն Մարզպետ՝ Աշոտ Սիմոնյան

""

Անկախության օրվան նվիրված տոնակատարությունը` Արագածոտնում

Սեպտեմբերի 21-ին Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ կայացավ ՀՀ Անկախության օրվան նվիրված մարզի գլխավոր տոնակատարությունը: Միջոցառման վայրը Աշտարակի քաղաքային մշակույթի տունն էր, որտեղ ներկա էին մարզպետ Աշոտ Սիմոնյանը, համայնքապետեր, կրթական, առողջապահական հաստատությունների, ուժային կառույցների ղեկավարներ, բազմաթիվ հյուրեր, հանրության ներկայացուցիչներ:
Տոնական հանդիսությունն սկսվեց ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո, որին հաջորդեց Արագածոտնի դասի օրհնանքի խոսքը:
Ներկաներին ողջունեց Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը: Նա մասնավորապես նշեց, որ 1991 թվականի սեպտեմբերի 21-ը, հիրավի, ճակատագրական եւ պատմական օր էր: Օր, երբ հայ ժողովուրը միակամ եւ վճռականորեն իր ձայնը բարձրացրեց՝ պաշտպանելով եւ հաստատելով անկախ ապրելու եւ սեփական երկիրը ինքնուրույն ղեկավարելու իր իրավունքը:
-Մեր ժողովուրդն անկախության համար պայքարել է դարեր շարունակ, իսկ անկախ պետության վերածնունդը պատմության եւ ժամանակի հրամայականն էր, դարասկզբի ամենամեծ կորստից հետո գուցեեւ ամենամեծ ձեռքբերումը: Դրանով իմաստավորվեցին հայ ժողովրդի երկարատեւ պայքարն ու որոնումները, երբ վերջապես ազգովի ամրագրվեցին մեր անկախ ապրելու իրավունքը՝ համակվելով անմնացորդ սիրով հայրենիքը զարգացնելու եւ հզորացնելու կամքով,-ասաց մարզպետը եւ հորդորեց հավատալ եւ համախմբված աշխատել մեր երազանքների Հայաստանը, հզոր եւ իրապես անկախ Հայաստանը հենց այսօր կերտելու համար:
Ներկաները մեծ ոգեւորությամբ դիմավորեցին Արագածոտնի մարզում տեղակայված զորամասի զինվորականներին:
Հայրենասիրական, ազգային, ազգագրական երգ ու պարի կատարումներով հանդես եկան հանրապետության ճանաչված երգիչ-երգչուհիները:
Տոնական օրն ավարտվեց շքեղ հրավառությամբ: