ՍԵՎԱԿԸ ԵՎ ԴՈՒ
Հետաքրքիր է, դու այսօր ի՞նչ տողեր կձոնեիր Սեւակին, եթե 1983-ին ՆԳՆ կառույց կոչված մամլիչ մեքենան իր թրթուրների տակ չառներ քո ջահել հասակը… Նրանք, այդ անգրագետ կաշառակերները, Սենեկային ծանոթ լինեին. «Անմեղին դատապարտելը դատավորի դատապարտությունն է»:
Երբ դու դեռ ազատ էիր, ու Սեւակը քո գլխի վերեւն էր, քո արեւն էր ու քո պաշտամունքը, ողբացիր նրա եղերական մահը եւ 1972-ին, հիշատակի խնկարկում որպես, դու գրեցիր «ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՎԵՐՋԻՆ, ՉԳՐՎԱԾ ԵՐԿԸ» բանաստեղծությունը: Դու այն գրեցիր… Սեւակի փոխարեն: Դու էիր այդպես ասում. «Սեւակը հենց այսպես կգրեր…»: Քո ձեռագիր օրինակում հենց այդ տողերը կան՝ «Բանաստեղծի վերջին, չգրված երկը»:
Հիշո՞ւմ ես, երբ ես քեզ գրեցի, թե ռադիոյի ինժեներ-վարորդ Զուլալն ինձ տվեց Հովհաննես Շիրազի 43 րոպեանոց ելույթի ձայնագրությունը՝ արտասանած 1976-ին Հայաստանի գրողների միության 7-րդ համագումարում, որն այդպես էլ եթեր չէր տրվել, դու պատասխանեցիր, թե մի Զուլալ էր ինձ հանդիպեր՝ ինձ տար 1966-ին 5-րդ համագումարում Սեւակի ելույթի ձայնագրությունը: Դու դա չունեիր, դա լրիվ չէր էլ տպագրվել, բայց մասամբ գիտեիր նրա ելութից հատվածներ, որ տարածվել էր այլ ճանապարհներով: Տարիներ անց Սեւակի այդ ելույթը համացանց դրեց Մարգարիտ Պողոսյանը:
«ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՎԵՐՋԻՆ, ՉԳՐՎԱԾ ԵՐԿԸ» քո բանաստեղծությունը պիտի գրվեր նաեւ ա՛յդ ելութում Սեւակի արդարացի՛ վրդովմունքի հանգույն:
Սեւակն ասում էր. «…իմ ելույթով ունկնդիրներից շատերին պիտի հիասթափեցնեմ, որովհետև նրանք երևի սպասում են, թե ես ի՜նչ և ինչպե՞ս պիտի պատասխանեմ ինձ հասցեագրած այն ամբողջ քննադատությանը, որ բացահայտ ու կիսածածուկ հնչում է ահա ավելի քան վեց ամիս մամուլի էջերից և որ պակաս չեղավ նաև այս օրերին: Ես նման մտադրություն չունեմ, բայց հարկ եմ համարում ավելացնելու, որ նման մտադրության բացակայությունը բնավ էլ չի ենթադրում պատասխանելիքի բացակայություն: Ավելին, ես ունեմ այնպիսի պատասխաններ, որոնցից հետո մեր ժողովուրդն ասում է. «դե եկեք, ձեր մեռելը տարեք»:
Եվ դու էիր ասում՝
«Այնպես եմ արդեն վարժվել դավերին,
Որ իմ ձեռքերով քամած ու մաքրած
մաճառով լեցուն գավերին անգամ
ահով եմ նայում-
չլինի՞ թույն է…»:
Սեւակն այդ համագումարում ասում էր. «Եվ եթե Մայակովսկին ասում էր` հրդեհվող սրտի վրա կելնեն քնքշանքով և ոչ թե հրշեջային կոպիտ սապոգներով, ապա դա ասված է ամենից առաջ հենց մե՛ր ժողովրդի մասին»:
Դո՛ւ ինչպես էիր արձագանքում դրան.
«Այդ ինչի՞ց է, որ
կենդանի մարդուն տեսնելու համար,
նրա ուսերի՝ մե՛ր իսկ վերքերին հասնելու համար
միշտ էլ դիմում ենք դիահերձելու ծայրահեղ քայլին…»:
Գրչակների, վայ քննադատների նախա՞նձն էր, որ չէր ներում ամեն նորն ու գեղեցիկը, որ հայ գրականությունը պիտի հարստացներ՝ հեռու մնալով պարտադրանքով գրելու կաղապարից, չարափառությո՞ւնն էր, որ վերոհիշյալների բնավորության գիծ էր դաձել, որով շարունակ նեղում էին հայ գրականության ապագայով մտահոգ մեկին, ով իրենցից առանձնանում էր իր լուսավոր գաղափարներով, քնարերգության բարձր, չափազանց բարձր իր գործերով, անգամ պարզապես իրներկայությամբ: Նեղում էին, ինչպես ժամանակին նեղել են Չարենցին, ինչպես Շիրազին…, եւ Սեւակն ստիպված հենց ա՛յդ տոնով պիտի սկսեր իր ելույթը, որը հայ գրականությունը, թարգմանական արվեստը միջազգային չափանիշի հասցնելու սթափության կոչ էր. «Աշխարհը վերջացա՞վ: Կյանքը կա՞նգ առավ: Այս անտեր բանաստեղծություն կոչվածը այլևս պիտի չունենա՞ նոր մակարդակ, մտածողության նոր ձև, նոր որակ… Պլատոնին և Արիստոտելին 6-րդ դարում թարգմանած ազգի փուչ հայրենասերը չպիտի՞ մտածի նաև այս նորօրյա թարգմանությունների մասին»:
Եվ դու, Ֆելո, հենց Սեւակի տագնա՛պն էիր դնում քո «Մի չգրված երգ»-ում՝ համոզված, որ Սեւակը հենց այդպե՛ս կգրեր.
«…Քանի դեռ ես կամ ու ձեր կողքին եմ,
Ինձ պահեք, մարդիկ…
… ձեր մարդկային մոտեցմա՛մբ մաքուր,
Ո՛չ թե իմ գլխին մրուր թափելով,
Այլեւ զգալու զգացմա՛մբ թաքուն…
Ինձ մի բամբասեք` չարած մեղքերս աշխարհին
տալով…»:
Քո այդ բանաստեղծությունը, բնականաբար, չտպագրեցին, եւ այն տարածվեց՝ ձեռքից-ձեռք անցնելով, միմյանցից արտագրելով, ասմունքելով: Տարածվեց, ինչպես Վիսոցկու երգերն էին տարածվում, որոնք «արգելված է» պիտակն ունեին պետական ռադիոյի եւ հեռուստատեսության ճանապարհին: Տարածվեց քո բանաստեղծությունը, եւ քո անունը համարյա չէր հնչում, որովհետեւ շատերն էին համոզված, թե դա գրել է հենց Սեւակը: Ի՜նչ հրաշալի գնահատանք՝ «Սեւակն է գրել»:
Միայն այն բանից հետո, երբ «ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՎԵՐՋԻՆ, ՉԳՐՎԱԾ ԵՐԿԸ» քո բանաստեղծությունը ես տպագրեցի «Առավոտ» թերթում՝ մի փոքրիկ մեկնաբանությամբ, թե՝ Ֆելիքս Պետրոսյանն է այդ բանաստեղծության հեղինակը, դրանից հետո քեզ ավելի սիրեցին:
Քո այդ բանաստեղծության լավագույն ասմունքողը դո՛ւ էիր, երբ դատարանում որպես վերջին խոսք ասմունքեցիր: Հետո ասմունքեց Աիդան, հետո նրա դուստրը՝ Մարինան: Քո ազատության մեջ եղած տարիներին ասմունքում էր Ստեփանավանցի Էռնեստը: Դու հավանում էիր Էռնեստի ասմունքը: Ափսոս, դու չհասցրեցիր լսել Աշոտ Հախինյանի ասմունքը: Ես հիմա էլ պնդում եմ կարծիքս, որ այդ բանաստեղծությունը տղամարդ պիտի կարդա, եւ Աշոտի ասմունքն այդ առումով, անկրկնելի է՝ շեշտադրումները, դադարները, պաթոսը, եւ, անգամ, որոշ բառերի այն աննշան, բայց տեղին փոփոխությունը, որ բանավոր խոսքի հնչերագն ավելի համահունչ է դարձնում ասելիքը: Ներելի են Աշոտի արած այդ աննշան փոփոխությունները, վստահ եմ, որ դու էլ կներեիր, թե լսեիր: Հենց ա՛յդ ասմունքն եմ ես դնում «Նեղ դուռ» գրքի կազմին՝ առանձին խտասկավառակով:
Հ.Գ. Կրկնեմ ցանկությունս՝ «Հետաքրքիր է, դու այսօր ի՞նչ տողեր կձոնեիր Սեւակին»: Ա՜յ թե բանաստեղծություն կլիներ…