""Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, այսօր կալանքից ազատ արձակեց «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Վարդգես Գևորգյանին։

Դատարանը փոխեց Գևորգյանի խափանման միջոցը «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի և Գևորգ Պետրոսյանի անձնական երաշխավորության դիմաց՝ նրանք վճարել են մեկ միլիոն դրամ գրավ։

Ավելի ուշ նույն դատարանը կալանքից կես միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց նաև «Սասնա ծռեր»-ից Աշոտ Պետրոսյանին։

Նշենք, որ դատարանի որոշմամբ, կալանքից արդեն ազատ են արձակվել ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելու մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 13-ը։

ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների հարազատները դեմ են նրանց ազատ արձակմանը։

«Սասնա ծռեր»-ը 2016 թվականի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ են պահել ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան:

Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղադրանք՝ պնդելով, որ ապստամբություն են արել։

azatutyun.am