ՀՀ կառավարությունը պատրաստվում է սահմանամերձ համայնքներում դպրոցների եւ մանկապարտեզների դիմաց կառուցել պատնեշներ, ինչպես նաեւ թաքստոցներ` հակառակորդի հրետակոծությունից պատսպարվելու համար: Նպատակ կա նաեւ սահմանամերձ համայնքներում իրադրությունը սրվելու դեպքում բնակիչներին տրամադրել զենք, որպեսզի նրանք իրականացնեն պահակային ծառայություն:  

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի փետրվարի 13-ի համապատասխան որոշումից: Ըստ այդմ, սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահն է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որին հանձնարարվել է եռամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ:

Վարչապետի որոշման մեջ նաեւ առաջարկներ են ակնկալվում սահմանամերձ համայնքներում դեպի գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ տանող ճանապարհների բարեկարգման ու ներդրումային ծրագրերի նախատեսման հարցերի վերաբերյալ:

Կառավարության գործուն ուշադրության կենտրոնում հայտնված վերոնշյալ ուղղություններից առաջինները զգաստանալ են պարտադրում` հուշելով հնարավոր պատերազմի մասին, բայց ճանապարհների բարեկարգման ու ներդրումների վերաբերյալ ձեւակերպումները կարծես խաղաղության սպասման կամ հավանականության մասին են խոսում:

Այդուհանդերձ, վերջին օրերին ակտիվացել են Արցախում պատերազմի հնարավոր վերսկսման մասին խոսակցությունները: Ուստի, պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից խնդրեցինք մեկնաբանել վարչապետի նշված որոշումը:

— Պարոն Հովհաննիսյան, սա պատերազմի նախապատրաստությո՞ւն պետք է դիտարկել:

— Նայած` ինչ եք հասկանում` պատերազմի նախապատրաստություն ասելով: Եթե հենց այս պահին ուղղակի նախապատրաստության մասին է խոսքը, իհարկե` ոչ: Եթե դիտարկում ենք ընդհանուր` պետությունը պատերազմին նախապատրաստվելու պլանային քայլերի կոնտեքստում, որն ամենօրյա աշխատանք է, իհարկե, այո:

— Այս պահին պատերազմի վերսկսման լուրջ վտանգ մեր պետությունը տեսնո՞ւմ է:

— Դրա համար եմ ասում, այս պահին պետք չէ դրա մասին առարկայական խոսել: Այսինքն` չստացվի այնպես, որ հիմա, եթե մենք սկսում ենք այդ պատնեշները կամ թաքստոցները կառուցել, միջգերատեսչական հանձնաժողով ենք ձեւավորել, ուրեմն հենց վաղը սպասում ենք պատերազմի: Չէ, դրա մասին չէ խոսքը:

— Ուղղակի չբացառելո՞ւ:

— Պրակտիկան ցույց է տվել, որ իրենք, ի վերջո, կրակում են ուսումնական հաստատությունների ուղղությամբ: Ունենք դեպքեր, որ կրակել են դպրոցների վրա: Պարզ է, որ այդ ամեն ինչը պիտի փորձենք լուծել: Այս ամենն անվտանգության ապահովման պլանային գործընթացների շրջանակներում է:

armtimes.com