Ռոբերտ Աբաջյանը իր ծառայած զորամասում կարևոր պատգամ է թողել. զորամասի հրամանատար

Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Ռոբերտ Աբաջյանի ծառայած զորամասում ոչ միայն վառ են պահում հերոս քաջորդու հիշատակն, այլև նրա օրինակով դաստիարակվում են նոր զորակոչված զինվորները:

""

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է զորամասի հրամանատար, գնդապետ Սամվել Գրիգորյանը և ընդգծել, որ Ռոբերտը իր օրինակով կարևոր պատգամ է թողել ու ցանկացած հրամանատար կցանկանար Ռոբերտի ու նրա զինակից ընկերներ Արմենակ Ուրֆանյանի, Քյարամ Սլոյանի և Անդրանիկ Զոհրաբյանի պես հերոս զինվորներ ունենալ։

«Ռոբերտ Աբաջյանի սխրանքը ու մեր մյուս տղաների ցուցաբերած նվիրվածությունը մեկ անգամ ևս հաստատեց, որ պատերազմի ելքը հաճախ որոշում է հենց զինվորի ունեցած մարտական ոգին»,- ասել է Ս․ Գրիգորյանը և ավելացրել, որ ապրիլյան դեպքերի ժամանակ ցուցաբերած արիության համար զորամասի երեք տասնյակ զինծառայողներ պարգևատրվել են տարբեր պետական և գերատեսչական մեդալներով։
Խոսելով առաջնագծում իրականացվող ինժեներական աշխատանքներից՝ հրամանատարը նշել է, որ զորամասի պահպանության տարածքի ամբողջ երկայնքով մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել, որոնք ամեն օր շարունակվում են: «Արդիականացվել է ամբողջ պաշտպանողական համակարգը, զորքերը համալրվել են ժամանակակից տեխնիական միջոցներով, զորամասը ստացել է տարբեր տեսակի նոր զինտեխնիկաներ: Վստահեցնում եմ, որ ցանկացած պահի պատրաստ ենք կատարել մեր առջև դրված մարտական խնդիրը»,- իր խոսքը եզրափակել է զորամասի հրամանատար Գրիգորյանը։
Լուսանկարում պատկերված խաչքար-հուշարձանն հավերժացնում է Ռոբերտ Աբաջյանի, Արմենակ Ուրֆանյանի, Քյարամ Սլոյանի և Անդրանիկ Զոհրաբյանի պայծառ հիշատակն, ովքեր միասին, ապրիլյան պատերազմի ժամանակ, կյանքի գնով պաշտպանել են մարտական դիրքը՝ կասեցնելով թշնամու առաջխաղացումը և պատճառելով նրան բազմաթիվ կորուստներ: Այն գտնվում է նրանց ծառայած զորամասում:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *