""

Վարչապետ Փաշինյանը RT-ին տված իր հարցազրույցումմասնավորաբար խոսել է ՌԴ-ից ՀՀ մատակարարվող գազի գների մասին՝ հանդես գալով բավական ուշագրավ հայտարարությամբ:

«Քննարկումների ընթացքում մենք եկանք այն եզրակացության, որ սա ներհայաստանյան խնդիր է։ Որովհետև սահմանին Հայաստանը Ռուսաստանից էժան գազ է ստանում (1000 խմ-ի դիմաց 150 դոլար), բայց սահմանից մինչև սպառողների տուն հասնելը գազի սակագինը կրկնակի աճում է (գազը վերջնական սպառողին է հասնում 290 դոլարով)։ Մենք պետք է Հայաստանի ներսում քննարկենք այս խնդիրը և հասկանանք։ Սա չի վերաբերում Ռուսաստանի հետ ունեցած մեր հարաբերություններին»,-հայտարարել է Փաշինյանն ու հավելել, որ  չնայած Հայաստանի համար գազի գինը բացառիկ է, բայց իրենք ավելի բացառիկ գին են ուզում:

Այն, որ գազի գնի հարցը Հայաստանում սոցիալ-տնտեսական առումով համար մեկ գերխնդիրներից մեկն է՝ շատ իմաստներով հանդիսանալով վճռորոշ գործոն երկրում աղքատության հաղթահարման գործում, հանրահայտ իրողություն է: Ի տարբերություն հետխորհրդային որոշ  երկրների, որոնք նույն Ռուսաստանից ոչ միայն ստանում են էժան գներով կապույտ վառելիք ու էժան էլ վաճառում սեփական բնակչությանը, Հայաստանում իրավիճակը բառացիորեն նոնսենսային է. չնայած մենք նույնպես էական զեղչերով ենք ստանում ռուսական գազը սահմանին, սակայն չգիտես ինչու և ինչպես վերջնական սպառողին՝ ՀՀ քաղաքացուն, այդ գազը հասնում է կրկնակի թանկ գներով՝ զրոյացնելով հատկապես ակնկալվող սոցիալական էֆեկտը:

Այս խնդրի շուրջ կան բազմաթիվ վերլուծություններ ու հնչած գնահատականներ, որոնք միաբերան մեկ բան են փաստում. վեջնական սպառողի համար գազի այսօրինակ թանկ գինը պայմանավորված է այն ներքին կոռուպցիոն մեխանիզմների առկայությամբ, որոնք ներդրված են Հայաստանում առաջին հերթին «Գազպրոմի» կողմից կամ՝ դրա դուստր ձեռնարկություն հանդիսացող «ՀայՌուսգազարտի»:  Այսինքն՝ չնայած պաշտոնական Մոսկվան Հայաստանին վաճառում է բավական էժան գազ, սակայն նույն  Մոսկվայի հովանու ներքո գործող «ՀայՌուսգազարտը» բավական «խորհրդավոր» կերպով կարողանում է այդ գազի գները կրկնակի անգամ բարձրացնել ու ՀՀ շարքային քաղաքացու հաշվին ստանալ գերշահույթներ: Արդյունքում մի կողմից՝ Հայաստանը Ռուսաստանի առաջ մնում է պարտապանի կարգավիճակով, ում Մոսկվան, ելնելով սեփական մեծահոգությունից, լավության կարգով իբր էժան գազ է մատակարարում, մյուս կողմից՝ այդ էժանության «խերը» հայաստանցին այդպես էլ չի տեսնում, ու ստացվում է  մարազմատիկ մի իրավիճակ:

Չնայած Փաշինյանի՝ հայտնի առիթով Մոսկվա կատարած այցը շատերը համարում են ճանաչողական՝ առանց էական ակնկալիքներ տածելու, սակայն ՀՀ վարչապետի՝ ռուսական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հնչած որոշակի մտքեր հուշում են, որ այցն ավելին է եղել, քան պարզապես զբոսանք՝ մաքուր օդում: Մոսկվայում Փաշինյանն ակնհայտորեն կոնկրետ խնդիր է բարձրացրել Պուտինի առաջ՝ ստանալով հուսադրող պատասխան. Պուտինն, ըստ էության, «կանաչ լույս է վառել» Փաշինյանի առաջ «ՀայՌուսգազարդի» հետ պետության ունեցած խնդիրներն արագորեն ու արդյունավետորեն լուծելու համար, ինչը, թերևս, կարելի է նաև շատ կոնկրետ քաղաքական ժեստ համարել՝ Փաշինյանին առ այն, որ վերջինս ունի բոլոր հնարավորությունները՝ վաստակելու Կրեմլի վստահությունը՝ Հայաստանի համար դրանից բխող բոլոր դրական հետևանքներով հանդերձ:

Միաժամանակ կարևոր է նաև Փաշինյանի համապատասխան հայտարարության մյուս մասը՝ նրա այն պնդմանը, որ գազի գների հարցը դուրս է հայ-ռուսական գլոբալ հարաբերությունների ենթատեքստից: Սրանով ակնհայտ փորձ է նկատվում հայ-ռուսական հարաբերություններն ազատել ավելորդ բալաստից՝ դրանք ճղճիմ խնդիրներով չծանրաբեռնելու ցանկությունից դրդված, միաժամանակ նաև ակնարկ է՝ Մոսկվային Հայաստանի հետ հարաբերություններում հին գործիքակազմերից հրաժարվելու անհրաժեշտության մասին. Փաշինյանն ակնհայտորեն ավելի մեծ պլաններ ունի՝ Մոսկվայի հետ կապված, ինչի վկայություն կարելի է համարել, թերևս, նրա ակնարկն՝ գազի գների բացառիկության մասին. նա մտադիր է Կրեմլից կորզել առավելագույնը:

Նոր Լուր