""Արմանը ապրիլյան պատերազմի մասնակից է, վերջերս է զորացրվել: Ես նրան ասել եմ՝ պատմիր կենսագրությունդ, իսկ նա վերցրել է գրիչս, գրառման համար նախատեսված երեք թղթերից մեկն ու պատրաստվում է ինչ-որ բան նկարել: Արմանը 20 տարեկան է, մեծ ու ցայտուն աչքեր ունի, փոքրիկ, խնամված մորուք…Ու ես չեմ զարմանա, եթե հարցերիս նկարելով պատասխանի: Ուստի գրասեղանիս դարակից նոր գրիչ եմ հանում, մի քանի սպիտակ թուղթ ու հարցական նայում եմ տղային, որն արդեն մի փոքրիկ գիծ է քաշել թղթի ձախից ներքեւի անկյունում, վրան գրել 12: Չեմ խանգարի, թող գծի: Արմանը առանց վրաս նայելու կապույտ ուղիղ գծից շարունակվող մի ավելի երկար, բայց այս անգամ զիգզագ ու վերընթաց գիծ է նկարում, վրան գրում 12-18: Ես փորձում եմ վերծանել պատկերը, բայց գլխիս մեջ ոչ մի միտք չի ծնվում: Արմանը 12-18 վերտառությամբ զիգզագի կողքին եւս մի ուղիղ գծիկ է դնում, հետո սկսում է մգացնել ու հաստացնել այն:

-Թուղթը ծակեցիր,-ասում եմ: Չի արձագանքում: Մուգ ու հաստ գծի մոտ բարակ-ձեւավոր գիծ է նկարում: Ու թուղթը հրում դեպի ինձ:

-Մասիսն է,- ասում եմ գյուտ արածի պես:

Արմանը բարձրաձայն ծիծաղում է:

-Իմ կենսագրությունն է: Թվերն էլ իմ տարիքն են..

Ես մի անգամ էլ եմ տնտղում նկարը, որը, միեւնույն է, ինձ Մասիսից բացի այլ բան չի հիշեցնում, գրիչով կլորի մեջ եմ առնում 12 վերտառությամբ փոքրիկ գիծը ու ասում.

-Արի այստեղից էլ սկսենք:

 

-Սա իմ մանկությունն է` երկու տիրական ու համառ կանանց` տատիս ու մորս ձեռքի տակ, նրանց փեշից կպած: Ուշիմ ու հնազանդ: Նրանք այնպես էին ճնշել իմ անհատականությունը…

-Մի չափազանցրու, էդ տարիքում բոլորս էլ մեր ծնողների փեշից կպած ենք:

-Պետք է թողնես երեխան ինքնադրսեւորվի, ցուցադրի իր հակումները (լավ կամ վատ), իր գույները, նախասիրությունները: Չի կարելի սեփականաշնորհել երեխայի էությունը ու դարձնել նրան անթերի գծված «պրոյեկտ», որն անում է այն, ինչ ուզում ես, խոսում է այն, ինչ թելադրում ես:

-Լավ, չեմ ուզում վիճել հետդ: Հետո՞ ինչ եղավ:

-12 տարեկանում իմ մեջ զարթնեց տղամարդը:

-Միանգամի՞ց զարթնեց:

-Կարծում եմ` մեծ դեր խաղացին իմ չորս ընկերները: Մենք մանկապարտեզից միասին ենք մինչ օրս, մեկը տաքսիստ է, մյուսը` բժիշկ, երրորդը` ծրագրավորող, չորրորդը` մաթեմատիկոս…

-Իսկ դո՞ւ:

-Ես բիզնես-կառավարման մասնագետ եմ: Իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումներից մեկը, եթե չասեմ կարեւորագույնը, այդ ամուր, փորձություններում կոփված ու անդավաճան ընկերությունն է: 12 տարեկանում պարզվեց, որ իմ բնատուր խառնվածքը տրամագծորեն հակառակ է մեր ընտանիքի կանանց նախասիրություններին, ու ես առաջին բանը, որ արեցի, գրողի ծոցն ուղարկեցի պարն ու դաշնամուրը եւ գնացի բոքսի:

-Տիրական ու համառ կանայք չընդվզեցի՞ն:

-Նրանք նաեւ խելացի են ու հասկացան, որ պայքարելն անիմաստ է: Եվ ես սկսեցի սովորել կյանքից` փողոցում, ռինգում, դպրոցում…

-Ի՞նչ սովորեցիր ռինգում…

-Բոքսն ինձ սովորեցրեց պայքարել մինչեւ վերջ: Քանի դեռ չես պարտվել, հաղթելու շանս ունես, ու հենց այդ կամային ու դժվար վերջին վայրկյանը կարող է հաղթություն բերել:

Բոքսն ինձ սովորեցրեց խոհեմություն ու համբերատարություն, որոնք մարդուն շատ են պետք նաեւ ռինգից դուրս՝ անձնական փոխհարաբերություններում: Պիտի խնայողաբար օգտագործես ուժերդ, մտածես հաջորդ պահի, վերջնական արդյունքի մասին: Պիտի զսպես հարվածելու գայթակղությունը, եթե դիմահար հարվածից պաշտպանվելու երաշխիքներ չունես:

-Այո՛, սխալ հարվածը կարող է կործանարար լինել հենց հարվածողի համար:

-Բոքսն ինձ սովորեցրեց մրցակցելու կուլտուրան, սովորեցրեց չթշնամանալ նրա հետ, ով քո մրցակիցն է, չդառնալ հակառակորդ, մրցել ազնվորեն, ոչ թե դավադրաբար:

Բոքսն ինձ սովորեցրեց ճարպկություն, արագություն: Դիմացինի սխալը հօգուտ քեզ օգտագործելու ունակություն:

-Էդ վերջինը լավ հատկանիշ չէ:

-Լավ է, թե վատ` պիտի իմանաս, որ միշտ կլինի մեկը, որ կօգտվի քո սխալից: Վերջապես բոքսն ինձ սովորեցրեց արժանապատիվ պարտվել: Ընդունել կողքինի գերազանցությունը, սեղմել ձեռքն ու շնորհավորել հաղթանակը: Գիտեք, սա մեծ առաքինություն է:

-Գիտեմ:

-Միեւնույն ժամանակ` բոքսն ինձ սովորեցրեց հոգու խորքում չհամակերպվել պարտության հետ ու ձեռնոց նետել սեփական ձախողումներին:

-Այդ ամենը ցույց տուր նկարածիդ վրա:

-Այս վերընթաց զիգզագն է:

-Ինչո՞ւ է մինչեւ 12 տարեկանի գիծն ուղիղ, իսկ դրանից հետո՝ զիգզագ ու թեքությամբ է բարձրանում:

-Սա ազատության գիծն է, չի կարող կանոնիկ լինել, բարձրանում է, որովհետեւ սա իմ ներքին աճի գիծն է:

-Լավ, հասանք ամենաբարձր այս մուգ ու հաստ գծին: Էնքան հաստացրիր՝ կապույտ քառակուսի դարձավ: Ոնց որ՝ թագ լինի սարի գագաթին:

-Սա բանակն է: Իմ կյանքի ամենախիտ, ամենաբեկումնային, ամենավառ ու անմոռաց հատվածը, երբ այն ամենը, ինչ սովորել էի կյանքում, իմաստավորվեց: Ես հասկացա մի շատ կարեւոր բան. քո առաքինությունները ոչինչ չարժեն, եթե դու անտարբեր ես ու չես փորձում փոխել քեզ շրջապատող աշխարհը, եթե ճիշտը չես պաշտպանում: Քո ուժը ոչինչ չարժե, եթե այն չես կիսում թույլի հետ:

-Նոր նկատեցի՝ այս սեւ քառակուսու մի մասն ավելի հաստ է ու դեպի վեր է ուղղված:

-Սա ապրիլյան պատերազմն է՝ իմ կյանքի, իմ փորձառության գագաթը: Երկու ամսվա ծառայող էի, ու երբ սկսեցին կրակել, ահավոր վախեցա: Այն ճանապարհը, որով վազում էինք թաքստոց, մեր ներս մտնելուց 20 վայրկյան անց ռմբակոծվեց: Եթե 20 վայրկյան հապաղեինք… Այս կյանքը, որ ապրում եմ, այդ 20 վայրկյանի նվերն է: Հետո եկավ հրետանին, ու մեզ հանձնարարեցին արկեր հասցնել հրետանավորներին:

Երբ ռումբերի տարափի տակ, թանձր մթի մեջ մոտ 70 հոգով գնում էինք առաջնագիծ, վախը մեռավ իմ մեջ: Ես զգացի, թե ինչպես այդ ճիվաղը սատկեց, ու ես ազատագրվեցի: Հետո, երբ արդեն պատերազմը վերջացել էր, ես պահում էի ամենածանր պոստերը, որտեղ թշնամին քանիցս դիվերսիոն գործողություններ էր իրականացրել, նույնիսկ զոհեր էինք ունեցել: Ադրբեջանցիները մի քանի մետր հեռավորության վրա էին, իսկ վախ չկար:

-Կայի՞ն մարդիկ, ովքեր չկարողացան հաղթահարել վախը:

-Կային: Բայց ես նրանց չեմ մեղադրում, որովհետեւ վախը կառավարվող զգացում չէ: Հակառակորդը կրակում էր, իսկ մենք հանգիստ ճաշում էինք կամ զրուցում: Հետո ես դարձա հրետանավոր: Հրետանին հզոր է: Ես սիրեցի այդ կրակ ժայթքող գազանին…

Հիմա, երբ ամեն անգամ նստում եմ հացի՝ այդքան հեշտ ու սովորական, հիշում եմ, թե ինչպես էի ճաշելու համար ամեն օր 9 կմ ճանապարհ կտրում, որ հրետանու տեղակայման վայրից հասնեմ զորամաս: Ես սիրում եմ այս աֆորիզմը՝ «Ոչ թե նրանք են երջանիկ, ովքեր շատ ունեն, այլ նրանք, ովքեր գնահատում են իրենց ունեցածը»: Հիմա ինձ ամեն փոքրիկ բան երջանկացնում է: Այն, որ կարող եմ մեկ ժամ ավելի քնել առավոտյան, կարող եմ չմարզվել, եթե չեմ ուզում, հաց ուտելու համար պետք է ընդամենը մտնել խոհանոց:

…Ես ուզում եմ վարձահատույց լինել:

-Ինչպե՞ս վարձահատույց լինես, ո՞ւմ:

-Վերջերս հայտնաբերել եմ, որ իմ բոլոր երազանքները ոչ թե իմ, այլ ուրիշների շուրջ են պտտվում: …Ինձ փող է պետք:

-Ընդամենը:

-Հա, ես բիզնես-կառավարում բաժինն եմ ավարտել, որ կարողանամ հաջողակ բիզնեսմեն դառնալ: Ես միշտ էլ լավ եմ ապրել: Հայրս բիզնեսմեն է: Բայց մենք երբեք թույլ չենք տվել, որ փողը ոտնահարի բարոյական արժեքները: Բանակում ես եղել եմ բոլորին հավասար, ամեն ինչ արել եմ, որ չառանձնանամ, չտարբերվեմ մյուսներից: Այն, ինչ ստեղծել է հայրս, իրենն է: Ես շնորհակալ եմ նրան՝ ինձ մեծացնելու, կրթության տալու համար: Բայց արդեն 20 տարեկան եմ ու չեմ պատրաստվում ձեռքս պարզել ու փող խնդրել հորիցս: Առայժմ մասնագիտությամբ չեմ կարող աշխատել, պիտի տաքսի վարեմ, որ իմ ներդրումն ունենամ ընտանեկան բյուջեում: Փողն ինձ պետք է, որ հոգս վերցնեմ վրաս: Ինձ համար չկա ավելի մեծ հաճույք, քան ուրիշների խնդիրները լուծելը:

– …Ես հաճախ եմ հարցնում իմ զրուցակիցներին, թե ինչ վերնագիր կընտրեին մեր զրույցի համար: Դու ինչպե՞ս կվերնագրեիր այն, ինչ խոսեցինք:

-Այն, ինչ խոսեցինք, վերնագրել պետք չէ: Իմ կարծիքով՝ վերնագիրը պետք է չասվածի մասին լինի:

-Եվ ո՞րն է մեր զրույցի չասվածը…

– Հողը հայրենիք է դառնում սահմանին: Պոստ պահած զինվորը երբեք չի իջնում դիրքերից, երբեք չի զորացրվում: Պատերազմներն սկսվում ու ավարտվում են միայն պատմության դասագրքերում, իսկ իրականում՝ ոչ մի պատերազմ չի ավարտվում նրանց համար, ովքեր տեսել են այն…

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Հայ ԶԻնվոր