Պարզաբանում

Երեկ ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից շրջանառության մեջ դրված հերթական հորինվածքն առ այն, թե իբր հայկական կողմը նպատակ ուներ խոցելու այդ երկրի պաշտպանության նախարարին տեղափոխող ուղղաթիռը, իրեն հատուկ պրեմիտիվությամբ
<<մեկնաբանեց>> նաև Հասանովի անձնական հետաքրքրությունները սպասարկող ռազմական ագիտպրոպը… Այս անլուրջ և իրականության հետ որևէ կապ չունեցող ապատեղեկատվությունը պարզապես նպատակաուղղված է լուծելու երկու խնդիր, նախ արդարացնել ՊԲ ռազմական օբյեկտի վրա մայիսի 15-ին կատարված նախահարձակ գործողությունը և, երկրորդ՝ սեփական հանրության շրջանում Հասանովի <<իմիջը>> բարձրացնելու համար ցույց տալ, թե ինչպիսի ծայրահեղ վտանգավոր պայմաններում է գործում շարքային զինկոմից պաշտպանության նախարարի աթոռին հասած նախկին դասալիքը… Հիշեցնենք, որ նույն ագիտպրոպը նույն փութաջանությամբ ամիսներ առաջ Զաքիրին ներկայացնում էր որպես առաջնային գծում <<հայկական դիվերսիոն խմբերի դեմ>> գործողություններն անձամբ համակարգողի դերում, որի <<լավագույն>> դրսևորումներից մեկը, թերևս, ս. թ. փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը Մարտունու պաշտպանական ուղղությամբ նրա ունեցած <<փայլուն հաջողությունն>> էր: Հենց այդ օրն էր, որ նույն Հասանովի անմիջական ղեկավարությամբ մշակված հատուկ նշանակության գործողության արդյունքում ադրբեջանական դիվերսիոն խումբը մարտագծում թողնելով 5 զոհ, ճողոպրեց ելման դիրքեր, իսկ այնուհետև, իր սովորության համաձայն, հայցեց միջազգային կազմակերպությունների միջնորդությունը՝ սեփական դիակները դուրս բերելու համար… Թերևս սա է իրական Հասանովը, որին տեղափոխող ուղղաթիռը խփելու անհրաժեշտությունը, գոնե այս պահի դրությամբ, դեռևս չկա:

Սենոր Հասրաթյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *