(ապրիլյան դեպքեր)
Վերջին ծխախոտի մնացուկը հանգցրեց մոխրամանի մեջ, նայեց ժամացույցին, կեսգիշերը վաղուց անց էր, վեր կացավ, հանեց սպիտակ խալաթը։ Զինվորական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Լևոն Գալստյանը արդեն մի քանի օր էր, տուն էր գնում միայն մեկ ժամով, լոգանք էր ընդունում, փոխում շորերն ու արագ վերադառնում հիվանդանոց։ Չէ, հարկավոր էր գնալ, գոնե մի քանի ժամ քնել անկողնում, մանավանդ՝ այսօր պատերազմական գոտուց նոր վիրավորներ չէին բերել։ Դուրս եկավ բակ, մոտեցավ անկյունում կանգնած ավտոմեքենային, բայց նույն պահին էլ միտքը փոխեց, մեքենայի բանալին նորից դրեց գրպանն ու մտավ հիվանդանոց։ Անաղմուկ անցավ միջանցքի սեղանի մոտ ննջող բուժքրոջ մոտով, մոտեցավ ու բացեց հինգերորդ հիվանդասենյակի դուռը, ուր, գլխից վիրավորված զինվորը՝ Արմանը , վիրահատությունից հետո արդեն յոթերորդ օրն էր , կոմայից դուրս չէր գալիս։ Ամեն ինչ նույնն էր, կյանքի վերադառնալու ոչ մի նշան չկար զինվորի մոտ։ Աթոռին, գլուխը կողքի թեքած, քնած էր զինվորի մայրը։ Լևոնը ուշադիր նայեց զինվորի քնած մոր տառապյալ դեմքին ու նորից նույն զգացումը ունեցավ, որ այս կնոջը գիտի, ճանաչում է, ինչ-որ հարազատ բան է զգում նրա նկատմամբ։ Կնոջ վշտահար, մաշված դեմքը խոսում էր այն մասին, որ նույնիսկ նախքան որդու այս դեպքն էլ, նրա կյանքը հեշտ չի եղել։ Որտեղի՞ց գիտի այս կնոջը։ Բայց դուռը բացվեց, ու ներս մտած բուժքրոջ շշնջոցը կտրեց բժշկին մտքերից։
-Բժիշկ, տիկին Գոհարին չենք կարողանում համոզել, որ գոնե գիշերը դուրս գա որդու մոտից։
Գոհա՞ր, այո, այդպես ասաց բուժքույրը , Գոհար։ Լևոնն զգաց, որ մի բան բարձրացավ, հասավ կոկորդին։ Նորից ուշադիր նայեց, ավելի ճիշտ՝ զննեց քնած կնոջ դեմքն ու անաղմուկ դուրս եկավ, դիմեց բուժքրոջը։
— Առավոտյան կհետևեք, որ սենյակում մի մահճակալ ավելացնեն զինվորի մոր համար։
Հետո անցավ մյուս սենյակներով, համարյա բոլոր տեղերում էլ վիրավոր զինվորները քնած էին։
Վերադարձավ աշխատասենյակ, պառկեց բազմոցին ու փակեց աչքերը։ Գոհարը։ Ուրեմն՝ Գոհարն է, իր մանկության Գոհարը։ Ու մանկության երազների մեջից դուրս թռավ ծաղկավոր, չթե հագուստով մի աղջնակ, որի այտի փոսիկը հենց նոր համբուրել էր երեխայի իր անմեղ, դողդողացող շուրթերով, ու աղջիկը վազում էր շնչասպառ, ինքն էլ նրա հետևից, հետո աղջիկը կանգ առավ, գետնից մի քար վերցրեց․
— Հենց մոտենաս, էս քարով գլուխդ կջարդեմ։ Արի՛, դե, արի, գլուխդ ջարդեմ։
Հետո աչքերի առջև եկավ, թե ինչպես ինքը, տասներկու-տասներեք տարեկան պատանի, ինչպես էր թռչում իրենց ու հարևանի տան միջև եղած ցանկապատին ու ձայնում ․
— Գո-հա՜ր, մաթեմի տնայինը գրե՞լ ես, բեր արտագրեմ։
— Գո-հա՜ր, մի շարադրություն էլ ինձ համար գրիր։
— Գո-հա՜ր, անգլի դասի տեղն ասա։
— Գո-հա՜ր․․․
Իրենց հարևանի աղջիկ Գոհարը, իր դասարանցի Գոհարը, իր կողքին նստող Գոհարը, իր մանկության երազ Գոհարը կոմայից դուրս չեկող, թշնամու հինգը տանկ մեջտեղից հանող հերոս զինվորի մայրն է, իր մանկության Գոհարը, որ յոթերորդ դասարանում ընտանիքի հետ տեղափոխվեց քաղաք՝ Երևան։ Գնաց Գոհարը, իր թավշյա ձայնն ու այտերի փոսիկները, վառվռուն աչքերը պահ տալով պատանի Լևոնի սրտին։ Գուցե հե՛նց այդ էր պատճառը, որ տարիներ անց էլ, փայփայելով հիշատակ թողնված ձայնն ու փոսիկները, վառվռուն աչքերը, Լևոնը այդպես էլ չգտավ ուրիշ վառվռուն աչքեր, ուրիշ փոսիկներ, չհամակերպվեց ուրիշ ձայներին, չնայած տարիքին ( շուտով կլրանա քառասունհինգը), մնաց ամուրի, առանց ընտանիք, առանց երեխաներ։
Առավոտյան հիվանդանոցի գլխավոր բժիշկը հանձնարարեց՝ ներկայացնել մանրամասներ կոմայի մեջ գտնվող զինվորի ընտանիքի վերաբերյալ։ Հերթական վիրահատությունից վերադարձավ ու աչքի անցկացրեց վիրավոր զինվորի ընտանիքի մասին եղած տվյալները։ Պարզվեց, Արմանի հայրը ավտովթարից մահացել է շատ տարիներ առաջ։ Ուսուցչուհու իր համեստ աշխատավարձով մայրը՝ Գոհար Պողոսյանը, միայնակ է մեծացրել միակ որդուն։ Միակ որդու՞ն։ Եթե Արմանը մոր միակ զավակն է և միակողմանի ծնողազուրկ, այդ ինչպե՞ս է հայտնվել ճակատային առաջին գծում։ Լևոնը դժգոհ թղթերը մի կողմ հրեց։
— Բժիշկ, Պաշտպանության նախարարն է այցելել հիվանդանոց, շրջում է հիվանդասենյակներով։
Երբ գլխավոր բժիշկը մոտեցավ, նախարարը միջանցքում զրուցում էր վիրավոր զինվորների մի քանի ծնողների հետ։
— Պարոն նախարար, ես խնդրում եմ, անպայման ընդունեք ինձ, լսեք իմ հարցերը,- խնդրում էր ծնողներից մեկը։
— Եկեք, կընդունեմ,- ծնողին խոստացավ նախարարն ու տեսնելով մոտեցող գլխավոր բժշկին, ընդառաջ գնաց նրան։
— Գնանք,- առանց կանգնելու՝ Լևոնին ձեռքով գնալու նշան արեց նախարարը։
Ընդունարանում գլխավոր բժիշկը դիմեց քարտուղարուհուն․
— Մեզ համար սուրճ բեր։
Նախարարը հետ նայեց, ժպտաց քարտուղարուհուն․
— Իմ սուրճի մեջ մի երկու հատ էլ կարտոֆիլ կգցես։
Ներսում նախարարը համարյա մեկնվեց բազմոցին ու տնքաց։ Լևոնը մի պահ լուռ հետևում էր նրան։ Առաջին անգամն էր տեսնում հին ընկերոջն այս վիճակում՝ նիհարած, փոշոտ, ճմրթված շորերով, չսափրված, աչքերի տակ անքնությունից հոգնած, կախված տոպրակներ։
— Ե՞րբ ես վերադարձել,- դիմեց նրան։
— Նոր, ուղիղ այստեղ եմ եկել,- կիսաձայն պատասխանեց նախարարը։
— Ի՞նչ կար առաջին գծում,- քիչ պաուզայից հետո կրկին հարցրեց Լևոնը։
— Առաջ ենք գնում, շոկային վիճակը հաղթահարվեց,- լռեց, քիչ ընդհատումով ավելի ցածր ձայնով ավելացրեց,- իսկ ընդհանրապես՝ ոչ մի լավ բան, շատ տղաներ զոհվեցին։
Ներս մտավ քարտուղարուհին, փոքրիկ սեղանին շարեց հացի, պանիրի, երշիկի ափսեները, սուրճը ու հեռացավ։ Նախարարը պանրով մի մեծ բուռում պատրաստեց։ Լևոնը հետևում էր, թե ընկերն ինչպես է ուտում բուռումն ու հետն էլ սուրճը ֆըռթացնելով՝ խմում։
— Արմեն։
— Հա, ասա, լսում եմ, ուղղակի երևի քսանչորս ժամ կլինի, որ հաց չեմ դրել բերանս,- ընկերոջը դարձավ նախարարը։
— Արմեն, հիշիր, վերջին մեկ տարում քանի՞ անգամ եմ քեզ հարցրել, թե թշնամու լայնածավալ դիվերսիայի կամ հարձակման դեպքում, մեր դիրքապահները կարո՞ղ են դիմանալ՝ մինչև լրացուցիչ ուժերի հասնելը։ Հարցրե՞լ եմ, թե՝ ոչ։
— Հա, հարցրել ես,- սուրճից կում արեց նախարարը։
— Եվ ի՞նչ ես դու ինձ պատասխանել, պատասխանել ես, որ՝ այո, կարող են։ Ասա, այդպե՞ս ես պատասխանել, թե՞ ոչ։
— Հա, այդպես եմ պատասխանել,- սուրճի բաժակը մի կողմ հրեց նախարարը։
— Բա ու՞ր էր, ինչու՞ չկարողացան դիրքերը պահել, ինչու՞ այդքան զոհեր տվեցինք։
Նախարարը, առանց ընկերոջը նայելու, անձեռոցիկով երկար, խնամքով մաքրեց բերանն ու ձեռքերը, հետո դարձավ նրան՝ հատ-հատ ընդգծելով բառերը։
— Ինձ այդպես են միշտ զեկուցել, Լևոն, այդպես են զեկուցել։
— Այդպե՞ս են զեկուցել։ Իսկ դու ստուգեիր նրանց զեկույցը, դու ինքդ գնայիր, տեղում նայեիր, հաշվարկ անեիր։ Դե, զեկույցների հույսով այսօր ունենք այն, ինչ ունեցանք։ Այն, ինչի մասին տարիներով շշուկով խոսում էին շատ շատերը, քեզ, որպես պաշտպանության նախարարի, հայտնի դարձավ ընդամենը այս անցած մի քանի օրում։ Ի՞նչ անուն տալ դրան, արդյո՞ք դու չէիր ցանկանում լսել, թե չլսելու՞ էիր տալիս այդ շշուկները։
— Լևոն, Ես ուղղակի կարծում էի, որ այդ շշուկները ընդամենը չուզող մարդկանց հերյուրանքներ են, լրատվական ինդրիգներ։- Նախարարը գլուխն առավ ափերի մեջ, հետո կտրուկ դիմեց ընկերոջը,- Լևոն, դու է՞լ ես ինձ մեղադրում։
— Հա, մեղադրում եմ, քեզ էլ, նրան էլ, նրան էլ։
Տհաճ լռություն տիրեց։
— Ի՞նչ ես առաջարկում, ի՞նչ անեմ, հրաժարակա՞ն տամ։
— Ո՛չ, ինչու հրաժարական, թե իմանամ, որ քո հրաժարականով ինչ-որ բան կուղղվի, կասեմ՝ տուր։ Քեզ կասեմ միայն՝ ուղղակի մաքրիր շուրջդ։
— Այսի՞նքն։
— Այսինքն՝ մաքրիր կողքերդ կեղծավոր ու քծնող, անգործ ու ճոռոմախոս ճարպակալածներից, սալդաֆոններից, ծեր աղվեսներից։ Բանակում շատ կան երիտասարդ , բանիմաց կադրային սպաներ, հնարավորություն տուր նրանց, վստահիր, աճեցրու, վերջ տուր խնամիական, հարևան-բարեկամական գուրծունեությանը։ Հիշիր իմ օրինակը, քեզանից լավ ոչ ոք չգիտի, թե ինչ կատարվեց, երբ նշանակվեցի այստեղ, որպես գլխավոր բժիշկ։ Դժվարությամբ, բայց կարողացա անել այդ, չէ՞։ Հիմա այստեղ , եթե խնդիր էլ լինում է, ձեր ստեղծած խնդիրն է լինում։ Այնպես որ՝ ամեն խախտում ու բացթողում արվում է միայն քո թողտվությամբ, քո «դաբրոյով», թե չէ՝ ոչ մեկը գլխից ձեռք չի քաշել, որ ինքնագլուխ մի բան անի: Իսկ եթե դու տեղյակ չես այդ ամենին, ուրեմն, որպես Պ նախարար, քո տեղում չես, դու պետք է դատվես, բայց չես դատվի, քանի որ քո վերադասն էլ գիտի, տեսնում է, որ տեղում չես, բայց շարունակում է քեզ հանդուրժել, որովհետև իրեն էլ ձեռ է տալիս այս վիճակը: Եվ հիմա հանկարծ, բոլորդ իրար եք խառնվել, չէիք սպասում այս վիճակին: Ապրիլյան պատերազմը բացահայտեց ձեր դեմքը:
Նախարարը բարձրացավ բազմոցից, մոտեցավ, նայեց ընկերոջ աչքերին, հետո գնաց դեպի պատուհանը, մտախոհ դարձավ ընկերոջը․
— Լևոն, դու հո գիտես, որ դա այդպես հեշտ չէ, հեշտ չէ միանգամից ազատվել այդ քո նշածներից։ Ամեն ինչ չէ, որ ես եմ որոշում, և դու այդ շատ լավ գիտես։
— Գիտեմ, բայց դու պարտավոր ես այդ անել և կարող ես։ Ո՞վ է ինձանից լավ քեզ ճանաչում։ Այս վերջին երկու տարում դու թուլացել ես, հավաքիր քեզ, ուշքի արի ու մաքրիր կողքերդ, փրկիր հեղինակությունդ, փրկիր բանակը ու մեզ բոլորիս, փրկիր ՀԱՅՐԵՆԻՔԴ։
Երկար լռություն տիրեց։
— Ուրիշ ո՞վ քեզ այսպիսի բան կասեր, եթե ոչ ես՝ քո մանկության ընկերը։ Ցավով ու ամոթով եմ ասում հիմա այս բոլորը քեզ։ Ինչու՞ պետք է միակողմանի ծնողազուրկ, մոր միակ զավակը հայտնվի առաջին գծում, դիրքում, չէ՞ որ ըստ եղած օրենքի դա բացառվում է։ Եվ գիտե՞ս, թե ո՞վ է այդ զինվորը , ու՞մ նկատի ունեմ։
Նախարարը հարցական նայեց ընկերոջը։
— Հինգերորդ հիվանդասենյակում կոմայի մեջ գտնվող զինվորն է այդ, Գոհարի միակ տղան։
— Ի՞նչ Գոհար։
— Մեր դասարանցի Գոհարի, այն նույն Գոհարի, որի համար թթի ծառի տակ իրար ծեծեցինք, ես քո քիթը ջարդեցի, հիշեցի՞ր։
Նախարարը վեր թռավ բազմոցից։
— Ինչպե՞ս, այն կինը Գոհա՞րն է։
— Հա, Գոհարն է։
— Նա մեզ գիտի՞, հիշու՞մ է։
— Չէ՛, քեզ չգիտեմ, բայց ինձ հաստատ չի ճանաչել։
— Հետը խոսե՞լ ես։
— Արմեն, հանգստացիր, հիմա նրա աչքին իր որդուց բացի ոչ ոք էլ չի գալիս։
— Հա, ճիշտ ես։
Լռեցին։
— Լյով,- նախարարը մոտեցավ ընկերոջը, ձեռքը դրեց նրա ուսին,- Լյով, Գոհարի տղային առաջին գիծ են տարել, քանի որ նախարարը <<տեղում չի եղել>>, խնդրում եմ քեզ, չասես Գոհարին, որ այդ տեղում չեղած նախարարը ես եմ։
Հետո մոտեցավ, սեղանից վերցրեց հեռախոսը։
— Լավ, ես գնամ։
— Ո՛չ,- նրան կանգնեցրեց Լևոնը,- արի այստեղ։ Հիմա դու կպառկես, մեկ-երկու ժամ կքնես, կհանգստանաս, նոր կգնաս ու կորոշես անելիքդ, դու արդեն իրավունք չունես, չես էլ կարող նախկինի պես շարունակել։
Պահարանից հանեց ու ընկերոջը տվեց ծածկոցն ու սենյակից դուրս եկավ։
— Հեռախոսը անջատիր, ոչ ոք չմտնի իմ սենյակ, ես բաժիններում կլինեմ։- հանձնարարեց քարտուղարուհուն։
Երբ մտավ միջանցք, հինգերորդ հիվանդասենյակի մոտ շարժում նկատեց։
Բուժքույրերից մեկը ընդառաջ շտապեց նրան։
— Բժիշկ, Արմանը կոմայից դուրս եկավ, բժիշկ։
․․․
Մեկ ամիս անցել էր։ Որոշվեց, որ կոմայից դուրս եկած զինվորին հարկավոր էր ուղարկել Գերմանիա՝ վերականգնողական կենտրոն։ Հերոս զինվորին Գերմանիա բուժման ճանապարհելու համար օդանավակայանում հավաքվել էին նրա հարազատներն ու ընկերները, ինչպես նաև զինվորական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Լևոն Գալստյանը։
— Մամ, մամ ջան, չտխրես, այլևս լաց չլինես, ամեն ինչ լավ է լինելու, ա՛յ, կվերադառնամ , կտեսնես,- թռիչքից առաջ, մորը վերջին անգամ համբուրեց Արմանը։
— Արման ջան,- ձեռքը տղայի ուսին դրեց Լևոնը,- դու հանգիստ եղիր, մայրդ այլևս չի արտասվելու, վստահիր ինձ,- հետո դարձավ Գոհարին,- այդպես չէ՞, Գոհար։
Գոհարը ժպտաց ու գլխով արեց։
Հ․Գ․ Պատմվածքում եղած բոլոր զուգադիպությունները պատահական են։
ՄԵԼԱՆՅԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՑ