""

«Պանարմենիան Մեդիա Գրուպը» հայտարարում է որպես մեդիա միավորում գործունեությունը դադարեցնելու մասին։

Կազմակերպության հաղորդագրության համաձայն՝ «Պանարմենիան Մեդիա Գրուպի» հետ համագործակցող ընկերությունների բաժնետերերի կազմում մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել։ Մասնավորապես, «ԱՏՎ»-ի բաժնետոմսերի 51 տոկոսի սեփականատեր է դարձել գործարար, հեռուստատեսային մենեջեր, ԱՄՆ-ում հեռարձակվող «Պանարմենիան թիվի» հեռուստաընկերության ղեկավար Դավիթ Ավետիսյանը, իսկ 49 տոկոսի սեփականության իրավունքը փոխանցվել է ամերիկյան «Panarm Inc.» ընկերությանը:

Փոփոխություններ են տեղի ունեցել «Արմնյուզ» հեռուստաընկերության, «Լավ» ռադիո»-ի և «Թերթ.am» լրատվական կայքի բաժնետերերի կազմում: «Արմնյուզ»-ը, «Լավ» ռադիո»-ն և «Թերթ.am»-ն անցել են «Քառյակ Մեդիա»-ին:

Իսկ «Արմենիա» հեռուստաընկերության և «Ռադիո Ջան»-ի բաժնետոմսերի 100 տոկոսն արդեն հանդիսանում է հայտնի մեդիագործիչ, ռուսական «Քոմեդի քլաբ պրոդաքշընի» հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի ընտանիքի սեփականությունը։

«Հաշվի առնելով մասնակից ընկերությունների բաժնետերերի ցանկությունը՝ որոշում է կայացվել դադարեցնել «Պանարմենիան Մեդիա Գրուպի» գործունեությունը որպես մեդիա միավորում, լուծարել նրա հետ համագործակցող բոլոր մեդիա ընկերությունների հետ կնքած կառավարման պայմանագրերը»,- նշված է հաղորդագրությունում։