Մահացել է պայմանագրային զինծառայող, ով մի քանի օր առաջ ձյան տակ էր մնացել: Այդ մասին այսօր Վարդենիսում քարոզարշավի ժամանակ հայտնեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Զինվորի մասին պայմանագրային խոսք գնաց, որ երեք օր առաջ ձյան տակ էր մնացել: Ես վատ լուր ունեմ՝ զինվորին իրականում գտել են և մահացած են գտել», — ասաց Փաշինյանը՝ առաջարկելով մեկ րոպե լռությամբ հարգել զինվորի հիշատակը, իր ցավակցությունը հայտնելով մահացած զինծառայողի բոլոր ընկերներին և հարազատներին:

Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում մանրամասնել է․ — «Սոթքի հատվածում պայմանագրային զինծառայողը ծառայության ընթացքում, հավանական, նախնական տեղեկություններով, ձնահոսքի տակ է մնացել և այդպիսով, այս պահի դրությամբ, ամենայն հավանականությամբ զոհվել է: Առայժմ այդքանը կարող եմ ասել»:

Հարցին՝ անուն-ազգանունը հայտնի՞ է, Հովհաննիսյանը արձագանքեց․ — «Այո, բայց հիմա, այս պահին չեմ կարող հայտնել, ուղղակի տեղս հարմար չի»: