ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նորանշանակ վարչապետին հարցրեց՝ եթե նրան Ինտեր ՌԱՕ ԵԷՍ կամ այլ ռուսական որեւէ ընկերությունից առաջարկեն տնօրենների խորհրդի պաշտոնում աշխատանք՝ 60-70 հազար դոլարին համարժեք ռուբլով աշխատավարձ, կփոխի՞ իր աշխատանքը, թե՞ չէ: Նա նաեւ հարցրեց մակրոտնտեսական ցուցանիշներին ծանո՞թ է: Կարեն Կարապետյանը հասկացավ, որ նկատի ունի այն, որ քաղաքապետի պաշտոնից գնացել է այլ՝ ավելի բարձր վարձատրվող աշխատանքի. «Եթե հիշում եք իմ հարցազրույցի մեջ դա այդպես չի նշվել: Ես այսօր տեղափոխվել եմ ՀՀ վարչապետի պաշտոնին, եկամուտների տեսանկյունից դա շատ ավելի ցածր վարձատրվող աշխատանք է»: Նա ասաց, որ մակրոտնտեսական ցուցանիշներին ծանոթ չէ, բայց եթե դա հաշվի առնելով վարչապետ ընտրեն՝ կնշանակի, որ կառավարության շենքից այն կողմ վարչապետ չպետք է ընտրեն: Կարեն Կարապետյանն ասաց, որ նախատեսված ժամկետում կներկայացնի իր ծրագիրը: