ՈՒՇԱՑԱԾ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Փողոցի գլխին ծերունին իջավ մեքենայից, ձեռնափայտը թըխկթըխկացնելով նեղլիկ փողոցի սալահատակին, հանդարտ, անշտապ քայլերով մոտեցավ հին տան դռանը, սկզբում ձեռքով, հետո ձեռնափայտով մի քանի անգամ թակեց դուռը: Քիչ սպասեց: Դուռը բացող չեղավ: Ծերունին մոտեցավ հին, ներկաթափ շրջանակով պատուհանին, ձգվեց ոտնաթաթերին, երկար թակեց այն: Հետո ավելի ձգվեց, դեմքը մոտեցրեց, աշխատեց կեղտակոլոլ ապակուց ներս նայել, բայց երևի այդպես էլ չհաջողնեց ներսում ինչ-որ բան տարբերակել: Դողահար մատները սահեցրեց ապակու վրայով, կարծես շոյում էր մյուս կողմի գունաթափ, հին ու տեղ-տեղ քրքրված կիսավարագույրը, հետո նեղսրտած դեմքով՝ երկու քայլ հետ գնաց, անօգնական շուրջը նայեց:
Ծերունուն հետևող դիմացի տան հարևանուհին վերցրեց հեռախոսն ու համար հավաքեց:
– Սաթ, Սաթենիկ ջան, մի ծեր, ձեռնափայտով մարդ է եկել, տատիկիդ տան դուռն էր թակում, հետո պատուհանից երկար ներս էր նայում: Ձեր բարեկամներից չէ, կչանաչեի, անծանոթ է, լավ էլ հագուկապով մարդ է, կարծես դրսից եկած լինի: Հիմա էլ նստեց դռան մոտի քարին:
Հարևանուհին վերջացրեց խոսելը, լսափողը դրեց, բաց արեց պատշգամբի պատուհանն ու ձայն տվեց ծերունուն:
– Հայրիկ, ու՞մ եք ուզում, մի քիչ սպասեք, հինգ րոպեից Սաթենիկը կգա:
Ծերունին անորոշ գլխով արեց հարևանուհուն:
Քիչ հետո փոքրիկ, կարմիր ավտոմեքենայով եկավ Սաթենիկը՝ աշխույժ, խիտ գանգուր մազերով, ծովի կապույտ ժպտացող աչքերով:
– Բարև Ձեզ, պապիկ- մոտեցավ քարին նստած ծերունուն,- հարևանուհին ասաց, որ Դուք տունն էիք նայում, գնո՞րդ եք:
Աղջկան թվաց, որ ծերունին մի տեսակ զարմանքով է իրեն նայում:
– Դու Սաթենի՞կն ես:- կամացուկ շշնջաց:
– Այո, իսկ սա տատիկիս տունն է: Նա երեք ամիս առաջ է մահացել, մենք տունը վաճառում ենք:
Ծերունին ցնցվեց, գունատվեց, ինչն աննկատ չմնաց աղջկա աչքից:
– Դուք գիտեի՞ք տատիկիս,- հարցրեց:
Ծերունին վեր կացավ, նորից շփոթահար, երկար նայեց աղջկան:
– Սաթենիկ, դու քո տատիկի պատկերն ես,- նորից շշնջաց կամացուկ ու գնաց:
Աղջիկը մի պահ վարանեց, ապա վազեց նրա հետևից:
– Պապիկ, սպասեք, խնդրում եմ, եկեք, ներս գնանք:
Ծերունին մի պահ կանգնեց, հետո գլխով արեց ու հետ եկավ:
Սաթենիկը հանեց բանալին, բացեց դուռն ու ներս մտան: Ծերունին նայեց շուրջը, պատից կախված նկարներին ու նստեց սեղանի մոտ:
– Ուրեմն Դուք գնորդ չե՞ք,- հարցրեց աղջիկը:
– Ոչ, աղջիկս, ես գնորդ չեմ, իմ հին հուշերն են ինձ այստեղ բերել:
Աղջիկը տարօրինակ զգացում ունեցավ: Հանկարծ արագ բարձրացավ տեղից:
– Պապիկ, խնդրում եմ, շատ եմ խնդրում, Դուք նստեք, ես մի քանի րոպեից կվերադառնամ,- ու դուրս վազեց:
Քիչ անց վերադարձավ՝ քաղցրավենիքի տոպրակով:
– Քանի որ տատիկի մահից հետո մենք համարյա չենք լինում այս տանը, չէի կարող ձեզ հյուրասիրել: Ահա, հիմա ես սուրճ կպատրաստեմ, ու Դուք կպատմեք ինձ Ձեր հիշողությունները,- ուրախ, արագ-արագ վրա բերեց ու վազեց խոհանոց:
Եփվող սուրճի անուշ բուրմունքը խոհանոցից լցվեց սենյակ: Ծերունին վեր կացավ, մոտեցավ պատուհանին, ձեռքը զգուշորեն քսեց հին կիսավարագույրին, հետո ձեռքը դրեց փոքրիկ բռնակին ու…փակեց աչքերը:
– Տատիկս շատ էր սիրում ամռան խաղաղ երեկոներին նստել այս բաց պատուհանի մոտ, երբեմն էլ ձայն էր տալիս փողոցում խաղացող երեխաներին, նրանց կոնֆետներ տալիս:
Աղջկա ձայնից ծերունին ցնցվեց ու բաց արեց աչքերը:
Նստեցին սեղանի շուրջը: Աղջիկը տաք սուրճից մի կում արեց ու խորամանկ կկոցեց աչքերը:
– Պապիկ, միանգամից Ձեզ մի գաղտնիք ասեմ՝ շատ հետաքրքրասեր եմ, տատիկս նույնիսկ հանդիմանում էր, որ սիրում եմ քիթս ամեն տեղ խոթել, ամեն ինչ իմանալ, այնպես որ արդեն խոսեցիք, էլ չեք կարող Ձեր խոսքից հետ կանգնել: Ո՜նց եմ սիրում լսել տարբեր պատմություններ, հատկապես հիշողություններ, որ տեղի են ունեցել դեռևս իմ ծննդից ու մեր թվարկությունից առաջ:
Ծերունին որսաց աղջկա խորամանկությունն ու ինքն էլ ժպտաց, ձեռքերը տարածեց.
– Դե, ոչինչ արդեն չեմ կարող անել, պատմեմ ինձ այստեղ բերող մի հիշողություն, որ ինձ հետ է եղել, կյանքի դառն ու քաղցր ճանապարհներին միշտ ուղեկցել է ինձ:
Աղջիկն ավելի հարմար տեղավորվեց աթոռի վրա ու չարաճճի, ժպտուն աչքերով ասաց.
– Ես համակ լսողություն եմ:
– Դե, ինչպես դու ասացիր, մեր թվարկությունից ու քո ծննդից շատ առաջ, այս բակում ապրում էր մի փոքրիկ տղա: Նա քիչ էր ժամանակ ունենում հասակակիցների հետ դրսում խաղալու, քանի որ հայրը պատերազմում էր, կռվում էր Հիտլերի դեմ, տանը իրենից փոքր երկու քույր ուներ, մայրը աշխատում էր, իսկ տանն ու քույրերին տեր կանգնողը տղան էր: Երբ երեկոները երեխաներով պառկում էին աշխատանքից հոգնած մոր կողքին, մայրը հերթով շոյում, համբուրում էր նրանց ու ասում, որ շուտով պատերազմը կավարտվի, իրենց հայրիկը տուն կվերադառնա, իրենք այլևս նեղություն չեն կրի, գեղեցիկ շորեր կունենան, տեսակ-տեսակ գունավոր թղթերով կոնֆետներ, ինքն էլ այլևս չի աշխատի, կմնա տանը, երեխաներն էլ դպրոց կգնան, հետո՝ ինստիտուտ ու լավ, պիտանի մարդիկ կդառնան: Ու փոքրիկ տղան երազանքով սպասում էր այդ օրվան, որ պատերազմը ավարտվի, հայրը տուն գա: Նա միշտ մի տեսակ ակնածանքով ու նախանձով էր նայում իրենցից երկու տուն այն կողմ գտնվող տանը, որի պատերը սրբատաշ քարից էին, պատուհաններին վարագույրներ կային ու կրկնափեղկեր: Տղան անհամբեր սպասում էր, թե ե՞րբ պետք է անցնեն անձրևոտ աշունը, ցուրտ ձմեռը, որ գարունը բացվի, հետո ամառը գա, ու սրբատաշ քարով շարված տան կրկնափեղկով պատուհանը բացվի, պատուհանի գոգին նստող աղջիկը իրեն տեսնելիս ժպտա, ձեռքով անի, ձայն տա՝ արի, քեզ կոնֆետ տամ: Այդ ժամանակ տղան քար էր դնում ոտքերի տակ, ձգվում բաց պատուհանի կողմը ու վերցնում կոնֆետները: Աղջկա տված կոնֆետները տանում էր տուն, բաժանում քույրերին ու հաճախ երազում տեսնում պատուհանի աղջկան, որն ուներ կապույտ-կապույտ աչքեր, ինչպիսին նա դեռ երբեք որևէ մեկի մոտ չէր տեսել, ուներ նաև խիտ գանգուր մազեր, որ էլի երբեք որևէ մեկին այդպիսի մազերով չէր տեսել: Այդ պատճառով էլ տղան մտածում էր, որ աղջիկը հեքիաթի միջի աղջիկն է, որ գալիս է իր երազում:
Պատերազմն ավարտվել էր, բայց հայրը չկար, չէր գալիս: Մայրը հույսը չէր կորցրել, ասում էր՝ կգա: Ինը տարեկան էր տղան, երբ հայրը եկավ, բայց չգիտես ինչու՞, տանը ուրախ չէին, ոչ հայրն էր ուրախ, ոչ մայրը, ոչ էլ ազգականները: Մի օր էլ երկու ոստիկան եկան ու հորը տարան: Մեկը խորհուրդ տվեց, որ մայրը դիմի իրենց հարևան դատավորին: Մայրը վեր կացավ, որ գնա հարևան դատավորի տունը, խնդրի, որ ամուսնուն բաց թողնեն, գա իր ընտանիքի, իր երեխաների գլխին: Գնալուց առաջ մայրը նայեց տղային ու ասաց, որ նա էլ իր հետ գնա հարևան դատավորի տունը: Գնացին: Պարզվեց հարևան դատավորն ապրում է սրբատաշ քարով կառուցված տանը, նա կապույտ աչքերով, գանգուր մազերով աղջկա հայրն էր: Մայր ու տղա ներս մտան դատավորի տուն: Տղան իր կյանքում չէր տեսել այդպիսի գեղեցիկ, հարուստ տուն: Նա ինքնամոռաց նայում էր պատերից կախված նկարներին ու կամոդի վրա շարված արձանիկներին, չէր լսում, թե մայրն ի՞նչ է խոսում հարևանի հետ: Ուշքի եկավ, երբ մայրը բռնեց ձեռքն ու ասաց՝ գնանք: Մայրը լաց էր լինում: Դուրս գալիս, հարևան սենյակի կիսաբաց դռնից, նա մի պահ տեսավ գանգուր մազերով աղջկան: Տանը սպասող հարազատներին մայրն ասաց, որ դատավոր հարևանն ասաց՝ հայրենիքի թշնամին պետք է աքսորվի Սիբիր՝ իր ընտանիքի հետ, նա գերի է եղել գերմանացիների մոտ: Բոլորը լաց էին լինում: Մի քանի օրից, մայրը հագցրեց երեխաներին, հավաքեց անհրաժեշտ հագուստները, մի մեծ կապոց արեց, գնացին գնացքների կայարան: Մի երկու ժամից այդտեղ եկավ նաև տղայի հայրը՝ միլիցիոների ուղեկցությամբ: Նրանց բոլորին նստեցրին գնացք: Կեղտոտ ու ցուրտ գնացքը մի շատ երկար սուլոց արձակեց ու շարժվեց՝ իր հետևում թողնելով տղայի մանկությունը, կապույտ աչքերով, գանգուր մազերով հեքիաթի աղջկան:
Ծերունին լռեց: Միայն նոր նկատեց իր դիմաց նստած աղջկա այտերով հոսող արցունքները:
– Դու լա՞ց ես լինում,- դողդոջ ափը դրեց աղջկա ձեռքին,- ներիր, աղջիկս, ներիր, Սաթենիկ:
Աղջիկը բարձրացավ տեղից:
– Պապիկ, խնդրում եմ, ներեք, չկարողացա զսպել արցունքներս,- ասաց ու փղձկալով սենյակից դուրս վազեց:
Լվացվեց, չորացրեց դեմքն ու վերադարձավ:
– Դե, ես գնամ, ներիր հիմար ծերուկիս:
– Ոչ, ի՞նչ եք ասում, պապիկ, ոչ, Դուք չեք կարող գնալ, Դուք պետք է շարունակեք պատմել: Ես հասկացա, փոքրիկ տղան այդ Դուք եք եղել: Հետո՞, ի՞նչ եղավ հետո, Ձեր ընտանիքը ու՞ր գնաց, ինչ կատարվեց Ձեզ հետ: Խնդրում եմ, խնդրում եմ, շարունակեք:
Ծերունին մոտեցավ պատուհանին, նորից ձեռքը սահեցրեց վարագույրի, ապակու վրայով, կարծես շոյեց փեղկի բռնակը, որոշ ժամանակ այդպես կանգնած մնաց: Աղջիկը նույնպես լուռ է, ծերունուն թողել էր իր մտքերի հետ:
Ծերունին վերադարձավ, նստեց իր տեղը, խորը շունչ առավ ու շարունակեց:
– Այո, աղջիկս, այդ փոքրիկ տղան ես էի, իսկ հեքիաթի հրեշտակը քո տատիկը, որի պատկերն ես հիմա դու:
– Հետո՞, ի՞նչ եղավ հետո, պապիկ, Դուք այլևս չվերադարձա՞ք Երևան, այլևս չհանդիպեցի՞ք տատիկիս:
Ծերունին նորից խորը շունչ քաշեց:
– Վերադարձա: Վերադարձա շատ տարիներ անց: Հարկ չեմ համարում հիմա քեզ պատմել Սիբիրյան աքսորավայրում իմ ընտանիքի տեսած դաժանությունների մասին: Տարիներ անց, երբ մյուս գերիների հետ արդարացվեց նաև հայրս, մենք բնակության համար, մի քանի մեզ պես աքսորի մեջ գտնվողների հետ, տեղափոխվեցինք Տաշքենդ, ուր ծանոթ հայեր կային, մեզ ընդունեցին, տեղավորեցին: Հայրս ու մյուսները վախենում էին Հայաստան վերադառնալ: Բայց ես չկարողացա համակերպվել Տաշքենդին, որոշեցի գալ Հայաստան:
Եկա:
Արդեն 25 տարեկան երիտասարդ էի, պետք է ասեմ, որ բավականին տեսքով ու առնական էի: Երևան մտնելուց հետո, առաջին գործս եղավ գալ այստեղ, իմ մանկության փողոցը, տեսնել մեր հարևաններին, ընկերներիս, բայց իհարկե բոլորից շատ՝ տեսնել կապտաչ ու գանգրահեր Սաթենիկին: Մի քանի օր գալիս էի, պտտվում, փողոցով վեր ու վար անում, բայց պատուհանը փակ էր, տանից ելումուտ անող չկար: Այդ օրն էլ եկա, բայց առանձնապես հույս չունեի, թե Սաթենիկին կտեսնեմ: Մեր հին հարևաններից մեկից իմացա, որ Սաթենիկը ավարտել է Մանկավարժական ինստիտուտը, դասավանդում է դպրոցներից մեկում, ուշ է տուն գալիս, իսկ ծնողները այդ օրերին այցի էին գնացել Մոսկվայում բնակվող մեծ տղայի ընտանիքին: Ես ուրախացա այն մտքից, որ Սաթենիկը դեռ չէր ամուսնացել, բայց հաջորդ պահին էլ մի անհանգստություն սողոսկեց սիրտս. արդյո՞ք նա ինձ կհիշի, արդյո՞ք նա կուզենա իմ բարևն առնել, հետս խոսել: Մինչ ես այդ մտքերի հետ էի, հեռվից տեսա փողոց մտնող Սաթենիկին: Այո, ես հենց հեռվից ճանաչեցի, նրան հնարավոր չէր չճանաչել: Սպասեցի, մինչև մոտեցավ տան դռանը:
– Սաթենիկ,- կանչեցի ու մոտեցա:
Նա շուռ եկավ, երկար նայեց ու անսպասելի բացականչեց.
– Արամ, մի՞թե այս դու ես:
Մենք տուն մտանք: Փաստորեն նա ինձ չէր մոռացել:
Ծերունին նորից վեր կացավ, հենվեց ձեռնափայտին, նորից մոտեցավ պատուհանին, շոյեց փեղկի ժանգոտած բռնակը, կարծես նրա վրա զգալով Սաթենիկի ձեռքի հպումը:
– Երեք օր ես Սաթենիկի հետ մնացի, անցկացրեցի այս տանը,- առանց շուռ գալու, շարունակեց ծերունին, հետո դեմքը հպեց պատուհանի ապակուն ու հազիվ շշնջաց,- Ես ու Սաթենիկը սիրեցինք իրար, հա, աղջիկս, մենք սիրեցինք իրար, այդ կապուտաչ, գանգրահեր հրեշտակը դարձավ իմը:
Ծերունին երկար լռեց, հետո եկավ, նստեց իր տեղը:
– Շարունակեք,- շշնջաց աղջիկը:
– Այո, շարունակեմ, իհարկե, շարունակեմ, բայց խնդրում եմ, աղջիկս, ինձ նախ մի բաժակ ջուր բեր:
Ջուրը խմեց, մի հայացք գցեց պատի նկարներին ու շարունակեց:
Երրորդ օրն էր: Կիրակի էր: Երկու անքուն գիշերներից հետո, այդ գիշեր երկուսս էլ, որպես երջանիկ աղավնիներ, խորը քնած էինք, երբ հանկարծ վեր թռանք մի սուր ճչոցից: Սաթենիկի ծնողներն էին Մոսկվայից վերադարձել: Նրանց տուն մտնելը չէինք լսել, մայրը մտել էր աղջկա սենյակը, որ արթնացնի, անակնկալ անի նրան իրենց գալուստով, իսկ այնտեղ տեսնում է քնած աղջկան՝ գրկախառնված անծանոթ տղայի հետ:
Պատմելու բան չէ, թե ինչ եղավ հետո, երբ կնոջ բղավոցի վրա սենյակ վազեց Սաթենիկի հայրը՝ մեր հարևան դատավորը: Էլ չեմ հիշում, թե ինչպես քիչ անց եկան ոստիկաններ ու ինձ, որպես գիշերը գողության համար այդ տուն մտած հանցագործի, կալանավորեցին, տարան: Այդ ողջ ընթացքում ես չտեսա Սաթենիկին, նրան փակել էին իր սենյակում, բայց մի քանի անգամ լսեցի նրա բարձր լացի ձայնը: Ես շատ խնդրեցի, որ Սաթենիկի հայրը լսի ինձ, նույնիսկ ընդունեցի, որ գուցե ես ու իր աղջիկը սխալ ենք գործել, բայց թող ինքը մեծահոգի լինի, չկործանի մեր սերը, չդժբախտացնի մեզ: Բայց իմ աղաչանքն իզուր էր, գողություն կատարելու մեղադրանքով, դատարանը ինձ դատապարտեց չորս տարվա ազատազրկման:
Չորս տարին անց կացրեցի Կոշի քրեակատարողական գաղութում: Այդ տարիների ընթացքում բազմիցս փորձեցի ինչ-ինչ մարդկանց միջոցով տեղեկություն ստանալ Սաթենիկից, բայց վերջապես լուր բերեցին, որ նա ամուսնացել, ամուսնու հետ մեկնել են ԱՄՆ՝ մշտական բնակության:
Գաղութից դուրս գալուց հետո, ես անիմաստ համարեցի իմ մնալը Հայաստանում, վերադարձա մերոնց մոտ՝ Տաշքենդ: Ծնողներս ստիպում էին, որ ամուսնանամ, արդեն երեսունին մոտ էի: Ծանոթացա մի հրեա աղջկա հետ, որի ծնողները պատրաստվում էին բնակության մեկնել Իսրայել, սպասում էին Մոսկվայից եկող թույլատրությանը: Աղջկան ամուսնության առաջարկություն արեցի, համաձայնվեց: Արագ զագս գնացինք, գրանցվեցինք, և որպես ընտանիքի անդամ, ես նույնպես նրանց հետ մեկնեցի Իսրայել: Բայց ես չսիրեցի իմ կնոջը, ոչ էլ Իսրայելը սիրեցի: Պատճառ բռնելով կնոջս անպտղաբերությունը, ես ամուսնալուծվեցի ու մեկնեցի ԱՄՆ՝ փայփայելով այն միտքը, որ մի օր գուցե այնտեղ հանդիպեմ Սաթենիկին:
Տարիներ անցան, ԱՄՆ-ում ես աշխատանքի մտա, որոշ ժամանակ անց, արդեն բիզնեսի տեր էի, լավ ապրուստի, ունեցվածքի տեր, իսկ Սաթենիկին այդպես էլ չգտա ու ոչ էլ կարողացա ամուսնալ, ընտանիք, երեխաներ ունենալ: Ծնողներս մահացել էին, քույրերիս նույնպես տարա ԱՄՆ, ինձ շջապատեցի հարազատներով, որ գոնե մեղմեմ սրտիս ցավն ու կարոտը:
– Եվ վե՞րջ,- անհամբեր հարցրեց աղջիկը:
– Ոչ, աղջիկս, դեռ վերջը չէ:
Ծերունին վերցրեց ջրի բաժակը, մի կում արեց, այն հետ դրեց սեղանին, շարունակեց:
– Ձմռանը քույրս տուն է հրավիրում Սակրամենտոյում բնակվող իր խնամիներին, որ Հայաստանից ԱՄՆ էին եկել մի քանի տարի առաջ: Ասում-խոսում են, հիշում Երևանը, պատմություններ պատմում, ու հանկարծ պարզվում է, որ խնամիները Երևանում ապրելիս են եղել հենց այստեղ, այս փողոցում: Քույրս, որ լավ գիտեր իմ պատմությունը, սկսում է հետաքրքրվել մեր հարևան դատավորով, նրա աղջիկ Սաթենիկով: Խնամին պատմում է, որ Սաթենիկն ամուսնացել, գնացել էր ԱՄՆ, բայց տասը տարի անց, մահացել է ամուսինը, ու նա տասը տարեկան աղջկա հետ վերադարձել էր Երևան, մինչև հիմա, ծնողների մահից հետո էլ ապրում է իրենց տանը: Աղջկան ամուսնացրել է, բայց ինքը չի համաձայնվել գնալ, ապրել աղջկա ընտանիքի հետ, մենակ ապրում է իր հայրական տանը: Երբ քույրս դա պատմեց ինձ, ես անմիջապես ցանկանում էի գալ Երևան, բայց առողջությունս վատացել էր, բժիշկները թույլ չտվեցին ինքնաթիռ նստել: Ահա, հիմա հենց առողջությունս թույլ տվեց, եկա, ու ցավով լսում եմ, որ Սաթենիկը մի քանի ամիս առաջ է լքել այս կյանքը:
Ծերունին նորից մի կում ջուր խմեց.
– Այս է, աղջիկս, իմ հիշողությունը, ներիր, որ քեզ տխրեցրի:
Աղջկա հեռախոսին զանգ եկավ:
– Հա, մամ, լսում եմ: Մամ, ինձ լսիր, հենց հիմա նստիր տաքսի, եկ տատիկի տուն, շատ կարևոր է, չձգձգես, շտապ արի:
2.
Աղջկա մայրը երկար սպասել չտվեց: Ներս մտավ, անհանգիստ նայեց մեկ աղջկան, մեկ՝ ծերունուն:
– Սաթենիկ, ի՞նչ է պատահել, ինչու՞ ես այդպես հուզված: Ո՞վ է այս մարդը, ի՞նչ է ուզում:
– Մամ, հանգստացիր, նստիր ու լսիր, բայց խնդրում եմ, տես, չհուզվես, դու նոր ես սրտի վիրահատություն տարել:
Մինչ մայր ու աղջիկ խոսում էին, ծերունին անթաքույց զարմանքով, եկած կնոջն էր նայում:
– Սաթենիկ դու ինձ ավելի ես վախեցնում, վերջապես ասա, ի՞նչ է պատահել, Ո՞վ է այս մարդը:
– Մամ, այս պապիկի մասին տատիկը պատմել է քեզ, նա այս բակի այն տղան է եղել, ում փոքր ժամանակ տատիկն այս պատուհանից կոնֆետներ էր տալիս, այն մարդն է, ում ընտանիքին քո պապիկն աքսորել էր Սիբիր, այն մարդն է, ում քո պապիկը, որպես գող, բանտարկել տվեց: Դու այդ ողջ պատմությունը շատ լավ գիտես, իսկ ես տատիկի մահից հետո կարդացել եմ նրա օրագիրը: Այս պապիկը ինչ-որ մարդ չէ, նա Արամ պապիկն է:
– ի՜նչ,- բացականչեց մայրն ու սկսեց շնչահեղձ լինել:
Սաթենիկը վազեց, խոհանոցից ջուր բերեց:
– Մամ, ասացի, քեզ հավաքիր, հիմա վատանալու պահ չէ, դու պետք է խոսես նրա հետ:
Իսկ ծերունին նստել էր քարացած, միայն դողացող շրթունքներից կարելի էր հասկանալ, որ նա շնչում է:
Րոպեներ անցան: Երեքն էլ նստած էին լուռ, շփոթահար, ծերունին դեմքն ափերի մեջ առավ:
– Դուք Արա՞մն եք,- հարցրեց Սաթենիկի մայրը՝ Նունեն:
Ծերունին դանդաղ հեռացրեց ձեռքերն երեսից, հետո անշտապ պիջակի ծոցագրպանից հանեց, սեղանին դրեց իր հնամաշ ծննդյան վկայականն ու անձնագիրը: Սաթենիկը անհամբեր վերցրեց դրանք, բաց արեց ու պարզեց մորը: Հետո ծերունին ծոցագրպանից հանեց մի շատ հին, խունացած ու ծալծլված լուսանկար, պարզեց Նունեին: Լուսանկարում մի փոքրիկ տղա էր կանգնած պատուհանի տակ, իսկ պատուհանի մեջ մի գանգրահեր աղջկա գլուխ էր երևում:
– Այս լուսանկարը արել է մեր հարևան լուսանկարիչ Սերոբ քեռին:
– Վայ, տատիկի ալբոմում էլ կա այս լուսանկարից,- բացականչեց Սաթենիկն ու տեղից վեր թռավ:
Կամոդի դարակից հանեց լուսանկարների մի մեծ ու հնամաշ ալբոմ, արագ-արագ թերթեց.
– Ահա, ահա այդ լուսանկարը, մեր հենց այս պատուհանի մոտ է արված:
Ալբոմի լուսանկարը, ի տարբերություն ծերունու մոտ եղածին, չնայած խունացածությանը, թարմ էր ու դեմքերն ավելի պարզ էին երևում. իսկ հին, ժանգոտած կրկնափեղկերով պատուհանը նկարում փառավոր տեսք ուներ:
Հանկարծ ծերունին կարծես մի բան հիշեց, դեմքն առույգացավ, աչքերն աշխուժացան:
– Սաթենիկ, աղջիկս, խնդրում եմ, պատից հանիր, այստեղ բեր այն նկարը, նրա հետևում նշում կա՝ 19.. թվական, մայիսի 25, 26, 27:
Սաթենիկը արագ պատից իջեցրեց նկարը, շուռ տվեց, պարզեց մորը: Այո, այնտեղ ծերունու ասած նշումն էր՝ 19.. թվական, մայիսի 25, 26, 27: Նունեն հարցական նայեց ծերունուն:
– Այստեղ նշված են տարեթիվն ու Սաթենիկի հետ այս տանը մեր անցկացրած երջանիկ երեք օրերը: Ես եմ կատարել այդ նշումը:
Նորից լռություն տիրեց, Սաթենիկը քարացել, կանգնած էր մնացել՝ նկարը ձեռքին, ծերունին անթարթ հայացքով Նունեին էր նայում: Հանկարծ Նունեն բարձրացավ տեղից, երկու քայլ արեց դեպի ծերունին, մի տեսակ խոնարհվեց դեպի նա:
– Ուրեմն Դուք իմ Արամ հա՞յրն եք: Նկարի հետևում նշված տարեթվի ամիս-ամսաթվից ուղիղ ինն ամիս անց, ծնվել եմ ես:
Ծերունին շփոթվեց, կարմրատակեց, արյունը հոսեց դեպի դեմքը, մի շարժում արեց, փորձեց ոտքի կանգնել, բայց թուլացած ընկավ աթոռին ու հանկարծ սկսեց հեկեկալ:
Նունեն գրկեց ծերունու գլուխը ու նույպես հեկեկաց:
– Բայց մորս ասել էին, որ Կոշի գաղութում Դուք մեծ գումար եք տարվել թղթախաղում ու Ձեզ սպանել են,- հեկեկոցի մեջ շշնջաց կամացուկ:
– Ես գիտեմ, տատիկի դատավոր հայրն է դիտավորյալ այդպես ասել, որ տատիկը հույսը կտի, ճիշտ այդպես էլ տարածել էր, որ տատիկն ամուսնացել ու տեղափոխվել է ԱՄՆ, այնինչ՝ այդ ամբողջ ընթացքում տատիկը եղել է Մոսկվայում, իր եղբոր տանը,- լացի միջից զայրացած ասաց Սաթենիկը:
– Այո, Սաթենիկ, այո, հենց պապիկս էր այդպես ասել ու հավատացրել խեղճ մորս:
Այդպես, երեքով գրկախառնված, երկար լաց եղան, ու առաջինը ուշքի եկավ Սաթենիկը:
– Բավական է, վերջացնենք լաց լինելը: Մամ, պապիկին պետք է մեր տուն տանենք ու նշենք այս իրադարձությունը՝ հայր ու աղջիկ գտաք իրար, իսկ ես՝ պապկիս, միայն ափսոս, որ տատիկն այլևս չկա, նա վերջապես կերջանկանար:
3.
Մեկ անիս անց:
– Ոչ, հայրիկ, դու ԱՄՆ չես վերադառնա, դու կմնաս այստեղ, մեզ հետ, Գարեգին, ասա նրան,- ամուսնուն դիմեց Նունեն:
– Նունեն ճիշտ է, հայրիկ,- ծերունուն դիմեց Գարեգինը,- էլ ոչ մի ԱՄՆ, դու արդեն այն տարիքում ես, որ քեզ խնամք է պետք, ի՞նչ է, ցանկություն ունես ծերանո՞ց գնալ: Կխոսենք քույրերիդ ու նրանց որդիների հետ, որ նրանք կարգավորեն ԱՄՆ-ում քո ունեցած սեփականության հարցերը, իրենք տեր կանգնեն եղածին:
– Փառք Աստծուն, հայրիկ, տեսնում ես, որ մենք ապահովված ընտանիք ենք, ոչ մի բանի կարիք չունենք, ԱՄՆ-ից մեզ ոչինչ պետք չէ, միայն դու քո մնացած կյանքը հանգիստ ապրիր այստեղ՝ մեր կողքին:
Ծերունու դեմքը փայլում էր ուրախությունից, նա լուռ ժպտում էր:


ՄԵԼԱՆՅԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՑ
Հ.Գ. Շատ պատահական Գայանե Աբրահամյանի էջում տեսա ԱՐԹՈՒՐ ՇԱՐԱՖՅԱՆԻ այս կտավի նկարը, որն էլ նույն պահին ինձ պատմվածքի թեմա տվեց: Ահա պատմվածքը ներկայացնում եմ ձեր դատին:
Շնորհակալություն գեղանկարչին, ով արդեն մեծ ճանաչում ունի նաև Հայաստանի սահմաններից դուրս:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *