ՇՈՒՇԻԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ

Գրադարանը հոգևոր միջավայր է,որը կրթում,զարգացնում ու իմաստավորում է մարդուն ու նրա ներաշխարհը,ասել է,թե ձևավորում է մարդու աշխարհայացքը և նպաստում նրա մտահորիզոնի ընդլայնմանը:Գրադարանը շատ մեծ և կարևոր նշանակություն ունի մարդու կյանքում,քանզի գրքերի աշխարհը յուրօրինակ տիեզերական դաշտ է,որտեղ համախմբվում են տարբեր տարիքի ու սեռի բոլոր անձինք,ովքեր ունեն հոգևոր քաղց և ցանկանում են լրացնել այդ բացը: Ինչպես գիտենք,յուրաքանչյուր գրադարանի նպատակը սերունդներին կրթելն ու դաստիարակելն է,նրա մեջ անձնային որակների սերմանումը,և,որպես անհատ,ձևավորումը:Այս չափանիշներով է առաջնորդվում Շուշիի Կենտրոնական գրադարանը,որի բարեհամբյուր աշխատակիցների շնորհիվ մուտքը դեպի գրադարան,առավել ցանկալի է դառնում:Գրադարանը համալրված է բազմօրինակ գրականությամբ,ինչը թույլ է տալիս ավելի հեշտորեն գտնել անհրաժեշտ գիրքը և ձեռք բերել սեղմ ժամկետներում: Գրադարանը գործում է 1992թ.-ից:2010թ. մայիս ամսից սկսվեց վերանորոգումը հիմնադրամի աջակցությամբ,որն ավարտվեց նոյեմբերի 15-ին,իսկ նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 10-ը կահավորվեց ամերիկահայերի նախաձեռնությամբ:2012թ. գրադարանում տեղի ունեցավ Պոեզիայի միջազգային փառատոնը,որին ներկա էին աշխարհի 10 երկրներից ներկայացուցիչներ,որոնք էլ գրադարանի բակում տնկեցին 10 լորենի՝ իրենց երկրների անուններով: Գրադարանի համալրումը կազմակերպվում է և՛ նվիրատվության,և՛ գրադարանին տրամադրված ծախսերի միջոցով:Նվիրատուներ են հանդիսանում ԼՂՀ ՄԵ նախարարությունը,ՀՀ Ազգային գրադարանը,<<Կանչ>> թերթը,Հրայր Ուլուբաբյանը,ինչպես նաև տարբեր հեղինակներ՝ իրենց հեղինակային գրքերով: Ինչ վերաբերում է միջոցառումների անցկացմանը,ապա դրանք կատարվում են համագործակցության միջոցով,ավելի հետաքրքիր ու բովանդակալից լինելու համար,իսկ համագործակցությունը տեղի է ունենում տարբեր մշակութային օջախների և հասարակական կազմակերպությունների միջև: Ինչպես ցանկացած հասարակական կազմակերպություն և հաստատություն,գրադարանը ևս ունի իր առաքելությունը,ասել է,թե իր գործունեության նպատակներն ու շարժառիթները:Գրադարանի առաքելությունն է հայի կերպարի,մեր ազգային արժեքների,արվեստի,արհեստի վերաբերյալ քարոզչական աշխատանք իրականացնելը:Իսկ ինչ վերաբերում է գրադարանի աշխատակազմին,ապա վստահաբար կարող եմ փաստել,որ նրանց համար գրադարանը ասոցացվում է իրենց սեփական տան հետ,ավելի կոնկրետ՝ ,<<եթե չլինեն զինվորները,հրամանատարը միայնակ ոչինչ անել չի կարող:Ճիշտ է,ես եմ տալիս գաղափարը,պատասխանատվությունը ինձ վրա է,բայց չեմ ուզում առանձնանալ իմ պատասխանատու կոլեկտիվից>>,-հավելեց Շուշիի Կենտրոնական գրադարանի տնօրեն Ժասմեն Գաբրիելյանը: Հարկ եմ համարում նշել,որ գրադարանի մուտքն ազատ է ընթերցասեր հասարակության առաջ,և նրանք ամենայն պատասխանատվությամբ ու մեծ սիրով իրականացնում են իրենց առջև դրված խնդիրները:

Հեղինակ՝ Կարեն Շիրինյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *