ՀԿԿԱ –ն հիմնադրվել է 1995թ՝ կանանց մտավոր ներուժը երկրի ժողովրդավարական գործընթացների աջակցությանն ուղղելու նպատակով:Ասոցիացիան՝ որպես հասարակական կազմակերպություն, լինելության դժվարին ճանապարհ է անցել ՝ զարգացման յուրաքանչյուր փուլում սահմանելով իր գործունեության առաջնահերթությունները և կանանց մտավորական շերտը ներգրավելով երկրի հասարակական –քաղաքական կյանքում:
20 տարվա անցած ուղի, 20 տարվա քրտնաջան և ստեղծագործական աշխատանք՝ ուղղված կանանց առաջնորդության ու կանանց ակտիվությանը, որպեսզի կանայք տղամարդկանց հետ հավասար ներկայացված լինեն իշխանության կառույցներում և տղամարդկանց հետ հավասար պատասխանատու լինեն ժողովրդի առջև ինչպես հաջողությունների, այնպես էլ թերությունների համար հասարակական և տնտեսական ոլորտներում, իրենց քաղաքների ու բնակչության բարեկեցության համար:
Դարերի ընթացքում հայ կինը բազմիցս ապացուցել է, որ ոչ միայն սիրող մայր է, այլև հասարակությանը նվիրված անհատ:
Հայ կնոջ դերը հաճախ է որոշիչ եղել ժողովրդի կյանքում: Այսօր առավել քան երբևէ ակնհայտ է, որ չի կարելի անտեսել առաջընթաց զարգացման մի այնպիսի հզոր ներուժ, ինչպիսին կանանց ներդրումն է հասարակական կյանքում: Ինչպես գիտենք Ասոցացիան գործում է որպես մի կառույց, որը զբաղվում է ազգային ու միջազգային մակարդակներով քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ, սոցիալական լոբբինգով, գիտական, կրթական, տեղեկատվական, վերլուծական ու խորհրդատվական գործունեությամբ:
Մենք էլ ՀԿԿԱ Էջմիածնի մասնաճյուղի անդամներս, լինելով ասոցիացիայի արժեքների և գաղափարների կրողները ,ակտիվորեն ներգրավված ենք, դրանք մեր տարածաշրջանում տարածելու գործում: Մեր նպատակն է նաև մեր տարածաշրջանում նպաստել կանանց իրավունքների պաշտպանության,սոցիալական կարգավիճակի, ժողովրդավարական, քաղաքացիական հասարակության կայացման, և որոշումների մակարդակում կանանց դերի բարձրացմանը:
Էջմիածնի մասնաճյուղի կանայք համախմբված են և ակտիվ գործունեություն են ծավալում թե քաղաքում թե շրջաններում: Մասնավորապես նրանք ներգրավված են տարբեր օղակներում, ՏԻՄ-երում, կրթական, իրավապահպան, առողջապահական,մշակութային և գործարար ոլորտներում:
Չնայած իրենց բազմազբաղ առօրյային ժամանակ են գտնում նաև զբաղվելու հասարակական գործունեությամբ:
Ուշագրավ է այն փաստը, որ Էջմիածին քաղաքի կանայք ակտիվորեն ներգրավված են եղել տարբեր տարիների ընտրական գործըն""թացներում, առաջադրելով իրենց թեկնածությունները քաղաքապետի պաշտոնի և ավագանու տեղերի համար:
Մեր տարածաշրջանում ուրախալի և հատկանշական է ՀԿԿԱ Էջմիածնի մասնաճյուղի անդամ Սուսաննա Գևորգյանի 7-րդ անգամ Արևաշատ գյուղի գյուղապետի պաշտոնում վերընտրվելը, ինչը խոսում է տիկին Սուսաննայի հանդեպ իր համայնքի բնակիչների մեծ վստահության մասին:
Այսպիսով աստիճանաբար հայ կանայք գիտակցում են, որ պատրաստ և ունակ են զբաղվել հասարակության զարգացմանն ուղղված հիմնախնդիրներով, այդ գործում անժխտելի է ՀԿԿԱ-ի դերը: Հասարակական կազմակերպությունների միջոցով կանայք հնարավորություն են ստանում առաջ քաշել իրենց հուզող հարցերը և փնտրել լուծումներ:
Առիթից օգտվելով Եվս մեկ անգամ շնորհավորում և շնորհակալություն եմ հայտնում ՀԿԿԱ-ի նախագահ ՝ Ջեմմա Հասրաթյանին տարվա խիզախ կին մրցանակին արժանանալու համար , ասոցիացիայի վարչության փոխնախագահ Լիլիթ Զաքարյանին, Գ.Արմաղանովային ,,Գ. Մերոյանին, , փորձագետներին Նարինե Դավթյանին, Հովհաննես Հովհաննիսյանին.Անահիտ Աղոյանին , Գեղեցիկ Գրիգորյանին, և այլոց, ովքեր ակտիվ և անմնացորդ աջակցել են մեր մասնաճյուղի գործունեությանը:
Ինչպես ասվում է մենք հարուստ ենք մեր միասնականությամբ և համերաշխությամբ:
Երջանկության գաղտնիքը մեր մտքի ուժի մեջ է,
Մեր ազգի ճակատագիրը մեր ձեռքերում է: