""Թամահկոտները, թալանչիները, պաշտոն ստացած չտեսները՝ գյուղապետից մինչև ամենավերև, և այն գռփելու հնարավորություն դարձրածները, պատեհապաշտները, քցողները, դավաճանները, միկիտանսաքոները, զիմզիմովները, նմանները և նրանց հերոսացնող, նրանց լուռ հետևող և ընկնելուց հետո հարձակվող, չքմեղացող սուբյեկտներն են ցավոք շատ մեզանում…Շատ-շատ…
Նմանները միշտ են ուղեկցել մեզ՝ մեր ազգի պատմության գրեթե ողջ ընթացքում, նախորդ բոլոր իշխանությունների օրոք և հետո էլ…Եվ ցավոք կլինեն՝ մի երկու երեք սերունդ, մինչև անհատը դառնա իսկական գիտակից քաղաքացի՝ պետական մտածողությամբ ու օրինապահ, մինչև նմանները կազմեն նորմալ ընտանիք, կարգին սերունդ դաստիարակեն հասարակության համար, մինչև ժողովուրդ հասկացողությունը փոխակերպվի պետության քաղաքացի հասկացողությամբ՝ ինչպես ամերիկաներում և եվրոպաներում…
Իսկ նման գեներալների մասին ես շատ եմ գրել և քարկոծվել…Նմանները ի հայտ են գալիս մեր թողտվությամբ և ինչ-որ իրավիճակների, պատահականությունների, հեղաշրջման ալիքների հետևանքով, պաշտոններ ստանում և դառնում պատուհաս…Նմաններին հերոս սարքողներին էլ գիտենք, նրանցով հիացողներին էլ, օգտագործողներին էլ…Նրանք հիմա էլ կան՝ ներկաների մեջ…
Զզվելի են նման մարդիկ, նողկալի…
Բայց ես հիմա անհատական գնահատական չեմ տա…Եթե մենք իրավական պետություն ենք, պետք է պահպանենք օրենքի տառը և պահանջները…Ես հետախույզ չեմ, քննիչ ու դատավոր չեմ, նաև դիլետանտ…Միայն դատարանն է իրավասու մեղավոր ճանաչել, դատապարտել կամ արդարացնել…
Ճանաչելով մեր հասարակությանը, մեր ժողովրդին, ես ցավոք նաև գիտեմ կամ կռահում եմ, թե ում են պատժելու, ոտնատակ տալու հաջորդ իշխանությունները…Պատմությունը կարծես մեզ երբեք դասեր չի տալիս, այն կրկնվելու հիմար հատկություն ունի…