Ներսես Ներսիսյանի «Հրաժեշտներ» շարքից

ՉԿԱ՞ ԷԼ ՍԵՐ
Գիտե՞ս,սիրելիս, որ յուրաքանչյուր օր,
Երբ քսաներեք հազար անգամ շնչում-արտաշնչում եմ,
Այդքան անգամ էլ զգում եմ ներկայությունդ:
Դե պատկերացրու, ինչպես է մեկ տարում
Երեսունութ միլիոն ութհարյուր հազար անգամ
Սիրտս զարկում:
Բայց երբ սիրելին դառնում է ատելի,
Աշխարհը շուռ է գալիս.
Օտար ստվերով են լուսավորվում.
Քաղցրը թվում է դառը,
Սառնությունն՝ այրող ու տաք,
Խելոքությունը գժվեցնում է,
Լռությունը՝ աղմկահարում
ՈւԵրկինքը փոխվում քարե հատակի,
Արևոտ օրը տևում է տարի,
Անգույն, ամպոտ, անտանելի:
Երբ սիրելին դառնում է ատելի
Յուրաքանչյուր օր
Դարձյալ քսան երեք հազար անգամ շնչում-արտաշնչում են…
 
ԱՐԵՎ
Թախիծները թևածելով թող կորչեն անհետ,
Որ գտնեն հավատ, հույսը ետ բերեն:
Վհատ սիրտն իմ էլ չթոշնի երբեք, թեկուզ
Լույսը փոխվի մութ գիշերվա, օրը` ցրտի:
Երազները տխրության վիհից վեր ելնեն
Գահավիժելու վտանգն զգալով:
Սոսկալի մահն է խուլ անդունդում սպասում ինձ,
Կգնամ մի օր, կմնամ հավետ,
Բայց դեռ ապրում եմ, դեռ ունեմ Արև:
 
ՕՏԱՐ ԳՈՒՅՆԵՐԻՑ ԶՈՒՐԿ
Նուրբ պատկերների մեջ,
Կյանքիս օրերը մութ,
Լույս պահերն անանց:
Կորել եմ երևի
Իմ հուշերի ներսում:
Նախկինում մեր ապրած
Կրակոտ օրերի
Գերին որ չմնամ՝
Ապավինեմ պիտի
Մի նոր սրտի հևքի:
Այդ ե՞րբ էր, ե՞րբ էր, որ
Հունից չէր ելել դեռ
Արևն իմ սիրելի,
Երբ ես դեռ բիրտ չէի,
Դեռ չներող չէի,
Հորդում էի վարար,
Անզուսպ, անհիշաչար
Ու կյանքն իր հմայքով
Հրդեհ էր ամենուր:
Այդ ե՞րբ և ո՞ր պահից,
Ամենինչ ավերվեց:
Եվ սիրելին հանկարծ
Դարձավ ատելի անձ:
Օ՜, թող որ չապրեն թույլ
Հոգիներն այն վիշտը,
Ինչն իմ մեջ եմ կրում,
Թող որ խեղճ սրտերը
Մնան անդրդվելի
Նրանց սիրելին
Չդառնա ատելի:
ՈՐՈՇՈՒՄ
Արտասվեցիր՝ վերջ:
Քեզ հրաժեշտ:
Թեկուզ ցավից սրտերն անդուլ նվան,
Չար ու բիրտ պատկերների մթնում
Հուշեր մաշեն, ճնշեն, տանջեն՝
Միևնույն է՝
Այրվում եմ-այրում:
Քանի հոգուս ներսում Արարումն է,
Արցունքներդ զուր են:
 
ՄԻԱՅՆՈՒԹՅՈՒՆ
Կարոտն ինչպես ախտ է կպել՝
Ուժս հատել,
Առնետի պես կրծել է
Կծիկը խառնել:
Երբ հուշերը կեղծ են՝
Եռանդը մարում է,
Համառ սպասումը ճչում,
Դատարկ սենյակի ոգուն կանչում:
Բաժանման ճիգը ամուլ մրմուռ է,
Ամուր հույսերը սուզում է, զոհում:
Ավեր է, ավեր…
Մի անմեղ Սեր է բագինում արնոտ
Ողջակիզվում,
Ավարի ծուխը կուրացնում մտքեր:
Մի կին կա՞ սրտոտ, որին նվիրեմ պաշարը սրտիս,
Որ կարող լիներ պահել անարատ
Երբ ես հեռանամ, հեռանամ հավետ;
 
 
ԹՌՉՆԱԿ
Արդյոք նա՞ էլ է կարոտում,
Մեր անավարտ զրույցին
Ու ժամերը լուռ մաշում է՝
Հանձնված իր նուրբ հուշերին:
Ու սառն այրող տառապանքի
Եզրից անդին, ամենուր
Բարձը գրկին թախծում է լուռ
Երազներին անձնատուր:
Հին խոհերն են հոգիս պատել
Հանդիպման եմ հետամուտ,
Տարին տարվա հետ եմ խառնել
Հույսս սակայն չի մարել:
-Երգի՛ր թռչնակ ներշնչանքի,
Կարոտի երգ մորմոքող,
Գուցե սեղմվի վհատ ժամս,
Սպասումը անտեսեմ:
Սակայն լռիր, թռչնակ անտես,
Մի գեղգեղա սրտակեզ,
Երգերդ ինձ պարգևեցին
Հեկումի պոռթկումներ:
Գիտե՞ս ինչքան եմ կարոտում,
Մեր անավարտ զրույցին,
Ի՜նչ հուշերով եմ սփոփվում
Գգվանքներում օտարի:
 
ԲԱՐԻՆ ԸՆԴ ՔԵԶ
Հրաժեշտիդ ճիչը սառեց,
Աչքերիս մեջ:
Ցրտեց:
Երազս քշեց հեռու
Թողեց խռովքին
Հլու:
Որպես լույսի շող
Իր մոտ ձգեց
Գարնան շունչը,
Բայց չհամոզեց իմ միջից վանել՝
Մշուշը:
 
ՍՅՈՒՆԻՔ
Ոչինչ, ոչինչ չտվեց,
Ոչ ջերմություն, ոչ սեր,
Նույն ցուրտ քամին փչեց,
Սառած սրտիս ավեր:
Ծառի հյուսքն անմեղ
Գետնին, ճյուղակոտոր,
Սրտիս մեջ ողբ:
Գարունքն իմ հոգու,
Անցյալ, անապագա
Հեռվում՝
Թաց աչքը դեռ բարձին
Սպասում է դարձիս:
Միայն Խուստուփ
Լեռան անափ ծերին
Հենց նոր ծնված լույսը
Վիշտս սփոփեց:
 
ՕՐԵՐԻՑ ՄԻ ՕՐ
Արցունքն աչքերիս
Տանից դուրս ելա:
Պարզ զգացում.
Տեսա ինչպես է
Անցյալը՝ հեռվում:
Եթե Արև է՝
Ծանր վշտերը
Ստվերների պես
Առանց հրաժեշտ,
Հետևում են միշտ,
Իսկ թե գիշեր է՝
Կարծրանում են լուռ
Իմ ճամփորդ հոգում;
 
հեղինակ`Ներսես Ներսիսյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *