ՆԵՐԿԱ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ
ԱՅՍՕՐ ՍԱՐՈ ԳՅՈՒՄՐԵՑԻ /ԳՅՈԴԱԿՅԱՆ/

ՎԵՐՔ՝ ԱՌԱՋԻՆ 
Գյումրի, մանկության հեքիաթ սրբավայր, 
Խաչակնքումս դարձավ անձնագիր, 
Գլխահակ իջա, իմ Շիրազամայր, 
Եվ համբուրեցի հողդ ծնրադիր:

Իմ հեռուներից բերեցի ես քեզ, 
Տարագիր որդուդ կարոտը անգին, 
Խոնարհումը իմ բերեցի ես քեզ, 
Քեզ նվիրեցի սերս թանկագին:

Հիշատակներիդ խունկ բուրվառեցի, 
Կորուստդ Գյումրի, թող լինի վերջին, 
ՅՈԹ-ՎԵՐՔՈՒՄ սրբոց մոմեր վառեցի, 
Հայացքս հառած ԱՄԵՆԱՓՐԿՉԻՆ:

ՎԵՐՔ՝ ԵՐԿՐՈՐԴ
Հայր իմ խոսքաշեն, ԳՅՈՒՄՐԵՑԻ ՄԿՈ, 
Լքեցի ես քեզ աշնան ցուրտ մի օր, 
Հեռացա անդարձ և հայացքում քո, 
«Մնա՜ս Բարով»-ի պատկերն էր մոլոր:

Գյումրեցուն վայել, հին սովորությամբ, 
Ողջագուրվեցինք, ինձ գիրկդ առար, 
Ի՜նչ իմանայիր, որ քո լռությամբ, 
Առավել խոհուն, իմաստուն դառար:

Հեռանում էի, իսկ դու գլխիկոր 
(Մտքովդ ինչե՜ր եկան ու անցան), 
ԳՅՈՒՄՐԵՑԻ ՄԿՈ, Գյումրիդ վիրավոր 
Քո օջախի պես ինձնով…որբացավ…

• ՎԵՐՔ՝ ԵՐՐՈՐԴ
Մայր, գյումրեցու տան Հարսխանում, 
Ես՝ էստեղ, դու՝ դրախտի մեջ, 
Առանց քեզ չեմ ուրախանում, 
Առանց քեզ ես որբ եմ ու խեղճ:
Թողեցի քեզ հիվանդ, մոլոր, 
Դարդիդ վրա դարդ բերեցի, 
Ու հեռացա, սրտիս մեջ խոր, 
Հեկեկալով թաքուն լացի:
Վերադարձա… Ո՞ւր ես Մայր իմ, 
Ինչպե՞ս գտնեմքեզ կարոտած,
Դուդուկն է լոկ քո շիրիմին, 
Լալիս մենակ ու…որբացած…
ՎԵՐՔ՝ ՉՈՐՐՈՐԴ
Ո՞ւր եք, չկաք, իմ Կորուստներ, 
Իմ Հայր ու Մայր, իմ սրտակից, 
Ձեր փոխարեն զույգ շիրիմներ, 
Դարձել են լուռ դուռ ու դրկից:
Համբուրում եմ և խոնարհվում, 
Եվ գրկում եմ կարոտած ձեզ, 
Աշխա՜րհ էիք իմ աշխարհում, 
Աշխարհն ինչպե՞ս գերեզմանվեց…
Ինչպե՞ս դարձաք Հուշ ու Նկար, 
Իմ Հայր ու Մայր, իմ լուսերես, 
Շիրիմի մեջ մութ ու օտար 
Լույսն ինչպե՞ս է ապրում տեսնես…

ՎԵՐՔ՝ՀԻՆԳԵՐՈՐԴ
Ախպերներս, բախտավոր եք ինձանից, 
Միշտ իրար հետ, միշտ իրարու մոտ կուգաք, 
Երբ որ ուզեք, ծնողներիս կարոտից 
Կայցելեք լուռ շիրիմներին իւ կուլաք:

Հրաժեշտի վերջին պահին անմոռաց 
Լուռ, գլխիկոր խոնարհվեցիք սնարին, 
Իսկ ես հեռվում մեն ու մենակ, արցունքաչ, 
Տրվել էի սրտամորմոք հուշերին:

Հանգիստ շիրմիդ, Հայր, օջախդ է շենանում, 
Քանզի թոռդ, դարձած մի նոր Մկրտիչ, 
Գյումրվա մեր հին տան ծուխն է վառ պահում, 
Դարձած տան սյուն, դարձած զինվոր ու կտրիճ…

ՎԵՐՔ՝ՎԵՑԵՐՈՐԴ
Իմ մանկության տղերք, 
Տղերք իմ Գյումրվա, 
Էրթանք «ՖԱՅՏՈՆ ԱԼԵՔ», 
Կանչենք դհոլ-զուռնա:

Սիրտ-սրտի տանք կրկին, 
Մի լավ ուտենք-խմենք, 
մանկության հետ անգին, 
Ջահել օրերը հիշենք:

Եվ Ալիքի կառքով 
Մենք Արփաչայ էրթանք, 
Գյումրվա հին կարգով 
Մեծաց պատիվ միշտ տանք…

ՅՈԹ-ՎԵՐՔ
Գյումրի, իմ Գյումրի, սրբության սրբոց, 
Ես քո դեսպանն եմ երկրում այս օտար, 
Տարագիր որդիդ, որ Հողում հայոց 
Մի օր առհավետ կննջի երկար:

Քո նախնյաց փառքով ապրում եմ այսօր, 
Քո անունն անգամ ծաղկում է շուրթիս, 
Ես քեզանով եմ արքա ու հզոր, 
Առանց քեզ որբ եմ, խեղճ, անկարեկից:

Ապրիր դու երկար, անվիշտ ու անվերջ, 
Որ զավակներդ՝ իմաստուն, արի, 
Դարերին տանեն քո փառքը հավերժ, 
Եվ անմահանան քեզանով, Գյումրի՛…

«ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ» հանդեսն իմ ուրախությունն է: Ամեն անգամ ստանալիս՝ նախքան ընթերցելը մի քանի անգամ թերթում եմ էջերը ու հիանում մեր ազգի մեծերով, ինձ շատ մոտ ու մտերիմ ընկերներով, հետո նոր կարդում ու վայելում հոդվածները: Հանդեսը մեր սեղանի զարդն է: Ռաֆայել Աթոյան ՀՀ Վաստակավոր նկարիչ, կինոդերասան

«Ոզնին» շատ է սիրում ՍԱՐՈՅԻՆ, մանավանդ՝ «ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐԻՆ», որն իր բարձր ճաշակով և բարձր հայրենասիրությամբ սիրվում է ու դեռ պիտի սիրվի (եթե ոզնու պես միշտ սրվի): ՍԱՐՈ ԳՅՈԴԱԿՅԱՆՆ ազգային հերոս է, որովհետև նրա ամսագիրը ծովային փարոս է: Այն ավելի կզորանա, եթե հայաստանը ծովից-ծով դառնա… Գլխավոր ոզնի՝ Արամայիս Սահակյան

Բանաստեղծ, գյումրեցի, այսինքն՝ լրագրող ՍԱՐՈ ԳՅՈԴԱԿՅԱՆԻ «ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ» շքեղազարդ պարբերականը ստանում եմ և շարունակ թերթում: Ամսագիրը, ճիշտ է տպագրվում է Լոս Անջելեսում, բայց ձգտում է դառնալ Հայաստանի, Արցախի և աշխարհացրիվ հայերի ամսագիր՝ բազմահասցե և բազմաբովադակ, պատանի, երիտասարդ ընթերցողներին հիացմունք բերող և հասուն այրերին ու ծերերին հետաքրքրող: Հոգևոր կամուրջներ գցող պարբերական է՝ հային հայ պահելու պատգամ կարդացող, հայոց հոգևոր արմատները զորացնող: Թող երկար տարիներ կեցցե և զորանա, ողջ լինի և բերկրա…իր անունով ապրի:
Հովհաննես Մելքոնյան արձակագիր

Գրասեղանիս վրա է իմ լավ բարեկամ, լրագրող, բանաստեղծ ՍԱՐՈ ԳՅՈՒՄՐԵՑՈՒ բանաստեղծությունների ժողովածուն: Ամբողջ գիրքը տնքում է, շնչահեղձ է լինում կարոտից, բանաստեղծը քիչ է մնաում փլվի հեռավորներին տեսնելու ցավից, բախտի շնորհած հարվածից: Ապրված, գեղեցիկ, մարդկային զգացումենրից է ծնվել այս ժողովածուն և կուզենայի հավատալ. ՍԱՐՈՅԻ խոսքերով ասած, այն հրաշքին, որ Հայաստան, Երևան, Գյումրի գան, հավաքվեն թեկուզ մի հին ֆայտոնով, իմ ընկերները, ոչ իրենց մեղքով տարագիր դարձած հայեր, գայիք ու հանեիք մեր բառապաշարից ԿԱՐՈՏ բառը, շախ ու շուխով, սրամիտ, ուրախ քաղաքը ու… չուշանայիք… Ամայանում է մեր երկիրը, եկեք, լցրեք փողոցները, տները, կյանքը, եկեք ձեր երգերով, գրքերով, ձեր կարոտներով… Աստղիկ Գևորգյան Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ

Իմ վաղեմի բարեկամ ՍԱՐՈ ԳՅՈԴԱԿՅԱՆԻ «ՀԱՄԱ3ՆԱՊԱՏԿԵՐԸ» ծաղկեցնում է Հայաստան-Սփյուռք գրական-մշակույթային կապը, փորձում է գտնել նաև լոսանջելեսահայության կարոտի դեղը, օգնել նրա հայեցի դաստիարակությանը:
Ֆելիքս Բախչինյան գրականագետ, թարգմանիչ

Հաճախ զարմանում եմ. իմ սիրելի Սարոն այդ ինչպե՞ս է կարողանում մեն-մենակ, ընդգծում եմ՝ մեն-մենակ, այդպիսի ինքնատիպ ու արժեքավոր, ընթերցողների կողմից փնտրված գրական հանդես լույս աշխարհ բերել: Այդ է պատճառը, որ ցանկանում եմ աշխարհով մեկ ձայնել՝ «Բռավո, Սարո»: Հիրավի, դու հայապահպան գնահատելի, շատ գնահատելի գործ ես կատարում: Եվ Աստվաղ քեզ պահապան: Ռազմիկ Մադոյան ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր

Հիշում եմ, երբ ՍԱՐՈ ԳՅՈԴԱԿ3ԱՆԸ նոր էր մեկնել Ամերիկա, մտածում էի, թե ինչպես պիտի իրագործի իրեն: Ահա և պատասխանը, Լոս Անջելեսում մշտական գրանցում ստացած «Համայնապատկեր» հանդեսը ոչ թե սոսկ «Գրին քարտ» ունեցող, այլ «սիթիզեն» դարձած սիրված հայկական ամսագիր է: Այն հայ մշակույթի փոքրիկ կղզյակներից մեկն է հեռավոր Ամերիկայում, հայ գրականության ու արվեստի դեսպաններից մեկը արտերկրում: Պերճ Զեյթունցյան արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս

ՈՎ ՕՐ ՔԱՇԵ ԳՅՈՒՄՐՈՒ ԴԱՐԴԸ՝ ԷՆ ԷԼ ԿԵՂՆԻ ՍԱՐՎԱ ՄԱՐԴԸ… Ժորա Կարապետյան առակագիր, բանաստեղծ

Սիրելի ՍԱՐՈ ԳՅՈԻՄՐԵՑԻ, ո՞ւմ մտքով կանցներ, թե քեզ նման հայրենապաշտը ուժ կունենար հեռանալու մեզանից մի քայլ անգամ: Երևի ստիպված գնալուդ մեջ խորհուրդ կա… Որպեսզի կառուցեիր «ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ» անունով ոգեղեն սնունդը, որ քո եռանդի, նվիրումի շնորհիվ վայելում ենք մենք՝ կարդալով նրա էջէրում և ձեր մասին և մեր մասին: Սիրելի ՍԱՐՈ, ես և դուստրս՝ Բանաստեղծուհի ԼԻԼԻԹԸ, աշխարհի չափ շնորհավորանքներ ենք հղում քեզ, որպես գործիդ Նահապետի:
ՄԵՏԱՔՍԵ Բանաստեղծուհի

Սիրելի Սարո, երեկոյան գիրքդ մի շնչով կարդացի: Ի՞նչ հզոր սեր ու կարոտ կա ամեն տողի մեջ: Քո երջանկությունն ես փնտրում տխուր հուշերիդ մեջ: Ես ուրախ եմ, որ գնացել ես, հակառակ դեպքում չէր ծնվի այս հիանալի գիրքը: Իմաստուն, ապշելու պատկերներով, այնքան հողային, այնքան երկնային… Իսկ «ԷԼԵԳԻԱՆ» կարելի է դնել մեր պոեզիայի Պառնասում գտնվող մարգարիտների կողքին: Ապշելու տաղանդավոր է…Կեցցե՜ս… Մաշված հիշողությունների նման ոտաբոբիկ գրկում եմ քեզ և մեր մայրերի կարած կարոտներով համբուրում եմ, որպեսզի ջրենք կարոտների ծաղիկները քնքուշ. հետո էլ մրսող երազները ժողովենք ու տուն բերենք, հետո արեգակից պարտքով մի բուռ կրակ խնդրենք մեր հոգում եղած արցունքներով ու ծիծաղով տաքացնենք մեր խեղճ ժողովրդին… Ալբերտ Մկրտչյան ՀՀ ժողովրդական արտիստ, կինոբեմադրիչ

Քեզ՝ սիրելի ՍԱՐՈ ԳՅՈԴԱԿՅԱՆ, հաջողվել է ստեղծել իրապես հայկական, իրապես մշակույթային և իրապես հետաքրքրությամբ կարդացվող մի ամսագիր, որը պեև Կալիֆորնիայի երկնքի տակ է լույս տեսնում, բայց իր էությամբ լիովին հայաստանյան է, հայաշունչ և հայապահպան: Այն թանգարան է, հավերժի մեր ուղեկիցներին արժանի մատյան: Ապրեք, որ նման սիրով ու եռանդով ջատագովն եք հանդիսանում ու սեր եք սփռում հեռավոր ափերում Հայոց Մեծերի հանդեպ: Միշտ ձեր՝ Ավիկ Իսահակյան գրականագետ, բանասիրության դոկտոր-պրոֆեսոր

«ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ» գրական-մշակույթային ամսագիրը լույսի պես ճառագեց և մուտք գործեց մեր օջախները: Դարձավ մեր հոգևոր սնունդն ու երանության առատահոս աղբյուրը:
Վահրամ Հաճյան բանաստեղծ

հայի ցավը՝ կարոտի ցավը խրոնիկ հիվանդություն է և այդ ցավի դեղահաբը ՍԱՐՈ ԳՅՈՒՄՐԵՑԻՆ ինքնաարտահայտում է իր հոգու ծալքերում անընդատ պայքարելու արդարացում գտնելու,ինչ որ բան մեզ համոզելու….

ԴԱՆԻԵԼ ԴԱՎԻԹ  բանաստեղծ

"Daniel

"Daniel