«ՆԵԲՈ-Մ»-Ը ԿՊԱՇՏՊԱՆԻ ՀՀ ԵՐԿԻՆՔԸ

Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանում գործող 102-րդ ռազմակայանում տեղակայել է գերհզոր «Նեբո-Մ» («Небо-М») ռադիոտեղորոշիչ համակարգը: Այն կարող է ավտոմատ ճանաչել օդային թիրախները՝ ինքնաթիռ, հրթիռ կամ անօդաչու սարք, անգամ որոշել, թե որ երկրին է պատկանում այս կամ այն թռչող օբյեկտը:

«Նեբո-Մ» համակարգերը սեկտորային ռեժիմով 200-250 կիլոմետր հեռավորության վրա և մոտ 160 կիլոմետր շրջանաձև շառավղով հայտնաբերում են համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի կառավարվող հրթիռները: Համակարգն ի զորու է հայտնաբերելու և նույնիսկ վերահսկելու երկրի մթնոլորտից դուրս արձակված միջին հեռահարության հրթիռները:

«Նեբո-Մ»-ը միավորում է հրթիռային հարձակման մասին նախազգուշացման համակարգերն ու ռադիոտեղորոշիչ կայանները, ինչպես նաև զենիթահրթիռային ստորաբաժանումների համար թիրախավորման ռադարները: Ռուսաստանն ունի  10-ից ավելի «Նեբո-Մ» ռադիոտեղորոշիչ համակարգեր, որոնք տեղակայված են ՌԴ արևելյան և արևմտյան սահմաններին:

Որպես փոքր չափի թիրախների հայտնաբերման միջոց՝ այն մի քանի անգամ գերազանցում է իսրայելական արտադրության նմանատիպ EL/M-2084 կայանի («Երկաթե գմբեթ») հնարավորությունները:

Համակարգի տեղակայման մասին տեղեկատվությունն արդեն մեծ խառնաշփոթ է առաջացրել Ադրբեջանում: Տեղական լրատվամիջոցները չեն թաքցնում անհանգստությունը՝ այն անվանելով «գերհզոր միջոց»:

«Նեբո-Մ»-ը կհամալրի ՀՀ և ՌԴ միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգը, որի ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2015թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *