ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՎԱՐՇԱՎԱՅՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ՖՐԱՆՍՈՒԱ ՕԼԱՆԴԻ ՀԵՏ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վարշավայում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:

ՀՀ Նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող բոլոր հարցերում Ֆրանսուա Օլանդի հետևողական աջակցության և կարևոր դերակատարման համար, ընդգծելով, որ Հայաստանում իրապես հպարտանում են Ֆրանսիայի հետ առանձնաշնորհյալ հարաբերություններ ունենալու իրողությամբ:

Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությունը տարիների ընթացքում նկատելիորեն ընդլայնվել է. ԵՄ երկրների շարքում Ֆրանսիան շարունակում է մնալ Հայաստանում ներդրումների ծավալով առաջատար դիրք զբաղեցնող երկրներից մեկը:

Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել վերջերս Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագծի ընդունման համար, որում մեծ է Նախագահ Օլանդի անձնական ներդրումը:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: ՀՀ Նախագահը մեծապես կարևորել է Ֆրանսիայի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկի, ակտիվ դերակատարությունը բանակցային ճանապարհով հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործում և շնորհակալություն հայտնել Նախագահ Օլանդին նաև անձնական ջանքերի հետևողական ներդրման համար։ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը երկուստեք կարևորել են Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ ընդունված հայտարարություններում ամրագրված դրույթների անվերապահ կատարումը: Նախագահները մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացի առաջմղման հեռանկարի շուրջ:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *