ՅՈԹ ՈՐԴԻ` ԲԱՆԱԿԻՆ

Արցախյան պատերազմի մասնակից, զինվորական Սարգիս Բրուտյանը 12 երեխա ունի` յոթ որդի և հինգ դուստր: Նրա կինը` Անահիտ Հովակիմյանը, յոթ որդի է ճանապարհել բանակ, որոնք պաշտպանել են առաջնագծի ամենատարբեր հատվածները: Զորացրվելուց հետո յոթ որդիներից հինգը՝ որպես պայմանագրայիններ, շարունակել են ծառայությունը զինված ուժերում, Արմենը` 6 տարի, Արշալույսը` 12, Անդրանիկն ու Արամը` 8-ական, իսկ Աշոտը մեկ տարի առաջ է սկսել պայմանագրային ծառայությունը: Իմ զրուցակիցը Բրուտյանների 12 զավակներից հինգերորդն է` Արշալույս Բրուտյանը: Ես ընտրեցի նրան, որովհետև մյուս եղբայրների համեմատությամբ` նրա պայմանագրային զինծառայությունը ամենաերկարատևն է` 12 տարի:

 

-Տասներկու երեխա` մեկ հարկի տակ… Իզուր չէ, որ բազմազավակ մայրերին հերոս մայր են կոչում: Ինչպիսի անձնվիրություն, կամք, աշխատասիրություն պիտի ունենաս 12 երեխայի հոգսերը հոգալու համար:

-Այն էլ այն դեպքում, երբ ամուսինդ ամիսներով տուն չի գալիս: Ես հորս գրեթե չեմ հիշում մանկության տարիներին, որովհետև շատ քիչ եմ տեսել: Արցախյան պատերազմի ժամանակ  հայրս սահմանին էր: Պատերազմի ավարտից հետո ծառայության անցավ բանակում` որպես վաշտի հրամանատար ու ամսվա կեսը դիրքերում էր: Դիրքերից իջնելուց հետո էլ այնքան ուշ էր տուն գալիս զորամասից  և այնքան շուտ էր գնում ծառայության, որ մենք քնած էինք լինում: Մայրս, իրոք, բացառիկ կին է: Անմնացորդ նվիրված ամուսնուն ու երեխաներին: Անտրտունջ: Միայն մեր կենցաղային հոգսերը հոգալու համար լուսաբացից մինչև կեսգիշեր պիտի տնային գործեր անես, էլ չեմ ասում` հոգեկան ապրումները, երբ որդիներդ սահմանին են: Մայրս անկողին մտնելուց առաջ պիտի բոլորիցս լուր ունենա, նոր փակի աչքերը:

 

-Ինչպե՞ս է անցնում օրը, երբ բոլորդ  միասին եք տանը:

-Մենք Բերդից ենք:Պատերազմի տարիներին դժվար էր:  Երբ ադրբեջանցիներն սկսում էին ռմբակոծել, թաքնվում էինք մորաքրոջս կամ հորեղբորս նկուղում: 1994թ., պատերազմն ավարտվելուց հետո, ես առաջին դասարանում էի, ավագ եղբայրներս` Արմանն ու Արմենը, որոնք  ինձնից մեծ են 8-9 տարով, արդեն բարձր դասարանի աշակերտներ էին և հորս բացակայության ժամանակ սաստում էին մեզ, խրատում, տանը կարգուկանոն էին հաստատում: Արմենը խիստ էր, նրանից բոլորս էլ ազդվում էինք:

Ես խելոք, լսող երեխա էի: Արմանը, Աշոտն ու Ամրամն էլ առանձնապես չար չէին, իսկ այ Անդրանիկն ու Արամը` զույգ եղբայրներս, կրակ ու պատիժ էին փոքր ժամանակ. եթե դրսում որևէ մեկին չծեծեին, իրիկունը իրար էին ծեծում: Բայց բոլորս էլ առանց խնդիրների, պատվով ծառայեցինք բանակում ու անփորձանք տուն վերադարձանք:

 

-Հիմա Անդրանիկն ու Արամը ինչո՞վ են զբաղված:

-Արդեն 8 տարի պայմանագրային զինծառայողներ են:

 

-Հայրդ կարողանո՞ւմ էր սպայի աշխատավարձով պահել 14-հոգանոց ընտանիքը:

-Վազգեն Սարգսյանը հորս՝ որպես բազմազավակի, երեք հատ բնակարան տվեց:

 

-Որտե՞ղ:

-Մեր ծննդավայրում` Բերդում: Նաև մի «Ուազիկ» տվեց: Անկեղծ ասած՝ մենք երբեք հոգս չենք տեսել, և՛ սնունդ ենք ունեցել, և՛ շոր, և՛ տաք բնակարան: Մի ամերիկահայ բարերար կին մորս համար առանձնատուն գնեց Պառավաքար գյուղում` մեր պապերի ծննդավայրում:

 

-Որպես հերոսուհի մայր…

-Այո՛, այսօր հայրս ու մայրս այդ տանն են ապրում: Ես ապրում եմ պաշտպանության նախարարության հատկացրած երեք բնակարաններից մեկում:

 

-Դուք վաղո՞ւց էիք որոշել, որ պետք է զինվորական դառնաք:

-Ո՛չ: Ժամկետային զինծառայության ժամանակ որոշեցի. բանակն ինձ դուր եկավ: Սահմանը, դիրքերի կյանքը, մարտական ընկերությունը: Ես ինձ լավ եմ զգում սահմանին: Զորացրվելուց հետո անցա պայմանագրային ծառայության ու արդեն 12 տարի դիրքերում եմ:

 

-Իսկ ինչպե՞ս եղավ, որ որոշեցիք սանհրահանգիչ դառնալ:

-Ես չեմ որոշել: Ինձ ասացին, որ վաշտին սանհրահանգիչ է պետք, և առաջարկեցին սովորել սանհրահանգիչների դպրոցում: Ես համաձայնեցի, որովհետև սանհրահանգիչը առաջին բուժօգնություն է ցուցաբերում, մարդկային կյանքեր է փրկում: Դրանից էլ լավ մասնագիտություն: Սանհրահանգիչների դպրոցում սովորելիս ավելի ու ավելի համոզվեցի, որ ճիշտ ընտրություն եմ արել: Սիրով ու մեծ պատվախնդրությամբ յուրացրի իմ նոր մասնագիտության գաղտնիքները: Եվ այսօր վաշտի սանհրահանգիչն եմ: Իմ մասնագիտությունը պետք կգա նաև քաղաքացիական կյանքում: Ի դեպ, ես ու կրտսեր եղբայրս` Աշոտը, զինակիցներ ենք, միասին ենք դիրքեր բարձրանում: Աշոտը ծնողներիս հետ է ապրում՝ երկու քույրերիս և Արամի հետ: Մենք՝ հինգս, ամուսնացած չենք:

 

-Ինչո՞ւ չեք ամուսնանում, պայմանագրայինի աշխատավարձով չե՞ք կարող հոգալ ընտանիքի հոգսերը:

-Կարող եմ, ուղղակի դեռ չեմ գտել այնպիսի աղջկա, որի հետ կարող եմ ընտանիք կազմել: Թեև ես չեմ տեսել իմ Արշալույս պապին, որի անունն եմ կրում, բայց ծնողներս ասում են, որ բնավորությամբ շատ նման եմ նրան: Պապս պատվի մարդ է եղել` շատ արդարասեր, ազնիվ ու բարեկամասեր: Ես մեծ գերդաստան ունեմ, սիրում եմ շփվել ազգականներիս հետ, իմ տան դուռը պիտի միշտ բաց լինի բոլորի առաջ: Իմ կինը պետք է սիրով, ժպտադեմ ընդունի բոլոր բարեկամներիս, ընկերներիս, հյուրասիրի տեղը տեղին ու պատվով ճանապարհի: Պետք է պատվի իմ օջախը մտնողին: Պետք է համակերպվի այն իրողությանը, որ ես ամսվա կեսը դիրքերում եմ լինում: Մտածի ոչ թե հեշտ կյանքի ու շքեղության, այլ սիրով ու հավատարմությամբ լի ամուր ընտանիքի մասին, իր երջանկությունը փնտրի ոչ թե բարեկեցության ու հարմարավետության, այլ մարդկային հարաբերությունների ու բարոյական արժեքների մեջ:

 

-Որո՞նք են եղել Ձեր կյանքի ամենահիշարժան, ամենաանմոռաց օրերը:

-Մորս 60-ամյակը, երբ հավաքվել էր մեր ամբողջ մեծ ընտանիքը: Եկել էին նաև Ռուսաստանում աշխատող եղբայրներս: Մորս համար նրանց գալը անակնկալ էր, ու շատ երջանիկ էր: Մի անբացատրելի զգացողություն էր, երբ բոլորս միասին էինք: Մի մեծ, ուժեղ ամբողջություն:

 

-Մեր պապերը մի օրհնանք ունեն. ասում են` յոթ որդով սեղան նստեք:

-Ծնողներս սեղան էին նստել յոթ որդիների, հինգ աղջիկների և 11 թոռների հետ: Ես մի երազանք ունեմ, ավելի ճիշտ` դա հորս երազանքն է, որ պիտի իրականացնեմ: Որդի պիտի ունենամ, որը կկրի հորս անունը, ազգանունը և հայրանունը` Բրուտյան Սարգիս Արշալույսի:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

 

 

Հայ զինվոր

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *