""« Հին Էրիվանի» մոտ տաքսուց իջավ ու քայլերն ուղղեց Ազատության հրապարակ: Հրապարակով մեկ տարբեր գույների ու չափերի վրաններ էին: Մի վրանում ինչ- որ երիտասարդ էր բարձր ձայնով մեկին բան բացատրում, մեկ ուրիշում երգում էին՝ կիթառի նվագակցությամբ, երրորդում՝ ծիծաղում: Մտահոգ չորս կողմը նայեց, ՆԱ ո՞ր վրանում կլինի, որտե՞ղ գտնել ՆՐԱՆ:
-Մուշտակով տիկին, մուշտակով տիկին:
Իրեն են կանչում: Երիտասարդ մի աղջիկ էր ՝ գրիչն ու բլոկնոտը ձեռքին.
— Ես լրագրող եմ, կարելի՞ է մի հարց:
— Ցավում եմ, ոչ: Ես ուղղակի պատահական անցորդ եմ այստեղ:
Միայն լրագրողն էր իրեն պակաս: Առաջացավ խիտ շարքով շարված վրանների կողմը:
-Մուշտակով տիկին, մեկ րոպե:- Վրանից դուրս եկած կինը իրեն պարզեց եռացող թեյնիկը,- խնդրում եմ, թեյնիկը տվեք հրեն ծառի տակ հավաքված Կարոյենց խմբին: Ասացեք, շաքարավազ չկա, թող յոլա գնան, մինչև տղաները շաքարավազը բերեն:
Մոտեցավ Կարոյենց խմբին, տվեց տաք թեյնիկը.
-Ասաց, շաքարավազ չկա, թող յոլա գնան, մինչև տղաները բերեն:
Չէ, այստեղ էլ չկար: Իսկ եթե հարցնի՞: Երևի ճիշտն այդ է:
Մեկը արագ-արագ իր կողմ էր վազում՝հինգ-վեց տարեկան մի աղջնակի ձեռքից բռնած:
— Մուշտակով տիկին ջան, ինձ շտապ կանչեցին մամլո ասուլիսին մասնակցելու, խնդրում եմ, Հասիկոյին նայեք, շուտ կվերադառնամ,- ասաց , աղջնակի թաթիկը խցկեց ձեռքի մեջ, վազելով գնաց:
Շիվարած նայեց փոքրիկին:
-Մայրի՞կդ էր:
— Չէ, մորաքույրս է, մայրիկս քնած է, գիշերը հացի փռում է աշխատում, շատ է հոգնում, ցերեկը քնում է:
Ափի մեջ ջերմորեն սեղմեց թաթիկը: Ոչ, զգայականությանը տրվելու ժամանակը չէ, պետք է ՆՐԱՆ գտնել: Քայլեց աստիճանների մոտ հավաքվածների կողմը: Այստեղ տարիքով մարդը համառորեն ցանկանում էր վզից հանած տաք վզնոցը փաթաթել մի երիտասարդի վզին:
— Այ բալա, գիշերն էլ այստեղ ես մնում, ցուրտ է, մրսել ես, ձայնդ էլ խռպոտվել է;
— Լավ էլի, պապ, թող գնա, խայտառակ ես անում,- դժգոհում էր երիտասարդը:
-Հայկի Միսակ պապն է,- ժպտաց աղջնակը: Ինքն էլ ժպտաց:
-Բոլորին ճանաչու՞մ ես:
— Չէ, նորեկներին չգիտեմ,- նորից լրջացավ աղջնակը:
Քայլեց դեպի հրապարակի հակառակ ծայրը: ՆԱ չէր երևում:
-Տիկին, մուշտակով տիկին:
Ծանոթ ձայն է: Աստված իմ, բոլորից քիչ նրան կցանկանար հանդիպել: Շուռ եկավ: Այո, քույրն էր:
—Մանու՞շ,- քույրը զարմանքից քարացավ,- դու այստե՞ղ:
Արագ մի հայացք նետեց աղջնակին;
— Հասիկո՞: Չեմ հասկանում, էս Գոհարի քրոջ աղջի՞կը քեզ հետ ինչ գործ ունի:
— Գոհարը գնաց մամլո ասուլիսի, խնդրեց, որ Հասիկոն ինձ մոտ մնա, մինչև վերադառնա:
— Հասիկո, արի այստեղ,-երեխայի ձեռքից դեպի իրեն քաշեց քույրը, ապա դարձավ իրեն,- իսկ դու ասա, թե ինչ գործ ունես այստեղ, ինչու՞ ես եկել: Իսկ գուցե պատգամավոր ամուսինդ ուղարկել է հետախուզությա՞ն;
— Հեգնանքդ տեղին չէ, Սոնիկ: ՆՐԱ համար եմ եկել:
— ՆՐԱ՞, բայց դու…
— Մի շարունակիր, երեկ լուրերով տեսա, որ հարթակում ելույթ ունեցողների կողքին նաև ՆԱ էր կանգնած: Ես իսկույն ճանաչեցի, չժխտես:
Քույրը անսպասելիությունից քարացել էր:
-Բայց…
-Ոչ մի բայց, ես նրան պետք է տեսնեմ:
-Մանուշ, հանգստացիր, նախ ՆԱ հիմա այստեղ չէ, առավոտյան տղաների հետ շրջաններ է գնացել: Հետո էլ, իսկ նա ուզու՞մ է քեզ տեսնել: Ախր, ի՞նչ ունես նրա հետ, ամուսնուդ ի՞նչ պատասխան ես տալու:
-Ամուսնուս հարցը թող, իսկ նրան ե՛ս եմ ուզում տեսնել,- աչքերը լցվեցին, կոկորդը սեղմվեց, ձայնը խեղճացավ,- Սոն, նԱ պետք է իմանա Արամի մասին;
— Չէ, դու իրոք, խելագարվել ես;
-Սոն , ՆԱ պետք է իմանա, որ Արամը իր որդին է:
Քույրը շվարեց, ինքն էլ ասելու ոչինչ չուներ: Հասիկոն մեկ մեկին էր նայում, մեկ՝ մյուսին:
-Լավ, առավոտյան արի, ՆԱ այստեղ կլինի,- քրոջ ձայնը դողում էր, բայց զգաց, որ դիմացինի որոշումը վերջնական է՝ ՆԱ պիտի իմանա:

. . .

-Եկա՞ր,- օճառի փրփուրը երեսին՝ լոգարանից դուրս նայեց ամուսինը,- ու՞ր էիր, շտապ սպիտակ վերնաշապիկ տուր, նախագահի մոտ խորհրդակցության ենք:
Արդեն լոգարանից նորից ձայնեց.
— ՈՒ՞ր էիր:
Ի՞նչ պատասխանի, ու՞ր էր:
— Մայրս էր վատացել, նրա մոտ էինք:
— Օ՜, հավանաբար հեղափոխական քույրիկդ էլ այնտեղ էր: Դե, հասցրե՞ց ուղեղդ լվանալ:
Ամուսնու ձայնը լսելու տրամադրություն չունի:
— Այ մարդ, ասա, ի՞նչդ էր պակաս,- շարունակեց ամուսինը,- ասացի, կմիջնորդեմ, ամբիոնի վարիչ նշանակեն, արհամարհեց, թե՝ ինձ պետք չի; Հեչ էլ պետք լինի, գնա միացի լակոտ-լուկուտին, հեղափոխություն-հեղափոխություն խաղա:
Ինչ լավ էր, սափրվելը արագ վերջացրեց, հագնվեց ու դուրս եկավ:
— Չսպասես, գիշերը երևի տուն չգամ, արտակարգ իրավիճակ է:
…….

Գիշերը մնաց բազմոցին քնած: Առավոտյան վեր թռավ տեղից, գտավ վաղուց չօգտագործվող մեծ պայուսակը: Պահարանից հանեց ողջ շաքարավազը, տանը ինչ քաղցրեղեն կար, լցրեց տոպրակները: Հետո հագուստի պահարանից գտավ -հանեց Արամի ձմեռային տաք ձեռնոցներն ու մի քանի տաք վզնոցներ: Բոլորը դասավորեց մեծ պայուսակում: Նայեց ժամացույցին՝ չէ, շուտ չէ, հենց հիմա էլ կգնա: Հագնվեց ու դուրս եկավ:

…………….

Տաքսուց իջավ, ծանր պայուսակը քաշ տալով, հասավ քրոջ վրանին:
Քույրն աչքերին չէր հավատում;
— Լսիր, չէ դու իսկապես խելքդ գցել ես, սա ի՞նչ է նշանակում:
— Դե, իմացա, որ շաքարավազ երեկ չկար, մի քիչ էլ քաղցրեղեն է: Հա, այս տաք վզնոցներն էլ կտաս տղաներին, տեսա, որ մի քանիսը թեթև էին հագնված, գիշերը ցուրտ է լինում:
Քույրն անխոս նշան արեց, որ իրեն հետևի:
— Հրեն, ՆԱ այն կանաչ վրանի մոտ խմբվածների մեջ է:
Այո, ՆԱ է, ինքն էլ տեսավ, ճանաչեց նրան: Բայց ինչպե՞ս մոտենա, ի՞նչ ասի: Անօգնական նայեց քրոջը:
— Գնա, մոտեցիր,- սրտապնդող ձայնով ասաց քույրը:
Վեցերորդ զգայարանով ՆԱ զգաց իրեն սևեռված աչքերն ու հետ նայեց: Հայացքներով հանդիպեցին: Ինքն զգաց, որ սկսում է փոշմանել գալու համար, ավելի ճիշտ՝ խուճապի է մատնվում: Ի՞նչ անի, ձա՞յն հանի, քա՞յլ անի: չհասցրեց ոչինչ որոշել, ՆԱ թափով մոտեցավ, թևանցուկ արեց.
-Գնանք,- ցույց տվեց մոտակա սրճարանը:

……….
Լուռ նստեցին դեմ դիմաց: ՆԱ ոչինչ չէր հարցնում, ինքն էլ ոչինչ չէր խոսում: Նայում էր, հայացքով շոշափում դեմքի ամեն մի մասը, ծալը: Փոխվել էր, այն էլ ՝ բավականին, բայց էլի նույնն էր, նույն հարազատը, սիրելին: Ախ, ինչպես կպատմեր ՆՐԱՆ իր կարոտի մասին, իր տառապանքների մասին:
-Գիտեմ, ինչ ես ուզում լսել: Եկել եմ անցյալի սխալներիցս մեկը ուղղեմ, որ կարողանամ ինքս ինձ հետ գոնե մի հարցում հաշտ ապրեմ:- Մատուցողից կրակվառիչ խնդրեց ու շարունակեց,- Ես եռամսյա հավաքներից փախա: Երիտասարդ էի, չէի հասկանում՝ Հայրենիքն ինչ է, Ազգն ինչ է, Հայն ո՞վ է: Մեծամիտ, վախկոտ տղա էի: Բայց շատ շուտ, կարճ ժամանակից հասկացա, թե ինչ եմ արել: Ես դավաճանել էի իմ Հայրենիքին ու հիմա ֆռֆռում էի Ֆրանսիաներում: Հասկանու՞մ ես, ես հանգիստ չունեի: Հիմա եկել եմ: Նորից դժվարին օրեր են Հայաստանում, ուժերիս ներածին չափով կպայքարեմ, օգտակար կլինեմ:
-Եռամսյա հավաքներից փախա՞ր, թե՞ ինձանից:- Ինքն էլ չպատկերացրեց, թե ինչպես ասաց այդ մեկ հատիկ նախադասութունը:
ՆԱ չէր սպասում նման հարցի, մի պահ շփոթվեց:
-Երևի ճիշտ ես: Եռամսյա հավաքները մահանա էին, դու ավելի ճիշտ ես, քեզանից փախա:
-Դու կարող էիր բացատրություն պահանջել ինձանից:
-Ի՞նչ բացատրություն այլևս, երբ հայրդ հայտարարեց, որ մի քանի օրից ամուսնանում ես արժանավոր մեկի հետ:- Շարունակեց հեգնախառն ժպիտով:- Հետաքրքիր է , հայրիկը գիտե՞ր, որ փեսան ապագա Ազգային ժողովի պատգամավոր է լինելու:
— Հեգնանքդ տեղին չէ: Հայրս ասաց, բայց դու փորձեիր թեկուզ վերջին անգամ ինձ հանդիպել, ի՛նձ լսել:
Լռեցին: Մի տեսակ անհարմար պահ ստեղծվեց: Թվաց, այլևս ոչինչ չունեն իրար ասելու: Բայց չէ՞ որ ինքն ունի ՆՐԱՆ ասելիք: Այ, հիմա ՆԱ կգնա, ու նորից չասվածը հանգիստ չի տա, գիշեր-ցերեկ կհալածի նորից իրեն: Թվաց, թե ՆԱ ցանկանում է տեղից վեր կենալ արդեն:
-Սպասիր,- անհանգիստ ու շնչակտուր հայացքը նրան հառեց՝ ողջ ընթացքում առաջին անգամ ուղիղ աչքերին նայելով: ՆԱ հասկացավ, կռահեց, որ ինչ-որ կարևոր, չասված բան կա:
— Չեմ շտապում, խոսիր:
Չի ստացվում, բառերը չի կարողանում դասավորել: Ինչի՞ց սկսի, ինչպե՞ս:
-Եթե դու չհեռանայիր, ես երբեք նրա հետ չէի ամուսնանա:- Դժվարությամբ սկսեց, հարկավոր էր շարունակել:
ՆԱ հարցական նայեց.
-Այսինքն: Այսքան տարի հետո դու ուզում ես, որ հավատա՞մ քեզ:
Ներքին ձայնը խեղդում էր՝ շարունակիր, շարունակիր, նա պետք է իմանա ճշմարտությունը:
-Ես չգիտեմ քեզ ի՞նչ է տալու այս խոսակցությունը, բայց այն ինձ պետք չէ:- Արդեն իսկապես վեր կենալու շարժում արեց:
-Սպասիր,- ինքն էլ չլսեց իր նվաղուն ձայնը,- սպասիր, խնդրում եմ:
-Տիկին, դուք ձեզ վա՞տ եք զգում, ջուր բերեմ,- երկուսին էլ սթափեցրեց մատուցողի ձայնը;
— Շնորհակալություն, խնդիր չկա, տիկինն արդեն լավ է:
-Գիտեիր, որ հայրս նրա ղեկավարն էր,- շունչ առավ, շարունակեց արդեն հաստատուն ձայնով:- Հայրս նրա ղեկավարն էր: Նրան հաջողվել էր իմանալ հորս ինչ-ինչ սխալ գործողության մասին, որը հայտնի դառնալու դեպքում հորս բանտարկություն էր սպասում: Հայրս խուճապի մեջ էր: Եվ հենց այդ պահն էլ նա օգտագործեց, հորս առաջ պայման դնելով՝ ինձ իրեն կնության տալ: Երբ իմացա այդ մասին, հորս ասացի, որ դա անհնարին է, եթե նա շարունակի պնդել, ես տանից կհեռանամ: ՈՒ հանկարծ իմանում եմ, որ դու հեռացել ես երկրից: Միայն մեկ տարի անց՝ իմանում եմ նաև քո և հորս խոսակցության մասին:
Մի պահ շունչ քաշեց, հասել էր ամենադժվարին պահը:
-Հետո՞: Իմացար երկրից գնացել եմ ու նրա հետ ամուսնանալն արդեն հնարավո՞ր դարձավ:
Հեգնական տոնը զայրույթի պոռթկում առաջացրեց :
— Ճիշտ է, ես դա արեցի հորս համար, բայց ավելի մի մեծ պատճառ ունեի:
Ընկճվածությունը, շփոթմունքը, վարանումը մի վայրկյանում չքացան: Ոտքի կանգնեց, վերցրեց պայուսակը: Սևեռուն նայեց նրա աչքերին.
— Ես չէի ուզում, սարսափում էի, որ իմ երեխան,- խորը շունչ քաշեց,- իմ ու քո երեխան պետք է անհայր ծնվի: Իսկ դու անվերադարձ հեռացել էիր երկրից:
ՈՒշքի եկավ դրսի սառը օդից: Վազեց շարված տաքսիների կողմը: Արդեն շարժվող տաքսու միջից նկատեց իր կողմը վազող քրոջն ու ՆՐԱՆ:
………

Զարմանքով նկատեց, որ տան դուռը բաց էր: Սիրտն անհանգիստ բան գուշակեց: ԵՎ իրոք, բազմոցին, զայրույթից սևացած դեմքով, նստած էր ամուսինը: Մի պահ շփոթվեց, չգիտեր ինչ ասել: Ամուսինը տեղից վեր կացավ:
— Դանակով մեջքիս ես հարվածում, հա՞:
Սարսռաց, ի՞նչ է իմացել, որտեղի՞ց:
— Օպերայի հրապարակից բերում են ինֆորմացիոն տեսաժապավենը, և ինչպիսի՜ անակնկալ՝ իմ կինը, իմ սեփական կինը տաքսուց քրոջ վրան է քաշ տալիս ուտելիքով ծանրաբեռնված տոպրակները:
Չէ, փառք Աստծո, չի իմացել;
— Քրոջդ դասընթացները իրենց արդյունքը տվեցին, հա՞,- շարունակեց ամուսինը,- դե, խոսիր, էդ բոմժերի, նարկոմանների, խուժանի համար ուտելիք էիր հա՞ հասցնում, ինձ էիր հա՞, ոտնատակ տալիս: Ես դա թույլ չեմ տա, ես շանսատակ կանեմ քեզ,- որքան ուժ ուներ թափահարեց կնոջ ուսերից:
— Բաց թող,- մի անասելի ուժ եկավ վրան, մի կողմ հրեց զայրույթից շնչակտուր ամուսնուն,- Նրանք բոմժ չեն, նարկոմաններ չեն, նրանք ընդամենը պայքարում են իրենց իրավունքների համար, այդ դուք եք գող, ավազակ ու կաշառակերները, որ ժողովրդին հասցրել եք այս օրվան:
-Ի՜նչ, կաշառակե՞ր: Այդ, որ թաղվել ես ոսկու ու ադամանդների մեջ, ինչու՞ երբևէ չես հիշել այդ կաշառքի, գող ու ավազակության մասին: Այդ, որ այս մուշտակը հագնում ու շորորում ես Երևանի փողոցներով, ինչու՞ երբևէ չես հիշել այդ բոմժերի իրավունքների մասին:
Բազկաթոռի վրայից վերցնելով՝ կնոջ վրա շպրտեց մուշտակը:
— Լավ, ես հիմա քո ժամանակը չունեմ,- ծոցագրպանից ինչ-որ բան հանեց գցեց սեղանին,- վարորդս կգա հետևիցդ, գիշերվա չվերթով թռչելու ես Մոսկվա, Արամը քեզ կդիմավորի:- Գնաց դեպի դուռը, նորից հետ վերադարձավ,- թող այսօրը անցնի, ես քո հետ հետո կխոսեմ, դու սա էսպես հեշտ չես մարսի:

Բազմոցի անկյունում կծկված՝ ուշադիր հաշվում էր հեռախոսի զանգերը՝ քսան, երեսուն, հիսուն անգամ: Մեխանիկորեն վերցրեց այն, քույրն էր:
-Մանու՞շ, որտե՞ղ ես, ինչու՞ չես պատասխանում զանգերին: ՆԱ նույնպես շատ անհանգստացած է:
— Սոն, Մոսկվայի տան հեռախոսի համարը տուր իրեն, թող անպայման զանգի,- ասաց ու առանց սպասելու քրոջ խոսքին՝ անջատեց հեռախոսը: Պատրաստվել էր պետք:

Ինքնաթիռում մի անասելի թմրություն իջավ վրան, աչքերն իրեն-իրեն փակվեցին: Արթնացավ ուղեկցորդուհու ձեռքի հպումից.
-Տիկին, մուշտակով տիկին, պատրաստվեք վայրէջքի:

Սպասեց, մինչև բոլորը առաջ գնացին: Դուրս եկավ վերջինը: Նայեց մոսկովյան գորշ ու մռայլ երկնքին , հետո՝ ժամացույցին, Երևանի ժամանակով ժամը յոթն էր: Հիշեց, որ այսօր գարնան առաջին օրն է՝ 2008 թվականի մարտի 1-ը: Անբացատրելի մի սարսուռ անցավ մարմնով:

Մելանյա Պետրոսյանց