""Այսօր Մունդիալ-2018-ում գրանցվեց ամենագոլառատ հանդիպումը: G խմբում Բելգիայի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ, այս անգամ` Թունիսի ընտրանու հանդեպ: Գրանցվեց 5:2 հաշիվը, ինչը Բելգիայի հավաքականին թույլ տվեց նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր:

Ուշագրավ է, որ բելգիացիների հարձակվող Ռոմելու Լուկակուն այսօր դարձավ երկու գնդակի հեղինակ` ընդհանուր հաշվով իր ակտիվում գրանցելով չորս գնդակ և հավասարվելով առաջնության լավագույն ռմբարկու պորտուգալացի

Կրիշտիանու Ռոնալդուին:

Կանխատեսվում է, որ G խմբց 1/8 եզրափակչի մյուս ուղեգիրը վաղը կնվաճի Անգլիայի հավաքականը: Համենայն դեպս, անգլիացիներն ակնհայտ ֆավորիտ են Պանամայի հետ խաղում:

F խմբում փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց Մեքսիկայի հավաքականն, որն առաջին տուրում աշխարհի չեմպիոն Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո այսօր կարողացել է համեմատաբար հեշտ հաղթանակ տանել Հարավային Կորեայի ընտրանու հանդեպ` 2:1 հաշվով:

Դրամատիկ պայքարում անցավ խմբի մյուս` Գերմանիա-Շվեդիա հանդիպումը, որտեղ աշխարհի գործող չեմպիոնները 2:1 հաշվով կամային հաղթանակ տարան, ընդ որում` խաղադաշտում մնալով տաս հոգով:

Գերմանիայի հավաքականը հաղթահարել է հոգեբանական ճգնաժամը և գրեթե կանխատեսելի է, որ հաջորդ տուրում հաղթանակ կտանի խմբի հետնապահ Հարավային Կորեայի նկատմամբ և կնվաճի 1/8 եզրափակչի ուղեգիր:

Մեր ընթերցողները Ռուսաստանի տարբեր քաղաքների մարզադաշտերում հիմնականում տեսնում են լեփ-լեցուն տրիբունաներ և նրանց հավանաբար կհետաքրքրի, թե ինչ արժեն դիտարժան խաղերի տոմսերը:

ՖԻՖԱ-ն այս առաջնությունում դարձյալ տոմսերի գների և վաճառքի դիֆերենցված համակարգ է մշակել:

Խմբային խաղերի համար տոմսերն արժեն 105-ից 210 դոլար, ռուսաստանցիների համար` 1280 ռուբլի:

Փլեյ-օֆֆի խաղերում տոմսերի գներն աճում են` եզրափակչի համար հասնելով 450-ից 1100 դոլար, ռուսաստանցիների համար` 7040 ռուբլի:

Սակայն ՖԻՖԱ-ն մշակել է տոմսերի վաճառքի այնպիսի սխեմա, որն, ըստ էության, լեգիտիմանցում է կոռուպցիոն ռիսկերը` թույլ տալով, որ տոմսերն իրականում վաճառվեն աստղաբաշխական գներով: Բրազիլիա-Կոստա-Ռիկա հանդիպման մեկ տոմսը դոլարային արտահայտությամբ արժեցել է մոտավորապես 6100 դոլար կամ 387041 ռուբլի:

Պատկերացնել կարելի է, թե ինչպես են թալանվում ֆուտբոլասերները` դիտարժան խաղերը դիտելու համար: Ի դեպ, Swiss Appraisal-ի փորձագետները հաշվել են, որ ընթացիկ առաջնությունում ՖԻՖԱ-ի եկամուտները ռեկորդային են լինելու` կազմելով 6,4 միլիարդ դոլար:

1in.am