""Դժվար է ասել` պատահականությո՞ւն էր, թե՞ ճակատագրի հեգնանք, սակայն 1/8 եզրափակչի մեկնարկային երկու խաղերը դարձան Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի հեռակա մրցակցության հերթական առիթը: Երկու աստղերն էլ իրենց ակտիվում ունեն բոլոր հնարավոր մրցանակները, գավաթները` բացի աշխարհի չեմպիոնությունից: Այսօրվա հեռակա մրցակցությունում երկուսն էլ պարտվեցին. Արգենտինայի և Պորտուգալիայի հավաքականները լքում են աշխարհի առաջնությունը` անկատար թողելով համաշխարհային մեծության երկու աստղերի չեմպիոնական երազանքները:

«Կազան արնայում» մրցեցին Ֆրանսիայի և Արգենտինայի հավաքականները: Առաջին խաղակեսը համառ դիմակայության արդյունք էր. ֆրանսիացիների առաջատար Անտուան Գրիզմանը 13-րդ րոպեին անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը, սակայն թիմերը ընդմիջման գնացին հավասար հաշվով` Անխել Դի Մարիայի պատասխան գնդակի շնորհիվ:

Խաղի 48-րդ րոպեին շատերին թվաց, թե Մեսսիի թիմը բեկում է խաղի ընթացքը, երբ Արգենտինայի հավաքականի խաղացող Գաբրիել Մերկադոն հաշիվը դարձրեց 2:1: Խաղում ինտրիգը պահպանվեց նույնիսկ այն ժամանակ, երբ 57-րդ րոպեին ֆրանսիացի Պավարը հավասարեցրեց հաշիվը:

Արգենտինա-Ֆրանաիայի խաղի իսկական հերոսը դարձավ Կիլիան Մբապեն, որը բառացիորեն հինգ րոպեի ընթացքում երկու անգամ գրավեց Մեսսիի թիմի դարպասը` վճռելով խաղի ելքը: Խաղավարտին արգենտինացիները խփեցին հեղինակության գնդակը` հաշիվը դարձնելով 3:4, սակայն այդ հանգամանքը որևէ կերպ չի սփոփում Մեսսիին և նրա միլիոնավոր երկրպագուներին:

Սոչիի «Ֆիշտ» մարզադաշտում տեղի ունեցած Պորտուգալիա-Ուրուգվայ խաղում դարձյալ կար հերոս, որը սակայն Ռոնալդուն չէր, որն այսօր ցուցադրեց խիստ անարդյունավետ ֆուտբոլ: 1/8 եզրափակիչի երկրորդ խաղում փայլեց Ուրուգվայի հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանին, ով 7-րդ և 62-րդ րոպեներին գրավեց մրցակցի դարպասը: Ռոնալդուի թիմը մրցակցի երկու գնդակներին պատասխանեց մեկով` լքելով առաջնությունը:

Անշուշտ, առաջնության համար մեծ կորուստ է Մեսսիի և Ռոնալդուի բացակայությունը, սակայն, հանուն արդարության, պետք է խոստովանել, որ այսօր ուժեղ էին Ֆրանսիայի և Ուրուգվայի հավաքականները, որոնք կհանդիպեն քառորդ եզրափակիչում:

1in.am