ԱԱԾ-ի կողմից վերջին օրերի բացահայտումները՝ ինքնահռչակ գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատներում արված խուզարկությունների արդյունքը մեր հասարակությանը հուսահատության գիրկը նետեց:

Մարդիկ անհանգիստ են, ովքե՞ր են տնօրինել ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ հավաքված օգնությունները, որտե՞ղ են դրանք:

Ու քանի որ Մանվել Գրիգորյանի ու Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկա, ով այդ ժամանակահատվածում Սյունիքի մարզպետ էր վերանշանակված, միջեւ տարբերությունը քիչ է, առաջին մտահոգություն հայտնողներից էին գորիսեցիները:

Պարզվում է, այդ օրերին Սուրիկ Խաչատրյանի նախաձեռնությամբ ստեղծվում է հանձնաժողով, որի կազմում լինում են՝ ինքը՝ Լիսկան, բարերարներ՝ Գառնիկ Սարգսյանը, Ժորա Ալեքսանյանը, Գորիսի այն ժամանակ քաղաքապետ Վաչագան Ադունցը, Գորիսի ԵԿՄ պատասխանատու Սուրիկ Բաղդասարյանը: 

Արարատ ԲԲԸ բանկի Գորիսի մասնաճյուղում, Գառնիկ Սարգսյանի անունով բացվում է հաշվեհամար, որը հրապարակվում է: Ընդհամենը 2 օրում, կանխիկ եւ բանկային փոխանցումների միջոցով հավաքվում է 25 մլն դրամ օգնություն, որից 18 մլն դրամը 04/04/2016թ-ի կանխիկացվում է՝ սնունդ եւ տնտեսական ապրանքներ ձեռք բերելու համար: Օգնությունը հասե՞լ է հասցեատերերին, թե՞ ինչ-որ մեկի նկուղում է, հետաքրքրված են գորիսեցիները:


Մենք ձեռք ենք բերել փաստաթղթեր, որտեղ երեւում են, թե ինչպես է ծախսվել 18 մլն դրամը: Ապրանքների ձեռք բերման ցուցակներն ուսումնասիրելուց հետաքրքիր փաստ արձանագրեցինք.

Հավաքված գումարից  328 հազար դրամ (ընդհանրացված) բաժին է հասել Սուրիկ Խաչատրյանի վարորդ Նիկոլին՝ վառելիքի ծախսի համար, թե ի՞նչ ծառայության համար, նշված չէ: Ավելին՝ մի հատ էլ 5 հազար դրամ սպայական գլխարկ ձեռք բերելու համար: 

ԵԿՄ Գորիսի նախագահ Բաղդասարյան Սուրիկին՝ 115 հազար վառելիքի եւ 154 հազար ու եւս 200 հազար դրամներ, ինպես նշված է՝ մանր մունր ծախսերի համար: 

Որպեսզի ընթերցողի մոտ տպավորություն չստեղծվի, որ Սուրիկ Բաղդասարյանին ու Նիկոլին վառելիքի գումար տրվել է, որպեսզի օգնություն հասցնեն, նշենք, որ այդ ցուցակներում առանձին տողերով նշված է նաեւ տաքսիների ու առանձին վառելիքի գումարներ, որոնք ուղղվել են օգնություն բաժանող վարորդներին, որոնք մի քանի տասնյակ հազարների են հասնում:

Անհեթեթ ծախսերի շրջանակում աչք ծակեց նաեւ այն, որ քառօրյա պատերազմի օրերին նախաձեռնող խումբը 50 հազար դրամով ձեռք է բերում գովազդային պաստառներ՝ դիրքերի համար: Թե հատկապես ի՞նչ էին գովազդում այդ օրերին, եւ ու՞մ պայծառ ուղեղն է որոշել գովազդային վահանակ ու պաստառ ձեռք բերել, ցուցակում նշված չէ: «Հե՜յ լավ մանրուք, ասեղ, ուլունք…»… Կազմակերպիչների միտքն այնքան վեր է սլացել, որ թեժ մարտերի օրոք զինվորների համար՝ թղթախաղ, գրիչ ու բլոկնոտ, մոմ են գնել:

http://scontent.fevn2-1.fna.fbcdn.net/v/t1.0-9/35748048_873309086190603_2412020991682150400_n.jpg?_nc_cat=0&oh=da9b2d23680941c1c882613d3d34271c&oe=5BABCF16 />

Եթե այսքանից հետո կհետաքրքրի, թե ի՞նչ է ուղարկվել դիրքեր, դժվար չէ թվարկել՝ վաֆլի, պեչենի, մոծակի դեղ, «լավրովի լիստ», պահածոներ, սոխ, սխտոր եւ այլն: 18 մլն դրամից ոչ մի արժեքավոր ապրանք չկարողացանք առանձնացնել, որը այդ օրհասական պահին կծառայեր բանակին: Մի երկու «պալասավոյ, էլեկտրոդ ու բալգարկա», որոնց ընդհանուր թիվը կազմում է Նիկոլին հատկացված վառելիքի գումարի ուղիղ կեսը: Գիտակցվա՞ծ է մսխվել գումարները, հասե՞լ են տեղ մոծակի դեղերն ու «լավրովի լիստերը», սոխերն ու սխտորները, թե՞ ոչ. սա այլ հարց է: Ոչ մի փաստաթուղթ չկարողացանք գտնել, որ այդ ապրանքը հասել է հասցեատերերին:

Իսկ վերջին օրերին ստեղծված անվստահության մթնոլորտը ստիպում է կարծել, որ ցուցակը կազմված է Գորիս քաղաքի խանութները մոնիտորինգ անելուց հետո: Իսկ գումարները հեշտ ու հանգիստ «լվացվել ու փոշիացվել» են: Հատկապես, որ կանխիկացված գումարների տնօրինությունը հանձնված է եղել Լիսկայի դրածոյին՝ Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցին, ով փող լվանալու հանդեպ առանձնապես մեծ սեր ուներ:

Կարծում եմ բոլորն են հիշում, թե ինչպես էր իր ղեկավարման 3 տարիների ընթացքում քաղաքապետը երեք անգամ քաղաքապետարանը վերանորոգել, շինարարական աշխատանքներն էլ իրականացվել էին  կնոջը պատկանող ընկերության կողմից:

Ինչեւէ: Վերադառնանք օգնություններին:

Ինչպես վերը նշեցինք, բանկային հաշվից կանխիկացվել էր 18 մլն դրամը, իսկ մնացած 6 մլն դրամի ճակատագիրը գորիսեցիների համար անհայտ է մնացել: Այս առնչությամբ հարց ուղղեցինք հաշվեհամարի տիրոջը՝ Գառնիկ Սարգսյանին:

-Պետք է նշեմ, որ հաշվի վրա ոչ թե 6 մլն դրամ է, այլեւ՝ 5,5 մլն դրամ եւ 3 հազար ԱՄՆ դոլար կա, հենց այս պահին: Մեզ առաջարկվել է, որ այդ գումարով ավտոմեքենա ձեռք բերենք ԵԿՄ Գորիսի տարածքային գրասենյակի ղեկավարի համար, սակայն ես եւ Ժորա Ալեքսանյանը մերժել ենք այդ առաջարկը:

-Այդ դեպքում, ի՞նչ նպատակով է այդ գումարը մնացել ձեր հաշվին:

-Դա որպես ավանդ է հաշվին, տոկոսներ են ավելանում, իսկ մենք սահմանամերձ գոտի ենք համարվում, Աստված մի արասցե նոր պատերազմի դեպքում մենք արդեն ֆիքսված գումար կունենանք մեր հաշվի վրա, եւ այն կծառայեցնենք կոնկրետ նպատակի համար:

Իսկ գումարը հավաքած տարբեր ենթակառուցվածքների ղեկավարեր ու անհատներ տարակուսած են. «Մենք գումար ենք հավաքում սահամանի համար, իրենք տանում բանկում քնեցնու՞մ են: Թող մի բան ձեռք բերեն այդ գումարով, թե՞ մեզ էլի պետքա հիմարացնեն, թե բանակն ամեն ինչով ապահովված է»,- զայարնում են գորիսեցիները:

Հուսանք կվերականգնվի ազգիս հավատքը առ իշխանավորների եւ այլեւս պատերզմ չի լինի, եւ գումարը  կծախսվի ոչ թե «մոծակների ու մլակների» դեմ պայքարի, այլեւ մեր երկրի զարգացման ու շենացման վեհ նպատակների համար: 

hzham.am