Կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակադարձեց բոլոր այն պնդումներին, թե երկրում ձևավորվել է երկիշխանություն։

Եթե Փաշինյանի ընտրվելուց հետո շատերը նշում էին, որ Հանրապետական կուսակցությունը, միևնույն է, խորհրդարանում ունի մեծամասնություն և կկարողանա կառավարության կամ «Ելք» խմբակցության ցանկացած նախագիծ տապալել, ապա հիմա, երբ ՀՀԿ-ն փաստացի կորցրեց նաև մեծամասնությունը խորհրդարանում, նման պնդումներ անելը տեղին չէ։ Խնդիրը թերևս մնում է դատաիրավական համակարգը, չնայած քաղաքական հնչեղություն ստացած մի շարք գործերում արդեն տեսնում ենք նահանջ, և ազատ են արձակվում նույնիսկ «Սասնա ծռեր»-ի անդամները, այդուհանդերձ, մի շարք այլ դեպքերում դատավորները շարունակում են գործել նախկին իշխանությունների օրոք հաստատված կանոններով և, առ այսօր ազատության մեջ չէ, օրինակ, «Տոնածառի» գործով դատապարտված Գևորգ Սաֆարյանը, Ժիրայր Սեֆիլյանը և մյուսները։ Չնայած համացանցում առկա աղմկահարույց տեսանյութերին, Մասիսի քաղաքապետը, փոխքաղաքապետը ազատության մեջ են։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքագետ Լևոն Շիրինյանը համաձայնեց վարչապետ Փաշինյանի այդ դիտարկմանը, որ երկրում չկա երկիշխանություն. «Հիմա պարզապես նրանք դիմադրում են՝ երաշխիքներ ստանալու համար։ Պաշտոնյաներից շատերը, որոնք թաթախված են Սերժի ռեժիմի մեջ, երաշխիք են ուզում, որ չեն ձերբակալվի։ Բայց հեղափոխությունը բարոյական արժեք է, և այն այնքան բարձր արժեք է, որ դատավորների ու դատախազների ուղեղին չի հասնում։ Նրանցը սովորական ուղեղ է ու ի վիճակի չէ դա հասկանալ։ Հիմա ուղղակի ժամանակ են ձգում»,- ընդգծեց նա։

Շիրինյանը շարունակում է. «Ո՞նց կարող է Հայաստանում երկիշխանություն լինել։ Գերկենտրոնացված պետական համակարգը ստեղծել էր Սերժ Սարգսյանը, բայց դա հիմա իրենց դեմ է աշխատելու։ Դատական համակարգը ընդամենը կարող է դանդաղեցնել երկրի զարգացման հեռնակարը, բայց երկիշխանություն ստեղծել չի կարող։ Ժամանակի հարց է, դատախազն էլ է ձգում։ Որ օրը դատախազը հրաժարական տվեց, նրա ընկերներն ու մյուսները ևս կգնան։ Նաև ուրիշ բան ասաց՝ եթե դատախազներն ու դատավորները չկողմնորոշվեն, քրեակատարողական հիմնարկն իրենց է սպասում։ Ես համաձայն եմ՝ ում իրենք դատել են, այդ խցերը կազատվեն։ Հայաստանի պետականությունը հետդարձի ճանապարհ չունի ու չի կարող այլևս թաթախվել սերժառեժիմի մեջ։ Դա հնարավոր չէ։ Խելք ունենան՝ առանց երաշխիքի կհրաժարվեն կգնան։ Չե մի՞ երկիշխանություն, նման բան չկա։ ՀՀԿ-ն բարոյապես ոչնչացված է, այլևս ջլատված են, մնում է հայտնվեն քաղաքական դագաղի մեջ»։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը այլ կարծիք ունի։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Համբարյանը նշեց՝ վարչապետ Փաշինյանը փորձում է որքան հնարավոր է այդ երկիշխանությանը վերջ տալ, բայց դրա առկայությունը լիովին հերքել հնարավոր չէ. «Իրոք կան ոլորտներ, որոնք ամբողջությամբ նախկին իշխանությունների ձեռքում են՝ լինի դա Աղվան Հովսեփյանի գլխավորած Քննչական կոմիտեն, լինի դա գլխավոր դատախազը, թե Սահմանադրական դատարանը։ Գիտեք՝ Հրայր Թովմասյանը Սերժ Սարգսյանի մտերիմն է, նաև մեր «բարեփոխված» Սահմանադրության հեղինակներից մեկը»։

Համբարյանը շարունակում է. «Պետք է նշեմ, որ որքան էլ ՀՀԿ-ն կորցրեց մեծամասնությունը, միևնույն է, Փաշինյանն իրեն չի կարող ազատ զգալ։ Հիմա պարադոքսալ իրավիճակ է, ընդամենը 9 պատգամավոր ունեցող ուժն իր ձեռքում է պահում իշխանությունը ու, չունենալով սեփական պատգամավորների անհրաժեշտ քանակ խորհրդարանում, չի կարող իրեն անվտանգ զգալ։ Այո՛, ԲՀԿ-ն ՀՅԴ-ն ու «Ելք»-ը, ինչպես նաև Հանրապետական կուսակցության որոշ պատգամավորներ, Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկած օրինագծերին կողմ են քվեարկում, բայց ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այդ պատկերը չի փոխվի։ Հենց սրանով է պայմանավորված այն փաստը, որ Փաշինյանն ուզում է որքան հնարավոր է արագ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, բայց դրա համար, նախ, անհրաժեշտ է մեզ հրամցված Ընտրական օրենսգրքում կատարել փոփոխություններ»։

Քաղաքագետը շեշտում է՝ Նիկոլ Փաշինյանը մտածելու տեղ ունի. «Եվ որքան էլ հայտարարի, որ իշխանությունն ամբողջությամբ իր ձեռքում է, այդպես չէ, նորմալ երկրներում կառավարության թիկունքում ԱԺ-ում կանգնած է պարզ մեծամասնություն։ Հիմա ասել, որ նա կարող է ամբողջությամբ իրավիճակը վերահսել երկրում՝ տեղին չէ, բայց այն որ փորձեր է անում շտկել իրավիճակը, երևում է։ Կա մեկ խնդիր ևս՝ որքան հասկանում եմ, Նիկոլ Փաշինյանն ու հատկապես ՔՊ-ն խիստ կադրային քաղց ունեն, որը բացահայտ երևում է, բայց հուսանք, որ նրա ծրագրերը կիրականանան, որովհետև հասարակությունն իրոք սարսափելի հուսալքված էր, ու այս թավշա հեղափոխությունը փրկության լույս էր»,- եզրափակեց նա։

1in.am