Մխիթարյանի կարծիքը «Լիվերպուլի» հետ խաղի մասին totoexpert.am

Հենրիխ Մխիթարյանն իր կարծիքն է արտահայտել նրա մասին, թե ինչ է պահանջվում կարևոր խաղերում հաղթելու համար, ինչպիսին կիրակի օրվա «Լիվերպուլի» դեմ խաղն է:

«Մանչեսթեր Յունայթեդի» աստղը կարծում է, որ այսպիսի խաղերում հաղթելու համար մի քանի գործոն կա, և ցանկանում է իր տեղը գտնել պատմության գրքերում՝ օգնելով Ժոզե Մոուրինյոյի թիմին հիշարժան արդյունք գրանցել երկրորդ տեղը զբաղեցնող մերսիսայդցիների դեմ:

«Բոլորը սպասում են կիրակի օրվա խաղին,- ասել է Մխիթարյանը:- Ես բաց եմ թողել «Լիվերպուլի» դեմ առաջին խաղն «Էնֆիլդում», բայց գիտեմ այս խաղի գինը: Գիտեմ այս խաղի կարևորությունը: Շատ լավ գիտեմ պատմությունը: Առաջին անգամ չէ, որ այսպիսի դերբիի եմ մասնակցելու, և այդ օրը պետք է պատրաստ լինես: Նշանակություն չունի, պիտի խաղաս թիմի համար և երկրպագուների համար, անես ամեն ինչ, որ հաղթես խաղում, որովհետև դա պատմության մեջ է գրանցվելու: Իհարկե, բացի այդ, մեզ անհրաժեշտ է այդ երեք միավորը, ինչը շատ կարևոր է հաջորդ մի քանի ամիսների համար»:

Երբ նրան հարցրին, թե՞ արդյոք խաղը կպահանջի ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական մեծ ջանքեր, Մխիթարյանը պատասխանեց. «Շատ բաղադրիչներ կան: Ոչ միայն ճնշումը, ոչ միայն այն, թե ինչպես են մարդիկ աշխատում այս խաղի համար: Դա թիմային աշխատանքն է, վերջին որոշիչ փոխանցումը, վերջին հարվածը, անցումները: Ամեն ինչ: Չես կարող ասել, որ պիտի այս բաղադրիչը բարելավես, որ հաղթես: Ոչ, մյուս բաղադրիչներն էլ պետք է բարելավել: Պետք է հաղթես բոլոր ճակատամարտերում, յուրաքանչյուր մետր կարևոր է, պետք է հաղթես քո մենամարտերում, հետո կտեսնես, որ խաղում էլ կհաղթես»:

Յուրգեն Կլոպը մարզել է Մխիթարյանին իր նախկին ակումբում՝ Դորտմունդի «Բորուսիայում», այնպես որ նա շատ լավ տեղյակ է «Լիվերպուլի» մարզչի ուժեղ կողմերի մասին:

«Յուրգեն Կլոպի հետ նրանք մեծ առաջընթաց են ապրել,- ասել է նա:- Ես նրան շատ լավ եմ ճանաչում: Նա մեծագույն մարզիչներից մեկն է և կարող է թիմին նոր մակարդակի հասցնել: Նրա թիմը շատ հետաքրքիր ֆուտբոլ է խաղում, և կարծում եմ՝ լավ խաղ է լինելու: Կարծում եմ՝ նա շատ լավ է աշխատում, խաղացողներին վստահություն է ներշնչում և նրանցից լավագույնն է ստանում: Դա նրա մոտ շատ լավ է ստացվում»:

totoexpert.am

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *