Թագավարակը (կորոնավիրուսը) մեծ թափ է առել Երկիր մոլորակում , և, կարելի է ասել, որ ապրում ենք պատմության մի ժամանակաշրջան, որտեղ իրենց անուրանալի ավանդն ունեն բժիշները: Ներկայումս բժիշները համարվում են հերոսներ, քանզի հազարավոր կյանքեր են փրկում, հույս ու ուժ են տալիս: Պետք է նշեմ, որ կան երդվյալ բժիշներ, որոնց աշխատանքը միշտ էլ ծանրաբեռնված ու պատասխանատու է եղել , ովքեր միշտ պատրաստ են՝օրվա ցանկացած ժամի սպասարկել հիվանդներին: Դյուրին չէ լրագրային փոքր հոդվածում տեղավորել բժշկի կատարած ծանր աշխատանքն ու հիվանդների երախտագիտությունը։Այսօրվա հերոսս մանկաբույժ,Ճարտարի տեղամասային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Հասմիկ Ղահրամանյանն է : Առօրյայում և աշխատանքում , առանց դիմակի նա նույնն է ՝ որպես մայր ,տատիկ ու բժշկուհի: Արհեստական և կաղապարված մտածելակերպ չունի բժշկուհին, այլ նվիրված աշխատում է, որպեսզի հավատարիմ մնա իր երդմանը: Նյութի մեջ կենսագրական տվյալների հոսք չեմ ստեղծի, քանզի , իմ կարծիքով, մարդու ամեն ապրած օր ևս մեկ անգամ վկայում է կենսագրության, ես կասեի՝ փայլուն կենսագրության մասին։
Անտրամաբանական նվիրված է իր աշխատանքին՝ թե՛ որպես մանկաբույժ, թե՛ որպես գլխավոր բժիշկ, որը տարիներ շարունակ, միայնակ Արցախի մեկ տասնյակ գյուղերի և Ճարտար քաղաքի բնակչությանն է սպասարկում: Ուղղակի ափսոսում է, որ նոր է սկսել ավելի շատ մտածել սեփական առողջության մասին։ Հիվանդի ցավը մտքում միշտ պահում է, օրվա մեծ մասն էլ անցկացնում է հիվանդանոցում։ Այսօրվա պես հիշում եմ, որ փոքր ժամանակ բժիշկ Ղահրամանյանի աշխատասենյակում շատ փափուկ խաղալիքներ կային, միշտ հիանում ու խաղում էի։ «Ժամանակաշրջանը փոխվել է, մարդկանց հոգեբանությունը բարդացել ու հետաքրքրությունների շրջանակները ընդլայնվել են»,-ասում է բժշկուհին։

-Բժշկուհի՛,ո՞ր օրն է հաջողված լինում ձեզ համար։
-Բժկի ուրախությունը հիմնականում կապված է հիվանդի շուտափույթ բուժման հետ։ Եթե հիվանդին կարողանում եմ օգնել և բուժել, ապա այդ օրն ինձ համար համարում եմ հաջողված։ Ամեն օր մարդ իր էությունն է դրսևորում ՝ լավ և վատ կողմերով։ Այդ ամենը գալիս է սեփական անձից։

-Բժշկուհի ՛, լինում են տարբեր մարդիկ , որ տարբեր խնդիրներով դիմում են Ձեզ։ Կխնդրեմ հիշեք և ասեք, թե ինչպիսի մարդկանց եք հաճախ հանդիպում։
-Ես մարդուն հավատում եմ։ Հավատում եմ նրա ուժին ու պայքարելու ներքին ձգտմանը։Շատ անգամ հենց դա է հաջողության գաղտնիքը հանդիսանում։ Մարդիկ տարբեր են , կարծքիները՝նույնպես։ Քանի մարդ՝այնքան կարծիք․․․վերջերս սկսել եմ ուշադրություն չդարձնել այդպիսի երևույթների, որովհետև մարդու հետ շփվում եմ ամենայն անկեղծությամբ՝ լինի հիվանդ, ընկեր, ծանոթ կամ անծանոթ։Միշտ խույս եմ տալիս շահամոլ և անբարեկիրթ մարդկանցից։ Աշխատանքիս բնույթն այնպիսին է, որ օրվա ընթացքում հանդիպում եմ և՛ գեղեցիկ, և՛ տգեղ բնավորությամբ մարդկանց։Սակայն համակերպվել եմ արդեն։

-Ունե՞ք այլ հետաքրքրություններ, որոնց մասին սիրում եք խոսել։
-Այնքան հետաքրքրություններ ունեմ, որոնց մասին ժամերով կարող եմ խոսել։Օրինակ ` շատ արվեստասեր եմ, երաժշտություն ու գրականություն եմ սիրում։ Այնպես չէ, որ ժամանակիցս շատ եմ հատկացնում , բայց չեմ էլ մոռանում կարդալ մեծերին։

-Ամեն անհնարին երևույթ կարելի է հնարավոր դարձնել։ Համամի՞տ եք։
-Կարծես՝ շատ բան անհնարին է թվում մեզ համար։ Ես հավատում եմ Աստծուն և ուժ եմ ներշնչում ինքս իմ մեջ։ Ամեն օր հազարավոր հրաշքներ են տեղի ունենում, որոնք շատերը չեն նկատում։ Քանի որ Աստծո գործերն անքննելի են , կարող եմ վստահ ասել, որ այո՛, հրաշքներ լինում են, իսկ անհնարին ամեն բան հնարավոր է դառնում։

-Հետաքրքիր է, Ձեր գործունեության ընթացքում զգո՞ւմ եք, որ պատասխանատվությունն ավելանում է , թե՞ ամեն ինչ սովորական է։
-Առաջ ինձ ճնշում էր պատասխանատվություն կոչվածը, իսկ հիմա նրա հետ ապրում եմ, շարունակում եմ լինել պատասխանատու, բայց չեմ թողնում , որ ինձ ճնշի։

-Ուսանողական տարիներին մտածե՞լ եք, որ կգա այսպիսի մի օր, որ կկարողանաք օգնել տասնյակ մարդկանց, բուժել և արժանանալ նրանց երախտագիտությանը։
-Ո՛չ, ընդհանրապես չէի մտածում այդ ուղղությամբ ու չէի պատկերացնում, որովհետև ես աներևակայելի երազող էի, գիտեի, թե այլ մոլորակ եմ գնալու , մտածել եմ տիեզերքի բժիշկ դառնալու մասին։ Երազում էի, որ կթռչեմ և այնտեղ կաշխատեմ։

-Հիվանդ-բժիշկ փոխհարաբերություններում ամենակարևոր գործոնը պացիենտի մոտ վստահությունն է: Ինչպե՞ս է ձեզ հաջողվում պահպանել այդ վստահությունը, ինչը, թերևս, դյուրին չէ։
-Ես իմ պացիենտներին սիրում եմ։Հուսահատ հիվանդի դեպքում ՝ զրուցում եմ, անկեղծ ու համառորեն ձգտում եմ, որ նրանք առողջանան։ Վստահությունն, ինձ թվում է, սիրո մեջ է։

-Ձեր բջջային հեռախոսը նաև ոչ աշխատանքային ժամերին է անհանգստացնում Ձեզ։ Ի՞նչ կասեք այս առումով։
-Հետաքրքիր ու անհարմար պահերի են լինում զանգերը, օրինակ, երբ թոռնիկիս քնեցնում եմ։ Բայց երբեմն էլ ջղայնանում եմ, որ անհամապատասխան հարցերի պատճառով են զանգում , բայց, մեկ է , բավականություն եմ ստանում, որ կարողանում եմ օգնել։

-Բժշկական սխալներից աշխարհում ոչ մի բժիշկ ապահովագրված չէ։ Խոսենք սրանից։
-Տարիներ առաջ այդ ամենը ես շատ սարսափելի էի ընդունում։ Ես միշտ փորձում եմ անել առավելագույնը ՝ չվնասելով հիվանդին։ Չի սխալվում նա, ով չի աշխատում։ Աշխատանքում բոլորն էլ ունենում են թերություններ։ Բայց խուսափում եմ այն իրավիճակներից, որոնք կարող են սխալներ առաջացնել։

Այսպիսի հետաքրքիր զրույց ունեցա բժիշկ Հասմիկ Ղահրամանյանի հետ։ Թո՛ղ բոլոր հիվանդներն առողջանան, իսկ Արցախ աշխարհը խաղաղ լուսաբացներ դիմավորի։

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ`ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ