ՄԻ ԲԺՇԿԻ ՊԱՏՄՈւԹՅՈՒՆ ( <<Օրենքով գողեր>> շարքից)

Մոտ 30 տարի առաջ էր։ Մեր գյուղի դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել էի բժշկական ինստիտուտ, արդեն հինգերորդ կուրսում էի։ Ծնողներս ապրում էին գյուղում, հողագործ մարդիկ էին, ինձ օգնելու առանձնապես հնարավորություն չունեին, բացի ինձանից, տանը եղբայր ու քույրեր ունեի, մեծ ընտանիքը ծայրը-ծայրին հազիվ յոլա էին տանում, մեկ-մեկ էլ՝ ինձ օգնում։ Մեր մի բարեկամ խոսել էր քաղաքի մանկապարտեզներից մեկի վարիչի հետ, ինձ աշխատանքի էին տեղավորել մանկապարտեզում, որպես գիշերային պահակ։ Մանկապարտեզի փոքրիկ պահակատանն էլ ապրում էի ու ինձ լավ էի զգում՝ աշխարհից անտեղյակ։
Երկրում ինչ-որ ներքին անհանգստություն էր զգացվում։ Լուրեր էին գալիս, որ Ղարաբաղի հայությունը պատրաստվում է ընդվզել ադրբեջանական իշխանությունների դեմ, դուրս գալ Ադրբեջանի կազմից, միանալ Հայաստանին։ Ճիշտն ասած, ես չէի խորանում այդ լուրերի մեջ, երազում էի ուսումս ավարտել, լավ վիրաբույժ դառնալ, ընտանիք կազմել, երեխաներ ունենալ, թեև, նույնիսկ սիրած աղջիկ չունեի, ոչ էլ սիրահարված կայի։ Մի խոսքով՝ իմ մասնագիտական դասերից դուրս, ոչ մի բան ինձ չէր հետաքրքրում։ Հիշում եմ այդ շրջանն ու ինքս ցավով ծիծաղում ինձ վրա։
Այդ օրը աշնան վերջերն էր։ Դրսում ցուրտ քամի էր, իսկ ես ձմեռային տաք հագուստ չունեի։ Ցրտից կապտած, դողդղալով հասա տուն, այսինքն՝ պահակատուն, միացրեցի էլեկտրական պլիտան, ու երկար ժամանակ ցուրտը դեռ դուրս չէր գալիս մարմնիցս, մտել էր ոսկորներիս մեջ։ Վախեցա, որ կարող էի հիվանդանալ, հիշեցի գյուղից բերած հորս քաշած թթի օղին, որ երբեմն պետք էր գալիս բժշկական սպիրտի փոխարեն։ Մի լիքը բաժակ լցրեցի այդ օղուց, հու՛, արեցի ու քաշեցի գլուխս։ Իհարկե, մարմինս իսկույն տաքացավ, իսկ ես չհասցրեցի անգամ գիտակցել, թե ոնց ընկա թախտին ու քնեցի։ Իհարկե, խմելուն անսովոր մարդիկ իմ վիճակը կհասկանան։ Գիշերվա մի պահի, աչքերս բացեցի ու հիշեցի, որ մանկապարտեզի դարպասը չեմ փակել, այն կրնկի վրա բաց էր մնացել։ Վեր թռա տեղիցս, վազեցի դուրս։ Ճաղապատ դռներն իրար վրա բերեցի ու մետաղալարով կապեցի։ Թող փակ լինի, փորձանք է, էլի, ի՞նչ իմանամ, հակառակի բան է, գողն էլ էդպիսի ցուրտ ու մութ գիշեր է ման գալիս։ Ցուրտ քամուց դողալով, ուզում էի հետ վազել պահակատուն, երբ պատի տակ մի թրըմփոց լսեցի, բայց հաջորդ պահին էլ վազող ոտքերի ձայն լսվեցին։ Արագ քաշվեցի դարպասի մութ անկյունն ու սեղմվեցի պատին։ Երկու տղամարդ վազելով մոտեցան դարպասին, շնչակտուր կանգ առան ու նայեցին դարպասից ներս։ Ձեռք տվեցին, տեսան, որ դարպասը մետաղալարով ամուր կապված էր։ Նրանցից մեկը ինչ-որ բան ասաց։ Ջոկեցի, որ հայերեն չէր, ադրբեջաներեն էր, ավելի սեղմվեցի պատին։ Մի րոպե կանգնելուց, ինչքան հնարավոր էր, բակն ուսումնասիրելուց հետո, հեռացան։ Ցուրտն էլ մոռացա, քամին էլ։ Պատին քսվելով, աննկատ հասա այն տեղը, որտեղից թրըմփոցի ձայնն առա։ Մոշի չոր թփերի մեջ մարդ էր ընկած։ Մատերս ծակծկելով, մոշի ճյուղերը մի կողմ տարա, կռացա։ Մարդն անգիտակից էր։ Ստուգեցի զարկերակը, շնչում էր, բայց ձեռքս արյունոտվեց։ Իսկույն հասկացա՝ վիրավոր էր։ Վերադարձա դարպասի մոտ, նայեցի, մարդ չկար, վազողները հեռացել էին։ Գնացի, բռնեցի վիրավորի թևատակերից, քաշ տալով, մի կերպ հասցրեցի պահակատուն, գցեցի թախտին։ Արձակեցի հագուստը։ Ուսամասից քիչ ներքև, աջ կողմում հրազենային վնասվածք ուներ։ Բախտը բերել էր, որ ձախ կողմից չէր, թե չէ՝ գնդակն ուղիղ սրտին կկպներ։ Բարդ վիճակ էր, գնդակը մնացել էր ներսում, արյունահոսում էր։ Խոստովանեմ, որ մի պահ շփոթվեցի, հետո մտքովս անցավ՝ զանգել շտապ օգնություն, բայց մի ներքին ձայն կանգնեցրեց՝ բժիշկ ես, մի քանի ամիս հետո վիրաբույժի դիպլոմ ես ստանալու, առաջին օգնություն ցույց տուր։ Արագ հանեցի բժշկական պայուսակս, որի մեջ քիչ թե շատ վիրաբույժին առաջին անհրաժեշտության գործիքներ, դեղեր կային, դրեցի թթի օղու շիշն ու․․․ սկսեցի։ Չգիտեմ՝ ինչքան տևեց, երբ մաքրեցի ճակատիս քրտինքն ու հոգնած ընկա ցածրիկ աթոռին։ Գնդակը հեռացրել էի, վերքը մշակել, տնային ասեղ-թելով կարել։ Լավ էր, որ այդ ընթացքում վիրավորը ուշքի չեկավ, ես հանգիստ իմ գործն արեցի։ Քիչ անց, <<հյուրս> ուշքի եկավ, տնքաց, բաց արեց աչքերն ու փորձեց նստել, բայց ես թույլ չտվեցի։
— Չի կարելի, դուք վիրավոր եք, գնդակը հեռացրել եմ, վերքը կարել, դուք պետք է պառկած մնաք։
— Որտե՞ղ եմ ես, դու ո՞վ ես,- հարցրեց անծանոթը։
— Հանգիստ եղեք, դուք մանկապարտեզի պահակատանն եք, ես էլ պահակն եմ, բայց մի քանի ամսից բժիշկ-վիրաբույժի դիպլոմ կստանամ արդեն։ Իսկ հիմա խմեք այս մի բաժակ օղին։
Բարձրացրեցի գլուխը, օգնեցի, որ օղին խմի։
— Ուզու՞մ եք, զանգեմ շտապ օգնություն։
— Չէ, չէ, պետք չէ, չեմ ուզում,- նրա ձայնի մեջ անհանգստություն զգացի։
Արդեն լուսադեմ էր, մտածում էի, թե առավոտյան ի՞նչ եմ անելու այս մարդուն, որ դասի գնամ։ Չգնալ չէի կարող, կարևոր ստուգարք էի հանձնելու։ Այդ մասին ասացի անծանոթին։
— Առավոտյան, քո դասի ժամին դուրս կգաս, մի տաքսի կբռնես, կվերադառնաս, տաքսին թող կանգնի պահակատան դռան մոտ, բայց դու մեջից չիջնես, ես դուրս կգամ։ Դու կգնաս քո դասին, ես՝ ուր ինձ պետք է,- ասաց նա։
Այդպես էլ, գոնե կես ժամ, ես աչք չկարողացա փակել, զարմացած էի մնացել, որ վիրավորը գոնե մի տնքոց էլ չէր արձակում։
Ժամը 8.30-ին դուրս եկա փողոց, դեռ մութ-մութ էր։ Կանգնեցրի անցնող տաքսին, ինչպես ասել էր անծանոթը, հետ եկանք մանկապարտեզ, անծանոթը դուրս եկավ, նստեց վարորդի կողքին, ասաց․
— Քշիր բժշկական ինստիտուտ։
Հասանք ինստիտուտ, տաքսին կանգնեց, միայն այդ ժամանակ անծանոթը գլուխը դժվարությամբ թեքեց իմ կողմը․
— Անունդ ի՞նչ է։
— Մհեր Սահակյան,- ասացի ու իջա մեքենայից։
2.
Ստուգարքներս հաջողությամբ հանձնեցի, Նոր տարուն մի քանի օրով գնացի գյուղ, վերադարձա, սկսվեցին կիսամյակային քննությունները։ Մնացել էր վերջին քննությունը վիրաբուժությունից, որն ընդունում էր հայտնի վիրաբույժ, պրոֆեսոր Ջանենցը։ Միջանցքում հավաքված կուրսեցիներս սպասում էին ամեն մեկն իր հերթին՝ շատերը վախվորած, անհանգիստ հայացքներով։ Հանաք-մասխարություն չէր, քննությունը վերցնում էր հենց պրոֆեսորը։ Որոշեցի առաջինը ես մտնել։ Մտա, ստուգարքային գրքույկս դրեցի սեղանին։ Պրոֆեսորը վերցրեց գրքույկս, բաց արեց, մտքում կարդաց անուն-ազգանունս, փակեց ու հետ մեկնեց ինձ։
— Գնա, սպասիր, վերջում կգաս։
Զարմացած ու շփոթված դուրս եկա՝ տեսնես ինչու՞։ Ինչու-ի պատասխանը չունեի ու չունեի։ Ձեռքս թափ տվեցի, մոտեցա պատուհանի մոտ հավաքված համակուրսեցիներիս փոքրիկ խմբին։ Կարոն, ինչպես միշտ՝ իր տարերքի մեջ, ոգևորված ինչ-որ բան էր պատմում՝ գողական աշխարհի հեղինակությունների հետ իր շփումներից։
— Էս Մասիսի ու Երևանի մի քանի իրենց <<լավ տղա>> կարծող ադրբեջանցիները որոշում, ելնում, գալիս են Ջրվեժի Ժիրոյի մոտ, թե՝ դու ողջ սովետի տարածքում ճանաչված, հարգված հեղինակություն ես, արի, մարդ ուղարկիր կամ ինքդ գնա Ղարաբաղ, հարթիր էդ միջադեպերը։ Մենք եղբայրական հանրապետություններ ենք, լավ չի, որ մեր երկու ազգերի մեջ թշնամություն ընկնի։ Թող ձեռ քաշեն Հայաստանի կազմի մեջ մտնելու մտքից։ Էդ պահին եկած ադրբեջանցիներից մեկն էլ էն կողմից, թե՝ նրանց բացատրիր, որ Ղարաբաղը եղել է ու կմնա Ադրբեջանի կազմում, քանի որ հին ադրբեջանական հող է։ Ժիրոն լուռ լսում է, հետո դառնում է սրանց, թե՝ Ղարաբաղը ում հող լինել-չլինելը թողնենք պատմաբաններին, թեև այստեղ նոր <<հայտնագործության>> կարիք չկա, բոլորս էլ, աշխարհն էլ գիտի, որ դա հայկական հող է, մենք չէ, որ այդ պիտի քննարկենք, ինչ վերաբերվում է գնալ, Ղարաբաղի ժողովրդին համոզելուն, էլի սխալ հասցեով եք եկել, այդ հողի վրա ապրող ժողովուրդն ինքն է որոշում իր անելիքը, դա մեծ քաղաքական հարց է, քաղաքականության մեջ մենք չկանք։ Ինձ նման հարցով այլևս չդիմեք։
Անցնում է մի երեք օր։ Ժիրոյի մոտ եկած ադրբեջանցիներն իրենց տեղը չեն գտնում, Ժիրոյից վիրավորված, անպայման ուզում են վրեժ լուծել։ Ո՞նց են հաջողացնում, Ժիրոյի շրջապատից մի <<հուդա>> են գտնում, Աստված գիտի, ինչեր են խոստանում սրան, որ Ժիրոյին խաբելով բերի, գցի իրենց ձեռքը։ Էս հուդան զանգում է Ժիրոյին, խաբում, թե Ռուսաստանից օրենքով գող էսինչն է եկել, մեր տանն է, ուզում է իրիկունը քեզ տեսնել։ Ժիրոն էլ՝ բա, լավ, կգամ։ Ուշ ժամի, կեսգիշերին մոտ, ժիրոն տաքսիով, մենակ գնում, իջնում է էս հուդայի տան մոտ, տեսնում է՝ մի 24 Վոլգա է կանգնած։ Ձեռքի լույսը գցում է՝ տեսնի, մեջը մարդ կա՞, տեսնում է մեքենայի հետևը տղամարդու մի կլոր գլխարկ է դրած, ինչը սովորաբար ադրբեջանցի տղամարդիկ են դնում, բայց ավտոյի մեջ մարդ չի լինում։ Ժիրոյիս սիրտը կասկած է ընկնում։ Դե, ով ճանաչում է կամ շփվել է, գիտի, որ Ժիրոյի մոզգը 1000-ի տակ է աշխատում։ Դարպասով չի մտնում բակ, թռչում է փայտի ցանկապատի վրայով, հետևի կողմից մոտենում է տան պատուհանին։ Հենց էդ պահին տանից մեկը դուրս է գալիս, մոտենում, որ ծառի տակ ջուր թափի, աչքն ընկնում է պատուհանից ներս նայող մարդուն, ձայն է տալիս։ Ժիրոն մտածում է, որ հիմա մենակ փախչելն իրեն կփրկի, քանի ներսիններն էլ դուրս չեն եկել։ Վազում, նորից ցանկապատից դուրս է թռչում։ Դուրս եկածը հասցնում է կրակել, էլ չգիտեմ, կրակոցը կպնում է, թե՝ չէ, գոռում է՝ հասեք, Ժիրոն փախավ։ Սրանք ընկնում են Ժիրոյի հետևից։ Մոտակայքում մանկապարտեզ է լինում, Ժիրոն մտնում, թաքնվում է մանկապարտեզի մոշի թփերի մեջ, սրանք էլ չեն գտնում։ Էդպես Ժիրոն փրկվում է։
— Կարո, լավ, էլի, հերիք էդ հեքիաթներդ պատմես, Ժիրոն օրենքով գող է, իսկ օրենքով գողի համար ազգություն, հայրենիք չկա, իրենք իրենց օրենքներն ունեն, քո Ժիրոն էլ մի հերթական գող է, դարձրիր ազգային հերոս,- բացականչեց տղաներից մեկը, ձեռքը թափ տվեց ու հեռացավ։
— Տո, դու ի՞նչ ես հասկանում գողական աշխարհի <<պանյատներից>>, արա, գնա գործիդ,- հեռացողի հետևից զայրացած կանչեց Կարոն։
Իսկ ես կանգնել էի՝ տեղում սառած, քարացած։ Ուրեմն՝ այն գիշերվա իմ փրկած մարդը օրենքով գող Ջրվեժի Ժիրոն է եղել։
Չգիտեմ, ժամերը ոնց անցան, բոլորն արդեն մտել, դուրս էին եկել քննասենյակից, միջանցքում միայն ես էի մնացել։ Մտա քննասենյակ, լսածիցս դեռ շոկի մեջ էի, մարմնիս դողը չէր անցել, գլխիս մեջ էլ Ժիրոն էր։ Ստուգարքային գրքույկս դրեցի, ձեռքս պարզեցի, որ տոմս վերցնեմ, պրոֆեսորը բռնեց ձեռքս։
— Պետք չէ, տոմս մի քաշիր, նստիր։
Այն վիճակում էի, որ արդեն զարմանալու զգացողությունն էլ կորել էր։ Պրոֆեսորը վերցրեց գրքույկս, բաց արեց ու համապատասխան տեղում գրեց՝ գերազանց, ստորագրեց, փակեց գրքույկն ու ժպիտով այն մեկնեց ինձ։
— Բայց․․․պրոֆեսոր,- հազիվ կմկմացի ես։
— Մհեր Սահակյան,- ավելի լայն ժպտաց պրոֆեսորը,- դու վիրաբուժությունից քո քննությունը գերազանց հանձնել ես այն օրը, երբ պահակատան պայմաններում, թթի օղու օգնությամբ, վիրավոր Ժիրայրի կրծքամասից անսխալ հեռացրեցիր հրազենային կրակոցից մնացած գնդակը, վերքը մշակեցիր, սովորական թել-ասեղով կարեցիր։ Անթերի գործ էիր արել, կեցցես, գերազանց ես ստանում։
— Պրոֆեսոր, բայց․․․բայց․․․
— Մհեր, Ժիրայրը իմ դասընկերն է ու բարեկամը, տարիներ առաջ ես իմ<<օրենքով գող>> մականվամբ նրան փրկեցի, հետո նա փորձանքից փրկեց իմ միակ որդուն։ Իսկ հիմա գնա, սպասիր միջանցքում, այս թղթերը լրացնեմ, վերջացնեմ, միասին իմ մեքենայով տեղ ենք գնալու։
Պրոֆեսորը իհարկե, նկատեց անսահման զարմանքս, հասկացավ նաև, որ շատ հարցեր ծագեցին իմ մեջ, բայց լռում էի։
— Գիտե՞ս, Մհեր,- արդեն մեքենայի մեջ ասաց նա,- երբ մարդկանց կապում է պարզ, անկեղծ, անմիջական ու անշահախնդիր, մարդկային հարաբերությունը, երբ ամեն մեկը այդ ընկերության մեջ գիտի իր տեղն ու սահմանը, դերը, դիմացինի մեջ տեսնում ու գնահատում է Մարդուն, բոլորովին էլ կապ չունեն տիտղոսներն ու կոչումները, մասնագիտությունը, հարուստ կամ աղքատ, քաղաքացի կամ գյուղացի լինելը։ Ժիրայրը ուժեղ, իր աշխարհում արդարին ձգտող մարդ է, և այդ արդարության ճանապարհին, այո, նա թույլ է տվել նաև սխալներ, անընդունելի արարքներ, գործողություններ։ Մեզ համար, առավել ևս՝ քեզ պես երիտասարդի համար, թերևս անընդունելի է նրա ու նրա նմանների ստեղծած աշխարհը, քանի որ այն ստանդարտից, մեր իմացած նորմերից, պատկերացումներից դուրս է, ուր գործում են այլ օրենքներ, բայց փաստ է, որ կա՛ այդ աշխարհը, կան այնտեղ՝ այդ օրենքներով ապրող մարդիկ, որոնցից մեկն էլ Ժիրայրն է։
Երբ ուղղվեցինք Ջրվեժ, հասկացա, որ գնում ենք հանրահայտ Ժիրոյենց տուն։
— Այ, դու,- շարունակեց պրոֆեսորը,- ամբողջ ճանապարհին չհարցրեցիր, թե ու՞ր ենք գնում։ Ճիշտ այդպես էլ, դու Ժիրայրին հարցեր չէիր տվել, թե ո՞վ է, ու՞մից, ինչու՞ է փախչում, ովքե՞ր, ինչու՞ են կրակել։ Հենց դրա համար էլ նա այսօր քեզ տեսնելու ցանկություն է հայտնել, գնում ենք նրանց տուն։
— Պրոֆեսոր, բայց Դուք ասացիք, որ նրան փրկել եք Ձեր <<օրենքով գող>> մականվամբ, Դուք այդպիսի մականու՞ն եք ունեցել։
— Օ՜, դա մի զավեշտալի պատմություն էր, հիմա կպատմեմ,- ծիծաղեց պրոֆեսորը։
— Չորրորդ դասարանում էի սովորում, մի օր մեր տուն եկավ մեծ հորեղբայրս ու բարկացավ հորս վրա, որ նա խառնվել էր գործարանում իրենց ցեխի վարիչի դեմ կազմակերպած բունտին, որտեղ հայրս ասել էր, որ ցեխի վարիչը խաբում է աշխատողներին, նրանց վրա հավելագրումներ անում ու յուրացնում, այնինչ՝ իրականում դրանք ոչ թե հավելագրումներ էին, այլ բանվորների հենց իրական աշխատավարձերը, և նա իրավունք չուներ այդ գումարը բանվորներից հավաքելու։
— Ի՞նչ է, գլխիս օրենքով գո՞ղ ես, որ ամեն տեղ պետք է խառնվես ու արդարությունը պաշտպանես,- իր խոսքը եզրափակեց հորեղբայրս։
Այդ ժամանակ ես հասկացա, որ օրենքով գողը արդարությունը պաշտպանող մարդն է։ Մի քանի օրից ուսուցչուհիս ազատ շարադրություն հանձնարարեց <<Ի՞նչ եմ երազում դառնալ>> վերնագրով։ Ես, ոչ այս, ոչ այն, գրեցի` ուզում եմ դառնալ օրենքով գող։ Հաջորդ օրը ուսուցչուհիս իմ շարադրությունը բարձրաձայն կարդաց դասարանում, մի լավ էլ ծաղրեց։ Ու այդ օրվանից դասարանցիներիս մոտ իմ անունը մնաց <<Օրենքով գող>>։ Անցան տարիներ, ավարտեցինք դպրոցը, ես ընդունվեցի բժշկական ինստիտուտ, դասարանցիներից ամեն մեկը գնաց իր ճանապարհով, Ժիրայրն էլ գնաց Օդեսա՝ հորաքրոջ ընտանիքի մոտ։ Ավարտել էի ինստիտուտը, ամուսնացել էի, որպես բժիշկ, նշանակվել էի Պլանի գլխի հիվանդանոցի վիրաբուժական բաժնում։ Այդ օրը իմ գիշերային հերթապահության օրն էր, երբ մեր դասարանցի Հարութը զանգեց, թե՝ Սոս, Ժիրայրը Ռուսաստանից եկել է, դասարանցիներով հավաքվում ենք մեր տանը, երեկոյան ժ․ վեցի կողմերը երևա։ Գնացի, կնոջս էլ ասացի, որ մի երկու ժամ տղաների հետ կնստեմ, այնտեղից էլ կգնամ հերթապահության։ Դեռ նոր էի ներս մտել, տղաներին բարևեցի, Ժիրայրի հետ ողջագուրվեցինք, քանի որ արդեն տասը տարի էր, գնացած օրից նա Հայաստան չէր եկել, չէինք հանդիպել։ Աղջիկներից մի երկուսը Հարութի կնոջ հետ սեղան էին գցում, երբ ներս մտան երեք երիտասարդ միլիցիոներներ, թե՝ ձեր մեջ օրենքով գողն ո՞վ է։ Անակնկալի եկած, ես տարակուսանքով կանգնեցի՝ ես եմ, ասացի։ Կողքից մյուս տղաներն էլ, թե՝ հա, ինքն է, ի՞նչ կա։ Սրանք, թե՝ մեզ հետ պետք է բաժին գաս։ Է՞, ճարս ի՞նչ, սուսուփուս սրանց հետ գնացի միլիցիայի տեղամասային բաժին։ Մտանք մի կաբինետ, սրանք ստուգեցին գրպաններս, վերնաշապիկս արձակել տվեցին, նայեցին մարմինս, թևերս ու թե՝ էդ ո՞նց ա, որ ոչ մի նակոլկա չունես։ Էն մյուսն էլ, թե՝ դե, պատմիր, ինչու՞ ես եկել Հայաստան։ Մինչ ես ապշահար, չգիտեի, թե սրանք ի՞նչ են ուզում ինձանից, ես ի՞նչ պատասխանեմ, սենյակ մտավ մի փոխգնդապետ։ Նայեց ինձ, էս ո՞վ է, հարցրեց ինձ բերման ենթարկածին։ Միլիցիոները, թե՝ օրենքով գող Ժիրայր Կիրակոսյանն է, ինքը խոստովանեց, առանց դիմադրության, հանգիստ մեզ հետ բաժին եկավ։ Փոխգնդապետը շատ լուրջ լսեց նրանց, մեկ անգամ էլ ոտքից գլուխ չափեց ինձ ու հանկարծ սկսեց ծիծաղել, մի այնպիսի հոմերական քրքիջ բռնեց նրան, աչքերից արցունքներ սկսեցին գալ։ Էս երիտասարդ միլիցիոներները շշմած նրան էին նայում։ Երբ փոխգնդապետը մի քիչ հանգստացավ, դարձավ ինձ, թե՝ դու ո՞վ ես։ Ներկայացա, ասացի, որ բժիշկ եմ, հենց հիմա պետք է գնամ գիշերային հերթափոխի։ Բա ինչու՞ ես ասել, որ դու ես օրենքով գողը։ Ուրիշ ճար չկար, դրեցի, դրանց պատմեցի իմ օրենքով գող մականվան պատմությունն ու դուրս եկա, գնացի հիվանդանոց։ Իսկ այդ ընթացքում Ժիրայրը հասցրել էր թաքնվել։ Զանգեցի Հարութին, թե՝ էս ի՞նչ պատմություն էր, նա նոր միայն պատմեց, որ չէին հասցրել ինձ ասել, որ մեր Ժիրայրը Ռուսաստանում օրենքով գող է կնքվել ու անմիջապես եկել Հայաստան։ Էս էլ իմ մականվան պատմությունը, Մհեր ջան։
Հասել էինք Ջրվեժ, տան բակում մեքենայից իջանք, մեզ մի տղա դիմավորեց, ուղեկցեց ներս։ Սովորական տուն էր, բայց աչքիցս չվրիպեց գրքերի տակ կքած պահարանը։ Մեզ ընդառաջ եկավ Ժիրոն։ Պրոֆեսորի հետ ողջագուրվեցին, հետո դարձավ ինձ, գնահատող հայացքով նայեց, ապա պարզեց ձեռքը։
— Բարով ես եկել, ոտքդ տանս մեջ խերով լինի։
Մեզ ներս ուղեկցող տղան սեղանին հաց, ուտելիք, խմիչք դրեց։ Պրոֆեսորը հրաժարվեց խմելուց, արագ-արագ մի կտոր բան կերավ, ասաց, որ շտապ պայմանավորվածություն ունի, մենք կարող ենք զրուցել, ինքը գնաց։
Բավականին երկար զրուցեցինք։ Այո, իմ համակուրսեցի Կարոյի պատմածը ճիշտ էր, ամեն ինչ հենց այդպես էլ եղել էր։ Երբ պատրաստվում էի դուրս գալ, Ժիրոն ձայն տվեց նույն տղային։
— Արմեն, Մհերը այս տանը հարազատ մարդ է այլևս, տար, ճանապարհիր։
Նստեցի Արմենի առաջարկած մեքենան, մտածեցի, որ ինձ մանկապարտեզ կհասցնի, բայց Ն․ Նորքի առաջին զանգվածում, մի շենքի մոտ Արմենը մեքենան կանգնեցրեց։
— Իջիր,- ասաց։
Մտանք մուտք, բարձրացանք, երկրորդ հարկի դռներից մեկի մոտ Արմենը կանգնեց, բանալիով բաց արեց դուռը, ներս մտավ, ես էլ հետևից։
— Մհեր,- դարձավ նա ինձ,- կգնաս, քո պահակատնից կհավաքես եղած-չեղածդ, կգաս այստեղ։ Այս տանը կապրես, մինչև ինստիտուտիդ ավարտելը։ Ապրելու համար պետքական ամեն ինչ կա, եթե ուզենաս, նույնիսկ կարող ես կարիքավոր ընկերներիցդ մեկին էլ բերել՝ քեզ հետ ապրի։ էդ մանկապարտեզի գործից դուրս արի, էս գումարն էլ, կարծում եմ, կբավարարի քո ծախսերին։ Մի մտածիր, ես հաճախ կգամ, կհանդիպեմ քեզ, նեղություն չես քաշի։ Սա Ժիրոյի հանձնարարությունն է։
Հետո տան բանալիները տվեց ինձ ու դուրս գնաց։ Նրա հետևից դուռը փակեցի ու շվարած նստեցի։ Գլուխս առա ափերիս մեջ, փորձում էի հասկանալ կատարվածը, չէ, չէի կարողանում։
Այդպես էլ արեցի։ Գնացի մանկապարտեզ, պահակատնից հավաքեցի ունեցած մի քանի շորերս, գրքերս, մանր-մունր բաներ, շնորհակալություն հայտնեցի, հրաժեշտ տվեցի ու եկա իմ նոր բնակարանը։ Կեսգիշերին մոտ, դեռ նոր էի պառկել քնելու, երբ մի մտքից վեր թռա։ Այս ի՞նչ եմ անում, ինչու՞ համաձայնվեցի գալ այս տանն ապրելու, իսկ եթե հանկարծ Ջրվեժի Ժիրոն կամ իր մարդիկ ինձ էլ ներքաշեն կամ ստիպեն, որ մասնակից դառնամ իրենց հանցավոր գործողություններին, ի՞նչ պիտի անեմ։ Ծիծաղու՞մ եք, չէ, ծիծաղել պետք չէ, քանի որ գյուղից եկած, ուսուման ծարավ տղան, որ կյանքում չի հետաքրքրվել, չի իմացել անգամ կյանքում եղած շատ երևույթներ, այն էլ՝ քրեական հեղինակությունների ու օրենքով գողերի մասին, հենց այդպես էլ կմտածեր։ Այդ ժամանակ ինձ համար գողը գող էր, որի մեջ ես չէի տեսնում մարդուն, ի՞նչ տարբերություն, նա ջեբկի՞ր էր, թե օրենքով գող։ Բայց լավ էր, կարողացա հակափաստարկներ գտնել, ինքս ինձ համոզել, հանգստացնել, քնել։
3.
Ավարտական դիպլոմայինի պաշտպանությունից դեռ շատ առաջ, պրոֆեսոր Ջանենցը ինձ տարավ իր մոտ՝ հիվանդանոց, նշանակեցին վիրաբուժական բաժանմունքի գիշերային հերթափոխի բժիշկ, իսկ ավարտելուց հետո՝ արդեն սովորական գրաֆիկով աշխատող բժիշկ։ Երկրաշարժի վերքերը չսպիացած, սկսվել էր Արցախյան պատերազմը, մի կողմից էլ՝ Հայաստանի ծանր տնտեսական վիճակը, մութ ու ցուրտ օրերը։ Հիվանդանոցն աշխատում էր արտակարգ գրաֆիկով, օր ու գիշեր Արցախից վիրավոր ազատամարտիկներ էինք ընդունում, վիրահատարանները միշտ զբաղված էին լինում։ Ես համարյա տուն չէի գնում, օրական մի քանի վիրահատություն էի կատարում, հոգնածությունից, երբեմն հենց շորերով, քնում էի իմ աշխատասենյակի կոտրված բազմոցին։ Մի օր մտա պրոֆեսորի մոտ, ասացի, որ ուզում եմ Արցախ մեկնել։ Պրոֆեսորը երկար նայեց, նայեց․
— Գնա,- ասաց։
Հաջորդ օրը գնացի, հրաժեշտ տվեցի Ժիրոյին, ներկայացա մոտակա զինկոմիսարիատ, պայմանավորվեցի, որ առավոտյան Արցախ մեկնող ջոկատի հետ կարող եմ հասնել Ստեփանակերտ։
4.
Ստեփանակերտի հիվանդանոցում մնացի երեք ամիս։ Չեմ կարող հիշել, թե այդ երեք ամսվա մեջ քանի՞ անգամ եմ շոր հանել, անկողնու մեջ քնել ու լողացել։ Երբեմն, բարդ վիրահատությունների դեպքում, մի երկու օրով գնում էի Ասկերանի հիվանդանոց, երբեմն էլ՝ շարժական վիրահատարան-մեքենայով հայտնվում էինք որևէ ճակատային հատվածում, որտեղից հնարավոր չէր եղել ծանր վիրավորներին տեղափոխել հիվանդանոց, և հարկավոր էր հենց տեղում կազմակերպել առաջին բուժ․օգնություն կամ վիրահատել։ Ես չեմ կարող, չեմ ուզում նկարագրել այդ տարիների, օրերի Արցախի դժոխային վիճակը, այդ հիշողությունն ինձ սոսկալի ցավ է պատճառում՝ անգամ այսքան տարիներ անց, բայց և չեմ կարող հիացմունքս, զարմանքս չարտահայտել արցախի ժողովրդի, հայի այդ տեսակի համար, չեմ կարող գլուխ չխոնարհել մեր ազատամարտիկ տղաների առջև։ Այդ երեք ամիսը ապրելով նրանց կողքին, նրանց հետ, նրանց մեջ, ես Մարդ դարձա, Հայ դարձա, մեծացա, հասունացա, աչքերս բացվեցին, սկսեցի կողքերս նայել, բան տեսնել, բան հասկանալ։
Երեք ամիս անց, վերադարձա Երևան՝ բոլորովին այլ մարդ դարձած։
5.
Գիշերային ծանր երկու վիրահատություններից հետո, նոր էի մտել աշխատասենյակ ու հենց այդպես, կոշիկներով մեկնվել բազմոցին, երբ ներս մտավ Արմենը, թե՝ Ժիրոն քեզ շտապ կանչում է։ Արագ վեր կացա, ինչքան հնարավոր էր, ինձ կարգի բերեցի, Արմենի հետ գնացի։
Ժիրոն մռայլ էր, գունատ, նիհարած։ Գիտեի, որ հիվանդ է։
— Մհեր, պիտի գնաս Կրասնոդար։
Հարցական նայեցի։
— Ես լավ չեմ, դու պիտի գնաս։ Կրասնոդարի մեր տղերքը Արցախի համար ահագին բժշկական անհրաժեշտ սարքավորումներ, հագուստ-մագուստ, տարբեր բաներ են կուտակել։ Վստահելի ու նաև բժշկական սարքավորումներից հասկացող մարդ է պետք, որ դրանք նորմալ բերի, տեղ հասցնի։
— Խնդիր չկա։ Գնամ, երբ ասեք, միայն խնդրում եմ՝ տեղյակ պահեք պրոֆեսոր Ջանենցին։
6.
Կրասնոդարի օդանավակայանում ինձ դիմավորեց մի տարեց մարդ, ասաց, որ գնում ենք էսինչի առանձնատունը (ինչ-որ անուն տվեց)։
— Գալու են Կրասնոդարի երկրամասում հայտնի մի քանի և հայ, և ռուս ազգության օրենքով գողեր, ճանաչված քրեական ու տեղական հեղինակություններ, մինչև հասնենք, հավաքված կլինեն։
Նախկինում նման մարդկանց հետ հանդիպելու լուրը ինձ կշփոթեցներ, բայց այդ ժամանակ՝ բոլորովին, քանի որ, որքան ժամանակս հնարավորություն էր տվել, Ջրվեժի Ժիրոյի հետ ծանոթանալուց, ավելին՝ մտերմանալուց հետո, կարդացել էի քրեական աշխարհի մարդկանց, նրանց օրենքների մասին, գիտեի շատ հայտնի դեմքերի կենսագրությունը։ Այնպես որ՝ խուճապի չմատնվեցի։
Երբ մտանք նշված առանձնատուն, ես զարմացած չորս կողմս էի նայում, այդպիսի տուն միայն կինոներում էի տեսել։ Դահլիճի մեծության հյուրասրահում հավաքված էին մոտ 7- 8 մարդ։ Ուղեկցողս ինձ ներկայացրեց, առաջարկեց նստել։ Հավաքվածները նախ մի պահ ուսումնասիրեցին ինձ, հետո, առանց ձևականությունների, սկսեցին հարցեր տալ։ Բազմաթիվ իրենց հետաքրքրող հարցեր տվեցին Արցախից, պատերազմից, ազատամարտիկներից, Հայաստանից։ Առանց ընդհատելու, բոլորն ուշադիր լսում էին ինձ։ Պատմեցի, որ երեք ամիս Ստեփանակերտի հիվանդանոցում եմ եղել, դիրքերում, ճակատային հատվածներում, պատմեցի իմ տեսածի, լսածի մասին, պատմեցի հայ ազատամարտիկների ոգու, անձնազոհության մասին, արցախցու խիզախության, համառ կամքի մասին։ Արդեն ժամից ավելի, քար լռության մեջ, ես պատասխանում էի նրանց հետաքրքրող հարցերին, պատմում, իսկ հարցերը չէին վերջանում։
Պատկերացրեք, երկու ժամ տևած այդ հարցուպատասխանի ընթացքում, հանձինս նրանց, ես չտեսա ո՛չ օրենքով գողերի, ո՛չ հեղինակությունների, այդտեղ հավաքվել էին Արցախի ճակատագրով ապրող, անհանգստացող, մտահոգ մարդիկ, որոնք ուզում էին իմանալ, թե ինչպե՞ս, ինչո՞վ կարող են օգնել Արցախին, հայ ժողովրդին՝ հաղթանակի հասնելու, պատմական արդարությունը վերականգնելու համար։
Տիրեց երկար լռություն։ Բոլորը նայեցին տանտիրոջը, որը հավանաբար նրանց միջի տարիքովն էր։
— Տղա, մենք՝ այստեղ հավաքված բոլորս,- նա ձեռքը պարզեց հավաքվածներին,- և ավելացրած էլի մի քսան-երեսուն մարդ, կարող ենք գալ, ջոկատ կազմել, գնալ Ղարաբաղ, մի քանի գյուղ էլ գրավել, բայց մենք այստեղ ենք Ղարաբաղին պետք, որ թուրքի դեմ կռվող ֆիդային զենք ունենա, զիմամթերք, հագուստ, սնունդ ունենա։
Մյուսները, որը գլխով, որը խոսքով հաստատեցին տանտիրոջ ասածը։
— Մհեր, տղա, մենք քեզ վստահում ենք, քանի որ գիտենք, որ Ջրվեժի Ժիրոն պատահական, չստուգված մարդ չէր ուղարկի այստեղ։ Վաղը կծանոթանաս եղած բժշկական սարքավորումներին, ցուցակ կգրես, թե էլի ի՞նչ սարքավորումներ են ձեզ այնտեղ խիստ անհրաժեշտ։ Մի երկու օրից ամեն ինչ պատրաստ կլինի։ Բեռը տանելու ես հատուկ ինքնաթիռով, բժշկական սարքավորումների հետ փաթեթավորված կլինի նաև զենք-զինամթերք։ Քեզանից ծայր աստիճան զգոնություն, զգուշություն է պահանջում, որ բեռը նորմալ տեղ հասցնես, ասեմ նաև, որ վտանգն էլ չի բացառվում, պետք է ամեն ինչի պատրաստ լինես։
Հետո դարձավ ինձ այդտեղ ուղեկցող մարդուն։
— Մհերին տար, տեղավորիր հյուրանոցում։ Գիտես՝ ինչ անել։ Ինձ հետ կապի մեջ կլինես։
Կրասնոդարում իմ անցկացրած հինգ օրերի և այդ մարդկանց հետ շփման ընթացքում, ես տեսա այն ահռելի տարբերությունը, որ կար Հայաստանի ու Ռուսաստանի հանցագործ աշխարհի ներկայացուցիչների կենսաձևերի միջև։ Այստեղ բոլորն ապրում էին մեծ, խնամված այգիներով, բակերով շրջապատված առանձնատներում, վայելքի ու ճոխության մեջ, ինչը այդ տարիներին չէիր տեսնի Հայաստանում։ Այդ հեղինակությունները ակտիվ մասնակցություն ունեին տեղական համայնքների քաղաքական-հասարակական կյանքին, առանց նրանց մասնակցության հարցեր համարյա չէին լուծվում։ Ես, իհարկե հասկացա այդ տարբերության պատճառը, Հայաստանի նման փոքր, աղքատ, պատերազմող երկրի համար դա բնական էր։ Բայց ես զգացի նաև, թե ճոխության մեջ ապրող այդ հեղինակությունները ինչպիսի հարգանքով, ակնածանքով էին լցված Ջրվեժի Ժիրոյի նկատմամբ, սովորական, միջին ապրողին բնորոշ տան մեջ ապրող, երբեմն՝ միայն հաց ու պանիրի հույսին ճաշող Ժիրոյի նկատմամբ։ Երբ այդ մասին հետո պատմում էի Ժիրոյին, նա մեղմ ժպտաց ու թե՝ Մհեր ջան, ես էլ կարող էի ունենալ այդ ճոխություններն ու շքեղությունները, բայց դա իմ աշխարհը, օրենքով գողի աշխարհը չի։
Հինգ օրից, բեռնավորված ինքնաթիռը թռավ Երևան։ Ավելորդ է նկարագրել, թե ինչ խնդիրներ, դժվարություններ հաջողվեց հաղթահարել, ինչպիսի իրավիճակներից կարողացա դուրս գալ՝ առանց ինձ կորցնելու, քանի որ բեռը գրանցված էր իմ անունով։ Ինչևէ, բարեհաջող վայրէջք կատարեցինք Երևանում։
Ժիրոն լավ չէր, իմ բացակայության հինգ օրերում, նա ավելի էր գունատվել, նիհարել։ Պրոֆեսոր Ջանենցը խիստ անհանգստացած էր, շտապ վիրահատություն նշանակեց։
Մի քանի օրից մեկնեցի Արցախ։
7.
Շտապ պետք է գայի Երևան՝ դեղորայքի հետևից։ Ստեփանակերտից դուրս եկանք, ես ու շտապ օգնության մեքենայի վարորդն էինք։ Հեռվից նկատեցի, որ ճանապարհի եզրին մի ընտանիք էր կանգնած։ Ֆիդայական հագուստով, զենքը ուսին գցած տղամարդը թափահարեց ձեռքը, որ կանգնենք։
— Մարտակերտից ենք, ընտանիքս ուզում եմ Հայաստան տանել, տեղավորվել, վերադառնալ նորից, կօգնե՞ք։
Իմ դրական պատասխանից հետո ձեռքով արեց, երիտասարդ կինն ու ճամպրուկի վրա նստած երկու փոքրիկները վազեցին, բարձրացան մեքենան։
— Տունս ռմբակոծության տակ ընկավ, ընտանիքս դրսում էր մնացել, ես նրանց կողքին լինել չեմ կարող, ինքնապաշտպանական ուժերի շտաբում եմ։ Իրենց հասցնեմ Երևան, հորեղբոր տղա ունեմ, հետո հանգիստ իմ գործին վերադառնամ։
Վիտալիկը, ընտանիքի հայրը, ճանապարհին պատմում էր Մարտակերտի, այնտեղ մնացած ժողովրդի ծանր վիճակի մասին։ Էդպես, խոսք ու զրույցով հասանք Երևան։ Վիտալիկի բարեկամն ապրում էր Սարի թաղում։ Գտանք տունը, իջան, իրար հրաժեշտ տվեցինք, բայց չգիտես ինչու, անհանգստություն զգացի, վարորդին խնդրեցի սպասել, մինչև տան դարպասը կբացվի, Վիտալիկի ընտանիքը ներս կգնա, կհամոզվենք, որ ամեն ինչ նորմալ է, նոր կհեռանանք։ Դարպասը բացվեց, մի կին դուրս եկավ, հետո ձայն տվեց, մի տղամարդ էլ եկավ, երևի Վիտալիկի հորեղբոր տղան էր։ Հենց դարպասի դռանը կանգնած, նրանց խոսակցությունը ինչ-որ երկարում էր։
— Վիտալիկ,- ձայնեցի։
Մոտեցող մարդու դեմքից զգացի, որ այն չէ։
— Ի՞նչ կա, ինչու՞ ներս չեք գնում։
— Կինն ասում է՝ մեր տանը նեղվածք է, չենք կարող ձեզ ընդունել։
Արյունը խփեց գլխիս։
— Ձայն տուր, թող երեխաները գան, գնում ենք,- կատաղած ասացի ես։
Կինն ու երեխաները հետ եկան, բարձացան մեքենան, իսկ Վիտալիկի հարազատները այդպես էլ գոնե չհարցրեցին, թե ու՞ր են գնում, ի՞նչ են անելու այդ երկու փոքրիկների հետ։
Ճանապարհին բոլորս լուռ էինք, ես զայրույթից շրթունքս էի կրծում, շարունակ ծխող Վիտալիկի ձեռքը ներվային դողում էր, կինը լուռ լաց էր լինում, միայն երեխաներն էին, որ անտարբեր կատարվածին, հետաքրքրությամբ նայում էին մեքենայի պատուհանից դուրս, իրենց անծանոթ փողոցներին ու բարձրահարկ շենքերին։
Հասանք Ջրվեժ, Ժիրոյի տան մոտ կանգնեցինք։ Վիտալիկենց պատվիրեցի՝ մնալ մեքենայի մեջ, ես ներս գնացի։ Ժիրոյին պատմեցի մարտակերտցի ընտանիքի մասին, որ հարազատները նրանց չընդունեցին, ընտանիքը շիվարել է, չգիտի իր անելիքը։ Ժիրոն երկար չմտածեց, ձայն տվեց Արմենին։
— Արմեն, գնա, ասա, թող էդ մարդիկ իջնեն մեքենայից, Վարսիկին ասա, թող հաց սարքի, նրանց կերակրի, հետո կտանես մասսիվի էն տունը, թող առայժմ ապրեն այնտեղ։
Քանի որ առավոտ շուտ ես պետք է վերադառնայի Ստեփանակերտ, մի կտոր հաց կերա, Վիտալիկին հանգստացրեցի, որ վստահի Ժիրոյին, ամեն ինչ լավ է լինելու, առավոտյան գնալուց առաջ, իրենց կհանդիպեմ մասսիվի տանն ու դուրս եկա։
Առավոտյան գնացի մասսիվի տունը, այո, հնց այն տունը, ուր ապրել էի մոտ երկու տարի։ Վիտալիկն ասաց՝ քանի որ ընտանիքը նորմալ տեղավորվեց, ապրուստի համար մի քիչ էլ գումար կար կնոջ ձեռքին, ինքը ինձ հետ ուզում է վերադառնալ Ստեփանակերտ։
Ասեմ, որ մարտակերտցի Վիտալիկի հետ մենք դարձանք լավ ընկերներ, բարեկամներ։ Բայց․․․ 94-ի գարնանը Վիտալիկը զոհվեց։ Ցավալի լուրն առնելով՝ նրա կինն ու երեխաները վերադարձան Մարտակերտ։ Հիմա էլ, Արցախում լինելիս, ես անպայման այցելում են նրանց։ Երեխաները մեծացել են, ամուսնացել, կարգին, իրենց արժանավոր հոր արժանավոր զավակներ են դարձել։
8.
Ասեմ, որ ես ու Ժիրայրը բավականին կապվել էինք իրար, մտերմացել։ Երևանում գտնվածս ընթացքում, շատ հաճախ էի գնում իր տուն, երբեմն պատահել է՝ զրուցել ենք մինչև լուսաբաց, առավոտյան հասել եմ հիվանդանոց։ Ահա, այդպիսի զրույցներից մեկի ժամանակ էլ, հետաքրքրությունս հաղթեց ու հարցրեցի Ժիրոյին, թե կալանավայրում անցկացրած այդ երկար տարիների մեջ ո՞ր հիշողությունն է իր համար ամենադաժանը։
ԺԻՐՈՅԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ
— Պատմեմ, Մհեր, բայց պատմածս կհասկանա միայն այն մարդը, ով կարդացել է Ջեկ Լոնդոնի <<ԶՍՊԱՇԱՊԻԿԸ>>։
Տասնինը տարեկան էի, երբ գողության, սպանության համար առաջին անգամ դատապարտվեցի տասը տարվա կալանքի։ Դատավճռի հրապարակումից հետո, ինձ տեղափոխեցին գաղութ։ Այստեղ ես առաջին իսկ օրից հրաժարվեցի աշխատանքի դուրս գալ, չէի ենթարկվում գաղութի կարգուկանոնին, հաճախակի վեճերի ու կռիվների մեջ էի մտնում բանտապահների, գաղութի աշխատակիցների հետ։ Այդպես մի քանի տարի։ Բայց հետո, ժամանակը սպանելու համար, սկսեցի գնալ գաղութի գրադարան։ Հանկարծ պարզվեց, որ ես կարդալը նույնիսկ սիրում եմ։ Սկսեցի ագահորեն կարդալ նախ հայ դասականներին, հետո անցա համաշխարհային դասականներին, որոնց շարքում սիրահարվեցի Ջեկ Լոնդոնի գրվածքներին, ապրում էի դրանցով։ Ահա մի օր էլ, մի ծեծկրտուքից հետո, ինձ շատ երկար ժամանակով գցեցին պատժախուց-մենախուց՝ <<կարցեր>>։ Դա իմ կյանքի, իմ հիշողությունների ամենադաժան հատվածներից է։ Մի քանի օր աշխատողը խուց էր բերում ուտելիքը, ջուրը, ինչ-որ բաներ էի նրան հարցնում, օրինակ՝ եղանակից կամ խնդրում էի գրադարանից գիրք բերել ինձ համար, բայց նա չէր պատասխանում, խուլ ու համրի նման դնում էր ուտելիքը, առանց դեմքիս նայելու, դուրս գալիս։ Չդիմացա, ուզում էի մարդկային ձայն, խոսք լսել ու մի օր էլ քաշեցի թևից, հրեցի, խփեցի, ուտելիքով աման-չամանը գետնով տվեցի, գոռոցս գցեցի, թե ինչու՞ չի խոսում։ Նույն պահին էլ պատժախուց մտան երկու աժդահա աշխատակիցներ, ու Աստված գիտի, թե որքան ժամանակ հետո միայն աչքերս բացեցի, ուշքի եկա։ Պառկած էի չոր թախտի վրա, տակիս դոշակն էլ չկար, որպես պատիժ, տարել էին, իսկ մարմինս, ոսկորներս, մկաններս ցավից նվում էին։ Ահավոր էին ծեծել, չէի կարողանում մի շարժում անգամ անել, սուր ցավեր ունեի որովայնիս, բարակ մեջքիս շրջանում։ Չէի հասկանում՝ գիտակցությու՞նս էի շարունակ կորցնում, թե՞ քնում էի։ Երբ վերջնական ուշքի եկա, ցավերն ավելի սաստկացան, չէի դիմանում, բայց տնքալու ուժ էլ չունեի։ Եվ հանկարծ, որտեղից-որտեղ հիշեցի Ջեկ Լոնդոնի <<ԶՍՊԱՇԱՊԻԿԸ>>։ Մի երկու բառով ասեմ, որ ըստ Լոնդոնի նկարագրության, բերդի մի անհնազանդ կալանավորի, որպես պատիժ, զսպաշապիկ են հագցնում, որի կապերն այնքան են ձգում, որ արյունը երակներում կանգ է առնում։ Քչերն էին դիմանում, զսպաշապիկով պատժվելուց հետո, քչերն էին կենդանի մնում, բայց այ, Լոնդոնի հերոսը ճարը գտնում է։ Զսպաշապիկի մեջ նա սկսում է մեդիտացիա անել, ինչն էլ դառնում է նրա փրկությունը։ Իսկ ինչու՞ ես էլ չփորձեմ, մտածեցի, թեև նախկինում երբեք չէի փորձել, բայց կարդացել էի, բավական գիտեի, թե իրենից ինչ է ներկայացնում մեդիտացիան։ Եվ պատկերացրեք, ստացվեց։ Ցավերս կարողացա մեղմել, ավելին՝ համարյա չզգալ։ Բանտապահները լավ էլ վախեցել էին, կարծել էին՝ մեռել եմ։ Իհարկե, հետագայում <<բախտ ունեցա>> նաև զսպաշապիկ հագնել, բայց դա արդեն սարսափելի չէր, որքան էլ ձգում էին կապերը, ինձ համար միևնույն էր։ Մինչև հիմա այդ մենախուցն ու ծեծը մնացել են ինձ համար ամենատհաճ, ամենադաժան հիշողությունններից, թեև ավելի դաժան պահեր էլ եմ ունեցել, հետո առիթ կլինի, կպատմեմ։ Օրինակ՝ այն դեպքը, թե Ռուսաստանի մի բերդում, ուր նստեցի վեցը տարի, ինչպես մի խցում հավաքեցին այդտեղ նստած տասը օրենքով գողերի ու հեղինակությունների, և այնպիսի ծանր պայմաններ ստեղծեցին նրանց համար, որ հենց ներսում իրենք իրար վերացնեն։ Դա սոսկալի դեպք է, բայց դե, մուսռների պլանը չհաջողեց, երկու մարդ միայն չդիմացան փորձությանը, մյուս տղաները պատվով մնացին, կրեցին, դիմացան փորձությանը։ Հա, ես էլ նրանց մեջ էի։
9.
1993-ի գարունն էր, կարծեմ ապրիլի վերջերը։ Արցախում էի։ Գլխավոր բժիշկը եկավ, թե՝ Հայկ, քեզ կանչում են ինքնապաշտպանական ուժերի գլխավոր շտաբ, գնա, տես, ի՞նչ կա։ Գնացի։ Տարան շտաբի պետի մոտ։ Մի քանի զինվորական շորերով մարդիկ էին հավաքված, մեկը քաղաքացիական հագուստով էր։ Համարյա բոլորին դեմքով ճանաչում էի, բացի քաղաքացիական հագուստով մարդուց։ Բարևեցի, առաջարկեցին նստել։ Քաղաքացիական հագուստովը, թե՝ բժիշկ, լսել ենք, որ Երևանում Ջրվեժցի Ժիրոյի հետ մոտ հարաբերությունների մեջ եք։ Մի պահ կարծես շփոթվեցի, տատանվեցի, չգիտեի՝ ինչ ասել, բայց մի ներքին ինքնավստահություն եկավ վրաս։
— Այո, գնալ-գալ ունեմ, ի՞նչ կա։
-Հայկ, մի այսպիսի նուրբ հարց կա։ Ազերիների մոտ մերոնցից երկուսը գերի են ընկել, որոնց ազատելու հարցում, կարծում ենք Ժիրոն կարող է մեծ դեր ունենալ։ Ուզում ենք, գնաս Երևան, խոսես Ժիրոյի հետ, որ համաձայնվի կապ հաստատել Բաքվում օրենքով գող իր ընկերների հետ, համաձայնեցնի, գերիների փոխանակում կատարենք, ասում են՝ օրենքով գողերը ադրբեջանի իշխանությունների մոտ որոշիչ ձայն ունեն։
Մտածելու բան չունեի, ասացի՝ կփորձեմ։
Քաղաքացիական հագուստով մարդը, որ ներկայացավ, որպես Ահարոն Դանիելյան, գրեց գերիների ազգանունները, բոլոր տվյալները, էլի լրացուցիչ տեղեկություններ, հետո թղթի վրա մի հեռախոսահամար տվեց, թե՝ ես գիտեմ, որ դրա համար գումար պետք կլինի, մեծ գումար, կզանգես էս հեռախոսահամարով, կասես՝ բժիշկն է, գումարի չափը կասես, կբերեն կհասցնեն։ Ես դուրս եկա, մուտքի մոտ ինձ արդեն սպասող մեքենայով անմիջապես շարժվեցինք Երևան։
Գիշերվա կեսին տեղ հասանք։ Ժիրոյի տան լույսը վառվում էր։ Զարմացավ ինձ տեսնելով, նաև անհանգստացավ․
— Ի՞նչ կա, Հայկ, հո բան չի՞ պատահել։
Նստեցի, պատմեցի գալուս նպատակը։ Ժիրոն չէր ընդհատում, լուռ էր ու մտազբաղ։ Վերջացրեցի։
— Դե, ինչպե՞ս, հնարավո՞ր բան է։
— Հայկ, անհնարին ոչինչ չկա այս աշխարհում, այս կյանքում։ Տուր տվյալները։ Էդ տրված համարով էլ զանգիր, ասա, որ էսքան փող բերեն,- ասաց ու թղթի վրա թիվ գրեց։
Զանգեցի, ասացին, որ քսան րոպեից գումարը կբերեն, տվեցի Ժիրոյի տան հասցեն, և իսկապես մի քսան րոպեից մարդիկ գումարը բերեցին, հենց դռնից տվեցին ինձ ու գնացին։ Գերի ընկած տղաների տվյալները տվեցի, Ժիրոյին ասացի՝ դե, ես գնամ մի քիչ հանգստանամ, առավոտը կգամ։
— Դու գնա, Հայկ, գնա, քնիր, առավոտը կգաս, երևի մի բան մտածած կլինեմ։
Գնացի իմ վարձով բնակարանը, վարորդին անկողին պատրաստեցի բազմոցին, ես, լոգանքից հետո, ընկա անկողնուս վրա ու մեռելի պես քնեցի։ Առավոտյան վարորդը հրեց, թե՝ վեր կաց, քնով ենք ընկել, կեսօրն անց է։ Արագ-արագ հագնվեցինք, դուրս եկանք։ Հասանք Ջրվեժ, անձրև էր կաթկթում։ Արմենը պատշգամբում նստած՝ սուրճ էր խմում։ Վազելով բարձրացա պատշգամբ, բարևեցի․
— Ժիրայրն ու՞ր է, դեռ քնա՞ծ է,- հարցրեցի, իմանալով, որ Ժիրայրը սովորաբար քնում էր լուսադեմին, արթնանում կեսօրին։
— Պահ,- ծպպացրեց Արմենը,- Ժիրոն մի կես ժամից կհասնի Կիև։
Ես քարացա։
— Արմեն, չհասկացա, ի՞նչ Կիև։
Բայց Արմենը շատ հանգիստ իր սուրճն էր ֆռռտացնում, ոչ էլ ուշադրություն դարձրեց իմ նեղացած տոնին։
— Այ ախպերս, ի՞նչ ես ուզում, գիշերվա քո ասած հարցով ա գնացել։ Վարորդին ասա, թող գա, հաց-մաց կերեք, գնացեք ձեր գործին, տենանք, Ժիրոյից ե՞րբ խաբար կառնենք։
Էլ հաց-մաց կգա՞ր աչքիս, հետ վազեցի, նստեցի մեքենան։
— Քշիր ուղիղ Ստեփանակերտ,- ասացի վարորդին։
Հասանք Ստեփանակերտ, գլխավոր շտաբում նույն մարդիկ հավաքված էին, կարծես ես մի հինգ րոպե առաջ էի այդտեղից դուրս եկել ու նորից վերադարձել։ Լսեցին ասածս, չթաքցրեցին, որ շատ ուրախացան։ Բայց ես չկարողացա զսպել հետաքրքրասիրությունս։
— Բայց ինչու՞ Կիև։
Դանիելյանը ժպտաց։
— Դե, նա Կիևում հավանաբար ընկեր ունի, ով կարող է այդ հարցը գլուխ բերել, գողական աշխարհի օրենքներն այլ են։
Ես մի տեսակ ներքուստ անհարմար զգացի քաղ․ հագուստով մարդու ներողամիտ ժպիտից ու հասկացա, որ դեռ շատ երիտասարդ եմ, միամիտ։ Ինչպես ավելի ուշ իմացա, Դանիելյանը Երևանից էր, Ազգային անվտանգության աշխատակից էր։
Տասն օր անց, Ստեփանակերտի հիվանդանոցի վիրահատարանից նոր էի դուրս եկել, կանչեցին հեռախոսի մոտ։ Գլխավոր շտաբի պետն էր։
— Բժիշկ ջան, ապրես, Ժիրայրին հաղորդիր մեր ջերմ բարևներն ու մեծ շնորհակալությունը, տղաներին իր հետ անվնաս բերել, հասցրել է Երևան։
Հետո, արդեն Երևանում, երբ այցելեցի Ժիրոյին, հավատացեք, հասկացեք ինձ, այդպես էլ ամաչեցի հարցնել, թե այդ ինչպե՞ս նրան հաջողվեց տղաներին ազատել, իր հետ տուն բերել։ Իսկ նա, այդպես էլ մինչև իր կյանքի վերջը, երբեք այլևս ոչ մի բառով չհիշեց ոչ այդ դեպքի, ոչ էլ Արցախյան պատերազմին իր բերած որևէ օգնության մասին։ Այնինչ՝ գիտեմ, անձամբ ճանաչում եմ մի երկուսին, որ պատերազմի օրերին ֆիդայական հագ ու կապով մի քանի անգամ եկել են Արցախ, նկարվել տարբեր ազատամարտիկների հետ կամ տանկի կողքին, այսօր արդեն, որպես պատերազմի հերոս են մեծարվում, գնում հանդիպումների, հուշեր նույնիսկ պատմում, իսկ շատ Ժիրոյի նմանները այդպես էլ մնում են ստվերում, ոչ ոք չի իմանում նրանց արածի մասին։
10.
Հաղթանակի օրեր էին։ Մերոնք սրընթաց առաջ էին գնում, ազատագրում էին տարածքներ, գյուղեր։ Ֆիդայական ջոկատներից շատերը մտել էին նոր կազմավորված հայկական կանոնավոր բանակի մեջ, վաշտեր դարձել, նրանց էին միացել նաև եռամսյա հավաքներով Արցախ ուղարկվածները։
Պրոֆեսոր Ջանենցը Երևանից կապվեց ինձ հետ, թե՝ Ժիրայրը վատ է, ցանկանում է քեզ տեսնել։
Հետաքրքրվեցի, թե ովքե՞ր են այդ օրը Երևան գնում, որ իրենց հետ գնայի։ Իմացա, որ եռամսյա հավաքի եկած մի խումբ է Երևան վերադառնում, մոտեցա, որ նստեմ խումբը տանող ավտոբուսը, խմբի պատասխանատուն, զինկոմիսարիատի ինչ-որ կապիտան ձայն տվեց․
— Է՜յ, էդ ու՞ր։
— Նախ՝ էյ չէ, կարգին արտահայտվիր։ Ես էլ շտապ Երևան եմ գնում, ի՞նչ հարց կա,- արհամարհանքով նետեցի ես։
— Հարցն էն ա, որ ավտոբուսի մեջ տեղ չկա,- աքլորացավ կապիտանը։
Նույն պահին, կանգնածներից մեկը քաշեց կապիտանի թևից ու ականջին ինչ-որ բան շշնջաց, հետո արդեն գուշակեցի, պարզ էր, թե ինչ ասաց։ Ես բարձրացա ավտոբուս։ Ավտոբուսի համարյա կեսը լցված էր տարբեր արկղերով, պարկերով։ Էլ ուշադրություն չդարձրեցի, գնացի մի անկյունում նստեցի։
Ճանապարհին տեղ-տեղ ավտոբուսը կանգնում էր, տղաներն իջնում, իրենց բնական կարիքներն էին հոգում, հաց ուտում, երբեմն էլ՝ շրջում թուրքի լքված գյուղով, ինչ-որ բաներ քաշ տալիս, բերում, ավելացնում ավտոբուսի հետնամասում կուտակված իրերի վրա։ Մի դատարկ գյուղի մոտ երկար կանգ առանք։ Քնել էի, գոռոցներից արթնացա, դուրս եկա։ Կապիտանը եռամսյայի մի ջահել, խեղճոտ տղայի գցել էր գետին, ոտքերով հարվածում էր, հետն էլ՝ հայհոյում։
— Ի՞նչ է պատահել,- հարցրեցի ծառին հենված ծխող տղային։
— Գագոն՝ ծեծվողը, թուրքի տանից ոսկեղեն ա գտել, կապիտանին չի տվել, թաքցրել ա, խաբարը հասցրել են, կապիտանն էլ դրա համար ծեծում ա տղուն։
— Հա, բայց ինչու՞ պետք է կապիտանին տար, որտե՞ղ է այդպես որոշված։
Տղան մի կողմ նետեց ծխախոտի մնացուկը, ատամների արանքից դժգոհ թքեց։
— Հիմա էստեղի որոշողը կապիտանն ա։ Չե՞ս տեսնում, ավտոբուսի կեսը իր թալանն ա լցրած, ես դրա մարդ ասողին։
Աչքերիս դեմը սևացավ, չէի խորացել, թե այդ ինչո՞վ է լցված ավտոբուսը։ Փաստորեն ճիշտ են շշուկները, որ ոմանք Արցախ են գալիս թալանի համար։
— Աղդամի տների վրա ինչքան դուռ, պատուհան, դարպաս կար, սա ու իր նմանները քանդեցին, Հայաստան տարան՝ ծախելու։ Էլ չասեմ գինու ու կոնյակի մասին, որ ուղարկում են Ռուսաստան, միլիոն են շինում,- վրդովված շարունակեց զրուցակիցս։
Արագ մոտեցա տղային դեռ հարվածող կապիտանին, թևից քաշեցի։
— Թող տղային։
Կապիտանը թափով հետ դարձավ, որ ոտքի հերթական հարվածը իր թևից քաշողին հասցնի, ինձ տեսավ, ոտքը մնաց օդում։
— Յա՜, էս մեր Ջրվեժի գող Ժիրոյի հարիֆն էլ է բաժին ուզու՞մ,- դեմքը ծամածռելով՝ ծիծաղեց կապիտանը։
Բռունցքի իմ մի հարվածից կապիտանը փռվեց գետին, իսկ ես բարձրացա ավտոբուս, նստեցի իմ տեղում։ Մինչև Երևան, կապիտանն այլևս նույնիսկ չհամարձակվեց նայել իմ ուղղությամբ։
Բայց կյանքը հետաքրքիր է, տարիներ անց, առիթ եղավ՝ նորից հանդիպել նրան։ Ահա այդ հանդիպման պատմությունը։
Ինձ շտապ կանչեցին վիրահատարան։ Դժբախտ դեպք էր պատահել, որից վնասվել էր մի երիտասարդ, վիճակը շատ ծանր էր, շտապ վիրահատություն պետք է կատարեի։ Լվացվեցի, գլխարկն ու դիմակը հագա, ձեռնոցներն էի հագնում, երբ վիրահատարանի բուժքույրն եկավ, թե՝ վիրահատվողի հայրը գեներալ է, ուզում է անպայման վիրահատող բժշկին տեսնել։ Սկզբում զայրացա, հետո կարծես մեկն ասեր՝ գնա, տես, ի՞նչ է ասում։ Հենց այդպես, դիմակով էլ դուրս եկա։ Գեներալն ու վիրահատվողի էլի մի քանի հարազատներ շրջապատեցին ինձ։ Չնայած չաղացած տեսքին ու գեներալական հագուստին, ես իսկույն ճանաչեցի եռամսյայի տղաներին քաղաք բերող կապիտանին։ Դե, գիտեք, նման դեպքերում հիվանդի ծնողներն ու հարազատները ինչ են խնդրում բժշկից։ Հանկարծ զգացի, որ գեներալը ինչ-որ ծրար սահեցրեց խալաթիս գրպանը։ Ձեռքս տարա գրպանս, շոշափեցի, փող էր։ Հանեցի ծրարը, հարյուր դոլլարանոցներ էին։ Գուշակեցի, որ գլխարկով ու դիմակի տակ, այդքան տարիներ անց, նա ինձ չէր կարող հիշել։ Չալարեցի, հանեցի գլխարկս ու դիմակը, նայեցի գեներալի աչքերի մեջ։
— Պարոն գեներալ, հավանաբար եռամսյա հավաքի այն տղայի ձեռքից խլած թուրքի ոսկեղենն եք վաճառել՝ ավտոբուսի մեջ եղած թալանի հետ միասին, ու գումարը այսօր ինձ բերել, հետ վերցրեք ձեր կեղտոտ գումարը,- ասացի ու դոլլարանոցների տրցակը նետելով նրա երեսին, վիրահատարան մտա։
Փառք Աստծու, վիրահատությունը հաջող անցավ, տղան էլ արագ ապաքինվեց։
Այնպես որ՝ այսօրվա որոշ գեներալներ, մեծահարուստներ իրենց առաջին միլիոնն ունեցել են Արցախից արված թալանի շնորհիվ, բայց քանի որ աշխարհում ընդունված չէ խոսել ունեցած առաջին միլիոնի մասին, մեզ մոտ էլ լռում են, թե ովքեր և ինչպես այդ տարիներին թալանեցին Արցախի գործարաններն ու եղած-չեղածը։ Դեռ կենդանի մարդիկ շատ կան ու այդ բոլորը գերազանց են հիշում։
11.
Եռամսյայի տղաների ավտոբուսով հասա Երևան, տաքսի կանգնեցրի ու գնացի ուղիղ Ջրվեժ։ Հենց փողոցից նկատեցի, որ Ժիրոյի տան առջև մարդիկ են հավաքված։ Սիրտս անհանգիստ խփեց։ Մտա ներս, Արմենն ընդառաջ եկավ։
— Ո՞նց է,- հարցրի տագնապած։
— Վատ է, քեզ է հարցնում, մտիր ներս։
Մտանք ննջարան։ Անկողնու մեջ համարյա չերևացող, հյուծված մարդը ոչնչով չէր հիշեցնում հաղթանդամ, սլացիկ բոյով Ջրվեժի Ժիրոյին։ Նստեցի կողքին, ձեռքս դրեցի վերմակի վրա ընկած նրա ձեռքին, աչքերը բացեց, նայեց։
— Մհե՞ր, եկա՞ր։
— Եկա։
Աչքերով հասկացրեց Արմենին, որ դուրս գա, մեզ մենակ թողնի։ Հետո ձեռքը մի կերպ տարավ, բարձի տակից մի ծրար հանեց, մեկնեց ինձ։
-Մհեր, քեզ եմ վստահում իմ կյանքի միակ գաղտնիքը։
Շունչը կտրվում էր, չէր կարողանում խոսել։ Աչքերը փակեց, շունչը մի քիչ տեղը բերեց, շարունակեց։
— Նշված հասցեով կգնաս, այնտեղ ապրում են իմ ամենասիրելի մարդիկ, միակ դուստրս՝ Արևիկն ու իր մայրը։ Կտաս նամակը իրենց, կասես, որ ես իրենց շատ եմ սիրում, թող ինձ ներեն։
Որոշ ժամանակ նորից լռեց։
— Կասես, թող ինձ ներեն, ես այլ կերպ չէի կարող նրանց պաշտպանել իմ շրջապատից ու թշնամիներից, որոնք, եթե իմանային դստերս գոյության մասին, գիշատիչների նման վրա կտային։ Իմ թշնամիները չպիտի իմանային իմ թույլ տեղը։
Աչքերը փակեց։ Պատերազմի արհավիրքների մեջ քարացած սիրտս փափկեց, հալվեց, գետ դարձավ, աչքերս թրջվեցին։ Այո, օրենքով գողերը միշտ էլ խնամքով թաքցրել են իրենց ամենաթույլ տեղը։
— Մհեր, տեր կկանգնես, որ կտակիս գործը նորմալ կատարվի, փաստաբանը կգտնի քեզ։
Դողացող մատներով բռնեց ձեռքս, սեղմեց։
— Գնա։
Դուրս եկա ննջարանից, աչքս ընկավ բազմոցի մի անկյունում կծկված պրոֆեսոր Ջանենցին, որ թաշկինակով թաց աչքերն էր մաքրում։ <<Օրենքով գող>> մականունն ունեցող պրոֆեսորը իրեն այդպես էլ չներեց, որ այս անգամ չկարողացավ փրկել իր օրենքով գող ընկերոջը։
Կեսգիշերին Ժիրայրը՝ Ջրվեժի Ժիրոն, մահացավ։
*** Մինչև հիմա էլ, այսքան տարիներ անց, շատ անունով, մեծամեծ մարդկանց թաղումների եմ մասնակցել, իմ հարգանքի տուրքը մատուցել, բայց Ժիրոյի թաղումն ուրիշ էր, նման բան, հարգանքի նման տուրք ես այլևս չեմ տեսել, չեմ հանդիպել։ Միայն ասեմ, որ թաղումից հետո ինձ մոտեցան երկու միջին տարիքի, բավականին պատկառելի դեմքով տղամարդիկ, նրանց հետ սպիտակ մազերով տարեց մի ուկրաինացի, բարևեցին ձեռքսեղմումով, նկատելի տխուր էին, մտածեցի, որ Ժիրոյի հարազատներից կլինեն։
— Սիրելի բժիշկ, մենք ազերիների մոտ այն գերի ընկածներն ենք, որոնց ահա, այս ուկրաինացու միջոցով ազատեց, Երևան հասցրեց Ժիրոն։ Մենք սգում ենք մեր հարազատի մահը։
Փոքրիկ զրույցից հետո նրանք հեռացան, իսկ ես դեռ քարացած կանգնել էի։ Հետո իմացա, որ թաղման ողջ ծախսը կատարել էին այդ երկու արժանավոր մարդիկ, որոնց ով լինելը չեմ ուզում այստեղ բարձրաձայնել։ Նրանք այն մարդկանցից էին, որոնք գերադասում են հայրենիքի համար մի օգտակար բան անել, կյանք զոհել՝ ստվերում մնալով, քանի որ ոչ թե անում են իրենց փառքի ու անվան համար, այլ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ։
12.
Մեկ շաբաթ անց, Ժիրոյի յոթն ու քառասունքը տալուց հետո, նստեցի տաքսի, գնացի ծրարի վրա նշված հասցեով։
— Հա, գիտեմ,- ասաց տաքսու վարորդը,- սա Ներքին Շենգավիթի աղյուսի գործարանի բարաքներում է։
Հասանք տեղ, իջա, նայեցի շուրջս։ Չէի պատկերացնի, որ Երևանում այսպիսի բնակելի վայր կարող էր լինել։ Այդ բարաքներ կոչվածը մի իսկական գետտո էր՝ փոքրիկ, ցածր, իրար քիթ մտած տնակներով, որոնք կառուցված էին մի մասը աղյուսից, մի մասը՝ փայտից ու թիթեղից։ Մոտեցա աղբյուրից ջուր վերցնող կնոջը, ցույց տվեցի ծրարի վրա եղած տան համարը։ Կինը ձեռքը պարզեց առաջ, թե՝ էդ նեղ արանքով գնա, դուրս կգաս մի ուրիշ բակ, կապույտ գույնի մետաղե դուռ կա, վրան համարը գրված է, հենց այդ է։
Գտա կապույտ գույնի դուռը, թակեցի, ներսից ձայնեցին․
— Դուռը բաց է, ներս մտեք։
Մտա, թախտին բուդդայական ձևով նստած, գիրքը ծնկներին դրած աղջիկը , տեսնելով անծանոթ մարդու, տեղից վեր թռավ։
— Դուք ու՞մ եք ուզում։
— Ռուզաննային եմ ուզում,- մի տեսակ շփոթվեցի ես։
— Մայրս գիշերային հերթափոխից հետո քնած է, հիմա կարթնացնեմ,- ասաց աղջիկն ու կողքի փոքրիկ դռնով ներս գնաց, հավանաբար ննջարանն էր այնտեղ։
Ես հասցրեցի նկատել, որ աղջիկը շատ գեղեցիկ էր ու Ժիրոյի դիմագծերն ուներ։
Քիչ անց, դուրս եկավ մոր հետ։
— Ես Ձեզ հետ առանձին խոսակցություն ունեմ,- բարևելուց հետո, դիմեցի կնոջը։
Աղջիկը, ինչպես արդեն հասկացա, Արևիկը, նորից գնաց փոքրիկ դռնով ներս։
— Համեցեք, նստեք,- ասաց կինը՝ ցույց տալով սեղանի մոտ դրված աթոռը,- լսում եմ Ձեզ։
Ռուզաննան, չնայած տարիքին, հաճելի կին էր, բայց զգացվում էր, որ կյանքի հարվածները նրան չէին խնայել, դեմքից նկատելի էր, որ երիկամների խնդիր ունի։
— Ինձ Ժիրայրն է ուղարկել,- միանգամից սկսեցի։
Կնոջ դեմքին հեգնական արտահայտություն եկավ։
— Իսկ ինքն ու՞ր է, նորի՞ց բերդ է ընկել։
— Ոչ, մեկ շաբաթ առաջ մահացել է։
Ռուզաննայի դեմքից հեգնանքը թռավ, մի ալիք բարձրացավ, դեմքը մգացավ։
— Ինչպե՞ս,- հուզմունքը դեմ առավ կոկորդին, չկարողացավ շարունակել։
— Հիվանդ էր, թոքերի քաղցկեղը շատ արագ իր գործն արեց։
Կինը նստել էր սառած, անթարթ ինձ էր նայում։
— Նա Ձեզ ու իր դստերը՝ Արևիկին, նամակ է թողել, ահա նամակը։
Վերցրեց նամակը, բաց արեց, մատները դողում էին, մատնում խորը հուզմունքը։ Կարդաց, արցունքի երկու խոշոր կաթիլ ընկան նամակի վրա։
— Փաստորեն նա Ձեզ վստահել է իր գաղտնիքը, բարեկա՞մ եք։
— Ոչ արյունակցական, ես բժիշկ եմ, Ժիրայրը իմ մեծ ընկերն էր, բարեկամը։
Կինը լռում էր, բայց զգացվում էր, որ ուզում է խոսել։
— Փաստաբանի հետ միասին ես կզբաղվեմ նաև նրա կտակի գործերով։
— Կտակի՞, նա նույնիսկ կտա՞կ է գրել։
Ոչինչ չպատասխանեցի։ Քիչ լռելուց հետո, Ռուզաննան խոսեց, մտավ հիշողությունների հորձանուտը։
— Ժիրայրի հետ ծանոթացել ենք, երբ սովորում էի համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում։ Ես ապրում էի հանրակացարանում։ Ժիրայրն ուզում էր, որ սովորելու տեղափոխվեմ հեռակա բաժին, ամուսնանանք։ Բայց երկրորդ կուրսում զգացի, որ նա սկսել էր ինչ-որ փոխվել․ առաջվա նման ամեն օր չէր գալիս՝ դասերից հետո ինձ տուն ուղեկցելու, երբեմն էլ գալիս էր ինչ-որ կասկածելի տղաների, տարիքով մարդկանց հետ, ասում էր՝ միասին մի գործ ենք անում։ Սկսել էր ինձ անսովոր, արժեքավոր նվերներ բերել։
Ես սկսել էի վատ զգալ, պարզվեց՝ հղի էի։ Այդ օրը որոշել էի ասել հղիությանս մասին, բայց նա չեկավ իմ հետևից, մի երկու օրից եկավ նրա մտերիմ ընկերն ու ասաց, որ Ժիրայրը գողություն կատարելիս՝ մարդ է սպանել։ Ես շիվարել էի, շփոթվել, ինձ կորցրել։ Ընկերուհիս ասաց, որ պետք է ազատվեմ երեխայից, Ժիրայրին երկարատև կալանք է սպասում, ես ի՞նչ պիտի անեմ, ասաց, որ իր բարեկամուհին կանացի բժիշկ է, կարող է նրա հետ խոսել, ինձ անպայման կօգնի։ Հաջորդ օրը արագ գնում էի ընկերուհուս հետ պայմանավորված վայրը, երբ փողոցում մեկը թևս բռնեց։ Մեր գյուղից մի հեռավոր բարեկամուհի էր, տարիքով ինձանից բավական մեծ։ Բանից անտեղյակ, համարյա ստիպելով տարավ իր տուն, ահա, հենց այս տունը, ուր ապրում եմ արդեն քսաներկու տարի։ Բարեկամուհիս իսկույն գլխի ընկավ, որ ինչ-որ բան ինձ հետ այն չէր։ Ամեն ինչ պատմեցի։ Նա երկար լռեց, հետո դարձավ ինձ․
— Ես ժամանակին արել եմ այդպիսի սխալ քայլ և ինձ չեմ ներում, դու չպետք է զրկես քո երեխային լույս աշխարհ գալուց, թե չէ, ինձ նման ողջ կյանքում, քեզ չես ների։ Կգնաս համալսարան, դիմում կգրես, տարկետում կվերցնես, քեզ կօգնեմ, կընդունվես մեզ մոտ, հենց աղյուսի գործարանում աշխատանքի՝ քանի հղիությունդ չի երևում, կապրես ինձ մոտ, երեխադ կծնվի, Աստված մեծ է, մի դուռ կբացվի։
Այդպես սկսվեց իմ նոր, հիասթափություններով, դժվարություններով հարուստ կյանքը։ Մերոնց մոտ, գյուղ գնալն ավելորդ էի համարում, բացի այն, որ խուսափում էի բացատրություններից, տհաճ հանդիմանանքներից, մայրս վաղուց մահացել էր, տանը խորթ մայրս էր իշխում, իսկ համալսարանին ընդմիշտ հրաժեշտ տվեցի։
Դատարանը որոշեց Ժիրայրին տասը տարվա կալանք։ Ամիսներ անց, երբ նրան տեղափոխեցին Կոշի գաղութ, ծննդաբերությունից առաջ, բարեկամուհուս հետ գնացի Կոշ՝ տեսակցության։ Ժիրայրն ինձ շատ վատ ընդունեց, նրա համար անակնկալ էր իմ հղիությունը, զայրացավ, որ երեխայից չեմ ազատվել, ասաց, որ դրանով ես զենք եմ տալիս իր թշնամիների ձեռքը, հրաժարվեց իր անունը տալ ծնվող երեխային։ Տեսակցությունից վերադարձա հիասթափված, հուսալքված, երդվեցի երբեք չներել նրան։
Թե ինչպես անցան տարիները, ինքս էլ չհասկացա։ Արևիկս ինը տարեկան էր, երբ մի օր այստեղ հայտնվեց Ժիրայրը։ Ես նրան չներեցի, չընդունեցի, ի դեպ, ճիշտն ասած, ոչ էլ առանձնապես նրան ընդունել-չընդունելու հարց եղավ, ես այդպես էլ այն ժամանակ չհասկացա՝ ի՞նչ էր այդ մարդու ուզածը։ Միայն զգացի, թե ինչպիսի հուզմունքով, ջերմությամբ նա գրկեց Արևիկին, կրծքին սեղմեց, համբուրեց, բայց ասաց, որ ինքը Արևիկի քեռին է, ինչից ես ավելի զայրացա, ո՞նց թե՝ քո քեռին եմ, ինչու՞ չի ասում՝ ես քո հայրն եմ։ Չէ, ես դա շատ ավելի ուշ հասկացա, որ հավանաբար, նա ճիշտ էր։ Դրանից հետո, մեկ անգամ էլ նա եկավ։ Արևիկի համար շոր, կոշիկ, քաղցրավենիք էր բերել, շատ սառը ընդունեցի, նույնիսկ սուրճ չառաջարկեցի, Արևիկին էլ ուղարկեցի ներսի սենյակ, չթողեցի, որ զրուցեն։ Երբ նա գնացել էր, դռան հետևում դրված դույլի կափարիչին, փաթեթ նկատեցի։ Փող էր, մեծ գումար։ Եթե դնելու ընթացքում տեսած լինեի, հաստատ, չէի վերցնի, բայց արդեն ուշ էր, վերցրեցի, պահեցի, բավական հոգսեր հոգացի դրանով։ Երկար ժամանակ, մոտ երեք-չորս տարի Ժիրայրն այլևս չերևաց։ Ես մտածեցի, որ հավանաբար նորից բանտում է։ Եվ իսկապես, այդքան տարի հետո, երբ նորից հայտնվեց, պատմեց, որ Ռուսաստանում է եղել, մի գործի վրա այնտեղ բռնվել է, բերդում չորս տարի կալանք է կրել, Հայաստան է մտել մի քանի ժամ առաջ ու անմիջապես եկել է մեզ տեսության։ Արևիկը իհարկե, հիշեց <<քեռուն>>, այդ օրը հայր ու աղջիկ երկար զրուցեցին, Արևիկը պատմում էր նրան իր երազանքների մասին, որ ուզում է մեծանալ, բժիշկ դառնալ, փրկել մարդկանց, որ նրանք չմեռնեն հիվանդությունից, ինչպես իր պապան։ Ժիրայրը երեխայի այդ ասածից խիստ հուզվեց, գրկել էր նրան ու երկար պահեց գրկում։
Նա մեզ մոտ գալիս էր միշտ ուշ ժամի, մթնով, երկար չէր նստում, բայց հարևանները նկատել էին, ու բամբասանք էր սկսում ծայր առնել։ Ես խնդրեցի, որ այլևս չայցելի, մեզ հանգիստ թողնի։ Չէի կարողանում հասկանալ, նրա համար ո՛չ կին էի, ո՛չ ընկերուհի, ես էլ գլուխ չէի հանում, նա այդպես էլ երբեք ինձ հետ չանկեղծացավ, չիմացա նրա հոգու մեջ եղածը, միայն գիտեի, որ վախենում էր, վախենում էր մեզ համար, իսկ ումի՞ց, ինչու՞ էր վախենում, շատ ուշ, միայն վերջերս հասկացա։
Շատ ուշադիր էր Արևիկին, ամիսներով կարող էր չգալ, բայց երբեք չէր մոռանում աղջկա ծննդյան օրը, սեպտեմբերի մեկը, տոնական բոլոր օրերին միշտ գալիս էր նվերներով։ Արևիկի վերջին զանգի օրը ինձ համար անսպասելի էր նրա դպրոց գալը, ծաղիկներ էր բերել բոլոր ուսուցիչներին։ Պարզվեց, որ նա հաճախ է եղել դպրոցում, ուսուցիչները նրան ճանաչում էին, որպես Արևիկի քեռի։ Նույնն էլ Արևիկի բժշկական ինստիտուտում սովորելու տարիներին էր անում։
Խոստովանեմ, նա մի քանի անգամ առաջարկել է նոր տուն գնել, տեղափոխվել այս հավաբնից, բայց ես կտրուկ հրաժարվել եմ, մանավանդ, որ բարեկամուհիս ամուսնացավ, գնաց ամուսնու տուն, այս տունն էլ ինձ թողեց։ Իմ մեջ ավելի շատ խոսում էր վիրավորված, չգնահատված կնոջ ինքնասիրությունը, մանավանդ, որ երբեք չեմ դադարել նրան սիրելուց։
Գլխահակ լսում էի, բայց շարժում զգացի, գլուխս բարձրացրի։ Արևիկն էր։
— Մամ, ուրեմն քեռի Ժիրայրը իմ հա՞յրն է։
Աղջիկը սպրդնել էր, կավճի պես սպիտակել, դողում էր, փաստորեն նա ամեն ինչ լսել էր։
Մայրը աղջկան մեկնեց Ժիրայրի նամակը։
13.
ԲԱՐԵՎ Ու ՄՆԱՔ ԲԱՐԻՆ, ԻՄ ՀԱՐԱԶԱՏՆԵՐ, ԻՄ ՌՈւԶԱՆ, ԻՄ ԱՐԵՎԻԿ
Իմ կյանքում շատ կանայք են եղել, բայց դու ես եղել իմ միակ սիրելի կինը, իմ տանջված Ռուզան։ Դու ես եղել միակ կինը, որի հետ երազել եմ ապրել, երազել եմ ուտել քո եփածն ու լսել քո սիրո խոսքերը, երազել եմ, որ իմ շատ երեխաների մայրը լինեիր։ Ներիր ինձ, Ռուզան, ներիր, քո կորցրած սիրո համար, իմ տված դառնությունների համար, իմ գործած մեղքերի ու սխալների համար։ Ծնկել եմ քո առջև, ներում եմ խնդրում, հարազատս, սիրելիս, տառապածս, Ռուզանս։
Իմ հրեշտակ, իմ կյանքի իմաստ, իմ լուսաբաց, իմ գեղեցկուհի Արևիկ, ներիր անարժան հորդ։ Ես այլ կերպ չէի կարող, իմ կյանքն էլ այսպես ստացվեց, այսպես կառուցվեց, բայց ես չէի ուզում, չէի կարող թույլ տալ, որ իմ սև կյանքի ստվերը աղջկաս՝ իմ հրեշտակի վրա տարածվեր, որ իմ ապրած կյանքի ուղին փորձանք դառնար քո լուսափթիթ կյանքի համար։ Քեզ պաշտպանելու ես այլ միջոց չունեի, պետք է թաքցնեի քեզ իմ շրջապատից, իմ թշնամիներից, որքան էլ այդ ցավ տար, ավելին՝ սպաներ ինձ։ Այս է օրենքով գողի կյանքը, եթե ընտրում ես այն, պետք է ենթարկվես, հավատարիմ լինես եղած օրենքներին։ Հիմա դու այլևս չես ամաչի շրջապատից քո գող հոր համար, չես ամաչի բարոյական կեղծ օրենքներով <<ապրող>> էլիտար հասարակությունից, որը, իմացիր, կեղծ է, դաժան է, պատրաստ է ամեն պահ ծաղրել, տրորել, փոշիացնել, հոշոտել մարդուն։ Ես այդ հասարակությունից հրաժարվեցի, հեռացա ի՛մ ձևով։ Ձգտում էի ազատության, բայց հայտնվեցի առավել անազատության մեջ։ Սուտ է, օրենքով գողը չի կարող ազատ լինել, այնտեղ էլ օրենքները դաժան են։
Մնաս բարով, աղջիկս։ Լավ դուստր եղիր մորդ համար, նա շատ է տառապել, քո երջանկությամբ երջանկացրու նրան, իսկ ես երկնքից կնայեմ ձեզ ու կերջանկանամ։
Ձեզ սիրող՝ քո անարժան հայր, Ժիրայր Կիրակոսյան։
Արևիկը ավարտեց նամակի ընթերցումը, նայեց ինձ ու մորը․
— Ես ուզում եմ այցելել հորս գերեզմանին։
14.
Մեկ տարի անց։
Ծնվեց իմ ու Արևիկի առաջնեկ որդին՝ փոքրիկ Ժիրայրը։ Որոշել ենք՝ մի քանի օր հետո բոլորով՝ ես, Արևիկն ու Ռուզանը, մեր փոքրիկին այցի տանել պապիկի՝ մեծ Ժիրայրի գերեզմանին։ Արևիկը որոշել է, երբ մեր որդին մեծանա, նրան անպայման կպատմի պապիկի՝ օրենքով գող Ջրվեժի Ժիրոյի մասին։
15.
Հիմա, այս պատմությունը գրելիս, ես նստած եմ հիվանդանոցի այն նույն աշխատասենյակում, այն նույն աթոռին, ուր տարիներ շարունակ նստած է եղել հարգարժան պրոֆեսոր Ջանենցը։ Եվ ինձ մի հարց է հետաքրքրում, որի վերջնական պատասխանը չունեմ․ արդյո՞ք մարդը ծնվում է՝ տիեզերքից արդեն որոշված իր ճակատագրով, իր կյանքի ուղին որոշված։ Խորացել եմ գիտության մեջ, ուսումնասիրել փիլիսոփայություն, կրոններ, տեսություններ, բայց այդպես էլ չեմ ստացել ինձ հետաքրքրող հարցի պատասխանը։ Արդյո՞ք ես ծնվել էի արդեն այն կանխորոշմամբ, որ պետք է հանդիպեի Ժիրոյին, նա մտներ կյանքիս մեջ, իր դերն ունենար իմ, որպես մարդ, ձևավորման մեջ, սիրեի նրա աղջկան, ամուսնանայի ու ժառանգներիս երակներով հոսեր իմ ու օրենքով գողի արյունը։
Բայց համոզվել եմ, որ կյանքում պատահականություններ չեն լինում։                        Մելանյա Պետրոսյանց

Կարդացեք նաև՝ Օրենքով գողը (վերջին մոհիկյանը)   և Հատված «ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԸ» վիպակից

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *