Մի բան պատմեմ էլի…

Երեկ դիտելով Դանիել Իոաննիսյանի վեճը ավտոտնակի տեր ոստիկանի հետ, որը պնդում էր, դե ավտոտնակը իր տան մի մասն է եւ ինքը պարտավոր չէ այնտեղ դիմակ կրել, հիշեցի այս շատ իրական պատմությունը….

Ուրեմն նախ հիշեցնեմ Սովետի ժամանակվա անեկդոտը, երբ տեր հայրը Հայաստանի ամայի ճանապարհներից մեկով մոտոցիկլետով գնում է, ավտոտեսուչը կանգնեցնում է, ասում է՝ Բա չես վախենում այս ուշ ժամին մենակ։ Տեր հայրն էլ ասում է՝ Չէ, տղա ջան, սուրբ Սարգիսը ինձ հետ է, սուրբ Կարապետը ինձ հետ է… Տեսուչն անմիջապես ընդհատում է՝ Ի՞նչ՝ երեք հոգով մի մոտոցիկլետի վրա՝ տուգանք պիտի մուծես…

Հիմա տեսեք, թե ինչ է պատահել Օնտարիո ամերիկյան նահանգում, որտեղ ծխելու դեմ շատ խիստ կանոններ են գործում՝ մոտավորապես այնպիսին, ինչպիսին մեզ մոտ են ուզում սահմանել։ Ընկերություններից մեկի աշխատակցին մի անգամ ղեկավարությունը շտապ հանձնարարությամբ գործուղում է հարեւան բնակավայրը։ Այդ աշխատակիցը նստում է իր մեքենան ու գնում, ճանապարհին վառում է սիգարեթը։ Ոստիկանները կանգնեցնում են՝ դուք խախտել եք հակածխախոտային օրենսդրությունը։ Ինչպես եմ խախտել՝ իմ մեքենան է, ինչ կուզեմ կանեմ։ Հիմա հետեւեք ամերիկացի ոստիկանների տրամաբանությանը։ Աշխատանքային ժամ է, դուք կատարում եք ձեր ղեկավարության աշխատանքային հանձնարարությունը, այսինքն՝ մեքենան վարելով, փաստորեն աշխատում եք, իսկ եթե դուք աշխատում եք, ուրեմն գտնվում եք աշխատավայրում, հետեւաբար՝ տվյալ պահին ձեր ավտոմեքենան ձեր աշխատավայրն է, իսկ աշխատավայրում ծխելը խստիվ արգելված է՝ մուծեք տուգանքը՝ 200 դոլար։
Այս մարդը՝ որպես օրինապաշտ քաղաքացի, իհարկե, վճարեց այդ 200 դոլարը, բայց նաեւ դատարան դիմեց։ Ու դատարանը ի վերջո որոշեց՝ այնուամենայնիվ անձնական ավտոմեքենան աշխատավայր չէ։ Չգիտեմ, իմ կարծիքով, այս պատմության մեջ ինչ-որ տարօրինակ բան կա՝ եթե կատարում եմ ղեկավարությանս հանձնարարությունը, ուրեմն մեքենաս կարելի է աշխատավայր համարել, իսկ եթե շուկա եմ գնում՝ կարտոֆիլ գնելու, մեքենաս այլեւս աշխատավայր չէ….

Արմեն Դուլյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *