Ո՜Վ, ՀԱՅ

Ո՞վ ես, վերջապես, ինքդ քեզ համար…
Թե բարեգործ ես՝ ու՞ր է բարիքդ,
Տարիքդ ելել գլխիդ է նստել…
Ո՞վ պիտի հոգա ձմռան կարիքդ…

Խրոխտ օրերդ անխնա վատնել,
Քո խղճից խաբված, հավատից հյուծվել.
Ո՞վ ես, վերջապես թշնամուդ դիմաց,
Վրիժառու՞ես, թե՞ խիղճ մոլորված…
Եթե վերջինն ես՝ կցեղասպանվես,
Թե սկզբինն ես՝ ծովածով կապրես…

Քեզ մոտ ամեն ինչ հակառակն եղել-
Թեփն է քոնն եղել, ալյուրն՝ ուրիշին…
Եղած մի կյանքդ քամի էր, անցավ-
Քամին քոնն եղավ, արդյունքն՝ ուրիշին…

Չէիր սպասում անմահությանը-
Էլի փառք Աստծուն…:
Անհայտի կամքով 
Անմահությունը ինքը քեզ գտավ.
Անկոչ էր, սակայն 
Փրկիչ Որդին էր-
Կոչված հյուրի պես կյանքիդ մեջ մտավ…
Հիմա հասկացա՞ր, թե ինչի՞ համար,
Մարդամեղք խաչը եկավ, քեզ գտավ…

,,,,,,,,,,,,,,,,

Մենության մեջ ու խավարում 
Բնօրրանս` կարծես խռով, 
Դարձել է հաց առանց աղի, 
Փողոցները ` առանց մանուկ, 
Խեղճ ծերերը` առանց հույսի, 
Ալպիական այս հանդերը`առանց հանդվոր,
Յայլաները` առանց յայլվոր,
Ծխնելույզներ` առանց ծխի 
Ու օջախներ` առանց կրակ, 
Շուրջբոլորը փակված տներ`
Վեհ, հոյակերտ, հպարտ, մաքուր, 
Բայց դե կարոտ դուռը բացող 
Մի պարզ ձեռքի, մանկան ճչի:
Կար ժամանակ, երբ այս գյուղում
Կար հարսանիք,կնունք, ծնունդ, 
Պարզ մարդկային աչքալուսանք,
Ամանորյա շնորհավորանք ու հարևան
Մարդկանց հավաք.ծուխ կար ելնող օջախներից,
ՈՒ ծխի հետ քաղցր բուրմունք, 
Չարաճճի մանուկների ծիծաղ ու լաց, 
Տարեցների խորհուրդ, խրատ, 
Գյուղին վայել առավոտվա բարի
Զարթոնք` պարզ աղմուկով, 
Ոչխարների ու կովերի անմեղ բառաչ,
Աքլորների զնգուն կանչով բարի արև,
ՈՒ արևի բարի լույսով վարած հողի քուլա-քուլա
Անուշ բուրմունք վեհ անվերջ,անհագ:
Իսկ թե հիմա ինչ է դարձել,
Մե’ղա, մե’ղա. դռները` փակ, 
Առանց տիրոջ ու խռոված, 
Եկեղեցին այցվոր չունի, քանզի 
Այցվորն այցելելու էլ ուժ չունի, 
Հսկա շենքն էլ այս դպրոցի մնացել է առանց սանի, 
Մանկավարժն էլ, խեղճ ու մոլոր, ում խրատի: 
Քանզի ինքը խրատվելու ու մարդկային 
Պարզ խոսքերի կարիք ունի: 
Այս մեկն էլ տես ձմռան ցրտին 
Մի դույլ ջրի կարիք ունի, 
Իսկ թե նրա որդին որտեղ, ինչ է անում,
Ում ջրաղացին է ջուր լցնում:
Ահա նորից այս ուշ ժամին եկեղեցու
Զանգը հնչեց, այն ծեր կինն էր
Մե’ղա քեզ, տե’ր, 
Թող այս մեկն էլ քո գթությամբ 
Դասավորվի քո աջ կողմում, 
Քանզի խեղճ էր ու մոռացված, բայց թե խաչն իր`
Մարդավայել ու անխռով մինչ վերջ կրած: 
Թող չար լեզուս քարին կպչի,
Գյուղս կյանքի գիր է դառնում ,
Իսկ վեհ գործը պահապանի 
Այս սուրբ խաչին արժանանում:

,,,,,,,

Կյանքիս օրերից բազումը կտամ,
Թե մեկ օր հետո հետ բերվեր մահից,
Մի վերջին անգամ աչքերս բացաց,
Բաղձալի ժպտամ, անխտիր բոլորին…

Թե շուրջս տեսնեմ արցունքներ ողբի,
Հորդորով մաքրեմ ու սիրեմ նրանց,
Ասեմ՝ բարի է թե կամք է Աստծո, 
Նոր սերեր սերվի, ես էլ դառնամ հող ….

Քահ֊ քահ ծիծաղեմ մի վերջին անգամ, 
Աշխարհին թողած գործերի վրա, 
Ներումի խոսքով դիմեմ լոկ նրանց,
Ում պարտք մնացի վեհ սիրո դիմաց…

,,,,,,,,,,

Կարոտ ենք թողել խորը անցյալում, 
Մեր նախնիների կարոտների մեջ,
Արևի նման ծագում ենք,­ մտնում ,
Աչքերով առաջ՝ մտքերով էլ հետ….

Ամեն վարկյանը իր պարկուճն ունի,
Իսկ մենք ընդառաջ անվրեպ որսորդին, 
Սերմացու դառնում անցած ճամփեքին, 
Անխտիր լուծվում ենք­ հավերժի հողին…

Քանի՞սն են անցե՜լ մեզանից առաջ,
Չգիտենք նույնիսկ թիվը մեր նախնյաց, 
Անհեթեթ կյանքին հրում ենք, անցնում՝ 
Անխիղճ գնդակի հոգսին­ ընդառաջ …

,,,,,,,

Երկինք նայելուց ձեռքերդ բացի՛ր, 
 Ափերդ վերև ճախրանքի ելիր,
Միայն աչքերով տեսնելը քի՜չ է,
Անհունը շոյիր՝ թևերդ պարզած…

Աստղերի անթիվ շողերից քաղի’ր
Ամպերի մաքուր ջրի կաթիլներ,
Խենթ քամու շուրթի ծիծաղը լսիր,
Ժպիտներ շնչիր՝ երկինքում լուծված ….

Հողը խռովկան թո’ղ ոտքիդ հենակ,
Միևնույն է՝ մի օր կլուծվես նրան,
Այսօր դու միայն քե’զ լույսով սնիր,
Քո բաժին հողից թող ծնվի նոր կյանք..

,,,,,,,,,,,,,,

Նայում՝ չենք տեսնում խորքը մեր ծովի, 
Որ փոքրիկ ջանք է՝ դրված արարչից, 
Էլ ինչպե՞ս տեսնենք ոգին աշխարհի,
Որ ամենն ունի ամբողջի ծովից …

Տերն է զարմացած վերևից նայում, 
Արդեն իսկ ինքն իր ջանքն է ափսոսում, 
Ծնվում ենք, ապրում նրա ջերմոցում,
Բայց չենք հասկանում չափը մեր քայլի…

Լուսինը մեղմիկ ժպտում է անվերջ, 
Մութ կողմում հավերժ հոգսերը պահած,
Ժպտացե’ք միմյանց, գոնե Լուսնի չափ՝
Արևի չափին հասնելու համար….

,,,,,,,,,,,,,,

 

"Minas

 

ՀԵՂԻՆԱԿ` ՄԻՆԱՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ