ՄԵՐ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԸ

ԱՅՍՕՐ ՈՒՆԵՆՔ ՀԶՈՐ ՍՊԱՆԵՐ, ՈՐՈՆՑ ՍԱՂԱՐԹՆԵՐԸ ՆՈՒՅՆՔԱՆ ՀԶՈՐ ԵՆ, ՈՐՔԱՆ ԻՐԵՆՑ ԱՐՄԱՏՆԵՐԻ ՈՒԺԸ

Մաքառումներով լի Հայրենիքի, նրա անկախության ու ազատության, սահմանների անառիկության համար նվիրվելու եւ ""նահատակվելու պատրաստ հայրենապաշտ զավակներից յուրաքանչյուրն իր լուման ունի Հայրենիքի անվտանգության եւ կայացման գործում։ Այսօր ունենք հզոր սպաներ, որոնց սաղարթները նույքան հզոր են, որքան իրենց արմատների ուժը, իսկ հավատը նույնքան զորեղ, որքան քարերից ու ժայռերից քամվող կենսավիշը:
Եվ այն, որ՝ «Ռազմավարի հանճարը բխում է նրա հոգու վեհությունից» նժդեհյան գաղափարախոսությունն իրավ է ասված հայրենասեր ընտրյալ զինվորականների համար: Այդ ընտրյալ զինվորականներից է ՊԲ N զորամասի N գումարտակի դիրքապահ հրամանատար, մայոր ԱՐՄԵՆ ԼԵՎՈՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:

Արմեն Լեւոնի Հարությունյանը ծնվել է 1986թ. սեպտեմբերի 4-ին, Երեւանում: Սովորել է տեղի 162-րդ միջնակարգ դպրոցում:
2004-2008թթ. սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Ավարտելուց հետո նրան ուղարկել են Արցախի Մարտունու N զորամաս, որտեղ նա նշանակվել է սկզբից դասակի հրամանատար, այնուհետեւ՝ վաշտի, հետո` գումարտակի շտաբի պետ:
Իսկ 2014-ից մինչեւ այսօր նա զորամասի N գումարտակի հրամանատարն է:
Պարգեւատրվել է «Անդրանիկ Օզանյան», «Զինված ուժերի 20-ամյակ», «Անբասիր ծառայության» 1-ին աստիճանի, ՀՀ «Մարտական ծառայության» եւ «Մարտական հերթապահության» 1-ին աստճանի մեդալներով, հուշամեդալներով եւ պատվոգրերով:
Ամուսնացած է, ունի 2 որդի:

Վերջերս հանդիպեցինք գումարտակի հրամանատար Արմեն Հարությունյանին եւ զրուցեցինք նրա հետ: Հիրավի, նրա՝ զինվորների նկատմամբ սրտացավության եւ ուշադրության մասին գովեստի խոսքեր էինք լսում, հատկապես զինվորների ծնողներից, ուստի որոշեցինք հանդիպել եւ զրուցել նրա հետ:
Նշենք, որ սահմանապահ գումարտակի հրամանատարն այս պահին գտնվում է դիրքերում եւ իրականացնում է մարտական հերթապահություն:
Ստորեւ ներկայացնում ենք նրա հետ մեր ունեցած զրույցը՝ բարի եւ անփորձանք ծառայություն մաղթելով նրան եւ նրա զինվորներին:

-Պարոն մայոր, ուրախ ենք, որ ձեզ նման մարտունակ եւ միշտ պատրաստ մարտական առաջադրանքի սպաներն առանց վարանելու ծառայության են գալիս Արցախ: 2008 թվականից դուք Արցախի դիրքապահ զորամասի սպա եք: Երբ ձեզ ասացին, որ պետք է Արցախում ծառայեք, ինչպիսի՞ն էր ձեր զգացումն այդ պահին:
-Իմ զգացումն այդ պահին շատ լավ էր: Ես մտածեցի, որ, իրոք, դրա կարիքը կա, ու մեծ ոգեւորությամբ եւ ուրախությամբ տեղափոխվեցի Արցախ: Իսկ Արցախի Հանրապետությունը գտնվելով ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն կարգավիճակում, ունի հզոր ու մարտունակ բանակ, ճիշտ մարտավարություն, խելացի ու քաջ սպայակազմ եւ զինվորական կազմ:
Եվ ծառայության անցնելով այս զորամասում, ես դա տեսա, ամեն ինչ շատ լավ էր, եւ կրկին համոզվեցի, որ մեր բանակն հզոր է ու անպարտելի: Ու պետք է ասեմ, որ մենք միշտ պատրաստ ենք ամեն րոպե անմնացորդ նվիրումով պահպանելու երկրի անդորրը: Անշուշտ, մենք ունենք մեծ պատրաստակամություն եւ բարձր մարտական ոգի՝ ամեն գնով պաշտպանելու հայրենիքը:
— Պարոն Հարությունյան, դուք դիրքապահ գումարտակի հրամանատար եք: Անշուշտ, բոլորս քաջատեղյակ ենք զինվորի հայրենանվեր ու ազգանվեր գործին, գիտենք նաեւ մեր բանակի՝ ձեր նման սպաների բարձր մարտունակության մասին: Կուզենայինք մի քանի խոսքով նկարագրեիք զինվորին՝ մարտական հերթապահություն իրականացնելիս:
— Անշուշտ, հեշտ գործ չէ սահման պահելը, իսկ մեր զինվորները դա կատարում են գերազանց: Ի սկզբանե էլ դիրքերում ես առավել շատ տեսա նրանց մարտական բարձր պատրաստակամությունը, նվիրվածությունն առ հայրենիք եւ հզորությունը: Նրանք շատ քաջ են ե՛ւ իրենց կեցվածքով, ե՛ւ մարտունակությամբ, ե՛ւ համարձակությամբ, ե՛ւ անկոտրում ոգով: Մեր զինվորներն անքուն, օր ու գիշեր, առանց վարանելու հպարտորեն կանգնած են սահմանին, ասել է թե՝ հակառակորդին դեմ հանդիման՝ միշտ պատրաստ արժանի հակահարված տալու եւ հետ մղելու ոսոխի ցանկացած ոտնձգություն, սպասելով «առաջ» հրամանի: Այո, վստահաբար կարող եմ ասել, որ մեր սահմանապահներն անմնացորդ նվիրված են հայրենիքի պաշտպանության գործին, պատրաստ են աներկբա իրենց կյանքը նվիրաբերել հայրենիքի պաշտպանությանը եւ անվտանգությանը, որը նշանակում է նվիրվել հարազատ ժողովրդի խաղաղ օրվա պահպանման, հանգիստ քնի, լուսավոր ապագայի կերտման գործին: Այսօր եւ միշտ դիրքապահ զինվորը հստակ եւ փայլուն կերպով կատարում է իր առջեւ դրված խնդիրներն ու մարտական առաջադրանքները:
— Դուք բավական մարտունակ զինվորական եք, իսկ ավելի կոնկրետ՝ գումարտակի հրամանատար: Եվ, ինչպես ասում են՝ գիտեք ձեր առջեւ դրվածը: 
-Մեր զորամասի յուրաքանչյուր գումարտակ, ամեն մի սպա ու զինվոր գիտի իր գործը: Իհարկե, որպես գումարտակի հրամանատար կասեմ, որ բոլորն էլ հմտորեն են տիրապետում մարտական կանոններին, ունեն բարձր պատասխանատվություն, ամուր կամք, պատվախնդրություն եւ անսահման սեր ու նվիրում գործի նկատմամբ: Նրանք իրենց ուսերին են կրում ազգի ապահովության ու խաղաղության, հայրենիքի պաշտպանության դժվարին եւ պատասխանատու բեռը, եւ պատվով են տանում այն:
Բարձր եմ գնահատում իմ զինվորներին, յուրաքանչյուրի նվիրվածությունը երկրի պաշտպանության գործին, ընդհանրապես՝ ծառայությանը: Գումարտակում կա փոխադարձ հարգանք, որն առաջնային է ծառայության ընթացքում, կա բարձր կարգապահություն, դիրքում կանգնած զինվորը կամ սպան քաջ գիտակցում են, որ հսկելով սահմանը, պաշտպանում են իրենց թիկունքը, որը խորհրդանշում է հարազատ տունն ու օջախը եւ իրենց ծնողները, եւ, որ հարազատները սպասում են իրենց վերադարձին: Ես ոգեւորված եմ նրանց ծառայությամբ, եւ որպես գումարտակի հրամանատար հպարտանում եմ նրանց նվիրվածությամբ:
Հենց այնպես խոսքեր չեն, որ ասում ենք, մեր զինվորները մշտապես ամուր են ու պատրաստ՝ հետ շպրտելու հակառակորդի դիվերսիոն-հետախուզական փորձերը, իսկ հակառակորդի առաջխաղացման փորձեր բազմիցս են ձախողվել:
-Պարոն մայոր, Ապրիլյան պատերազմի ժամանակ ձեր ուղղությունն ինչպիսի՞ն էր: Մի քանի խոսք այդ օրերից, ընդհանրապես բանակի մարտունակության մասին, խնդրեմ: 
— Ապրիլյան պատերազմի ժամանակ մեր զորամասը՝ հրամանատարի գլխավորությամբ եւ հրամանով, ոտքի կանգնեց եւ ամբողջ ուժը ներդրեց՝ թշնամուն հետ շպրտելու: Եվ չնայած թշնամու սադրանքներին, մեր ուղղությամբ ոչ մի թիզ հող չզիջեցինք հակառակորդին, բարեբախտաբար նաեւ զոհեր չունեցանք: Մեր առջեւ դրված խնդիրը կատարել ենք փառքով եւ պատվով:
Իսկ բանակի մասին, որպես սպայի, կարող եմ ասել, որ շատ հզոր եւ մարտունակ բանակ ունենք: Տարածաշրջանում ամենահզոր եւ մարտունակ բանակն է: Եվ խոսքերիս ապացույցը հենց Ապրիլյան պատերազմն է, որի ժամանակ բանակն իր ողջ կազմով՝ զինվորից մինչեւ գերագույն հրամանատար, ապացուցեց, որ թե զենքի ուժով, թե անսպասելի գրոհով անհանար է կոտրել հայոց բանակի «մեջքը», քանզի նրա սյուներն ամուր են եւ անխոցելի: Այսօր առավել քան երբեւէ, պետք է հանգիստ լինել, որովհետեւ երկրի անվտանգությունը լիարժեք ապահովված է թե սահմանները հսկող տոկուն զինվորով, թե զենքերի ապահովվածության տեսանկյունից:
Եվ որպես զինվորականի, վստահեցնում եմ, որ մեր սահմաններն ամուր են:
-Այսօր ինչպիսի՞ն են դիրքերը, ինչպիսի՞ բարեփոխումներ են կատարվել Ապրիլյան պատերազմից հետո, հատկապես գիտենք, որ թշնամին միշտ դիպուկահարային եւ դիվերսիոն պատերազմ է վարում:
-Ապրիլյան պատերազմից առ այսօր դիրքերում բարեփոխումներ են կատարվում՝ թե ինժեներական, թե տեխնիկական, թե զենք-զինամթերքի առումով, որը եւ մեր երկրի անվտանգությունը դարձնում է էլ ավելի արդյունավետ: Դրանով իսկ կրկին ասված է, որ բանակի մարտունակությունը գտնվում է բարձր վիճակում, ամուր հիմքերի վրա եւ բանակն իր այսօրվա ուժերով ի վիճակի է երկրի անվտանգությունը պահպանելու:
Ի հեճուկս հակառակորդի կողմից «դիպուկահարային պատերազմի» կամ դիվերսիոն դաշտ տեղափոխելու փորձերին՝ մեր բանակը, մեր զինվորները կարողանում են պատվով դուրս գալ իրավիճակից, հատկապես, որ այսօր տեղադրված են հատուկ սարքեր, որոնց միջոցով առավել խոցելի են դառնում դիվերսիոն խմբերը:
-Բանակ-հասարակություն կապի մասին ձեր կարծիքը:
-Շատ կարեւոր եմ համարում այդ օղակը, քանզի մեր ժողովուրդն էլ բանակ է: Չէ որ ժողովուրդն է ծնում բանակը, հենց ժողովրդի ծոցից ելածն է այսօր բանակի ողջ անձնակազմը: Դարեր շարունակ Հայոց բանակի ձեռքբերումները ցայտուն կերպով ապացուցել են, որ ժողովրդի համախմբմամբ զորացած բանակն անպարտելի է: Եվ բոլոր ժամանակներում էլ հասարակությունը միշտ կանգնած է եղել բանակի կողքին ու թիկունքին՝ ինչով կարողացել օգնել է թե պատերազմական, եւ թե խաղաղ օրերին:
-Դուք երկու որդի ունեք՝ Լեւոն ը եւ Դավիթը, ձեր եղբայրը՝ Արամը, նույնպես զինվորական է, 13 տարի միայն Արցախի տարբեր զորամասերում է ծառայել, իսկ այժմ ՝ ՀՀ զորամասերից մեկում: Համոզված ենք, որ ձեր ծնողները հպարտանում են, որ Հայոց բանակին նվիրյալ սպա որդիներ ունեն: Դուք կցանկանայի՞ք ձեր որդիները եւս լինեին զինվորականներ:
— Ես սիրում եմ իմ մասնագիտությունը եւ նվիրված եմ դրան: Իմ որդիների ցանկությունն է, իրենք ինչպես որ կամենան: Իհարկե, նրանք տեսնելով իրենց զինվորական հորը, գուցեեւ կուզենային ապագայում զինվորականի մասնագիտությունն ընտրել, համենայնդեպս, ինչ մասնագիտություն էլ որ ընտրեն, նրանք այն ծառայեցնելու են հայրենիքին, իսկ ես միայն կերաշխավորեմ: Ասեմ նաեւ, որ իմ եղբայրը նույնպես ծառայել է Արցախում, ինչպես նշեցիք՝ 13 տարի, իսկ այժմ ծառայության մեջ է ՀՀ-ում: Նա եւս նվիրված է իր գործին:
Անշուշտ, մեր ծնողները հպարտանում են մեզանով, հայրենասիրական դաստիրաակությունը հենց իրենք են սերմանել մեր մեջ, արդյունքում մենք ընտրել ենք հայրենիքի պաշտպանի ճանապարհը:
Այսօր էլ հպարտ եմ, որ Հայոց բանակի սպա եմ եւ իմ ծառայակիցների հետ միասին ամուր կանգնած ենք սահմանին՝ ապահովելով մեր երկրի անվտանգությունը:
-Շնորհակալություն ձեզ, պարոն մայոր, մեր զրույցի, անկեղծության եւ բանակին ձեր նվիրվածության համար: Այն, որ բանակն ունի ձեր նմանների կարիքը, դա արդեն ասված է ու տեսանելի:

 

""

 

 

Լուսինե ԶԱՔԱՐՅԱՆ
Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *