""Վերջին օրերին ստեղծված իրավիճակի և դրա հետևանքով գյուղմթերքի թանկացման վերաբերյալ որոշ սուպերմարկետներ հայտարարություն են տարածել և տեղեկացրել բարձրացրած գներն իջեցնելու և նախկին մակարդակին բերելու մասին:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Հարգելի հայրենակիցներ, մեր ընկերությունները  ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ ունեցած պայմանավորվածության համաձայն տեղական արտադրության գյուղմթեքի և մսամթերքի վաճառքն իրականացրել են գրանցված տարբեր ԱՁ-ներով` այդկերպ նպատակ ունենալով ապահովվել մանրածախ վաճառքի ցածր գները: Ստեղծված իրավիճակում, հասկանալով տվյալ ոլորտը կարգավորելու անհրաժեշտությունը, հայտարարում ենք, որ վերջին օրերին մեր կողմից բարձրացված գները վերադարձնում ենք նախկին մակարդակի, և դրանք անփոփոխ են: Պատրաստակամ ենք գործող օրենքների խստագույն պահպանմամբ շարունակել մեր հետագա գործունեությունը»:

Հիշեցնենք, որ մայիսի 30-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն տարածեց, որի համաձայն` «Երևան Սիթի» խանութների ցանցը, հանդիսանալով ավելացված արժեքի հարկ վճարող կազմակերպություն, տեղական գյուղմթերքի գնաճ չառաջացնելու պատրվակով, համաձայնություն էր ձեռք բերել հարկային կառույցի նախկին ղեկավարության հետ և գյուղացիներից գնված գյուղմթերքի վաճառքը իրականացնել հարյուրավոր անձանց միջոցով՝ նրանց գրանցելով որպես անհատ ձեռներեցներ։

ԱԱԾ-ի նախնական հաշվարկի համաձայն` թվով 461 անհատ ձեռներեցների միջոցով ընդհանուր վաճառքի շրջանառությունը կազմել է ավելի քան 40 միլիարդ դրամ (մոտ 83 մլն ԱՄՆ դոլար), որից վճարվել է 2 տոկոս շրջանառության հարկ, այնինչ՝ օրինական գործունեություն ծավալելու դեպքում այդ գումարից պետք է վճարեր 20 տոկոս ԱԱՀ և շահութահարկ:

Բացի այդ, ԱԱԾ-ն բացահայտել է, որ Հայաստանում սուպերմարկետների ցանցերին գյուղմթերք մատակարարող գյուղացիները մեծամասամբ աշխատում են առանց փաստաթղթերի։

Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ ՊԵԿ-ում տեղյակ են եղել, որ մեկ սուպերմարկետի հասցեում գործել են մեկից ավելի տնտեսվարողներ, այդ սխեման գործել է երկար տարիներ։ Նա նշել է, որ գործել են հարկման տարբեր ռեժիմներ ոչ միայն «Երևան Սիթի»-ի, այլև ցանցային առևտրով զբաղվող բոլոր մյուս սուպերմարկետներում։ Իր հերթին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել է, որ նախկին կառավարության հետ պայմանավորվածությունները չեն գործելու։ Նա տնտեսվարողներին ասել է, որ պետք է աշխատել նոր կանոններով, օրենքի դաշտում։

Հունիսի 1-ին խոշոր սուպերմարկետների ղեկավարները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետին և ստեղծված իրադրությունից դուրս գալու համար հանդիպում պահանջել նրա հետ: Նրանք առաջարկել են խնդիրը լուծելու օրենսդրական մեխանիզմներ մշակել: Նամակի տակ ստորագրել են «Երևան սիթի», «Նոր Զովք», «Էվրիկա», «Կայզեր», «Կրպակ» «Սաս Գրուպ», «Պարմա», «Ծիրան», «Վաս գրուպ», «Դանիելյան» սուպերմարկետների ցանցերի ղեկավարները:

Բացահայտված խախտումներից հետո հունիսի 1-ին սուպերմարկետներում մսամթերքն ու գյուղմթերքն արդեն վաճառվում է մոտ 20 տոկոս թանկացմամբ: