Մանկության շշուկներ, որ կախարդական դյութանքով կանչում են հազարավոր մղոներ հեռու լեռների մեջ թաղված փոքրիկ քաղաքից… Այդ կանչը սպիտակ և վարդագույն ծաղկած աքասիաների բուրմունքն ունի։
Տասնյոթ տարվա բացակայությունից հետո մայիսյան Ստեփանակերտում եմ։ Երբեմնի հայրական շեն տունս վերածվել է կիսավեր , մերժվածների թաքստոցի։ Այնքա~ն հուզվեցի այդ տեսարանից, որ նույնիսկ մոռացա սրտիս մոտ քաղցր թթենուս, որի շվաքում միշտ գիրք էի կարդում. կա՞ր թե չկա՞ր այդպես էլ չիմացա…
Տան դարբասը, սկսած դեռ հորս մանկությունից հաճախ էր փոխել տեսքը, ձևը, որակը։ Երկար տարիներ այն փայտից էր, մանկությանս տարիներին հայրս այն փոխվեց մետաղականի։ Դարպասը միշտ կանաչ գույնի էր, անծանոթներին տան տեղը գտնելու համար բացատրում էին. «Զելյօնի դըրբըզա-ով տոնն ա»։ Երկար բաժանումից հետո, գույնի անփոփոխ լինելը ինձ ուրախ հայտնություն տվեց. «Անցյալս ներկայիս մեջ է, մանկությունս իմ մեջ է.. երբեք չի կորչելու…և սահելու է գալիք օրերիս ընդառաջ …»։
Մեկ ժամ փնտրում էինք պապենական գերեզմանոցը։ Գերեզմանատան պահակը , որ օգնում էր մեզ, ակնհայտ քմծիծաղով տեղեկացրեց, որ արտասահմանից, Ռուսաստանից այցելուները փորձում են գտնել հարազատի գերեզմանաքարը, հետո ստում են, որ գտել են ու ծաղիկները դնում մի այլ գերեզմանաթմբի, քանզի ամաչում են շատ երկար բացակայությունից։ Համառությունը հաղթեց, չնայած անձրևին ու ցեխին` տաքսի վարորդի անհամբերությանը, ես ու քույրս գտանք մեր հարազատների շիրիմները և զարմացրինք պահակին…"" Հեռավոր ազգականս `տատիկիս եղբոր ծոռը` գնդապետ Սասուն Սարուխանյանը, որի հետ վերջերս էինք ծանոթացել, ուղեկցեց մեզ Շուշի` մշակույթի նախարարություն։ Որախ եմ նրա օջախում` նոր հայտնաբերած ազգականներիս հետ ճոխ ճաշկերույթի համար։ Նախարարության տեղափոխության նպատակն է զարգացնել քաղաքի տնտեսական, մշակույթային կյանքը։ Հետաքրքիր, բովանդակալից զրույց ունեցանք նախարարի հետ` հայրենասեր, սրտացավ , խելացի կնոջ` Նարինե Աղաբալյանի հետ, որ ապրում է երկրամասի երեխաների, պատանիների ներկայով ու ապագայով։ Շնորհակալ ու զգացված եմ պատվավոր նվերի համար`այն է պատմական Շուշի քաղաքի դարբասների բանալին, թող այն երբեք թշնամու ձեռքը չընկնի։ 1992թ, մայիսի իննին, բարձրադիր սարահարթի վրա բազմած Շուշի քաղաքի գրավումը` հայերիս ռազմավարական արվեստի բարձրագույն դրսևորումն է և հայ քաջազունների արյան գնով ձեռք բերած պատմական կարևորագույն սխրանք։
Հաճելի էր հանդիպումը Արցախի Գրողների Միության նախագահ` Վարդան Հակոբյանի, Ամալիա Գրիգորյանի հետ…Հանձինս նախագահի ես հանդիպեցի հոգեհարազատ հոգու, պարզվեց, որ ես ու նա սիրում ենք նույն գրքերն ու գրողներին։ Հասկացա, գրական ճաշակը պարտադրված է նախնիների կանչով, բնությամբ, լեզվամտածողությամբ։ Ծանոթացա նրա հրաշք պոեզիային, որ գեղեցիկ հայտություն էր ինձ համար.«Ես քեզանից ուզում եմ ժամացույցի սլաքներ չտեսած, անարատ վայրկյաններ»։ Հուսով եմ, որ մեր հաջորդ հանդիպմանը նրան կտեսնեմ քաջ առողջության մեջ։ ""
Երևան վերադարձի ճամփին խիտ մշուշ էր, մառախուղ…Ավտոմեքենայի իջեցրած պատուհանից մառախուղը կլանում է մեզ…Ձայներիզը երգում էր.
Պատիվ ունեմ, նա ինձ ասաց.
Կյանքս կտամ`Հայրենիքիս,
Ոգիս ` Աստծուն,
Զենքս` որդուս,
Պատիվս` ինձ,
Իսկ սերս` մայրերին կտամ….
Մեկ օր անցկացրի Արցախում, անմոռանալի մի օր։ Հայտնաբերեցի արդեն ունեմ այն ամենակարևորն, որ վաղուց ինձ հետ էր, բայց սայթաքել և կորցրել էի հեռուներում, կյանքի ինչ -որ դժվար հատվածում…