Կյանքը ապրելու,արարելու,այն ավելի գեղեցիկ դարձնելու համար յուրօրինակ միջոց է:Մարդու կյանքի տարիները ոչ միայն ճշմարիտ ապրելու,այլև սխալներ գործելու ու դրանք ժամանակի ընթացքում շտկելու համար են.չէ՞որ անսխալական մարդ գոյություն չունի երկիր մոլորակի վրա: Այսպիսի նուրբ ու հաճախակիորեն անտեսվող հարցերին իրենց աշխատություններում,հոդվածներում և տարատեսակ գրքերում անդրադարձել են բազմաթիվ հումանիստ մանկավարժներ,հոգեբաններ,հոգեբույժներ և այլք: Մարդկային կյանքի թոհուբոհին,տարատեսակ հույզերին ու հոգեվիճակին անդրադառնում են նաև գրողներն ու բանաստեղծները,գրականագետներն ու արձակագիրները՝ իրենց ուրույն մեկնաբանություններով,միևնույն ժամանակ գովերգելով կյանքը՝ նրա դրական ու բացասական ասպեկտները հաշվի առնելով: Կյանքի բազմակողմանի էությունն ու արդի աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները,որոնք անմիջականորեն անդրադառնում են մարդ արարածի հոգեկերտվածքի վրա,ստեղծագործող անհատի համար դառնում է ստեղծագործության թեմա:Դարկո Խաչատրյանն անմասն չէ այս ամենից.չէ՞որ իր բանաստեղծական յուրահատուկ աշխարհում կերտում է առանձնահատուկ կյանքածին գոհարներ,որոնք հետագայում դրվում է ընթերցողի սեղանին,որպես կյանքի մասին գեղեցիկ վերհուշ: Դարիկո Խաչատրյանը ծնվել է 1959թ. ապրիլի 1-ին Չանախչի /այժմ՝ Զանգակատուն/ գյուղում: 1966թ. հաճախել է գյուղի միջնակարգ դպրոցը, որն ավարտել է 1976թ.՝ գերազանց գնահատականներով: Ուսումնառությունն ավարտելուց հետո անվանի բանաստեղծուհին սովորել է Ա. Բակունցի անվան Մանկավարժական ուսումնարանում, Երևանի հաշվապահական տեխնիկումում, ապա ընդունվել և ավարտել է Մոսկվայի՝ Արվեստի Համալսարանի Երաժշտության ֆակուլտետը: Երկար տարիներ աշխատել է գյուղի մանկապարտեզում և դպրոցում՝ որպես երաժշտության ուսուցչուհի: Գրել սկսել է 12 տարեկանից, տպագրվել է ՙԱրարատ՚ շրջանային թերթում, ապա ՙ Գարուն՚ ամսագրում: 1998թ. լույս է տեսել առաջին գիրքը՝ ՙԹևերս թող, աշուն՚ խորագրով,որից հետո՝1999թ.՝ ՙՉարչարանաց ծաղիկ՚ գիրքը,իսկ հետագայում նաև՝ ՙՅոթ օր — յոթ քանդակ՚ /2001թ./,ՙՀե՜յ, բախտի աստղ՚ /2002թ./, ՙՃերմակ թևերի խիղճը՚ /2003թ./, ՙՆարնջագույն թոնիրներ՚ / 2004թ./, ՙԱնտես վարդերը մտքի՚ /2005թ./, ՙԼույսի մեղեդի՚ /2009թ./, ՙԱնմեռ երգեհոն՚ /2014թ./, ՙԳաղտնածես՚ /2015թ./, ՙՀատընտիր՚ /2015թ./ ժողովածուները,իսկ ՙՆավարկումի զարկերակ՚ ժողովածուն կտպագրվի շուտով: Մեծահամբավ բանաստեղծուհին անդամակցում է Հայաստանի գրողների միությանը և ԱՄՆ Հայ գրողների միությանը: 2010թ.արժանացել է Պարույր Սևակի անվան մրցանակի, 2016թ.՝ ՙՀրանտ և Մանուշակ Սիմոնյաններ՚ հիմնադրամի, ամենամյա գրքի մրցանակաբաշխությանը՝ Հատուկ մրցանակի: Մրցանակակիր գրքերն են՝ՙԼՈՒՅՍԻ ՄԵՂԵԴԻ՚ և ՙՀԱՏԸՆՏԻՐ՚ ժողովածուները: Ապրում Է հայրենի գյուղում, որևէ կուսակցության անդամ չԷ: 2017թ. փետրվարի 4 — ին արժանացել Է ԱՄՆ ՀԳՄ պատվոգրի՝ գրական գործունեության համար: Դարիկո Խաչատրյանի գործունեության ու անձնային որակների մասին կարելի խոսել անվերջանալի ոգևորությամբ:Նրա անցած ուղին դարձրել է նրան տոկուն,խիզախ ու անվեհեր:Այսօր նրան կարդում են ոչ միայն Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում,այլև՝ արտերկրում:Դարիկո Խաչատրյանի համբավը տարածվել է աշխարհով մեկ,և,չնայած այսչափ մեծ ու կարևորագույն ձեռքբերումներին,նա մնացել է նույն հասարակ,պարզ,մարդկային կինը,ում համեստությունն ու գիտելիքների անսպառ պաշարը իր շուրջն է համախմբում բազում ընթերցողների: Ասում են՝ յուրաքանչյուր ոք,ով լույս աշխարհ է գալիս,ունի մի առաքելություն.ապրել այնպես,որ իրենից հետո թողնի գեղեցիկ ու բարի անուն:Մարդու ծնունդը մի աննկարագրելի իրադարձություն է ընտանիքում,մասնավորապես,հայ ընտանիքներում,որտեղ յուրաքանչյուր զավակի մուտքը այս աշխարհ,համարվում է պարծանք և հպարտություն: Յուրաքանչյուր ծնող իր երեխայի հետ կապում է իր հույսերն ու նպատակները,որպեսզի արժանի զավակ լինի թե իր,և թե հայրենիքի համար:Ակնհայտ է,որ Դարիկո Խաչատրյանն արդարացրել է ոչ միայն իր ծնողների,այլև ողջ հայ հասարակության հույսերը՝ կապված արժանավայել մարդ ու տաղանդաշատ բանաստեղծուհի դառնալու հետ:Իզուր չէ,որ Դարիկո Խաչատրյանը ընտրել է մանկավարժի աշխատանքը:Նա պատրաստակամությամբ ու պատասխանատվության զգացումով հանձն է առել կրթելու,դաստիարակելու և փորձի փոխանակման գործառույթները,որոնք,ևս մեկ անգամ վկայում են նրա վեհանձն տեսակի մասին: Դարիկո Խաչատրյանը մեծացել է մի ընտանիքում,որտեղ իշխում են սերը,հարգանքը,մեկը մյուսի հանդեպ հոգատար ու սրտացավ վերաբերմունքը:Դժվար չէ կռահել,որ այսպիսի հայկական խաղաղարար ընտանիքում հենց այսպիսի անձնավորություն պետք է ծնվեր ու մեծանար: Մաղթում եմ,որպեսզի մեծանուն բանաստեղծուհու ոսկե գրիչը,միաձուլվելով նրա հոգու նրբերանգ երաժշտությանը,կերտի նորաոճ ու կենսածին գոհարներ:

Հեղինակ՝ Կարեն Շիրինյան