""Այսօր ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում հյուրընկալվել էր վարչապետի տիկին` Աննա Հակոբյանը, որը պատասխանել է մի շարք հարցերի, այդ թվում նաև խոսել է այն մասին, որ վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած իրողությունների փոփոխություներից հետո, հասարակությունը սվիններով է սկսել ընդունել ներկայիս կառավարության հասցեին հնչող քննադատությունները.

«Մեզ մնում է սպասել և հուսալ, որ որոշ ժամանակ անց հանրության մոտ հեղափոխությունից հետո մնացած էյֆորիան կանցնի և ավելի սթափ կվերաբերվեն ամեն ինչին ու արդյունքում կնահանջի նաև այդ երևույթը»,- ասել է Աննա Հակոբյանը:

Վարչապետի տիկինը նաև նշել է, որ լրատվամիջոցները ներկայումս ազատ են իրենց քննադատություններում և եթե ուզում են, որ այս նոր կառավարության գործը հաջողի, ապա ավելի աչալուրջ պետք է լինեն և քննադատեն.

«Առաջիկայում պետք է մոռանալ հեղափոխությունը, ծափահարությունները, ձոները և անցնել աշխատանքային ռեժիմի, որը լրատվամիջոցի համար առաջին հերթին նշանակում է քննադատություն: Եվ մեր այն հայրենակիցները, որոնք սիրում են կառավարության նոր անդամներին, պետք է ուղղակի հասկանան, որ այդ մարդկանց կարելի է օգնել միայն մամուլի միջոցով քննադատելով: Առանց դրա նրանք ուղղակի կկտրվեն հողից և ի վերջո հենց այդ նույն հանրությունը, հնարավոր է` մի օր էլ դուրս գա փողոց, և ստիպված լինի նորից հրաժարականի պահանջով փողոց փակել»,- նշել է Աննա Հակոբյանը և հավելել, որ եթե չեն ուզում, որ բանը հասնի դրան, ապա պետք է թողնեն, որ մամուլը աշխատի:

shantnews.am