Մայիսի 23-ին Մարտակերտի մշակույթի տանը տեղի է ունեցել «Վանքի արվեստի դպրոց»-ի հաշվետու համերգը:
Հաշվետու համերգին ներկա էին ՝ Մարտակերտի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Սասուն Հարությունյանը, շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Մհեր Անդրյանը, բաժնի աշխատողները, Մարտակերտի «Ալեքսեյ Հեքիմյանի անվան արվեստի դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարինե Աղասյանը, դպրոցի ուսուցիչները, Մարտակերտի կենտրոնական գրադարանի տնօրեն Իրա Բաղրյանը, գրադարանավարներ, թիվ 1 եւ թիվ 2 դպրոցների ուսուցիչներ եւ աշակերտներ, N զորամասի զինվորներն ու քաղաքի հասարակությունը:
Դպրոցի սաները հանդես եկան հայակական ժողովրդական պարերով, դաշնամուրային կատարումներով, հայրենասիրական երգերով, ռուսական ժողովրդական պարերով, «Ռոկենռոլ» պարային կատարմամբ:
Այս տարի կայացած «Վերածնունդ» միջազգային փառատոնին 1-ին եւ 2-րդ տեղեր զբաղեցրած աշակերտներ՝ Արմեն Առաքելյանը, Մամիկոն Պողոսյանը եւ Ալեքս Գեւորգյանը պարգեւատրվել են պատվոգրով՝ Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար՝ Էդգար Հարությունյանի կողմից, որոնք հաշվետու համերգի վերջում երեխաներին հանձնեց շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Մհեր Անդրյանը եւ շնորհավորեց նրանց հաղթանակի համար, միաժամանակ հաշվետու համերգին գեղեցիկ ներկայանալու կապակցությամբ՝ դպրոցի սաներին ցանկանալով նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ արվեստի բնագավառում:

Նշենք, որ Վանքի արվեստի դպրոցը ստեղծվել է 2011 թվականին, ունի 3 բաժին՝ երաժշտական (դաշնամուր, ակորդեոն, քանոն, կլարնետ, շվի, հարվածային գործիքներ ), պարարվեստի եւ գեղարվեստական:
Դպրոցի տնօրեն Էլմիրա Կարապետյանի խոսքով՝ աշակերտները ակտիվորեն հաճախում են նաեւ պարարվեստի եւ վոկալի բաժիններ: Դպրոցը ունի 180 աշակերտ, այս տարի կունենա 30 շրջանավարտներ: 2012 եւ 2017 թվականներին պարարվեստի բաժնի սաները «Ամադեուս» մրցույթին եւ ՀՀ Գյումրի քաղաքում կայացած «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնին գրավել են 1-ին մրցանակային տեղերը՝ «Հայկական ժողովրդական պար» անվանակարգում: Դպրոցի շրջանավարտ, երաժշտական ուսումնարանի ուսանող Հարութ Հակոբյանը 2016 թվականին «Վերածնունդ» փառատոնին գրավել է 2-րդ, իսկ 2017 թվականին՝ 1-ին մրցանակային տեղը:
Տնօրենը նշեց նաեւ, որ այս տարի «Վերածնունդ» փառատոնի 10-րդ հոբելյանական տարին էր եւ մասնակից սաներից՝ Արմեն Առաքելյանը հանդես է եկել շվի գործիքային կատարմամբ եւ զբաղեցրել 1-ին պատվավոր տեղը, իսկ 2-րդ հորիզոնականը՝ դաշնամուրային դուետի կատարմամբ գրավել են Մամիկոն Պողոսյանը եւ Ալեքս Գեւորգյանը:""

Մարտակերտի շրջանի Ջրաբերդ պաշտոնաթերթ