Այսօր՝ նոյեմբերի 1-ին, սովորականից ավելի մարդաշատ էր Մարտակերտի շրջանի Նոր Հայկաջուր համայնքը:
Ռուսաստանաբնակ հայկաջուրցի Դավիթ Գեորգիի Միրզոյանի բարեգործությամբ, Արցախյան պատերազմում զոհված 16 ազատամարտիկի հիշատակին գյուղում կառուցվել է հուշարձան, որի բացուման արարողությունն էր այսօր:
Հուշարձանի բացման արարողությանը ներկա էր Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանը, բարերար Դավիթ Միրզոյանը, հյուրեր, հրավիրվածներ, գյուղի դպրոցի աշակերտները եւ ուսուցիչներն ու բնակչությունը:
Հանդիսավոր արարողությանը բացման խոսքով հանդես եկավ վարող, դպրոցի ուսուցչուհի Մանուշ Ավթանդիլյանը: Խոսք ասաց համայնքի նախկին ղեկավար, այժմ՝ դպրոցի ուսուցիչ Ռուբիկ Դանիելյանը, ով պատմական էքսկուրս կատարելով, ներկայացրեց գյուղի անցյալն ու ներկան:
Երախտիքի խոսք ասաց Նոր Հայկաջուրի համայնքի ղեկավար Արտակ Դանիելյանը: Նա շնորհակալություն հայտնելով բարերարին, նշեց, որ հուշարձանը հայրենասիրության վառ օրինակ է, որը գնահատում է յուրաքանչյուր հայկաջուրցի, եւ, ընդհանրապես յուրաքանչյուր արցախցի: Շնորհակալություն հայտնեց նաեւ խաչքարի հեղինակ, քանդակագործ Արմեն Ալեքսանյանին: Իր խոսքում հակիրճ նշեց գյուղում կատարած աշխատանքները, նաեւ այն, որ համագյուղացի բարերար Էրիկ Բադալյանի միջոցներով խճապատվել է գյուղի ճանապարհները եւ գիշերային լուսավորության համար տեղադրվել լապտերներ: Նա շնորհակալություն հայտնեց ռուսաստանաբնակ մյուս համագյուղացիներին գյուղում կատարած բարեգործությունների եւ ապրիլյան պատերազմի ժամանակ համագյուղացիներին դրամական օժանդակություն ցուցաբերելու համար:
Ընդարձակ ելույթով հանդես եկավ նոր Հայկաջուրի հիմնական դպրոցի տնօրեն Ջուլիետա Իշխանյանը, ով իր հերթին շնորհակալություն հայտնեց բարերարին, եւ նշեց, որ հուշարձանը գտնվում է դպրոցին հարակից, որը մեծ նշանակություն ունի մատաղ սերնդի դաստիարակության գործում: Նա կարեւորեց նման հայրենանվեր աշխատանքը` հայրենի գյուղում:
Հիրավի դպրոցը` տնօրենի գլխավորությամբ, իր աջակցությունն է ունեցել միջոցառման կազմակերպմանը:
Իր սրտի խոսքն ասաց բարերար Դավիթ Միրզոյանը՝ նշելով, որ յուրաքանչյուրի պարտքն է հնարավորինս կառուցել եւ շենացնել Արցախը, հարազատ գյուղը: Նշեց նաեւ, որ հայրենիքի համար նահատակված տղաների համար ինչ էլ որ անեն, ոչինչ է նրանց արածի հանդեպ, որովհետեւ նրանք զոհասեղանին են դրել իրենց կյանքը:
Շրջանի ազատամարտիկների անունից շնորհակալական խոսք ասաց ԱԱՄ Մարտակերտի քաղաքային միավորման նախագահ Նիկոլայ Ավագիմյանը, ով եւս բարձր գնահատեց բարերարի կատարածը՝ զոհված մարտական ընկերների հիշատակին՝ այսուհետ եւս հավերժ պահելով …
Իսկ Հայկաջուրի հիմնական դպրոցի աշակերտներն օրն ավելի տպավորիչ դարձրին իրենց հայրենասիրական արտասանություններով եւ երգերով:
Հուշարձանի բացման պատիվը տրվեց բարերարին եւ զոհված աազատամարտիկի այրի Ստելլա Երեմյանին: Նորաբաց հուշաքարն օծեց Մարտակերտի Սուրբ Կարապետ եկեղեցու քահանա Տեր Բարսեղ Անդրյանը:
Ներկաները՝ շրջվարչակազմի ղեկավարի գլխավորությամբ, ծաղկեպսակ եւ ծաղիկներ խոնարհեցին հայրենիքի համար զոհվածների հիշատակին կառուցված նորաբաց հուշարձանին՝ հարգելով նրանց, որոնց արյամբ է շաղաղված հող հայրենին եւ, որոնց կյանքի գնով ձեռք բերվեց ազատ եւ անկախ ապրելու իրավունքը:
Արարողությանը իր աջակցությունը ցուցաբերեց Մարտակերտի մշակույթի եւ երիտասարդության կենտրոնն ու Մարտակերտի զորամասը:
Նշենք, որ նախկին Հայկաջուրը՝ Հասանղայան, 1992-ին գրավել է հակառակորդը, այժմ եւս այն գտնվում է նրանց ձեռքին: Դա այն գյուղն է, որի մոտակայքում «Արաբո» ջոկատը 1992-ի հուլիսի 29-ին շրջափակման մեջ ընկավ, եւ մինչեւ այժմ անհայտ է նրանց ճակատագիրը:
Բարերար Դավիթ Միրզոյանի հետ զրույցի ժամանակ, խոսեցինք գերեւարված Հայկաջուրից՝ իր ծննդավայրից: Նա մեծ հիացմունքով խոսեց գյուղի մասին, ասաց, որ գյուղն ազատագրվելու դեպքում, բոլորը կվերադառնան եւ կշենացնեն այն:
Համոզված ենք, որ կգա այդ օրը…

Մարտակերտի շրջանի Ջրաբերդ պաշտոնաթերթ

""

 

""

""

""