ՄԱՐՈ ԵՐԿՆԱՓԵՇՅԱՆի` բանաստեղծություններից

Ես տեսա երկնքի 
Ու երկրի սիրախաղը,
Հողի տաք գրգիռը՝
Քարքարոտ լանջերին,
Երբ ոտքով բարձրացա 
Մեծ գյուղի մեր թաղը,
Մուրազս պատմելով՝
Ձնհալի ջրերին․․․

Ես տեսա ծառերի 
Սրթսրթան արթնացումը, 
Անձրևի ժպիտը՝ 
Մի հատիկ կաթիլում,
Ես տեսա և լույսի 
Շեշտակի թափանցումը՝
Դողացող կորիզի 
Ամեն մի շաքիլում․․․

Ես տեսա հողի 
Այն ներքուստ հրճվանքը,
Երբ խաղաց պտուղը՝ 
Կոնքերի արանքում,
Ես տեսա շրթունքի 
Արնգույն նեղ ճաքը՝
Եկունքի ցավից ու
Բերկրանքից էր անկում․․․

Ես տեսա, ետ գնաց 
Ամպերի հաստ փառը,
Աչքերից ճառագեց 
Արևը՝ տաք , պայծառ,
Երբ ասի՝ մամ ջան,
Սիրտ քամող այս բառը,
Մի քանի մանուշակ 
Պտղունցով լուռ պարզած․․․

,,,,,,,,,,,,,,,,

 

Գարունն անցնում էր 
Փողոցով՝ մենակ,
Ինչ սառցե սիրտ կար 
 Հալվեց հմայքից,
Ով համարձակ էր՝
Հետևից գնաց, 
Ով հուսահատ էր՝
Կախվեց տանիքից…

Մեկը խնդալուց 
Ջուր դարձավ, հոսեց,
Մեկը խանդելուց
Ինքն իրեն կերավ,
Մեկը, որ համր էր,
Սկսեց խոսել,
Մեկը ձայնեց ու
Անկյունում կորավ․․․

Լուսամուտները 
Բացուխուփ արին,
Ով տեսավ՝ տեսավ, 
Ով՝ չէ, իմացավ,
Գարունը գրկեց 
Սիրեկան սարին,
Սարը, որ սար էր
Հազիվ դիմացավ….

Գարնան մի օր էր ,
Ոսկի չէր թափում,
Արև էր բերել 
Սիրուն սարերը,
Իմ աչքով տեսա, 
Ես հո չե՞մ խաբում, 
Թե՝ ո՞նց են սիրուց
Լացում քարերը ․․

․,,,,,,,,,,,,,,

Ծառերի կարմիր 
Ոստերը մանրիկ,
Բարակ մատներ են 
Հարսնացող կույսի,
Կուզեի դեղձի 
Լինեի, մայրիկ,
Բողբոջներիս մեջ
Շողերը լույսի․․․

Կանաչ դաշտերը 
Ծլած արտերի,
Ծալ -ծալ փեշերն են
Քո կարած շորի,
Կուզեի ծիլ տալ՝ 
 Հասկը շուրթերիս,
Ստվերներիս մեջ՝
Ձագերը լորի․․․

Հանդերի մանրիկ 
Ծաղիկները` հանց
Գունեղ աստղեր են ,
Որ ընկել են ցած,
Ցողի պես կգաս
Բացատը՝ ծռանց,
Մայրիկ, երբ լինեմ 
Նրանց հետ քնած․․․

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,

Մենակությունս 
Անտեր մի շուն է,
Հարմար անկյուն է
Փնտրում, որ շնթռի,
Չի գնում խաթրով՝ 
Ինչքան հասու եմ,
Մի լուծում չկա 
Խեղճացնող խնդրին…

Մենակությունս 
Ծեծված մի շուն է,
Հաճախ եմ փայտով 
Կամ քացով քշում,
Ինքը իր ցաված 
Թաթը լիզում է,
Հետո կոշիկիս 
Քուղերն է քաշում…

Մենակությունս 
Սոված մի շուն է,
Միայն ոսկորով 
Ո՞նց է կշտանում,
Թե մինչև անգամ
Հետս ճաշում է,
Տեղս դրանից 
Հո չի՞ հեշտանում…

Մենակությունս 
Փրկարար շուն է,
Պարաստ եմ նույնիսկ
Մռութը պաչել
Եվ հանուն իրեն,
Ջանս, ասում եմ,
Փորձում եմ արդեն
Քեզ նման հաչել…

,,,,,,,,,,,,,,,,,,,,

 

Իմ գյուղի կաս- կարմիր արևը,
Եղինջոտ գարունը՝ համով, 
Ջան -ջիգյարն ու քաղցր բարևը
Եվ երկա՜ր օրհնանքը՝ ծանոթ․․․

Իմ գյուղի ծննդկան երկինքը,
Աստղերը՝ ծոցիս մեջ գգվող,
Հարազատ աշխարհի երկունքը
Եվ կլոր կոնքերը ճկվող․․․

Իմ գյուղի անտերտեր աղոթքը,
Մշակը՝ եզան հետ լծվող,
Ցելի մեջ դեռ խրված իմ ոտքը,
Քրտինքս՝ հողի մեջ ծծվող․․․

Իմ գյուղի հանաքն ու շիտակը,
Ցամաքած պռունկը իր գետի,
Հեղեղած՝ իմ հոգու անտակը
Հատակից՝ այսօրվա ,,հե՜յ- գիդին,,․․․

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,

Գրպանահատ մի ոհմակ՝
Խաղամոլ ու արնապիղծ,
Ինքն իրենով գոհունակ,
Պատվազուրկ և առանց իղձ…

Ուր գնորդ կա և ծախվող,
Եվ տիրացու և կավատ
Եվ նոխազներ կան բախվող, 
Ինչքան թրփոշ էնքան վատ…

Անաստառ ու աներես
Եվ սրբադեմ սատանա
Անկերպար, որ առ երես
Հաղորդություն կստանա…

Որբի շապիկը խլող,
Խաչագող ու խաչեղբայր,
Ամեն ջրում կտան լող՝
Շուն -շանորդի, ազդու այր…

Ախ անբարո Ժամանակ,
Ձեզնից բան չեմ հարցրել,
Թե հայհոյեմ, իմանաք
Ով էր հոգուս հասցրել…

Հեղինակ`ՄԱՐՈ ԵՐԿՆԱՓԵՇՅԱՆ

 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *