Մարիամ Թարվերդյանի բանաստեղծություններից

Մայրական սիրտ

Ինչքա՜ն մեծ ես, դու՛,սի՛րտ մայրական,
Դու անծիր ես,լա՜յն, տարողունա՜կ,
Փխրու՜ն ես,պա՜րզ,տիեզերակա՜ն,
Մեջդ ամբարած խիղճը բովանդակ:

Տանում ես բոլոր ցավերն անտրտունջ,
Հոգսերը շալակած՝միշտ մնում մունջ,
Թաքցնում ներսում վիհերը խորունկ,
Որ գոյացել են հոգուդ մեջ տամուկ:

Որքա՜ն զորեղ ես,դու՛ սի՛րտ մայրական,
Քո խորքում հույզեր կան նվիրական,
Խոչընդոտներն ինքդ ես հեռացնում,
Ու զավակներիդ միշտ ուրախացնում:

Բայց զավակները տարբեր են լինում,
Գնահատում են մոր սերն անսահման,
Կամ որպես մոր պարտք են ընդունում,
Որ պիտի կատարի մայրն անպայման:

Բարի զավակն է լինում հենարան,
Մոր սրտին՝ ուրախության լի ամբար,
Անարժան որդին դառնում է խարան,
Դառնացնելով մոր հոգին անդադար:

Օրհնվեն զավակները բյուրավոր,
Որոնք խաղաղ են մոր սիրտը պահում,
Ում մայրն զգում է իրեն բախտավոր,
Կյանքը վայելելով ա՛յս աշխարհում:

ՄԵՐ ԵՐԳԵՐԸ

Ես չեմ կարող չբարձրացնել ձեռքերս վեր,
Երբ զիլ հնչում են ազգային երգերը մեր,
Որ բոլորիս հոգու ճիչն են՝ կերոն դարձած,
Խնկամանի անուշաբույր ծուխ տարածված:

Մեր երգերը սեր են,կարոտ ու հայրենիք,
Անմար օջախ են,խաղաղ քուն ու ընտանիք,
Որոնք հնչում են պանդուխտի հոգում տխուր,
Թաց աչքերով՝ամեն պահի և ամենուր:

Մեր երգերը հնչում են միշտ վեհ ու հպարտ,
Գովերգում են հայի գենը քաջ ու անպարտ,
Մեր երգերը բուժող բալասան հիվանդի,
Զովացնող սառն աղբյուր են կարոտ սրտի:

Մեր երգերը տուն են կանչում հավքի թևով,
Արծվի ոգով պայքարի են մղում արդար,
Քրտինք դարձած հաց են քամում հորովելով,
Թոնրի շրթին դառնում են լավաշ կենարար:

Մեր երգերը աղոթք են սուրբ նշխարք դարձած,
Լվանում են խաչքարերի վերքերը բաց,
Դուդուկի հետ շրջում են ամբողջ աշխարհում,
Մեր պայքարն ու հզոր ոգին արթուն պահում:

Արցունքոտ ծիծաղ
(Նվիրում եմ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ հիշատակին)

Հետո հասկացանք վեհությունը քո ծիծաղի,
Որ զարնվում էր կյանքի հարվածների երեսին,
Ծափահարեցինք թախծոտ ժպիտը քո դեմքի,
Որ տարածվում էր երեսիդ խոր ակոսներին:

Մտածեցինք՝ամենատխուր մա՛րդ աշխարհի,
Ինչպե՞ս էիր ծիծաղում արցունքն աչքիդ,
Ժպտում ահեղաշաչ հարվածներին ամեհի,
Դերերդ դարձնելով իմաստը տխուր կյանքիդ:

Սևազգեստ մորը եկած սև թղթից խենթացար,
Ծամեցիր թուղթը՝չզրկելով նրան սին հույսից,
Տակառի գինու մեջ հոգսդ թաղեցիր,գինովցար,
Մոռանալով ժայթքող վիշտդ դառնացած սրտից:

Շահած ավտոն դառնացրեց ազնիվ սիրտդ,
Զարմացար անդեմ մարդկանց «ես»-ի վրա,
Խաղացիր՝տանելով անդարման,խոր ցավդ,
Ծիծաղիդ խաղով մեղմելով խորությունը նրա:

Արցունքն աչքիդ՝թափառեցիր մութ գիշերով,
Վիշտդ փռած մայթերին,ապրեցիր հուշերով,
Արտասվեցիր կյանքի հարվածներից ահարկու,
Ծիծաղեցրիր՝դառնալով մեծ կատակերգու:

Կյանքիդ փոքրիկ հատված ժպտաց դեմքիդ,
Դառնալով երջանիկ պատառիկ կյանքիդ,
Տառապեցիր,որ գտնես օրերը քո երջանիկ,
Չգտնելով ասացիր՝Դու՛ք ժպտացեք,մարդի՛կ:

Տխուր պատմությունդ ակոսներում ծալ-ծալ,
Ծածկում էիր ժպիտի շղարշով անիրական,
Սակայն ժպիտով թաքցրած վիշտը դարձյալ,
Վարագուրում էր հոգուդ լույսը իրական:

Դու այնքա՜ն սիրուն էիր ժպտում ու խաղում,
Որ դիտողը երբեք չտեսնի փոթորիկը կյանքիդ,
Քո կերտած դերերով հավերժ սեր ես վայելում,
Հավետ բուրելու են դափնիները փառքիդ:

Խառը իրավիճակ

Երբ խառնված են գիժն ու խելոքը,
Հեծեծում է այգը՝ գիշերվա ձեռքին,
Բարեսիրտ մարդիկ փնտրում են ելքը,
Չտես անկուշտները խաբում ամենքին:

Չկա արդարների բաժանման գիծը,
Անարդարների բյուր մեղքերի ծովից,
Երբ արդար մարդկանց վարքագիծը,
Պատժվում է նենգ ստորի ձեռքից:

Ուզում ես խոսել կամ մի բան ասել,
Չգիտես ու՞մ, ե՞րբ կամ ինչպե՞ս,
Բոլոր հարցերը լուծվում են անարգել,
Տմարդ մարդուկներով անգետ ու չտես:

Խնդիրք անեմ պատկերիդ

Գնամ հողոտ,փոշոտ ճամփով,
Զարկելով ոտքս քարերին,
Ելնեմ քարքարոտ լանջով,
Հույսով հասնեմ քո դռներին:

Կամարներիդ տակ գլխիկոր,
Աղոթք անեմ սրտաբաց,
Մրմունջ ելնի հոգուցս խոր,
Մտնի դռնիցդ բաց թողած:

Համբուրեմ քո պատերը հին,
Մոմերս ներսում լու՜ռ լան,
Նստեմ շեմիդ ընկած քարին,
Աղոթքս դռներդ բանան:

Հավատս շաղախ դարձած,
Ծեփոն դառնա պատերիդ,
Ձեռքերս երկինք պարզած,
Խնդիրք անեմ պատկերիդ:

Աղոթքովս երկրիս համար,
Խաղաղություն ես խնդրեմ,
Մի բուռ ազգիս ես անմար
Հույս ու հավատ մաղթեմ:

Չկորանա մեջքն ազգիս,
Սիրտը չտնքա ցավերից,
Հոգսերն են պատել հոգիս,
Որ լու՜ռ ծխում է ներսից:

Խաղաղեցրու հեգ սիրտս,
Որ հին վերքերս չբացվեն,
Վանիր տխուր մտքերս,
Սպիներս ցավոտ են:

Հեղինակ՝   Մարիամ  Թարվերդյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *