ՄՈՒԹԸ
Մութն այնպես է աչքերս կապել,
Որ ես զգում եմ սեղմումն աչքերիս,
Փարվել է դեմքիս ու ճամփաս փակել,
Վախից զգում եմ զարկերը սրտիս:

Խարխափելով մթան ճանկերում,
Լույսի շողեր եմ փնտրում ամենուր,
Բախտի քարքարոտ ոլորաններում,
Քայլում եմ, քայլում,չգիտեմ,թե ուր:

Ամեն մեկը բախտը մի տեղ է գտնում,
Տարբեր է լինում ժպիտը բախտի,
Մեկին տանում է մի պարտեզ ծաղկուն,
Որտեղ նստում է փառահեղ թախտի:

Մեկին տանում է անապատը չոր,
Որտեղ պայքար է կյանքի ու մահվան,
Այնտեղ չի գտնում ոչինչ ոչ մի օր,
Անիծում է ապրելն ամեն մի օրվա:

Բախտը հիմարին տալիս է թագ, գահ,
Ապրուստ է տալիս և երջանիկ օր,
Նայում ես նրան՝մարդուկին ագահ,
Որ կեղծ ժպիտ է դեմքին ամեն օր:

Մի մասի համար բախտը շռայլ է,
Ալադինի ՋԻՆՆ է նրա դեմ խոնարհ,
Մի մասի համար տկար, մռայլ է,
Ու ոչինչ չի տա ապրելու համար:

Մութն այնպես է աչքերս կապել,
Որ ես զգում եմ սեղմումն աչքերիս,
Բախտի ճամփեքը փեշերով փակել
Ու տակն է պահում զոռով ամենքիս:

…………………………..

Իմ փոքրիկ մատուռ

Ես նորից դուռդ եմ գալիս,մատո’ւռ
Հավատս քարերիդ շաղախին խառնած,
Համբուրում հազարամյա պատերդ անդուռ,
Աղոթում եմ՝աչքս պատկերիդ հառած:

Հոգուս մեջ ամբարված հավատով,
Խաչիդ եմ գալիս ես ծնկաչոք,
Բերում եմ հույսերից մարող մի շող,
Որ վառեմ պատերին քո անշուք:

Իմ փոքրի՜կ, հինավուրց մատուռ,
Դու փլված,բայց ուժդ զորավոր,
Քարերդ տասնյակ դարերն են լուռ
Օծել՝ չհանգչող հավատով հզոր:

Մամռոտ պատերդ երազ են դարձել,
Հույս են ներշնչում գիշերում լռին,
Խաչիդ զորությամբ հավատս եմ հունցել,
Որ հեռու վանի սևազգեստ նեռին:

Իմ փոքրիկ մատուռ,աղոթքս տարածիր
Պատերիդ ներսում և ուժ տուր նրան,
Որ մեր օրերին դառնա ճերմակ ուղեծիր
Ու առաջ տանի հույսով անվարան:

Սիրտս թող դառնա պատերիդ ծառան,
Ես՝ անխոս մրմունջ դառնամ քո դռան,
Դու առաջնորդիր ազգիս հուսահատ,
Որ հավերժի ճամփին չկանգնի վհատ:

………………….

Ծաղկած բալենին

Մեր բակի բալենին նորահարս է դարձել,
Հագել է գարնան ճերմակ հարսնաշոր,
Հպարտ ճյուղերին ծաղկունք է բարձել,
Նազում խենթ քամուց օրոր ու շորոր:

Նա հյուր է ընդունում ժիր մեղուներին,
Հյուրասիրում մեղրաբույր նեկտարով,
Նրանք տանում են նեկտարը թևերին,
Որ զարմացնեն մեզ բալաբույր մեղրով:

Քամին ծաղկանց թերթերն է թափում,
Կարծես նախանձում է նորահարսին,
Շուրջը պտտեցնում,քշում է, տանում,
Օդում փսփսում բալենու մասին:

Բալենին նրան կարծես չի նկատում,
Հպարտ նազում է քամուց մեղմօրոր,
Քամին էլ դադարեց,այլևս չի ուզում,
Նեղացնել հարս ծառին նորից-նոր:

……………………………….

Մինչև ե՞րբ

Օրերն այնքան նման են իրար,
Սովորական է դարձել ամեն ինչ,
Չկա հանգիստ աշխարհում արար,
Չի զարմացնում մեզ այլևս ոչինչ:

Հոգնել ենք գորշ իրականությունից,
Ամենօրյա ստից, աղտից, կեղծիքից,
Ամենուր խաբկանք,կեղծ ժպիտներ,
Մարդկանց ուսերին ծանրացած հոգսեր:

Վստահություն չկա ոչ մի տեղ բնավ,
Ամենուր մարդիկ են անսիրտ, անիրավ,
Չեն խորշում խաբելով նայել աչքերիդ,
Տակնուվրա անել սիրտդ ու հոգիդ:

Այսպես մինչև երբ ապրենք,մարդի՛կ,
Մինչև երբ մնանք խաբված ու մոլոր,
Երբ պիտի մենք հասկանանք,մարդի՛կ,
Որ համբերելու այլևս չկա ոչ մի օր:

…………………………….

Հուզում

Կյանքիս պարտեզում ծաղիկներ ցանեցի,
Վարդեր տնկեցի բազմագույն,արևավառ,
Նրանց ջերմ,անարատ սիրով գուրգուրեցի,
Սիրո հեքիաթներ հյուսեցի ծիրանավառ:

Նրանց հետ դիմավորեցի արշալույսներս,
Մայրամուտի գույները խառնեցի նրանց,
Ամեն գարնան հետ բացվում են կոկոններս,
Չիմացա,թե աշունը երբ մոտեցավ կամաց:

Հիմա ծաղիկներս ելել,նորից են բուրում,
Կրկին ծաղկում են ալվան վարդերս հմայիչ,
Բայց արշալույսին այլևս չեմ սպասում,
Ինձ հուզում է հրավառ մայրամուտը թովիչ:

Հեղինակ`Մարիամ Թարվերդյան