Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ, ինչպես նաև ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «Ընդդեմ սեռական բռնության» քարոզարշավի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարությունում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ:

Մասնավորապես, դեկտեմբերի 10-ին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Շոմբի Շարփը և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ա. Ավետիսյանի ուղեկցությամբ այցելել են ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ, հանդիպել կին զինծառայողների հետ և քննարկել ծառայության հետ կապված հարցեր:

Նույն օրը ՊՆ վարչական համալիրում կազմակերպվել է զինված ուժերում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման թեմաներով կլոր-սեղան քննարկում, որին մասնակցել են ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցիչներ, փորձագետներ և տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում ամփոփվել է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով հաստատված «Պաշտպանության համակարգում կանանց իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորությունների ապահովման միջոցառումների» ծրագրի կատարողականը, ինչպես նաև ՀՀ ՊՆ և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի միջև կնքված ամենամյա համագործակցության պլանի շրջանակներում կատարված աշխատանքները:

ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ա. Ավետիսյանը հանդիպման մասնակիցներին ողջունել է մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ և ներկայացրել օրվա խորհրդին նվիրված ՀՀ պաշտպանություն նախարարի ուղերձը: Ա. Ավետիսյանը հավաստիացրել է, որ պաշտպանության նախարարությունը շարունակելու է հետևողականորեն ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը և խթանումը զինված ուժերում` որպես զինված ուժերի կայունության ապահովման կարևոր նախապայման: