ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ՀՊԱՐՏԱՆՈՒՄ Է. ԵՐԳԻՉԸ` ԱՄԲՈՂՋԱՑՎԱԾ ԿԵՐՊԱՐՈՎ

Շարունակում ենք բացահայտել տաղանդավոր արցախցիներին, ովքեր իրենց տաղանդով զարմացնում են շատերին և հպարտության առիթներ պարգևում: Այս անգամ <<Ստեփանակերտի>> էջում զետեղում ենք մի գեղեցիկ ու ամբողջացված կերպար, որը լույս է ճառագում տարբեր հարթակներից: Այսօրվա մեր նյութի հերոսը Կարեն Խաչատրյանն է` ծնունդով Ստեփանակերտից: Կարենը երաժիշտների ընտանիքից է, հայրը երգիչ է, եղբայրը` ջութակահար, իսկ իր պապիկը երգիչ էր, ում մասին ցավով և հպարտությամբ է խոսում: Կարենին շատերը գիտեն` որպես երգիչ, հատկապես` որպես ժողովրդական երգիչ: Նա Երևանում է բնակվում, սակայն ներկայիս իրավիճակով պայմանավորված՝ հիմա Արցախում է: Իր համեստ կերպարում ամբողջացված է սերն ու նվիրումը: Կերպարը ոգեշնչող է, հետաքրքրական, և մեզ հաջողվեց նրան նորովի բացահայտել` կաղապարներից դուրս զրույցի ընթացքում: Ընկերոջ պարզությունն է լավ, մարդու՝ ազնվությունը, զավակի՝ նվիրումը: Կարենի մարդկային որակները բարձր արժեքներով են պայմանավորված: Եվ ցանկացած պահի նա պատրաստ է իր երգերով միջավայրին գեղեցկություն հաղորդել: Ոչ միայն լավ երգիչ է, այլև՝ հրաշալի ընկեր: Աստծո հանդեպ ունեցած մեծ հավատն ու սերը միշտ էլ դեպի բարձունք են ուղեկցել Կարենին: Նա անկեղծորեն փաստում է, որ իր հաջողությունների համար, նախևառաջ, Աստծուն է շնորհակալ: Յուրաքանչյուր օրն ապրում է Աստծո պատվիրաններով: Հայեցի դաստիարակություն ստացած Կարենը նորից ու նորից հիացնում է իր լսարանին, որովհետև ժողովրդական երգերի ջատագով է: Եվ մեր օրերում նրա նմանները քիչ են: Իր ընկեր-մասնագետները միշտ են խորհուրդներ տալիս, որոնց հետևում է՝ ամեն անգամ նորովի փորձ ձեռք բերելով… Սիրում է խորհրդակցել` հետևելով ոլորտի առաջատար մասնագետների կարծիքներին, ավելի է հղկում երգերը՝ ընտրելով հանրության կողմից սիրվածները: Արդեն հասցրել է տեսահոլովակներ հրապարակել, որոնք սիրվել են հանրության կողմից: Տեսահոլովակ նկարահանելը մեծ գումարների հետ է կապված, բայց ամեն ինչ անում է՝ դրանք որակյալ թողարկելու համար: Բացի երգելուց, Կարենը սիրում է սպորտով զբաղվել: Մեր այն հարցին, թե օրվա մեջ որքա՞ն ժամանակ է հատկացնում երգին, նա պատասխանեց. -Ամեն օր ձայնավարժություններ եմ անում, նաև երգում եմ ՝նայած տրամադրության: Աշխատում եմ պահպանել այդ ամենն օրվա ռեժիմի մեջ:
Կարենն ասում է, որ յուրաքանչյուր բեմ բարձրանալիս պետք է ինքնավստահությամբ ներշնչես քեզ, որպեսզի կարողանաս երգը հասցնել ունկնդրին, ոգևորես և տրամադրություն պարգևես: Անշուշտ, մարդկանց խոսքերն էլ են ոգևորում իրեն և ավելի պարտավորեցնում: Ամեն օր մտածում է, թե ի±նչ նոր բան անի, որ ժողովրդի համար ավելի հաճելի լինի: Իր առաջին քննադատն ինքն է, հետո` հայրը, որովհետև ցանկացած հարց քննարկում է նրա հետ, իսկ այն երգերը, որոնք երգում է ` ինքն է ընտրում՝ սրտով հավանածը: Կարևոր է, որ երգչի երգը ժողովրդին հասկանալի լինի: Հեղինակային երգերն իրենց հետաքրքիր կողմերն ունեն: Կարենի հեղինակային երգի առաջնախաղն ապրիլի երեքին պիտի լիներ, չեղարկվեց համաճարակի պատճառով: Հետաքրքիր երգ ու տեսահոլովակ է: Երգը նվիրված է Ապրիլյան պատերազմի տղաներին: Մանկության տարիներին երազում էր ճանաչված երգիչ դառնալ: Եկավ այդ օրը, քանզի քայլերը մանկուց է սկսել: Սակայն երբեք չի մեծամտանում, ասում է, որ դեռ աստիճաններ կան՝ բարձրանալու: Սիրում է միշտ կրկնել՝ առաջն Աստված: Սոցիալական կայքերում՝ հիմնականում, ֆեյսբուքում և ինստագրամում, շատ մեծ տարածում են գտել Կարենի սիրողական կատարումները: Թագավարակի այս ժամանակահատվածում նրա ունկնդիրները չեն ձանձրանում, համարյա ամեն շաբաթ նոր կատարումով է հանդես գալիս Կարենը: Բազում հաղորդագրություններին և մեկնաբանություններին սիրով է պատասխանում՝ երբեք չմտնելով ՙաստղային՚ կոչվող կերպարի մեջ: Այսպես ասած՝ նա ատում է աստղային մտածելակերպ ունեցող մարդկանց: Պարզ ու սովորական, համբերատար ու սիրալիր երիտասարդ երգիչը ժողովրդական երգերը վեր է դասում բոլոր տեսակի երգերից: Կարենն ասում է. <<Եթե հայ երգիչը չի երգում ժողովրդական երգ, չի կարող լավ երգիչ համարվել: Միշտ պետք է հիշել ու սրբությամբ պահել ազգային արժեքները>>: Կարենը մեծ ոգևորությամբ է ժողովրդական երգեր երգում՝ բավականություն պարգևելով լսողներին: Նրա համոզմամբ, եթե երգիչը Սայաթ-Նովա, Կոմիտաս, Ջիվանի է երգում և ստացվում է, ապա փոփ երգերը միանշանակ կստացվեն: – Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ նման շնորհով է օժտել,-ասում է իր տեսակի մեջ հետաքրքիր ու բարի Կարենը:
Առանձնակի երանգավորում ունեն Կարենի հայրենասիրական կատարումները: Երգիչն ուրախությամբ նշում է, որ երիտասարդների շրջանում շատ սիրված են հայրենասիրակա՛ն կատարումները: Սակայն նա զգուշորեն է մոտենում ցանկացած երգի՝ ևս մեկ անգամ փաստելով երգչի ամենակարևոր հատկանիշի՝ նրբանկատության մասին: Բոլորիս հայտնի <<Կամավոր>> երգը Կարենի կատարմամբ մեծ տարածում է գտել: Նա նշում է, որ շատ մարդիկ են արձագանքել: – Շատերի որդիներն ու թոռները ծառայում են բանակում, նրանք կարոտում են, և կարծես այդպիսի հայրենասիրական երգերի միջոցով այդ կարոտն են առնում,-ասում է տաղանդավոր երգիչը: Հետաքրքիր է, եթե մեր երգիչներից յուրաքանչյուրին հանդիպեր 12-ամյա մի պատանի, ով ցանկանում է երգել, ի՞նչ խորհուրդ կտային: Կարենի խորհուրդն այսպիսին է. – Խորհուրդ կտայի շատ աշխատել, երբեք ժամանակի առումով չբողոքել, չհուսահատվել և ինքնազարգացմամբ զբաղվել, որովհետև երգարվեստն այն ոլորտն է, որտեղ դու քրտնաջան աշխատելուց հետո ես գտնում քեզ՝ երգի մեջ: Այսպես ասած՝ դու պետք է դառնաս երգի սեփականությունը, իսկ երգը՝ քո: Երգը Կարենի համար մի ողջ կյանք է, ինքն իրեն չի պատկերացնում առանց երաժշտության: Ասում է՝ որտեղ գնում է՝ մտքի մեջ անպայման երգում է: Հասունանալով՝ նա ոչ թե երազանքներ է փայփայել, այլ նպատակադրվել է, և ամեն ծառացած խնդրի իր մտքի ուժով լուծում է տվել: -Կարե՛ն, եթե երկրորդ անգամ հնարավորություն ունենայիր ծնվելու, առաջինն ի՞նչ կփոխեիր՝ հարցին, պատասխանում է՝ <<Ամենաառաջինը կփոխեի մարդկանց մտածելակերպը, կփոխեի անձնական շահի գաղափարը>>: Կարենը հասարակ և համեստ մարդուն է նախապատվություն տալիս: Եվ ինչպես ինքն է ասում՝ կյանքում պետք է այնպես ապրել, որ գնահատված լինի յուրաքանչյուր օրը: Ցանկացած մարդ, ով ճանաչվում է, չպետք է մոռանա իր սկզբունքների մասին՝ բարձրանալուց պետք է բարևի, որ իջնելուց ամոթով չմնա: Կարենը փոքրի հետ փոքր է, մեծի հետ՝ մեծ: Սակայն իր կյանքում ունի այն սահմանները, որն առաջնային է ցանկացած կայացած մարդու համար: Առաջնահերթություն է, որ երգիչը երգը պատկերացումով երգի՝ ինչ երգ էլ լինի: Կարենը դեռ ընկերուհի չունի, խոստանում է՝ ունենալուն պես երկրպագուները կիմանան: Նա իր անձնական կյանքի հետ կապված գեղեցիկ հեռանկարներ ունի, սակայն չի ուզում շտապել: Դե ինչ, տաղանդաշատ երգիչ Կարեն Խաչատրյանին մաղթենք բազում հաջողություններ, նոր տեսահոլովակներ և հետաքրքիր ու երջանկությամբ լի օրեր: ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *