Մայրական խրատս մեր զինվորներին

Նախորդ օրվա բանակին նվիրված մեր ակցիայից հետո նախկին և ներկա զինծառայողներից նամակներ եմ ստանում։ Իսկ նրանցից մեկն էլ երեկ այցելել էր ինձ։
Նրանք աներևակայելի պատմություններ են պատմում մեր բանակի, զինվոր-սպա, զինվոր-զինվոր հարաբերությունների մասին։ Այդ պատմություններից մեկը ինձ անչափ հուզեց և որոշեցի գրի առնել ձեզ համար։ Սակայն գրառումս առավելապես նվիրում եմ ապագա և ներկա զինվորին, որը հավանաբար կկարդա այս տողերը։
Զորամասերից մեկում չորս ընկեր են լինում, որոնք իրենց «լավ տղու» տեղ են դնում և մշտապես նեղում են իրենց մի ծառայակցի։ Ծառայակցին էլ Նապ էին կոչում, իբր նապաստակ։ Դե իմաստն էլ հասկանում եք։ Նրան աջ ու ձախ գործի էին դնում, ծաղրում էին, մի խոսքով մարդատեղ չէին դնում։
Մի օր այդ 4 ընկերներից մեկի ծննդյան օրն է լինում, նստած 4- ով խմում են բլինդաժում և տարեդարձ նշում։ Այս 4-ից մեկը հարբած է արդեն լինում և կարիքների համար դուրս է գալիս և անցնում խրամատի մյուս կողմը առանց հասկանալու, որ դա վտանգավոր է։ Ու հենց այդ պահին թշնամու գնդակից վիրավորվում է ու ընկնում։ Նրա ձայնը լսվում է բլինդաժում և նրա երեք ընկերները տեղեկանում են, որ իրենց ընկերը խփվել է։ Սակայն մինչև նրանք կորոշեին, թե իրենցից ով պետք է անցնի խրամատի այդ կողմը ընկերոջը փրկելու, տեսնում են Նապը վիրավորին շալակած գալիս է խրամատի մյուս կողմից և հանգիստ իջեցնում նրան խրամատի պատից այս կողմ։ Այդ օրվանից Նապը հարգված էր այդ չաստում և քանի որ նրա սխրանքը տարածվում է նաև շրջակա չաստերում, ապա այնտեղ ևս վերանում է հալածանքը «թույլերի» նկատմամբ։ Ոչ մեկը այլևս «թույլին» չէր նեղում, որովհետև հասկացել էին, որ բանակում թույլ և ուժեղ չկա, բանակում բոլորը ուժեղ են։
Իմ այցելու նախկին զինվորականը ավարտելով մեր զրույցը խնդրեց, որ ես իմ անունից, որպես մայր և որպես ապագա զինվորի տատ, խոսքս ուղղեմ մեր զինվորներին։ Այդ խոսքը գրված է իմ այցելուի բառերով և ոչ իմ։ Նա ինքը խնդրեց ինձ իր խոսքը իմ անունից տեղադրել և փոխանցել զինվորին։
«Տղաներ ջան, մեր թանկագին բալեք, իմ հայ զինվոր, իմացի՛ր, վաղը, որ դու Աստված չանի վիրավորվես թուրքի գնդակից, կամ թեկուզ ատամդ ցավա, առաջինը քեզ հասնելու է ձեր չաստի ճուտը կամ հենց պոնչը կամ էն միամիտ ու խեղճ լոռեցին, այլ ոչ թե ձեր թաղի ավտարիտետ «չոռնին» կամ թաղի դեմք «սաքուլիկը», որին դու կանչում ես չաստ քո պատիվը պաշտպանելու»։
Անփորձանք մնաս, զինվոր բալա։

Սուզաննա Սիմոնյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *