ՄԱԿ-ում ԱՄՆ-ը հայտնվեց այն նույն կարգավիճակում, ինչ Ռուսաստանը 2014 թվականին և Հայաստանի ճիշտ քվեարկությունը

ԱՄՆ-ում բավական ծանր են տարել դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչման հարցի վերաբերյալ քվեարկության արդյունքները…Մինչ քվեարկությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնիսկ հանդես եկավ սպառնալիքներով,որ Վաշինգտոնը կզրկի ֆինանսական և ռազմական օգնությունից այն երկրներին,որոնք կողմ կքվեարկեն… Սակայն Վաշինգտոնի այս սպառնալիքները բացարձակ անտեսվեցին նույնիսկ նրա ռազմավարական գործընկերների կողմից…ԱՄՆ-ին քննադատող բանաձևին կողմ արտահայտվեցին 128 երկիր,որոնց թվում են Եգիպտոսը և Հորդանանը,որոնք տարեկան ԱՄՆ-ից ստանում են համապատասխանաբար 1,3 և 1 միլիարդ դոլլարի ֆինանսական և ռազմական օգնություն,Իրաքը և Աֆղանստանը,որոնց տարածքում են գտնվում ամերիկյան զորքերը…Հատկանշական է,որ ԱՄՆ-ին դեմ են քվեարկել Եվրամիության 28 երկրներից 22-ը,ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրների մեծ մասը…35 ձեռնպահների և 21 քվեարկության չմասնակցած երկրների մեծ մասը գերադասել են չսրել հարաբերությունները Վաշինգտոնի հետ…Սակայն նրանց «ոչ ոքի» ձայներն ավելի ձեռնտու էին ԱՄՆ հակառակորդներին…ԱՄՆ-ին ընդամենը պաշտպանեցին 8 երկիր՝ Իսրայելը, Միկրոնեզիան, Պալաուն, Նաուրուն,Տոգոն,Հոնդուրասը,Գվատեմալան,Մարշալյան կղզիները. ԱՄՆ-ի հետ 9-ը երկիր…
Այս քվեարկության արդյունքները ակամայից հիշեցրեցին 2014 թ-ի մարտի 27-ին նույն ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևի քվեարկութայն արդյունքները, որով անօրինական էր ճանաչվում Ուկրաինայի կազմից Ղրիմի դուրս գալու ու Ռուսաստանի կազմում ընդգրկելու վերաբերյալ հանրաքվեն… Բանաձևին «կողմ» էր քվեարկել 100 երկրի ներկայացուցիչ, «դեմ»՝ 11, ևս 58-ը «ձեռնպահ» էր մնացել…Դրան ընդունմանը դեմ էին Հայաստանը, Բելառուսը, Բոլիվիան, Վենեսուելան, Կուբան, ԿԺԴՀ-ն, Զիմբաբվեն, Նիկարագուան, Ռուսաստանը, Սիրիան ու Սուդանը…Հիշում եմ ինչ հրճվանքով այն ընդունվեց Արևմուտքում…Արևմտյան վերլուծաբանները հեգնում էին,որ Մոսկվային չպաշտպանեց ոչ մի «նորմալ» երկիր…Հայաստանյան որոշ արևմտամետ վերլուծաբաններ ևս, շատ «ամաչելով», արձանագրում էին,որ մենք հայտնվել ենք նույն «դասարանում», ինչ բռնապետական ԿԺԴՀ-ը,Բելառուսը,Կուբան,Սուդանը,Կոլումբիան և հետամնաց Զիմբաբվեն…
Հետաքրքիր է,իսկ հիմա ինչպես կարելի է մեկնաբանել ԱՄՆ-ի հայտնվելը Պալաուի,Տոգոյի և այլ «միկրո» երկրների հետ նույն դասարանում…
Դեկտեմբերի 21-ի քվեարկությունը շատ մեծ հարված էր ԱՄՆ-ի ինքնասիրությանը,որը վերջին երեք տասնամյակում այսպիսի շռնդալից հարված չէր ստացել…
Ինչ վերաբերում է Հայաստանի քվեարկությանը,ապա պաշտոնական Երևանը շատ ճիշտ դիրքորոշում ընդունեց…Այո՛,մենք շատ շնորհակալ ենք ԱՄՆ-ից՝ՀՀ-ի անկախության հռչակումից հետո ՀՀ-ին և Արցախին ամեն տարի ֆինանսական օգնություն տրամադրելու համար… Սակայն նույն ԱՄՆ-ն և Իսրայելը ոչ մի բարոյական իրավունք չունեն նեղանալու Հայաստանից…Թրամփն ու Նեթանյահուն ավելի շատ պետք է վիրավորվեին Անկարայից և նրա հարավկովկասյան սատելիտ Ադրբեջանից… ԱՄՆ-ը միշտ կանգնած է եղել Թուրքիայի թիկունքին…Վերջին օրինակը,երբ թուրքական օդուժը 2015 թ-ի աշնանը Սիրիայի օդային տարածքում խոցեց ռուսական ռազմական ՍՈՒ-24 ինքնաթիռը…Վաշինգտոնն էր պատասխանում Մոսկվայից հնչող ագրեսիվ հռետորաբանությանը,իսկ Անկարայից լսվում էին ընդամենը մլավոցներ…ԱՄՆ-ն էր իր վրա վերցրել ՌԴ-ին զսպելու գլխավոր դերակատարությունը…Վաշինգտոնն այս դեպքում իրավունք ունի վիրավորվելու թուրքերից…Իսկ Իսրայելը վերջին տարիներին 5-6 միլիարդ դոլլարի զենք Հայաստանին չի վաճառել,որ մեզանից նեղանա,այլ Հայաստանի թշնամի Ադրբեջանին,որի կողմից 2016 թ-ի ապրիլին Արցախի դեմ սանձազերծած պատերազմին բավական ակտիվ մասնակցել են հրեա ռազմական մասնագետները…Թել Ավիվը,որը վերջին օրերին դիֆիրամբներ էր երգում Բաքվի հասցեին, թող հիմա էլ իր վիրավորվածությունը ցույց տա…Համոզված եմ՝ Նեթանյահուն կլռի…
Պաշտոնական Երևանի դիրքորոշումը շատ ճիշտ էր և համապատասխանում էր ՀՀ ազգային շահերին…

Գագիկ Համբարյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *