Հայտնի ֆոտոլրագրող, պատերազմի վավերագրող Օլեգ Կլիմովի լուսանկարները ցուցադրվել եւ ցուցադրվում են ամբողջ աշխարհում: Նա շրջել է մոլորակի ամենաթեժ կետերում եւ նկարել….պատերազմի դեմքը:

«Ինքնաձիգով հայուհին» Կլիմովի ամենահայտնի լուսանկարներից է: Այն տպագրվել է արտասահմանյան բազմաթիվ թերթերի շապիկներին, Ռուսաստանում «Պարզապես պատերազմ» խորագրով ֆոտոցուցահանդեսի գլխավոր նկար է ճանաչվել՝ ստանալով երկրորդ անվանումը՝ «Կալաշնիկովի ինքնաձիգով Մադոննան»: Տարիներ առաջ էլ «Կանայք՝ ընդդեմ պատերազմի» միջազգային կազմակերպությունը լուսանկարը հսկայական պաստառների վրա պատկերելով՝ փակցրել էր ամբողջ Ամստերդամում: Նրանք չգիտեին էլ, թե ով է իրականում նկարում պատկերված այդ կինը, պարզապես ենթադրել էին, որ հաստատ զինվորի մայր է եւ հաստատ դեմ է պատերազմին:

Իսկ թե ով էր լուսանկարում պատկերված հայուհին, հեղինակն ինքն էլ երկար ժամանակ չգիտեր: Կնոջը լուսանկարել էր Ստեփանակերտում 1992թ.-ին. փախստականների մի մեծ խումբ Շահումյանի շրջանից, որտեղ թեժ մարտեր էին ընթանում, ոտքով հասել էր Ստեփանակերտ: Լուսանկարիչները միշտ փնտրում են կերպարներ, կլիշե, որոնք կխորհրդանշեն ժամանակը, իրադարձությունը, եւ Կլիմովը հարյուրավոր փախստականներից ընտրել էր հենց այդ կնոջը, քանի որ նրա ձեռքին ինքնաձիգ էր: Կին եւ զենք…

Տարիներ հետո, ավելի ստույգ` քսան տարի անց, Օլեգը որոշում է որոնել-գտնել լուսանկարի կնոջը:  Դիմում է հայ լուսանկարիչ ընկերներին, հետո ինքն անձամբ ժամանում է Հայաստան: Նա շրջում է Ղարաբաղի շուկաներում, փողոցներում, պատահական անցորդներին ցույց տալիս լուսանկարը: Ոմանք  ծիծաղում  էին Օլեգի այդ որոշման վրա եւ փնտրտուքը անմտություն, ժամանակի զուր վատնում համարում, ոմանք էլ խորհուրդ էին տալիս կնոջը փնտրել «ռուսաստաններում»… Բայց, ահա, անցորդներից մեկը՝ երկա՜ր-երկար նայելով լուսանկարին, ասում է. «Ես ճանաչում եմ այս կնոջը, նա ձուկ է վաճառում Սեւանում»:

 

Հանդիպում 20 տարի անց

"«ՄԱԴՈՆՆԱՆՍեւանա լճի մոտ՝ Կարճաղբյուր գյուղում է ապրում լուսանկարի կինը՝ Էլան՝ Էլմիրա Հարությունյանը: Ապրում է նախկին պիոներական ճամբարի՝ փախստականների հանրակացարանում: Ու քսան տարի հետո լուսանկարիչը կնոջից լսում է նրա տխուր կյանքի ոդիսականը:

Այն ժամանակ Էլմիրան 42 տարեկան էր: Լուսանկարում Էլայի գլխավերեւում ամուսինն է՝ Լավրենտին: Սպասում էին իրենց որդուն՝ Անդրանիկին, որ պետք է Երեւանից գար, ու Էլան նրան հանձներ իր ձեռքի զենքը: Այդ զենքով Անդրանիկը մեկնում է ճակատ, ու այլեւս ոչ մի լուր, ոչ մի տեղեկություն… Լուսանկարում Էլայի աչքերում, սպասումից բացի, անհուն տխրություն կա, անանց ցավ. մի քանի օր առաջ ադրբեջանցիները նրա հորը դաժանաբար սպանել էին Գյուլիստանի եկեղեցում…

-Այդ ամենից հետո փոքր տղաս՝ Սաշան (Ալեքսանդրը), որ 16 տարեկան էր այն ժամանակ, գաղտնի փախչում է տնից եւ միանում ազատամարտիկներին: Չէր ուզում ետ դառնալ, ուզում էր կռվել… Գնացի տղայիս հրամանատարի մոտ ու պահանջեցի. «Վերադարձրո՛ւ որդուս, նա իմ միակ, վերջին հույսն է»: Եվ որդուս վերադարձրին…,- Էլան պատմում էր ամեն մանրամասնությամբ, ասես հանդիպել  էր  հազար տարվա իր հարազատին:

Լուսանկարիչը լուռ ունկնդրում էր, ու մտքում պտտվող մխիթարանքի հերթապահ  խոսքերն անզոր  ու անհեթեթ էին թվում, անգույն ու ոչինչ չասող:

Հետո ինքն էլ պատմեց լուսանկարի «իր» պատմությունը, ասաց, որ այդ ընթացքում նկարը շրջել է աշխարհով մեկ ու դարձել խորհրդանիշ՝ «Կինը՝ ընդդեմ պատերազմի»: Ապա Էլային նվիրեց մեծ չափսերով պաստառի վրա տպագրված պատկերը: Էլան այն կախեց տան պատից՝ զոհված հարազատների լուսանկարների կողքին…

Ու քսան տարի անց լուսանկարիչը եւս մեկ անգամ լուսանկարեց կնոջը…

Այս պատմության հենքի վրա ռուս վավերագրող Մաշա Նովիկովան նկարահանեց «Նամակներ՝ ինքս ինձ» ֆիլմը պատերազմի լուսանկարիչ Օլեգ Կլիմովի մասին, որ տարիների հեռվից փնտրում-գտնում է իր հերոսներին: Ֆիլմը ցուցադրվեց «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի օրերին, որին ներկա էր նաեւ «Ղարաբաղյան Մադոննա» Էլմիրան…

♦♦♦

-Ես չեմ էլ իմացել, որ ինձ լուսանկարել են,- պատմում է Էլմիրա Հարությունյանը:- Շատ էի հուզվել, երբ Օլեգը եկավ մեր տուն ու ամեն ինչ պատմեց: Սրտումս փոթորիկ էր…

Էլմիրան հիմա էլ  որդու հետ  ապրում է Կարճաղբյուր գյուղում՝ փախստականների հանրակացարանում: Ալեքսանդրը պայմանագրային զինծառայող է, երեք զավակ ունի, ավագ տղային անվանակոչել է Անդրանիկ՝ անհետ կորած եղբոր պատվին…Անդրանիկը շուտով բանակ է գնալու:

-Զինվոր է դառնալու, գնալու է իր նման զինվոր տղերքի հետ հայրենիքը պաշտպանելու, որ մեզ բաժին մնացած էս մի բուռ  հողն էլ չկորցնենք, տունուտեղ չթողնենք ու  նորից փախստական դառնանք,- ասում է Էլմիրան ու փնտրող-սպասող  հայացքը հառում պատուհանից երեւացող ծուռումուռ ճանապարհին. հավատում է, որ որդին ողջ է, գուցե գերության մեջ է եւ մի օր հաստատ կվերադառնա…

Իսկ տան պատին լուսանկարներ են՝ ժամանակի վավերագրերը…

Աշխարհում ոչինչ չի փոխվել…

 

Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՀայԶինվոր